Գերագույն համաժողով
Դարձի գանք դեպի Աստծո կամքը
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Դարձի գանք դեպի Աստծո կամքը

Մեր անձնական դարձը ներառում է Հիսուս Քրիստոսի ավետարանով աշխարհի հետ կիսվելու պատասխանատվությունը:

Ես երախտապարտ եմ այս առավոտ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի միսիոներական ծառայության հզոր մարգարեական կոչի համար և միսիոներներին ուղղված նախագահ Մ. Ռասսել Բալարդի և Մարկոս Ա․ Այդուկայտիսի ոգեշնչված ուղերձների համար։

Անցյալ տարվա վերջին Մեծ Բրիտանիա կատարած միսիոներական հանձնարարությունը հնարավորություն տվեց ինձ խորհել այն արժեքավոր հոգևոր իրադարձությունների մասին, որոնք հիմք են հանդիսացել միսիոներ ծառայելու իմ որոշման համար:1 Երբ ես 15 տարեկան էի, իմ սիրելի ավագ եղբայր Ջոյի 20 տարին լրացել էր, որն այդ թվերին միսիայում ծառայելու տարիքն էր: Կորեական հակամարտության պատճառով շատ քչերին էր Միացյալ Նահանգերում թույլատրվում ծառայել։ Յուրաքանչյուր ծխից տարեկան կարող էր կանչվել միայն մեկը:2 Անակնկալ էր, երբ մեր եպիսկոպոսը Ջոյին խնդրեց այդ հնարավորությունը քննարկել մեր հոր հետ: Ջոյը ցանկանում էր դիմել բժշկական համալսարան ընդունվելու համար: Մեր հայրը, որն ակտիվ չէր Եկեղեցում, գումար էր հավաքել Ջոյին օգնելու համար, և դեմ էր, որ Ջոյը միսիա գնար: Հայրս առաջարկեց, որ Ջոյը կարող է ավելի մեծ օգուտ տալ՝ գնալով բժշկական համալսարան: Սա մեծ խնդիր էր մեր ընտանիքում:

Իմ իմաստուն և օրինակելի ավագ եղբոր հետ ուշագրավ քննարկման ժամանակ մենք եզրակացրինք, որ միսիայում ծառայելու և կրթությունը հետաձգելու իր որոշումը կախված էր երեք հարցից. (1) Արդյո՞ք Հիսուս Քրիստոսն աստվածային է: (2) Արդյո՞ք Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է։ Եվ (3), արդյո՞ք Ջոզեֆ Սմիթը վերականգնման մարգարեն է։ Եթե այս հարցերի պատասխանը լիներ այո, ապա հասկանալի կլիներ, որ ավելի լավ է Ջոյը Հիսուս Քրիստոսի ավետարանը տարածեր աշխարհում, քան բժիշկ դառնար վաղ հասակում:3

Այդ գիշեր ես ջերմեռանդ և անկեղծ միտումով աղոթեցի: Հոգին անհերքելի զորեղությամբ հաստատեց ինձ, որ այս երեք հարցերի պատասխանները «այո» էին: Սա կարևոր իրադարձություն էր ինձ համար: Ես հասկացա, որ յուրաքանչյուր որոշում, որ կկայացնեմ իմ կյանքում, կհիմնվեն այս ճշմարտությունների վրա: Ես նաև գիտեի, որ հնարավորության դեպքում կծառայեմ միսիայում: Ամբողջ կյանքիս ծառայության և հոգևոր փորձառությունների ընթացքում ես հասկացա, որ իսկական դարձը տեղի է ունենում Աստծո կամքի գիտակցված ընդունման արդյունքում, և մենք կարող ենք մեր գործողություններում առաջնորդվել Սուրբ Հոգով:

Ես արդեն վկայություն ունեի Հիսուս Քրիստոսի աստվածայնության՝ որպես աշխարհի Փրկիչի աստվածային բնույթի մասին: Այդ գիշեր ես հոգևոր վկայություն ստացա Մորմոնի Գրքի4 և Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին:

