Գերագույն համաժողով
Նա հարություն առավ՝ բժշկությունը Իր թևերի վրա․ մենք առավել ևս հաղթում ենք
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Նա հարություն առավ՝ բժշկությունը Իր թևերի վրա.

Մենք առավել ևս հաղթում ենք

Հիսուսը հաղթահարել է այս աշխարհի բռնությունները, որպեսզի դուք զորություն ունենաք ոչ միայն փրկվելու, այլև մի օր Իր միջոցով հաղթահարելու, անգամ՝ հաղթելու։

Մերին, ես Երեց Հոլլանդն եմ, և գործերը, կարծես, վատ են։

Մենք առավել ևս հաղթում ենք

Բոլորիս գրավում են փրկության մասին պատմությունները։ Մենք լսում ենք անվախ ճանապարհորդների և սովորական մարդկանց մասին պատմություններ, որոնք կարողանում են ողջ մնալ՝ չնայած բոլոր վտանգներին և ակնկալիքներին, և մեզ մոտ չի կարող չառաջանալ այս հարցը․ «Արդյո՞ք ես կարող էի դա անել»։

Ես անմիջապես մտածում եմ բրիտանացի ճանապարհորդ Էռնեստ Շեքլտոնի և նրա անձնակազմի մասին, որոնք իրենց Endurance նավով նավաբեկության ենթարկվեցին Անտարկտիկայի սառույցներում և մոտ երկու տարի պատանդ մնացին մեկուսի կղզու վրա։ Շեքլտոնը, իր փայլուն ղեկավարմամբ և վճռականությամբ, փրկեց իր մարդկանց կյանքերը՝ չնայած դաժան պայմաններին։

Այնուհետև ես մտածում եմ Ապոլլո 13-ի անձնակազմի մասին, որը կտրեց տիեզերքը լուսնի վրա իջնելու համար։ Սակայն աղետը վրա հասավ, երբ թթվածնի բաքը պայթեց, և առաքելությունը դադարեցվեց։ Թթվածնի պակասի պայմաններում անձնակազմը և առաքելությունը ղեկավարող թիմը աներևակայելի հնարքներով բոլոր երեք տիեզերագնացներին ապահով երկիր իջեցրին։

Ես մտածում եմ զարմանալիորեն փրկված անհատների և ընտանիքների մասին, որոնք պատերազմի զոհ էին, բանտարկված էին ճամբարներում կամ փախստականներ էին դարձել, որոնք հերոսաբար և արիաբար կենդանի են պահել հույսի կրակը իրենց հետ տառապողների համար, ովքեր բարություն են գործել դաժանության պայմաններում, և ովքեր ինչ-որ ձևով կարողացել են օգնել ուրիշներին դիմանալ ևս մեկ օր։

Կարո՞ղ էի ես կամ դուք ողջ մնալ նման ծայրահեղ իրավիճակներում։

Գուցե ձեզանից ոմանց տպավորել են փրկվածների պատմությունները և ձեր հոգին ճչում է, աղաղակելով, որ դուք կենդանի փրկության պատմություն եք հենց հիմա՝ լինելով շահագործման, արհամարհանքի, ծաղրի, ընտանեկան բռնության կամ այլ տեսակի տառապանքի զոհ։ Դուք գտնվում եք մի իրավիճակում, որից փորձում եք հուսահատորեն ազատվել, որը նման է աղետալի նավաբեկության կամ խոստումնալից առաքելության տապալման։ Կփրկվե՞ք արդյոք, կկարողանա՞ք ունենալ ձեր սեփական փրկության պատմությունը։

Պատասխանն է՝ այո: Դուք կարող եք փրկվել: Իրականում դուք արդեն փրկվել եք Մեկի կողմից, ով տարել է ամեն տեսակի տառապանք, որը դուք տանում եք, և դիմացել է այն տանջանքին, որին դուք եք դիմանում։1 Հիսուսը հաղթահարել է այս աշխարհի բռնությունները,2 որպեսզի դուք զորություն ունենաք ոչ միայն փրկվելու, այլև մի օր Իր միջոցով հաղթահարելու, անգամ՝ հաղթելու՝ ամբողջովին վեր կանգնելու ցավից, թշվառությունից, տառապանքից, և փոխարինելու դրանք խաղաղությամբ։

