Գերագույն համաժողով
Մեր հարաբերությունը Աստծո հետ
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Մեր հարաբերությունը Աստծո հետ

Անկախ նրանից, թե ինչի կարող է հանգեցնել մեր մահկանացու փորձառությունը, մենք կարող ենք վստահել Աստծուն և ուրախություն գտնել Նրանում:

Ինչպես Հոբը Հին Կտակարանում, տառապանքի պահին գուցե ոմանք էլ զգան, որ Աստված լքել է իրենց: Քանի որ մենք գիտենք, որ Աստված իշխանություն ունի կանխելու կամ հեռացնելու ամեն դժբախտություն, մենք գուցե գայթակղվենք և բողոքենք, եթե նա չի անում դա, գուցե կասկածելով. «Եթե Աստված օգնություն չի ուղարկում, որի համար աղոթում եմ, ինչպես կարող եմ հավատ ունենալ Նրա հանդեպ»: Մի անգամ իր ծանր փորձությունների մեջ, արդար Հոբն ասաց.

«Իմացեք ուրեմն, որ Աստուած է ինձ կործանել, եւ իր ցանցովն ինձ պատել:

[Չնայած] ես աղաղակում եմ` [Ինձ անիրավություն են արել], Ես պատասխան չեմ ստանում, բողոքում եմ, բայց իրաւունք չկայ»:1

Հոբին տված Իր պատասխանում Աստված հարցրեց. «Հիրավի պիտի խափանե՞ս իմ դատաստանը, ինձ հանցավո՞ր անես, որպեսզի դու արդարանաս»:2 Կամ այլ խոսքով. «Ուզո՞ւմ ես ինձ հանցավոր անես: Ուզում ես [դատապարտե՞լ] ինձ, որպեսզի դու արդարանաս»:3 Եհովան համոզիչ կերպով հիշեցնում է Հոբին Իր ամենակարողության և ամենագիտության մասին, և Հոբը ամենայն խոնարհությամբ ընդունում է, որ ինքը ոչինչ չունի, որը նույնիսկ մոտ լինի Աստծո գիտելիքին, զորությանը և արդարությանը, և չի կարող դատաստանի կանգնել Ամենազորի հետ.

«Գիտեմ որ ամեն բան կարող ես. Եւ քո դիտաւորութիւնը չի արգիլուիլ.

…Խօսել եմ, բայց չեմ հասկացել, ինձ համար անիմանալի են եղել, եւ ես չ՛գիտէի։ …

Վասնորոյ նուաստանում եմ եւ զղջում հողի եւ մոխիրի վերայ»։4

Վերջում Հոբին արտոնվեց տեսնել Տիրոջը, և «Եհովան օրհնեց Յոբի վերջը նորա սկզբիցն ավելի»։5

Մեր մահկանացու կարճատեսությամբ մեզ համար իսկապես հիմարություն է համարձակվել դատել Աստծուն, մտածել, օրինակ՝ «Ես երջանիկ չեմ, հետևաբար Աստված ինչ-որ սխալ է անում»: Մեզ` անկում ապրած աշխարհի Իր մահկանացու զավակներին, ովքեր այնքան քիչ բան գիտեն անցյալի, ներկայի և ապագայի մասին, Նա հայտարարում է. «Բոլոր բաները ներկա են իմ առաջ, քանզի ես գիտեմ բոլոր բաները»:6 Հակոբը իմաստությամբ զգուշացնում է. «Մի՛ փնտրեք խորհուրդ տալ Տիրոջը, այլ խորհուրդ վերցնել նրա ձեռքից: Քանզի, ահա, դուք ինքներդ գիտեք, որ նա խրատում է իմաստությամբ, և արդարությամբ, և մեծ ողորմածությամբ իր բոլոր գործերի վրա»:7

Ոմանք սխալ են հասկանում Աստծո խոստումները՝ նկատի ունենալով, որ Նրան հնազանդվելը որոշակի արդյունքներ է տալիս կայուն ժամանակացույցով: Նրանք գուցե մտածեն. «Եթե ես ջանասիրաբար ծառայեմ լիաժամկետ միսիայում, Աստված կօրհնի ինձ երջանիկ ամուսնությամբ և երեխաներով», կամ «Եթե ես ձեռնպահ մնամ Հանգստության օրը դպրոցական աշխատանք կատարելուց, Աստված կօրհնի ինձ լավ գնահատականներով», կամ «Եթե ես վճարեմ տասանորդ, Աստված կօրհնի ինձ այն աշխատանքով, որը ես ցանկանում եմ»: Եթե կյանքը չի դասավորվում այդ ճշգրիտ ձևով կամ ըստ ակնկալվող ժամանակացույցի, նրանք գուցե Աստծո կողմից դավաճանված զգան: Բայց աստվածային տնտեսության մեջ ամեն ինչ այնքան էլ մեխանիկական չէ: Մենք չպետք է մտածենք Աստծո ծրագրի մասին՝ որպես տիեզերական առք ու վաճառքի մեքենայի, որտեղ մենք (1) ընտրում ենք ցանկալի օրհնությունը, (2) տեղադրում ենք բարի գործերի պահանջվող գումարը և (3) պատվերը անհապաղ առաքվում է:8

