Գերագույն համաժողով
Ձեր աստվածային էությունը և հավերժական ճակատագիրը
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Ձեր աստվածային էությունը և հավերժական ճակատագիրը

Ես հրավիրում եմ ձեզ ձեր կյանքը կենտրոնացնել Հիսուս Քրիստոսի վրա և հիշել Երիտասարդ կանանց թեմայի հիմնարար ճշմարտությունները:

Սիրելի քույրե՛ր, շնորհակալ եմ այստեղ լինելու համար։ Ինձ համար պատիվ է մասնակցել գերագույն համաժողովի կանանց այս նիստին: Երբեմն ես նաև արտոնություն եմ ունեցել հաճախելու Երիտասարդ կանանց դասերին: Բայց թույլ տվեք նշել ակնհայտը. ես երիտասարդ չեմ և կին չեմ: Սակայն, ես հասկացա, որ ինձ այդքան էլ խորթ չեմ զգում, երբ կարողանում եմ երիտասարդ կանանց հետ արտասանել երիտասարդ կանանց թեման։ Երիտասարդ կանանց թեմայում1 ուսուցանվող խորիմաստ վարդապետությունը կարևոր է երիտասարդ կանանց համար, բայց այն կիրառելի է բոլորիս համար, ներառյալ նրանց, ովքեր երիտասարդ կին չեն:

Երիտասարդ կանանց թեման սկսվում է այսպես․ «Ես երկնային ծնողների սիրելի դուստրն եմ`աստվածային էությամբ և հավերժական ճակատագրով»։2 Այս հայտարարությունը պարունակում է չորս կարևոր ճշմարտություն։ Նախ՝ դուք սիրելի դուստր եք: Ինչ էլ որ անեք, կամ չանեք, դուք չեք կարող փոխել դա: Աստված սիրում է ձեզ, որովհետև դուք Նրա հոգևոր դուստրն եք: Երբեմն մենք կարող ենք չզգալ Նրա սերը, բայց այն միշտ ներկա է: Աստծո սերը կատարյալ է։3 Այդ սերը զգալու մեր կարողությունը կատարյալ չէ։

Հոգին առանցքային դեր է խաղում Աստծո սերը մեզ փոխանցելու գործում:4 Այնուամենայնիվ, Սուրբ Հոգու ազդեցությունը կարող եք մթագնել «ուժեղ հույզերով, ինչպիսիք են զայրույթը, ատելությունը, ․․․ [կամ] վախը ․․․ Ինչպես օրինակ, երբ ուզում եք վայելել խաղողի նուրբ համը և միաժամանակ ուտել հալապեյնո պղպեղը: ․․․ [Մի համը] լիովին հաղթում է մյուս համին»։5 Նույն կերպ, վարքագծերը՝ ներառյալ մեղքը, որոնք հեռացնում են մեզ Սուրբ Հոգուց,6 դժվարացնում են Աստծո սիրո ընկալումը:

Նմանապես, ի թիվս այլ բաների, Աստծո սիրո մեր ընկալումը կարող է թուլանալ դժվար հանգամանքների և ֆիզիկական կամ մտավոր հիվանդությունների պատճառով։ Այս բոլոր դեպքերում վստահելի ղեկավարների կամ մասնագետների խորհուրդը հաճախ կարող է օգտակար լինել: Կարող ենք նաև փորձել բարելավել Աստծո սիրո հանդեպ մեր ընկալունակությունը՝ հարցնելով ինքներս մեզ. «Արդյո՞ք Աստծո հանդեպ իմ սերը մշտական է, թե՞ ես սիրում եմ Նրան, երբ լավ օրեր եմ ունենում, բայց այնքան էլ չեմ սիրում, երբ վատ օրեր եմ ունենում»:

Երկրորդ ճշմարտությունն այն է, որ մենք ունենք երկնային ծնողներ՝ հայր և մայր:7 Երկնային Մոր վարդապետությունը գալիս է հայտնությամբ և տարբերվող համոզմունք է Վերջին Օրերի Սրբերի համար: Նախագահ Դալլին Հ. Օուքսը բացատրել է այս ճշմարտության կարևորությունը. «Մեր աստվածաբանությունը սկսվում է երկնային ծնողներից: Մեր մեծագույն ձգտումն է լինել նրանց նման»։8