Պողոս Առաքյալը հարցնում է․

«Ո՞վ կբաժանէ մեզ Քրիստոսի սէրիցը. տառապա՞նք, թէ նեղութի՞ւն, թէ հալածա՞նք, թէ սո՞վ, թէ մերկութի՞ւն, թէ վտա՞նգ, թէ սո՞ւր:

Բայց այս ամեն բաներումն առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց»:3

Ուխտի Իսրայելին տրված խոստումները

Կհիշեք, մեկ տարի առաջ գերագույն համաժողովի ժամանակ նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը հետևյալ հրավերն է հղել․ Երբ ուսումնասիրեք ձեր սուրբ գրությունները, ես խրախուսում եմ, որ կազմեք այն ամենի ցուցակը, որ Տերը խոստացել է անել ուխտի Իսրայելի համար: Կարծում եմ, շատ կզարմանաք։ 4

Ահա միայն մի քանի զորեղ և մխիթարող խոստում, որոնք գտել է մեր ընտանիքը։ Պատկերացրեք, թե Տերն է խոսում ձեզ հետ՝ ձեզ հետ, ովքեր փրկվում են, քանի որ դրանք ձեզ համար են։

Մի վախենա։5

Ես գիտեմ ձեր նեղությունները, և եկել եմ ազատելու ձեզ։6

Ես չեմ թողնի ձեզ։7

Իմ անունը ձեզ վրա է և իմ հրեշտակները կպահպանեն ձեզ։8

Ես հրաշքներ կգործեմ ձեր մեջ։9

Քայլեք ինձ հետ, սովորեք ինձանից, ես հանգստություն կտամ ձեզ։10

Ես ձեր մեջ եմ։11

Դուք իմն եք։12

Նրանց, ովքեր փորձում են փրկվել

Այս բոլոր հավաստիացումները հաշվի առնելով՝ ուզում եմ խոսել ուղղակիորեն նրանց հետ, ովքեր կարծում են, որ իրենց փրկության պատմությունը ելք չունի ուրիշների դաժան գործողությունների պատճառով։ Եթե դա ձեր փրկության պատմությունն է, մենք կիսում ենք ձեր վիշտը։ Մենք փափագում ենք, որ դուք հաղթահարեք շփոթմունքը, ամոթը և վախը, և մենք ցանկանում ենք, որ Հիսուս Քրիստոսի միջոցով հաղթեք։

Զոհից մինչև Փրկված և Հաղթած

Եթե դուք ենթարկվել եք որևէ տեսակի բռնության, դաժանության կամ ճնշումների, կարող եք մտածել, որ այդ ամենը ինչ-որ առումով ձեր մեղքն է, որ դուք արժանի եք կրելու այդ ամոթի և մեղքի զգացումը։ Հնարավոր է, այսպիսի մտքեր եք ունեցել․

  • Ես կարող էի կանխել դա։

  • Աստված ինձ այլևս չի սիրում։

  • Ոչ ոք երբևէ ինձ չի սիրի։

  • Ես անվերականգնելիորեն վնասված եմ։

  • Փրկիչի Քավությունը վերաբերում է ուրիշներին, բայց ոչ ինձ։

Այս սխալ մտքերը և զգացումները կարող են թույլ չտալ, որ դուք օգնություն խնդրեք ընտանիքից, ընկերներից, ղեկավարներից, մասնագետներից, և դուք միայնակ եք մնում ձեր պայքարում։ Եթե փորձել եք դիմել նրանց օգնությանը, ում վստահում եք, գուցե դեռևս ճնշված եք ամոթի կամ, անգամ, ինքնահիասթափության մտքերով։ Այս ամենի ազդեցությունը կարող է երկար տարիներ մնալ ձեզ հետ։ Դուք հույս ունեք, որ մի օր ձեզ ավելի լավ կզգաք, բայց, չգիտես ինչու, այդ օրը չի գալիս։

