Գերագույն համաժողով
Որովհետև Աստուած այնպես սիրեց մեզ
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Որովհետև Աստուած այնպես սիրեց մեզ

Աստված այնպես սիրեց մեզ, որ ուղարկեց Իր Միածին Որդուն` ոչ թե դատապարտելու մեզ, այլ փրկելու մեզ:

«Որովհետև Աստուած այնպես սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տուավ. որ ամեն նորան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա» (Հովհաննես 3.16): Առաջին անգամ, երբ ես նկատեցի այս հատվածը, եկեղեցում չէի, ոչ էլ ընտանեկան երեկոյում: Ես սպորտային հաղորդում էի դիտում հեռուստացույցով: Անկախ նրանից, թե որ կայանով էի դիտում, և անկախ նրանից, թե որ խաղն էր, առնվազն մի հոգի ցուցանակ էր պահել, որի վրա գրված էր «Հովհաննես 3.16»։

Ես հավասարապես սկսեցի սիրել հատված 17-ը. «Որովհետեւ Աստուած իր Որդին չ’ուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի»։

Աստված ուղակեց Հիսուս Քրիստոսին` Իր Միակ Որդուն մարմնում, որ դնի Իր կյանքը մեզանից յուրաքանչյուրի համար: Նա այդ արեց, որովհետև Նա սիրում է մեզ և մեզանից յուրաքանչյուրի համար նախագծեց ծրագիր, որ վերադառնանք Իր մոտ՝ տուն:

Բայց սա համընդհանուր ծրագիր չէ բոլորի համար, որը երբեմն կարող է հաջողվել, երբեմն՝ ոչ: Դա անհատական է, սահմանված սիրառատ Երկնային Հոր կողմից, ով գիտի մեր սրտերը, մեր անունները, և Ինքը ինչ է ուզում, որ մենք անենք: Ինչո՞ւ ենք մենք հավատում դրան: Որովհետև մեզ ուսուցանվում է դա սուրբ գրություններում:

Մովսեսն անընդհատ լսում էր Երկնային Հոր խոսքերը. «Մովսես, որդիս» (տես Մովսես 1.6, տես նաև հատվածներ 7, 40): Աբրահամն իմացավ, որ նա Աստծո զավակն էր` ընտրված իր առաքելության համար, նույնիսկ, նախքան իր ծնվելը (տես Աբրահամ 3.12, 23): Աստծո ձեռքով Եսթերը դրվեց ազդեցիկ դիրքում` իր ժողովրդին փրկելու համար (Տես Եսթեր 4): Եվ Աստված վստահեց մի փոքր աղջկա, մի ծառայի, վկայելու ապրող մարգարեի մասին, որպեսզի Նէեմանը կարողանար բժշկվել (տես Դ Թագավորաց 5.1–15):

Ես հատկապես սիրում եմ կարճահասակ այն մարդուն, ով ծառ մագլցեց, որպեսզի տեսներ Հիսուսին: Փրկիչը գիտեր, որ նա այնտեղ էր, կանգ առավ, վեր նայեց ճյուղերի մեջ և ասաց այս խոսքերը. «Զաքէ, … իջիր» (Ղուկաս 19.5): Եվ մենք չենք կարող մոռանալ 14-ամյա տղային, ո գնաց ծառերի պուրակ և իմացավ, թե իրականում որքան անձնական էր ծրագիրը. «[Ջոզեֆ,] Սա Իմ Սիրելի Որդին է: Լսի՛ր Նրան» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․17):

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք Երկնային Հոր ծրագրի կիզակետում ենք և մեր Փրկիչի առաքելության պատճառն ենք: Մեզանից յուրաքանչյուրը Նրանց գործն է և Նրանց փառքը:

Ինձ համար ոչ մի սուրբ գիրք ավելի հստակ չի մեկնաբանում սա, քան Հին Կտակարանի իմ ուսումնասիրությունը: Գլուխ գլխի հետևից մենք բացահայտում ենք օրինակներ, թե Երկնային Հայրը և Եհովան որքան սերտորեն են ներգրավված մեր կյանքում:

Մենք վերջերս ուսումնասիրում էինք Հովսեփի` Հակոբի սիրելի որդու պատմությունը: Իր երիտասարդությունից սկսած Հովսեփը մեծապես օրհնված էր Տիրոջ կողմից, սակայն նա մեծ փորձություններ տարավ իր եղբայրների պատճառով: Երկու շաբաթ առաջ մեզանից շատերը հուզվեցին, թե Հովսեփը ինչպես ներեց իր եղբայրներին: Եկ հետևիր ինձ ձեռնարկում կարդում ենք. «Շատ առումներով Հովսեփի կյանքը նման է Հիսուս Քրիստոսի կյանքին: Չնայած մեր մեղքերը Նրան մեծ տառապանք պատճառեցին, Փրկիչն առաջարկում է ներում, ազատելով մեզ բոլորիս մի ճակատագրից, որը շատ ավելի վատն է, քան սովը: Անկախ նրանից՝ մենք կարիք ունենք ներում ստանալու, թե ցուցաբերելու այն մեկ ուրիշի հանդեպ, ինչ-որ պահի մենք բոլորս էլ պետք է անենք երկուսն էլ, Հովսեփի օրինակը մատնանշում է մեզ դեպի Փրկիչը՝ բժշկման և հաշտեցման ճշմարիտ աղբյուրը»:1

Մի դաս, որը ես սիրում եմ այդ պատմության մեջ, գալիս է Հովսեփի եղբայր Հուդայից, որը Հովսեփի համար Աստծո անձնական ծրագրում դեր կատարեց: Երբ Հովսեփին դավաճանեցին իր եղբայրները, Հուդան համոզեց նրանց Հովսեփին չզրկել կյանքից, այլ վաճառել նրան ստրկության (տես Ծննդոց 37.26–27):