Աստված իսկապես կհարգի մեզանից յուրաքանչյուրին տված Իր ուխտերն ու խոստումները: Մենք չպետք է անհանգստանանք դրա մասին:9 Հիսուս Քրիստոսի քավիչ զորությունը, ով իջավ բոլոր բաներից ներքև, իսկ հետո բարձրացավ վեր,10 և ունի ողջ զորությունը երկնքում և երկրի վրա11, հավաստիացնում է, որ Աստված կարող է և կիրականացնի Իր խոստումները: Կարևոր է, որ մենք հարգենք և հնազանդվենք Նրա օրենքներին, բայց հնազանդվելու վրա հիմնված ոչ ամեն օրհնություն է, որ12 ձևավորվում է, նախագծվում և ժամկետավորվում՝ ըստ մեր ակնկալիքների: Մենք պետք է անենք հնարավոր ամեն բան, բայց պետք է Նրան թողնենք օրհնությունների կառավարումը:

Նախագահ Բրիգամ Յանգը բացատրել է, որ իր հավատքը չի կառուցվել որոշակի արդյունքների կամ օրհնությունների վրա, այլ իր վկայության և Հիսուս Քրիստոսի հետ հարաբերության վրա: Նա ասել է. «Իմ հավատքը դրված չէ Տիրոջ գործերի վրա ծովի կղզիներում, ժողովրդին այստեղ բերելու վրա, … ոչ էլ բարեհաճությունների վրա, որոնք նա պարգևում է այս կամ այն ժողովրդին, ոչ էլ նրա վրա, թե մենք օրհնված ենք կամ օրհնված չենք, այլ իմ հավատքը դրված է Տեր Հիսուս Քրիստոսի վրա, և իմ գիտելիքը ես ստացել եմ Նրանից»:13

Մեր ապաշխարությունը և հնազանդությունը, մեր զոհաբերությունները և մեր բարի գործերը իսկապես կարևոր են: Մենք կամենում ենք լինել նրանց շարքում, ում նկարագրել է Եթերը` որպես «միշտ հարստացվող բարի գործերով»:14 Բայց դա սելեստիալ հաշվապահական գրքերում պահվող որոշ թվերի պատճառով չէ: Այս բաները կարևոր են, քանի որ դրանք ներգրավում են մեզ Աստծո աշխատանքի մեջ, և այն միջոցներն են, որոնցով մենք համագործակցում ենք Նրա հետ՝ բնական մարդուց սուրբի մեր անձնական փոխակերպման ընթացքում:15 Այն, ինչ առաջարկում է մեզ մեր Երկնային Հայրը, Ինքն է և Իր Որդին, սերտ և հարատև հարաբերություն Իրենց հետ՝ Հիսուս Քրիստոսի` մեր Քավիչի շնորհի և միջնորդության միջոցով։

Մենք Աստծո զավակներն ենք՝ կարգված անմահության և հավերժական կյանքի համար: Մեր ճակատագիրն է լինել Նրա ժառանգները` «Քրիստոսի հետ ժառանգակիցներ»:16 Մեր Հայրը կամենում է առաջնորդել մեզանից յուրաքանչյուրին Իր ուխտի ճանապարհով` այն քայլերով, որոնք նախատեսված են մեր անհատական կարիքներին և հարմարեցված են Նրա ծրագրին` Իր հետ մեր վերջնական երջանկության համար: Մենք կարող ենք ակնկալել աճող վստահություն և հավատք Հոր և Որդու հանդեպ, Նրանց սիրո աճող զգացում և Սուրբ Հոգու հետևողական մխիթարություն ու առաջնորդություն:

Այնուամենայնիվ, այս ճանապարհը չի կարող հեշտ լինել մեզանից որևէ մեկի համար: Այն հեշտացնելու համար չափազանց շատ զտում է անհրաժեշտ: Հիսուսն ասել է.