Բռնությունը երբեք չի եղել, չի հանդիսանում և չի լինի ձեր մեղքը, ինչ էլ որ ասի բռնացողը կամ որևէ այլ անձ։ Եթե դուք դաժանության, սեռապղծության կամ այլասերվածության զոհ եք դարձել, դուք չէ, որ պետք է ապաշխարեք․ դուք դրա համար պատասխանատու չեք։

Դա չի նվազեցնում՝ որպես մարդ կամ Աստծո դուստր կամ որդի ձեր արժեքը, ձեր հանդեպ գնահատականը կամ սերը, միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը այդպես է վարվել ձեզ հետ։

Ոչ հիմա, ոչ էլ երբևէ Աստված ձեզ չի համարում արհամարհելի։ Նա չի ամաչում ձեզ համար կամ հիասթափվում ձեզանից, անկախ նրանից, թե ինչ է պատահել ձեզ հետ։ Նա սիրում է ձեզ այնպես, ինչպես դուք դեռ պետք է բացահայտեք ձեզ համար։ Եվ դուք կբացահայտեք դա, եթե վստահեք Նրա խոստումներին և սովորեք հավատալ Նրան, երբ Նա ասում է, որ դուք «թանկ եք [Իր] աչքում»։13

Ձեզ չեն բնութագրում այն սարսափելի բաները, որ արվել են ձեր հանդեպ։ Դուք՝ փառավոր ճշմարտության օրենքով, բնութագրվում եք ձեր հավերժական ինքնությամբ՝ որպես Աստծո որդի կամ դուստր, և ձեր Արարիչի կատարյալ, անսահման սիրով և ամբողջական ու լիարժեք ապաքինման հրավերով։

Թեև դա կարող է անհնարին թվալ, ապաքինումը կարող է գալ Հիսուս Քրիստոսի քավող հրաշքի միջոցով, ով հարություն առավ՝ բժշկությունը իր թևերի վրա։14

Խավարը և անառակությունը հաղթած մեր գթառատ Փրկիչը ունի զորություն ուղղելու բոլոր սխալները։ Դա կյանք տվող ճշմարտություն է նրանց համար, ում հանդեպ սխալ են վարվել։ 15

Իմացեք, որ Փրկիչը իջել է բոլոր բաներից ներքև, անգամ նրանից, ինչ պատահել է ձեզ հետ։ Եվ այդ պատճառով Նա հստակ գիտի, թե ինչ է իրական սարսափն ու ամոթը, և ինչ է նշանակում լինել լքված և կոտրված։16 Իր քավող տառապանքի խորքերից Փրկիչը բաժին է հանում հույսը, որը, ձեր կարծիքով, ընդմիշտ կորած էր, ուժը, որը, դուք հավատացած էիք, որ երբեք չեք ունեցել, և բժշկումը, որը դուք երբեք հնարավոր չեք համարել։

Բռնարար պահվածքը բացահայտորեն դատապարտված է Տիրոջ ու Նրա առաքյալների կողմից

Բռնության ցանկացած տեսակի համար՝ ֆիզիկական, սեռական, հոգեկան կամ բանավոր, տեղ չկա ոչ մի տանը, երկրում կամ մշակույթում։ Ինչ էլ որ անի կամ ասի կինը, ամուսինը կամ երեխան, չի նշանակում, որ նա «արժանի» է ծեծվելու։ Ոչ ոք, որևէ մի երկրում կամ մշակույթում, երբեք չի «խնդրում» կատարել հարձակում կամ բռնություն որևէ մեկի կողմից, ով ունի իշխանություն, կամ ավելի մեծ է և ուժեղ։