Ջոզեֆ Սմիթը գործիք էր Տիրոջ ձեռքերում

Ձեր վկայությունը կամրապնդվի, երբ ձեր աղոթքների միջոցով ձեր հոգում իմանաք, որ մարգարե Ջոզեֆ Սմիթը գործիք էր Տիրոջ ձեռքերում: Անցած ութ տարիների ընթացքում Տասներկու Առաքյալների քվորումում իմ հանձնարարություններից մեկը եղել է Ջոզեֆ Սմիթի բոլոր ուշագրավ թղթերի ու փաստաթղթերի ընթերցանությունն ու վերանայումը, ինչպես նաև այն հետազոտությունը, որը հանգեցրել է Սրբերը հատորյակի հրատարակությանը:5 Մարգարե Ջոզեֆ Սմիթի հանդեպ իմ վկայությունն ու հիացմունքը ամրապնդվել և մեծացել է իր կյանքի ոգեշնչող մանրամասները և նախասահմանված մարգարեական ծառայությունը կարդալուց հետո:

Ջոզեֆի կողմից Մորմոնի Գրքի թարգմանությունը Աստծո պարգևով և զորությամբ հիմնարար նշանակություն ունեցավ Վերականգնման համար։6 Մորմոնի Գրքի բովանդակությունը հետևողական է, գեղեցիկ գրված և պարունակում է կյանքի կարևոր հարցերի պատասխանները: Այն ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին: Ես վկայում եմ, որ Ջոզեֆ Սմիթն արդար էր, հավատքով լի էր և գործիք էր Տիրոջ ձեռքում՝ ի հայտ բերելու Մորմոնի Գիրքը:

Վարդապետություն և Ուխտերում գրված հայտնություններն ու իրադարձությունները երաշխավորում են այն բանալիները, արարողություններն ու ուխտերը, որոնք անհրաժեշտ են փրկության և վեհացման համար: Նրանք շարադրում են ոչ միայն Եկեղեցին հիմնելու համար անհրաժեշտ ու կարևոր բաները, այլ նաև տալիս են խորը վարդապետություն, որը թույլ է տալիս մեզ հասկանալ կյանքի նպատակը և տալիս է մեզ հավերժական հեռանկար:

Ջոզեֆ Սմիթի մարգարեական դերի բազմաթիվ օրինակներից մեկը գտնվում է Վարդապետություն և Ուխտերի 76-րդ բաժնում: Դա երկնային տեսիլքի մի պարզ արձանագրություն է, ներառյալ փառքի թագավորությունները, որոնք մարգարե Ջոզեֆը և Սիդնի Ռիգդոնը տեսել էին 1832 թվականի փետրվարի 16-ին: Այդ ժամանակ եկեղեցիների ճնշող մեծամասնությունը սովորեցնում էր, որ Փրկիչի Քավությունը փրկություն չի ապահովի մարդկանց մեծամասնության համար: Համարվում էր, որ մի քանիսը կփրկվեն, և ճնշող մեծամասնությունը կդատապարտվի դժոխքի և անեծքի, այդ թվում՝ «ամենաահավոր և անասելի կրկնվող ու անվերջ տանջանքների»:7

76-րդ բաժնում պարունակվող հայտնությունը տալիս է փառքի աստիճանների փառահեղ տեսիլքի նկարագրությունը, որտեղ Երկնային Հոր զավակների ճնշող մեծամասնությունը, ովքեր քաջարի էին իրենց նախաերկրային վիճակում, խորապես օրհնվում են վերջին դատաստանից հետո:8 Փառքի երեք աստիճանների տեսիլքը, որոնցից ամենացածրը «ամեն հասկացողությունից վեր է»,9 ուղղակի հերքումն է այն ժամանակվա զորեղ, բայց սխալ վարդապետության, որ մեծամասնությունը դատապարտված կլինեն դժոխքի և անեծքի:

Երբ հասկանում ես, որ Ջոզեֆ Սմիթն ընդամենը 26 տարեկան էր, ուներ սահմանափակ կրթություն և քիչ էր ծանոթ կամ ընդհանրապես ծանոթ չէր դասական լեզուներին, որոնցից թարգմանվել էր Աստվածաշունչը, հասկանում ես, որ նա իսկապես գործիք էր Տիրոջ ձեռքում: 76-րդ բաժնի 17-րդ հատվածում նա ներշնչված օգտագործել է «անարդար» բառը «անիծված»-ի փոխարեն, որն օգտագործվել էր Հովհաննեսի ավետարանում:10

Հետաքրքիր է, որ 45 տարի անց անգլիական եկեղեցու առաջնորդ և ակադեմիական հավատարմագրված դասական գիտնական11 Ֆրեդերիկ Ու. Ֆարարը, որը գրել է «Քրիստոսի կյանքը» աշխատությունը,12 պնդում էր, որ Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի տարբերակում անիծման սահմանումը եբրայերենից և հունարենից անգլերեն սխալ թարգմանելու արդյունք է։13

Մեր օրերում շատերը որդեգրել են այն հայեցակարգը, որ մեղքի համար որևէ հետևանք չպետք է լինի: Նրանք աջակցում են առանց ապաշխարության մեղքի անվերապահ թողությանը: Հայտնությամբ տրված մեր վարդապետությունը ոչ միայն հերքում է այն գաղափարը, որ մարդկանց մեծ մասը հավերժ կդատապարտվի դժոխքի և անեծքի, այլ նաև հաստատում է, որ անձնական ապաշխարությունը պատվիրված նախապայման է՝ ճաշակելու Փրկիչի Քավությունը և ժառանգելու սելեստիալ թագավորությունը:14 Ես վկայում եմ, որ Ջոզեֆ Սմիթը գործիք էր Տիրոջ ձեռքում՝ ի հայտ բերելու Նրա ավետարանի Վերականգնումը:

Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման շնորհիվ մենք հասկանում ենք և՛ ապաշխարության, և՛ «արդարության գործերի» կարևորությունը:15 Մենք հասկանում ենք Փրկիչի Քավության և Նրա փրկող արարողությունների ու ուխտերի մեծ նշանակությունը, ներառյալ նրանք, որոնք կատարվում են տաճարներում:

«Արդարության գործերը» հետևանքն ու արդյունքն են անձնական դարձի։ Իսկական դարձը տեղի է ունենում Աստծո կամքին հետևելու գիտակցված ընդունմամբ և հանձնառությամբ:16 Դարձի գալու հետևանքները և օրհնությունները շատ են, ճշմարիտ և մշտական խաղաղություն են և կատարյալ երջանկության անձնական երաշխիք են՝15 անկախ այս կյանքի փոթորիկներից:

Փրկիչի հանդեպ դարձը փոխում է բնական մարդուն և դարձնում սրբացված, վերստին ծնված, մաքրագործված մարդ՝ մի նոր արարած Քրիստոս Հիսուսում:18

Շատերը հեռու են մնում ճշմարտությունից, քանի որ չգիտեն, թե որտեղ գտնել այն

Որո՞նք են այն պարտավորությունները, որոնք հետևում են դարձի գալուն: Լիբերթիի բանտում Մարգարե Ջոզեֆը նշել է, որ շատերը «հեռու են մնացել ճշմարտությունից, միայն որովհետև չգիտեն՝ որտեղ գտնեն այն»։19