«Ես եմ ճշմարիտ որթը, և իմ Հայրը մշակն է:

Ամեն ճյուղ, որ ինձանում է և պտուղ չէ բերում [Հայրը] կտրում է նորան. եւ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ աւելի պտղաբեր լինի»:17

Աստծո կողմից ուղղորդվող զտումն ու մաքրագործումը, անհրաժեշտության դեպքում, երբեմն կարող է տանջալի և ցավոտ լինել: Հիշելով Պողոսի արտահայտությունը. «մենք Քրիստոսի ժառանգակիցներ ենք, եթէ նորա չարչարանքներին կցորդ ենք, [որպեսզի] փառքին էլ մասնակից լինինք»:18

Այսպիսով, այս զտիչի կրակի մեջ Աստծո վրա բարկանալու փոխարեն՝ մոտեցեք Աստծուն: Կանչեք առ Հայրը՝ Որդու անունով: Ամեն օր Հոգով քայլեք Նրանց հետ: Թույլ տվեք Նրանց ժամանակի ընթացքում ցույց տալ Իրենց հավատարմությունը ձեր հանդեպ: Իսկապես ճանաչեք Նրանց և իսկապես ճանաչեք ինքներդ ձեզ:19 Թույլ տվեք՝ Աստված տնօրինի.20 Փրկիչը հավաստիացնում է մեզ.

«Լսեք նրան, որ ձեր բարեխոսն է Հոր առաջ, որը նրա առջև պաշտպանում է ձեր դատը,–

Ասելով. Հա՛յր, տե՛ս տառապանքներն ու մահը նրա, ով չմեղանչեց, որին դու հավանել ես. տե՛ս Որդուդ արյունը, որը հեղվել է, արյունը նրա, ում դու տվեցիր, որ ինքդ փառավորվես.

Ուստի, Հա’յր, խնայիր իմ այս եղբայրներին [և իմ քույրերին], որ հավատում են իմ անվանը, որ նրանք կարողանան գալ ինձ մոտ և ունենալ հավիտենական կյանք»:21

Մտածեք հավատարիմ մարդկանց և կանանց մի քանի օրինակների մասին, ովքեր վստահեցին Աստծուն, համոզված, որ Նրա խոստացած օրհնությունները կլինեն իրենց վրա կյանքում, թե մահվան մեջ: Նրանց հավատքը հիմնված էր ոչ թե նրա վրա, թե Աստված ինչ արեց կամ չարեց որոշակի իրավիճակում կամ պահի, այլ հիմնված է Նրան ճանաչելու վրա՝ որպես իրենց բարեսիրտ Հայր, և Հիսուս Քրիստոսին՝ որպես իրենց Քավիչ:

Երբ եգիպտացի քուրմ Եղկենան պատրաստվում էր զոհաբերել Աբրահամին, նա աղաղակեց առ Աստված՝ իրեն փրկելու համար, և Նա արեց դա:22 Աբրահամը ապրեց` դառնալով հավատարիմների հայրը, որի սերնդի միջոցով երկրի բոլոր ընտանիքները կօրհնվեն:23 Մինչդեռ այդ նույն զոհասեղանի վրա այդ նույն քուրմը` Եղկենան, որպես զոհ էր մատուցել էր երեք կույսերի, որոնք «իրենց առաքինության պատճառով … հրաժարվել էին խոնարհվել ու երկրպագել փայտե կամ քարե աստվածներին»:24 Նրանք մահացան այնտեղ՝ որպես նահատակներ:

Հովսեփը, որը գերության վաճառվեց իր սեփական եղբայրների կողմից, իր տանջանքների մեջ դիմեց Աստծուն: Աստիճանաբար նա հայտնի դարձավ Եգիպտոսում իր տիրոջ տանը, բայց հետո նրա ամբողջ առաջընթացը խափանվեց Պետափրեսի կնոջ կեղծ մեղադրանքների պատճառով։ Հովսեփը գուցե մտածեր. «Այսպիսով, բանտն այն է, ինչ ես ստացա մաքրաբարոյության օրենքը պահելու համար»: Բայց փոխարենը, նա կրկին դիմեց Աստծուն և բարգավաճեց նույնիսկ բանտում: Հովսեփը հետագայում տարավ ևս մի հիասթափություն, երբ այն բանտարկյալը, ում հետ ընկերացավ, չնայած Հովսեփին տված իր խոստմանը, մոռացավ նրա մասին ամեն ինչ` փարավոնի արքունիքում վստահելի դիրքում վերականգնվելուց հետո: Վերջում, ինչպես գիտեք, Տերը միջամտեց՝` Հովսեփին դնելով փարավոնից հետո վստահության և իշխանության բարձրագույն դիրքում, հնարավորություն տալով Հովսեփին փրկել Իսրայելի տունը և շատ ուրիշների: Անկասկած, Հովսեփը կարող էր հաստատել, «որ բոլոր բաները գործակից են լինում դէպի բարին նորանց, ովքեր սիրում են Աստծուն»։25