Ովքեր բռնություն են գործադրում և փորձում թաքցնել իրեն լրջագույն մեղքերը, միգուցե, որոշ ժամանակ կարողանան դա անել։ Բայց Տերը տեսնում է ամեն ինչ, գիտի սրտի գործերը, մտքերը և մտադրությունները։17 Նա արդարության Աստվածն է, և Նրա աստվածային արդարադատությունը ի կատար կածվի։18

Տերը նաև գթության հրաշագործ Աստվածն է անկեղծ ապաշխարողի համար։ Բռնացողները, այդ թվում նրանք, ովքեր իրենք են ժամանակին բռնության ենթարկվել, եթե խոստովանում են, թողնում են իրենց մեղքը և անում ամեն ինչ իրենց ուժերի սահմաններում, որպեսզի փոխհատուցեն և վերականգնեն վնասը, կարող են օգտվել ներումից՝ Քրիստոսի Քավության հրաշքի միջոցով։

Սխալմամբ մեղադրվածների համար մեղադրանքների աննկարագրելի ծանրությունը սեփական տանջարան է դառնում։ Բայց նրանք նույնպես օրհնված են իրենց փոխարեն տարած Փրկիչի տառապանքի շնորհիվ և իմանալով, որ, ի վերջո, հաղթելու է ճշմարտությունը։

Սակայն չապաշխարող բռնացողները կկանգնեն Տիրոջ առաջ՝ հաշիվ տալու իրենց զարհուրհելի հանցանքների համար։

Տերն Ինքը բյուրեղյա մաքրությամբ է հանդես գալիս ամեն տեսակի բռնությունը դատապարտելով․ «Եվ ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մեկին, որ հավատում են ինձ, ավելի լավ է նորան, որ մի էշի ջաղացի քար նորա վզիցը կախվի, և նա ծովի անդունդում ընկղմվի»։19

Եզրափակում

Սիրելի ընկերնե՛ր, ովքեր այդքան սարսափելի վիրավորանք են կրել, և բոլորը, ովքեր այդ պատճառով կրել են կյանքի անարդարությունները․ դուք կարող եք ունենալ նոր սկիզբ և նոր մեկնարկ։ Գեթսեմանիում և Գագաթի վրա Հիսուսը Իր վրա վերցրեց ամբողջ ցավն ու տառապանքը, որը երբևէ տարել ենք ես և դուք,20 և Նա հաղթեց այդ ամենին։ Փրկիչը գրկաբաց առաջարկում է ձեզ բժշկվելու պարգևը։ Քաջությամբ, համբերությամբ և հավատքով կենտրոնացեք Նրա վրա, քանի դեռ ուշ չէ ընդունելու այդ պարգևը։ Դուք կարող եք արձակել ձեր ցավը և թողնել այն Նրա ոտքերի մոտ։

Ձեր բարի Փրկիչը հայտարարել է․ «Գողը չի գալիս, բայց միայն որ գողանա և սպանէ, և կորցնէ․ Ես եկա, որ կյանք ունենաք, և էլ ավելի ունենաք»։21 Դուք փրկվածներից եք, դուք կարող եք բժշկվել և վստահ լինել, որ Հիսուս Քրիստոսի զորությամբ և շնորհով կհաղթահարեք և կհաղթեք։

Հիսուսը մասնագիտացած է թվացյալ անհնարինը իրականացնելու մեջ։ Նա եկավ այստեղ՝ անհնարինը հնարավոր դարձնելու, չփրկվողին փրկելու, չբուժվողին բուժելու, սխալը ճիշտ դարձնելու և խոստանալու աներևակայելին։22 Եվ Նա իրոք լավ է այդ գործում։ Իրականում, Նա կատարյալ է այդ գործում։ Հիսուս Քրիստոսի՝ մեր Բժշկողի անունով, ամեն:

Լրացուցիչ տեղեկության և նյութերի համար տես՝ Abuse in the Life Help section at ChurchofJesusChrist.org և Ավետարանի Գրադարան հավելվածում։