Վարդապետություն և Ուխտերի Տիրոջ նախաբանում ներկայացվել է այն հայտարարությունը, թե ինչ մեծ նպատակ ունի Տերը մեզ համար։ Նա հայտարարել է․ «Ուստի, ես՝ Տերս, իմանալով այն աղետի մասին, որը պիտի գա երկրի բնակիչների վրա, կանչեցի իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերին, և երկնքից խոսեցի նրա հետ, և նրան պատվիրաններ տվեցի»։ Նա շարունակում է հրահանգել․ «Որ իմ ավետարանի լրիվությունը թույլերի և պարզամիտների միջոցով հռչակվի աշխարհի ծայրերում»։20 Դա ներառում է լիաժամկետ միսիոներներին։ Դա ներառում է մեզանից յուրաքանչյուրին: Ավետարանի քարոզումը պետք է լինի այն բոլոր մարդկանց կիզակետը, ովքեր դարձի են եկել դեպի Աստծո կամքը: Փրկիչը ողորմությամբ հրավիրում է մեզ լինել Իր ձայնը և Իր ձեռքերը։21 Փրկիչի սերը կլինի մեր առաջնորդող լույսը: Փրկիչն ուսուցանեց Իր աշակերտներին. «Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք»:22 Իսկ Ջոզեֆ Սմիթին Նա հայտարարեց. «Քարոզեք Իմ ավետարանը յուրաքանչյուր արարածի, ով դեռ չի ընդունել այն»։23

Կիրթլենդի տաճարի նվիրագործումից մեկ շաբաթ անց՝ 1836 թվականի ապրիլի 3-ին, որը Զատիկի կիրակի էր, Տերը մի փառահեղ տեսիլքում հայտնվեց Ջոզեֆին և Օլիվեր Քաուդերիին։ Տերն ընդունեց տաճարը և հայտարարեց. «Սա է սկիզբն այն օրհնության, որը պիտի թափվի իմ ժողովրդի գլխին:24

Տեսիլքի փակվելուց հետո Մովսեսը հայտնվեց «և հանձնեց մեզ աշխարհի չորս մասերից Իսրայելը հավաքելու և հյուսիսային երկրից տասը ցեղերին առաջնորդելու բանալիները»։25

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը՝ մեր օրերի սիրելի մարգարեն, ով կրում է այս նույն բանալիները, այսօր առավոտյան ուսուցանեց․ «Դո՛ւք, երիտասարդ տղանե՛ր, պահվել եք այս ժամանակի համար, երբ տեղի է ունենում Իսրայելի խոստացված հավաքումը: Երբ ծառայում եք միսիաներում, դուք առանցքային դեր եք խաղում այս աննախադեպ իրադարձության մեջ»։26

Ավետարանով կիսվելու Փրկիչի լիազորությունը ունենալու և մեր եսը գտնելու համար մենք պետք է դարձի գանք դեպի Աստծո կամքը, մենք պետք է սիրենք մեր մերձավորներին, կիսվենք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանով և հրավիրենք բոլորին գալ և տեսնել: Որպես Եկեղեցու անդամներ, մենք գնահատում ենք մարգարե Ջոզեֆի պատասխանը Ջոն Վենթվորթին, որը 1842 թվականին «Չիկագո դեմոկրատ» թերթի խմբագիրն էր։ Նա տեղեկություններ էր խնդրում Եկեղեցու մասին: Ջոզեֆն ավարտեց իր պատասխանը՝ օգտագործելով «Ճշմարտության դրոշը» որպես տասներեք Հավատո հանգանակի նախաբան: Այն հակիրճ կերպով փոխանցում է այն, ինչ պետք է իրականացվի.

«Ոչ մի անսուրբ ձեռք չի կարող կանգնեցնել աշխատանքի առաջընթացը, հալածանքները կարող են մոլեգնել, ամբոխները կարող են միավորվել, զորքեր կարող են հավաքվել, զրպարտությունները կարող են արատավորել, բայց Աստծո ճշմարտությունն առաջ կգնա համարձակ, ազնիվ, անկախ, մինչև այն ներթափանցի յուրաքանչյուր մայրցամաք, այցելի ամեն երկիր, անցնի ամեն պետություն և հնչի յուրաքանչյուրի ականջում, մինչև Աստծո նպատակներն իրականացվեն, և Մեծ Եհովան ասի` աշխատանքը կատարված է»։27