Քիչ բան է բացահայտվել Երկնային Մոր մասին, բայց այն, ինչ մենք գիտենք, ամփոփված է Ավետարանի թեմաներում, որոնք գտնվում են մեր Gospel Library հավելվածում:9 Երբ կարդաք այն, ինչ կա այնտեղ գրված, կիմանաք այն ամենը, ինչ ես գիտեմ այս թեմայի վերաբերյալ: Երանի՜ ավելին իմանայի։ Դուք նույնպես կարող եք դեռ հարցեր ունենալ և գուցե ցանկանաք ավելի շատ պատասխաններ գտնել: Ավելի մեծ հասկացողություն փնտրելը մեր հոգևոր զարգացման կարևոր մասն է, բայց խնդրում եմ զգույշ լինել: Բանականությունը չի կարող փոխարինել հայտնությանը:

Շահարկումները չեն հանգեցնի ավելի մեծ հոգևոր գիտելիքի, բայց դա կարող է հանգեցնել խաբեության կամ շեղել մեր ուշադրությունը բացահայտվածից:10 Օրինակ՝ Փրկիչն ուսուցանել է Իր աշակերտներին. «Պետք է միշտ աղոթեք Հորը իմ անունով»։11 Մենք հետևում ենք այս օրինաչափությանը և երկրպագելիս դիմում ենք Երկնային Հորը՝ Հիսուս Քրիստոսի անունով և չենք աղոթում Երկնային Մորը։12

Այն պահից ի վեր, երբ Աստված կանչեց մարգարեների, նրանք լիազորված էին խոսելու Նրա անունից: Բայց նրանք չեն արտասանում «իրենց անձից»13 հորինված վարդապետություններ կամ չեն ուսուցանում այն, ինչը չի բացահայտվել: Քննարկենք Հին Կտակարանի մարգարե Բաղաամի խոսքերը, ում կաշառք էին առաջարկել իսրայելացիներին անիծելու համար՝ ի օգուտ Մովաբի։ Բաղաամն ասաց․ «Եթէ [Մովաբի թագավորը] իր տունը լիքն ինձ արծաթ ու ոսկի տայ, իմ Եհովայ Աստուծոյ խօսքիցը չեմ կարող անցկենալ՝ մի փոքր կամ մի մեծ բան անելու»։14 Նմանապես սահմանափակված են վերջին օրերի մարգարեները: Աստծուց հայտնություն պահանջելը և՛ ամբարտավան է, և՛ անարդյունավետ: Փոխարենը, մենք սպասում ենք Տիրոջը և Նրա ժամանակացույցին, որպեսզի Նա բացահայտի Իր ճշմարտությունները այն միջոցներով, որոնք Ինքն է սահմանել:15

Երիտասարդ կանանց թեմայի առաջին պարբերության երրորդ ճշմարտությունն այն է, որ մենք ունենք «աստվածային բնույթ»: Դա մեր էության կարևոր մասն է։ Այն հոգևոր «գեն» է՝ ժառանգված մեր երկնային ծնողներից,16 և մեր կողմից ջանք չի պահանջում դրա համար: Սա մեր ամենակարևոր ինքնությունն է, անկախ նրանից, թե մենք ինչպես ենք ինքներս մեզ նույնականացնում: Այս խորը ճշմարտության ըմբռնումը կարևոր է բոլորի համար, բայց հատկապես՝ այն մարդկանց համար, ովքեր պատկանում են այն խմբերին, որոնք պատմականորեն մեկուսացվել, ճնշվել կամ ստրկացվել են: Հիշեք, որ ձեր ամենակարևոր ինքնությունը կապված է Աստծո զավակ լինելու ձեր աստվածային էության հետ։

Չորրորդ ճշմարտությունն այն է, որ մենք ունենք «հավերժական ճակատագիր»: Նման ճակատագիր մեզ չի պարտադրվի։ Մահից հետո մենք կստանանք այն, ինչին արժանացել ենք, և «կվայելենք [միայն] այն, ինչը [մենք] կամենում ենք ստանալ»։17 Մեր հավերժական ճակատագրի գիտակցումը կախված է մեր ընտրությունից: Դրա համար պետք է սուրբ ուխտեր կապել և պահել դրանք։ Այս ուխտի ուղին այն ճանապարհն է, որով մենք գալիս ենք դեպի Քրիստոսը և հիմնված է բացարձակ ճշմարտության և հավերժական, անփոփոխ օրենքի վրա: Մենք չենք կարող ստեղծել մեր սեփական ուղին և ակնկալել Աստծո խոստացած արդյունքները: Սխալ է ակնկալել Նրա օրհնությունները՝ չհետևելով հավերժական օրենքներին, որոնց վրա դրանք հիմնված են18, ինչպես օրինակ նման է նրան, որ կարող ենք դիպչել տաք վառարանին և «որոշել» չվառվել:

Երևի գիտեք, որ ես բուժում էի սրտի անբավարարությամբ տառապող հիվանդներին։ Նրանք լավագույն արդյունքների են հասել, երբ հետևել են հաստատված, ապացույցների վրա հիմնված բուժման ծրագրերին: Նույնիսկ իմանալով այդ ամենը, որոշ հիվանդներ փորձում էին սակարկել և առաջարկել բուժման մեկ ուրիշ ծրագիր։ Նրանք ասում էին. «Ես չեմ ուզում այդքան դեղորայք ընդունել» կամ «Ես չեմ ուզում այսքան կրկնակի ստուգման թեստեր հանձնել»: Իհարկե, հիվանդներն ազատ էին ինքնուրույն որոշումներ կայացնելիս, բայց եթե նրանք շեղվեին բուժման ամենաբարենպաստ ծրագրերից, նրանց բուժման արդյունքները վատ կլինեին: Սրտի անբավարարությամբ հիվանդները չեն կարող ընտրել վատ բուժում և հետո իրենց սրտաբանին մեղադրել վատ արդյունքների համար:

Նույնը ճշմարիտ է մեր դեպքում: Երկնային Հոր կողմից սահմանված ուղին հանգեցնում է լավագույն հավերժական ելակետին: Մենք ազատ ենք ընտրելու, բայց չենք կարող ընտրել հայտնությամբ տրված ճանապարհով չգնալու հետևանքները:19 Տերն ասել է․ «Նա, ով խախտում է օրենքը, և չի մնում օրենքի մեջ, այլ փնտրում է ինքն իր օրենքը դառնալ, ․․․ չի կարող սրբագործվել օրենքով, ոչ ողորմությամբ, ոչ արդարադատությամբ, ոչ էլ դատաստանով»:20 Մենք չենք կարող շեղվել Երկնային Հոր ուղուց և հետո մեղադրել Նրան վատ արդյունքների համար:

Երիտասարդ կանանց թեմայի երկրորդ պարբերությունում կարդում ենք. «Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ, ես ձգտում եմ նմանվել Նրան: Ես ձգտում և գործում եմ ըստ անձնական հայտնության և սպասավորում եմ ուրիշներին Նրա սուրբ անունով»: Մենք կարող ենք վկայություն զարգացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ գործելով հավատքով:21 Մենք կարող ենք հոգևոր պարգև ստանալ, որ «Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է, և որ նա խաչվեց աշխարհի մեղքերի համար»: Կամ, մենք կարող ենք պարգև ստանալ՝ հավատալու նրանց խոսքերին, ովքեր գիտեն դա,22 մինչև որ մենք ինքներս իմանանք դա: Մենք կարող ենք հետևել Փրկիչի ուսմունքներին և օգնել ուրիշներին գալ Նրա մոտ: Այս կերպ մենք միանում ենք Նրան Իր աշխատանքում:23

Երիտասարդ կանանց թեման շարունակում է․ «Ես կկանգնեմ որպես Աստծո վկա բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր տեղերում»: Եկեղեցու բոլոր անդամները պետք է լինեն Աստծո վկաները,24 թեև Առաքյալները և Յոթանասունականները նշանակված են որպես Քրիստոսի անվան հատուկ վկաներ:25 Պատկերացրեք ֆուտբոլային մի հանդիպում, որտեղ միայն դարպասապահն է պաշտպանում դարպասը: Առանց թիմի մյուս խաղացողների օգնության դարպասապահը չի կարողանա պատշաճ կերպով պաշտպանել դարպասը, և թիմը միշտ կպարտվի: Այսպիսով, Տիրոջ թիմում բոլորը կարևոր են։26