Աբինադին լի էր իր աստվածային հանձնարարությունն իրականացանելու վճռականությամբ: «Ես վերջացնում եմ իմ պատգամը»,- ասաց նա,- «և հետո դա նշանակություն չունի, թե [ինչ կպատահի ինձ հետ], եթե այնպես լինի, որ ես փրկվեմ»:26 Նա չխուսափեց նահատակությունից, բայց անկասկած փրկվեց Աստծո արքայությունում, և նրա թանկագին մի նորադարձ` Ալման, փոխեց Նեփիացիների պատմության ընթացքը՝ առաջնորդելով դեպի Քրիստոսի գալուստը:

Ալման և Ամուղեկը ազատվեցին բանտից Ամոնիայում՝ ի պատասխան իրենց աղաչանքի, և նրանց հալածողները սպանվեցին:27 Այնուամենայնիվ, ավելի վաղ այդ հալածողները հավատացյալ կանանց և երեխաներին գցեցին վառվող կրակի մեջ: Ալման, ականատես լինելով հոգեվարքի այդ սոսկալի տեսարանին, Հոգու կողմից պարտադրվեց չօգտագործել Աստծո զորությունը «փրկելու նրանց բոցերից»,28 որպեսզի նրանք ընդունվեին Աստծո փառքի մեջ:29

Միսսուրիում մարգարե Ջոզեֆ Սմիթը տանջվում էր Լիբերթիի բանտում, չկարողանալով օգնել Սրբերին, երբ նրանց կողոպտեցին և դուրս քշեցին իրենց տներից ձմռան դաժան ցրտին: «Ո՜վ Աստված, ո՞րտեղ ես դու»: Աղաղակեց Ջոզեֆը: «Որքա՞ն պիտի քո ձեռքը ետ պահվի»։30 Ի պատասխան՝ Տերը խոստացավ. «Ձեր ձախորդություններն ու ձեր չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ, և հետո, եթե դուք լավ համբերեք, Աստված ձեզ վեր կբարձրացնի: … Դու դեռևս Հոբի պես չես»:31

Վերջում Ջոզեֆը կարող էր հայտարարել Հոբի հետ. «Թե որ [Աստված] ինձ սպանէ, ես նորան եմ յուսալու»:32

Երեց Բրուք Պ. Հեյլսը պատմել է Քույր Պատրիցիա Պարկինսոնի մասին, որը ծնվել էր նորմալ տեսողությամբ, բայց կուրացել էր մինչև 11 տարեկան դառնալը:

Երեց Հեյլսը հիշում է. «Պատրիցիային ես ճանաչում եմ երկար տարիներ և վերջերս ասացի նրան, որ ինձ հիացնում է այն փաստը, որ նա միշտ դրական վերաբերմունք ունի և երջանիկ է։ Նա պատասխանեց․ «Դու ինձ հետ մեր տանը չես եղել, այդպես չէ՞։ Ես ունենում եմ իմ դժվար պահերը։ Ես ընկճախտի բավականին ծանր նոպաներ եմ ունեցել և շատ եմ լացել»։ Սակայն նա ավելացրեց․ «Այն ժամանակվանից, երբ ես սկսեցի կորցնել տեսողությունս, տարօրինակ էր, բայց ես գիտեի, որ Երկնային Հայրը և Փրկիչը իմ ու իմ ընտանիքի հետ էին։ … Նրանց, ովքեր հարցնում են ինձ, թե արդյո՞ք բարկացած եմ իմ կուրության պատճառով, ես պատասխանում եմ․ «Ո՞ւմ վրա պետք է բարկանամ։ Երկնային Հայրն ինձ հետ է ողջ ընթացքում, ես մենակ չեմ։ Նա ինձ հետ է ամբողջ ժամանակ»։33

Ի վերջո, այն ինչին մենք ձգտում ենք, Հոր և Որդու հետ մոտիկ և մնայուն հարաբերության օրհնությունն է: Սա է առաջացնում ողջ տարբերությունը և հավերժորեն արժե այդ գինը։ Մենք կվկայենք Պողոսի հետ. «որ չարչարանքները այս ներկա [մահկանացու] ժամանակի արժանի չեն բաղդատուելու այն գալու փառքի հետ, որ մեզանում պիտի յայտնուի»։34 Ես վկայում եմ, որ անկախ նրանից, թե ինչի կարող է հանգեցնել մեր մահկանացու փորձառությունը, մենք կարող ենք վստահել Աստծուն և ուրախություն գտնել Նրանում:

«Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողությանը մի վստահիր:

Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, և նա կուղղէ քո ճանապարհները»:35

Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։