Սա հստակ կոչ է եղել Վերջին Օրերի Սրբերի սերունդներին, հատկապես՝ միսիոներներին: Ճշմարտության Դրոշի ոգով մենք երախտապարտ ենք, որ համաշխարհային համավարակի պայմաններում հավատարիմ միսիոներները կիսվել են ավետարանով: Միսիոներնե՛ր, մենք սիրում ենք ձեզ: Տերը խնդրում է մեզանից յուրաքանչյուրին մեր խոսքերով և գործերով կիսվել Իր ավետարանով: Մեր անձնական դարձը ներառում է Հիսուս Քրիստոսի ավետարանով աշխարհի հետ կիսվելու պատասխանատվությունը:

Ավետարանով կիսվելու օրհնություններից են՝ Աստծո կամքին մեր դարձի մեծացումը և թույլտվությունը, որ Աստված տնօրինի մեր կյանքը:28 Մենք օրհնում ենք ուրիշներին ունենալ սրտի «հզոր փոփոխություն»:29 Իսկապես հավերժական ուրախություն ենք ստանում, երբ հոգիներ ենք բերում դեպի Քրիստոսը։30 Ավելի վեհ առաջադրանք չկա, քան այն, երբ մարդն աշխատում է, որ դարձի գա և դարձի բերի ուրիշներին։31 Ես վկայում եմ այս մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ես ծառայել եմ բրիտանական միսիայում 1960 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1962 թվականի սեպտեմբերի 1-ը:

  2. Մյուս երիտասարդ տղաները պետք է մասնակցեին զորակոչին։

  3. Երբ Ջոյը վերադարձավ իր միսիայից, նա իսկապես ավարտեց բժշկական համալսարանը և ծառայեց որպես հաջողակ բժիշկ: Նրա միսիան նաև նախապատրաստեց նրան լինելու եպիսկոպոս, ցցի նախագահ, տարածաշրջանի ներկայացուցիչ և միսիայի նախագահ:

  4. Տես Մորոնի 10.4: Ես արդեն կարդացել էի Մորմոնի Գիրքը: Մեր ընտանիքում այս հարցի լրջության հետ կապված ես աղոթում էի անկեղծ միտումով։

  5. Տես Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հատ. 1, Ճշմարտության չափանիշը, 1815–1846 (2018), և հատ. 2, Ոչ մի անմաքուր ձեռք, 1846–1893 (2020)։

  6. Թարգմանությունը սկսվել է 1829 թվականի ապրիլի 7-ին և ավարտվել 1829 թվականի հուլիսի 1-ին։ Ուշագրավ է եղել թարգմանության հետ կապված փաստերի ուսումնասիրությունը: Ես հատկապես շնորհակալ էի տպագրատան ձեռագրի և Մորմոնի Գրքի բնօրինակ ձեռագրի համար, որը հրատարակվել է որպես 3 և 5 հատորներ The Joseph Smith Papers աշխատության Հայտնություններ և թարգմանություններ շարքում: Նրանք երկուսն էլ ուղենշային հատորներ են:

  7. Frederic W. Farrar, Eternal Hope: Five Sermons Preached in Westminster Abbey, November and December, 1877 (1892), xxii.

  8. Տեսիլքը ընդգրկում է նրանց, ովքեր չեն սովորում Քրիստոսի մասին այս կյանքում, երեխաների համար, ովքեր մահանում են մինչև պատասխանատվության տարիքը և նրանց, ովքեր թերզարգացած են։

  9. Վարդապետություն և Ուխտեր 76․89։

  10. Տես Հովհաննես 5․29։

  11. Ֆարարը կրթություն է ստացել Լոնդոնի Քինգս քոլեջում և Քեմբրիջի Թրինիթի քոլեջում: Նա եղել է Անգլիայի եկեղեցու (անգլիկան) հոգևորական, Վեսթմինսթերյան աբբայության արքսարկավագ, Քենթերբերիի տաճարի դեկան և թագավորական տան քահանա:

  12. See Frederic W. Farrar, The Life of Christ (1874).

  13. See Frederic W. Farrar, Eternal Hope, xxxvi–xlv. Ֆրեդրիկ Ֆարարը հուշում էր զգում ուղղել «անիծված» և «դժոխքի» մասին ուսմունքները։ Նա խստորեն հայտարարեց այն, ինչ նա անվանեց «պարզ, անհերքելի և անվիճելի փաստեր: … Հին Կտակարանում «անիծել» բայը և նրա ձևակերպումները մեկ անգամ չեն հանդիպում: Նոր Կտակարանի հունարենում նման իմաստ փոխանցող ոչ մի բառ չկա»։ Նա շարունակում է բացատրել, որ անիծված բառը «շատ սխալ թարգմանություն է… [և] այլասերում և քողարկում է մեր Տիրոջ խոսքերի իրական իմաստը» (Eternal Hope, xxxvii)։ Ֆարրարը նաև մատնանշեց, որ Աստվածաշնչում սիրող Երկնային Հոր զարմանալի գործերը լրացուցիչ ապացույց են այն բանի, որ անգլերեն թարգմանության մեջ օգտագործված «դժոխք» և «անիծված» սահմանումները ճիշտ չեն (see Eternal Hope, xiv–xv, xxxiv, 93; see also Quentin L. Cook, “Our Father’s Plan—Big Enough for All His Children,” Liahona, May 2009, 36)։

  14. Ապաշխարության և Քավության միջև կապը շարադրված է Վարդապետություն և Ուխտեր 19․15–18, 20 հատվածներում։ Բացի այդ, անվերջ պատիժը պարզաբանված է Վարդապետություն և Ուխտեր 19.10–12 հատվածներում:

  15. Վարդապետություն և Ուխտեր 59.23:

  16. Տես Մոսիա 27․25, Վարդապետություն և Ուխտեր 112․13, տես նաև Դեյլ Է. Միլլեր, «Խաղաղություն և բժշկություն բերելով քո հոգուն», Լիահոնա, նոյեմբեր 2004:

  17. Տես Մոսիա 2․41։

  18. Տես Dallin H. Oaks, “The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 33, Liahona, Jan. 2001, 41, տես նաև Բ Կորնթացիս 5․17, Սուրբ գրքերի ուղեցույց, «Դարձ»։

  19. Վարդապետություն և Ուխտեր 123․12։

  20. Վարդապետություն և Ուխտեր 1․17, 23։

  21. Եթե դա մեր ցանկությունն է, մենք «կանչված ենք աշխատելու» (Վարդապետություն և Ուխտեր 4.3, տես նաև Թոմաս Ս. Մոնսոն, «Կանչված աշխատելու», Ensign, հունիս 2017, 4–5):

  22. Մատթեոս 28․19։

  23. Վարդապետություն և Ուխտեր 112․28։

  24. Վարդապետություն և Ուխտեր 110․10։

  25. Վարդապետություն և Ուխտեր 110․11։

  26. Ռասել Մ. Նելսոն, «Քարոզել խաղաղության ավետարանը» Լիահոնա, մայիս 2022, p 6-7, տես նաև Ռասսել Մ. Նելսոն «Իսրայելի հույսը» (Երիտասարդների համաշխարհային հոգևոր երեկո, 3 հունիսի 2018), ChurchofJesusChrist.org:

  27. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 444:

  28. Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա,նոյեմբեր 2020, 92–95։

  29. Ալմա 5.14։

  30. Տես Վարդապետություն և Ուխտեր 18․15, տես նաև Հակոբոս 5․19–20։

  31. Տես Ալմա 26․22, Վարդապետություն և Ուխտեր 18․13–16, տես նաև Աստվածաշնչի բառարան, «Դարձ»։