Երիտասարդ կանանց թեմայի վերջին պարբերությունը սկսվում է այսպես․ «Ձգտելով արժանանալ վեհացման, ես փայփայում եմ ապաշխարության պարգևը և ձգտում եմ կատարելագործվել ամեն օր»: Փրկիչի քավող զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք ապաշխարել, սովորել մեր սխալներից և չմեղադրվել դրանց կողմից: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել է. «Շատ մարդիկ ապաշխարությունը դիտարկում են որպես պատիժ․․․ Սակայն պատժի ենթարկվելու այս զգացմունքն առաջացնում է սատանան: Նա փորձում է խանգարել մեզ ապավինել Հիսուս Քրիստոսին, ով կանգնած է գրկաբաց՝ հուսալով և ցանկանալով բժշկել, ներել, մաքրել, զորացնել, մաքրագործել և սրբացնել մեզ»։27

Երբ մենք անկեղծ ապաշխարում ենք, ոչ մի հոգևոր սպի չի մնում, անկախ նրանից, թե ինչ ենք արել, որքան լուրջ է դա կամ քանի անգամ ենք կրկնել դա:28 Որքան հաճախ մենք ապաշխենք և ներում փնտրենք անկեղծ միտումով, մենք կարող ենք ներվել:29 Ինչպիսի՜ հրաշալի նվեր է դա մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից:30 Սուրբ Հոգին կարող է մեզ վստահեցնել, որ մենք ներվել ենք: Երբ զգում ենք ուրախություն և խաղաղություն,31 մեղքը սրբվում է է,32 և մենք այլևս տակնուվրա չենք լինում մեր մեղքերից:33

Այնուամենայնիվ, նույնիսկ անկեղծ ապաշխարությունից հետո մենք կարող ենք սայթաքել: «Սայթաքելը» չի նշանակում, որ ապաշխարությունը անհամարժեք էր, այլ պարզապես կարող է արտացոլել մարդկային թուլությունը: Սփոփում է այն միտքը, որ «Տերը թուլություններին այլ կերպ է նայում, քան Նա [նայում է] ապստամբությանը»: Մենք չպետք է կասկածենք, որ Փրկիչը կարող է օգնել մեզ մեր թուլություններում, քանի որ «Տերը միշտ ողորմածությամբ է խոսում թուլությունների մասին»։34

Երիտասարդ կանանց թեման ավարտվում է․ «Ես հավատքով կամրացնեմ իմ տունը և ընտանիքը, կկապեմ ու կպահեմ սրբազան ուխտերը և կստանամ սուրբ տաճարի արարողություններն ու օրհնությունները»: Տունն ու ընտանիքն ամրացնելը կարող է նշանակել, որ ստեղծում ենք հավատարմության շղթայի առաջին օղակը և կրում ենք հավատքի ժառանգությունը կամ վերականգնում ենք այն:35 Բոլոր դեպքերում, ուժը գալիս է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի և սուրբ ուխտեր կապելու միջոցով:

Տաճարում մենք սովորում ենք, թե ով ենք մենք և որտեղ ենք եղել: Հռոմեացի փիլիսոփա Ցիցերոնն ասել է. «Անտեղյակ լինել այն ամենին, ինչ տեղի է ունեցել նախքան քո ծնվելը, նշանակում է միշտ մնալ որպես երեխա»:36 Նա, իհարկե, նկատի ուներ աշխարհիկ պատմությունը, բայց նրա խորաթափանց դիտարկումը կարելի է ընդլայնել։ Մենք անընդհատ մնում ենք երեխա, եթե անտեղյակ ենք տաճարներում ձեռք բերված հավերժական հեռանկարի մասին: Այնտեղ աճում է Տիրոջ մասին մեր հասկացողությունը, ստանում ենք Սուրբ Հոգու լիությունը37 և դառնում ենք լիովին նվիրված Փրկիչի աշակերտներ:38 Երբ պահում ենք մեր ուխտերը, մենք ստանում ենք Աստծո զորությունը մեր կյանքում։39

Ես հրավիրում եմ ձեր կյանքը կենտրոնացնել Հիսուս Քրիստոսի վրա և հիշել Երիտասարդ կանանց թեմայի հիմնարար ճշմարտությունները: Եթե դուք կամենաք, Սուրբ Հոգին կառաջնորդի ձեզ: Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ դուք դառնաք Նրա ժառանգը և ստանաք այն ամենը, ինչ Նա ունի:40 Նա չի կարող ձեզ ավելին առաջարկել: Նա չի կարող ձեզ ավելին խոստանալ: Նա ձեզ ավելի շատ է սիրում, քան դուք պատկերացնում եք և ցանկանում է, որ դուք երջանիկ լինեք այս կյանքում և գալիք կյանքում։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։