Շատ տարիներ անց Հուդան և նրա եղբայրները պետք է իրենց կրտսեր եղբորը` Բենիամինին, տանեին Եգիպտոս: Սկզբում նրանց հայրը դեմ էր: Բայց Հուդան խոստում տվեց Հակոբին, որ Բենիամինին տուն կբերի:

Եգիպտոսում Հուդայի խոստումը ստուգման ենթարկվեց: Պատանի Բենիամինը սխալմամբ մեղադրվեց հանցագործության մեջ: Հուդան` իր խոստումին հավատարիմ, առաջարկեց բանտարկվել Բենիամինի փոխարեն: «Որովհետեւ»,- ասաց նա ,- «ինչպէ՞ս վեր գնամ իմ հօր մոտ, եթե տղան ինձ հետ չլինի» (տես Ծննդոց 44.33–34): Հուդան վճռական էր տրամադրված իր խոստումը պահելու և Բենիամինին ապահով վերադարձնելու հարցում: Դուք երբևէ զգացե՞լ եք ուրիշների հանդեպ այնպես, ինչպես Հուդան զգաց Բենիամինի հանդեպ:

Միթե՞ սա այն չէ, թե ինչ են ծնողները զգում իրենց զավակների հանդեպ: Ինչպես միսիոներներն են զգում այն մարդկանց հանդեպ, ում ծառայում են: Ինչպե՞ս Երեխաների միության և երիտասարդների ղեկավարներն են զգում նրանց հանդեպ ում ուսուցանում և սիրում են:

Անկախ նրանից, թե ով եք դուք կամ ձեր ներկա հանգամանքները, ինչ-որ մեկը ճիշտ այդպես է զգում ձեր հանդեպ: Ինչ-որ մեկը կամենում է վերադառնալ Երկնային Հոր մոտ ձեզ հետ:

Ես երախտապարտ եմ նրանց համար, ովքեր երբեք չեն հրաժարվում մեզանից, ովքեր շարունակում են աղոթքով հեղել իրենց հոգիները մեզ համար և ովքեր շարունակում են ուսուցանել և օգնել մեզ, որ արժանի լինենք վերադառնալ տուն՝ մեր Երկնային Հոր մոտ:

Վերջերս մի սիրելի ընկեր, որը հիվանդ էր COVID-19-ով, 233 օր անցկացրեց հիվանդանոցում: Այդ ընթացքում նրան հայտնվել էր իր մահացած հայրը, որը խնդրել էր մի ուղերձ հանձնել իր թոռներին: Նույնիսկ վարագույրի մյուս կողմից այդ լավ պապիկը ցանկանում էր օգնել իր թոռներին վերադառնալ իրենց երկնային տուն:

Քրիստոսի աշակերտներն ավելի ու ավելի շատ են հիշում «Բենիամիններին» իրենց կյանքում: Ամբողջ աշխարհում նրանք լսել են Աստծո կենդանի մարգարեի՝ նախագահ Ռասել Մ. Նելսոնի հնչեղ կոչը: Երիտասարդ տղամարդիկ և կանայք ներգրավված են Տիրոջ պատանիների գումարտակում: Անհատներն ու ընտանիքները օգնության են հասնում սպասավորման ոգով` սիրելով, կիսվելով և հրավիրելով ընկերներին ու հարևաններին գալ դեպի Քրիստոսը: Պատանիներն ու չափահասները հիշում են և ձգտում են պահել իրենց ուխտերը` լցնելով Աստծո տաճարները, գտնելով ընտանիքի մահացած անդամների անունները և ստանալով արարողություններ նրանց համար:

Ինչո՞ւ է Երկնային Հոր՝ մեզ համար անհատականացված ծրագիրը ներառում ուրիշներին օգնելը, որ վերադառնան Իր մոտ: Որովհետև այդ ձևով ենք մենք նմանվում Հիսուս Քրիստոսին: Ի վերջո, Հուդայի և Բենիամինի պատմությունը մեզ ուսուցանում է մեզ համար Փրկիչի կատարած զոհաբերության մասին: Իր Քավության միջոցով Նա տվեց Իր կյանքը՝ մեզ տուն տանելու համար: Հուդայի խոսքերն արտահայտում են Փրկիչի սերը. «Ինչպե՞ս վեր գնամ իմ հօր մոտ, եթե [դու] ինձ հետ չլինես»: Որպես Իսրայելի հավաքողներ, դրանք կարող են լինել նաև մեր խոսքերը:

Հին Կտակարանը լի է հրաշքներով և գորովագութ ողորմություններով, որոնք Երկնային Հոր ծրագրի բնորոշ գծերն են: Դ Թագավորաց, գլուխ 4-ում, «եւ մէկ օր» արտահայտությունը օգտագործվում է երեք անգամ` ինձ համար շեշտելով, որ կարևոր իրադարձությունները տեղի են ունենում համաձայն Աստծո ժամանակացույցի, և ոչ մի մանրամասնություն խիստ փոքր չէ Նրա համար:

Իմ նոր ընկեր Պոլը վկայում է այս ճշմարտության մասին: Պոլը մեծացել էր մի ընտանիքում, որտեղ երբեմն վիրավորական և միշտ անհանդուրժողական վերաբերմունք կար կրոնի հանդեպ: Գերմանիայի ռազմաբազայում դպրոց հաճախելիս նա նկատեց երկու քույրերի, որոնք, կարծես, հոգևոր լույս ունեին։ Այն հարցին, թե իրենք ինչու են առանձնահատուկ, նրանք պատասխանեցին, որ իրենք պատկանում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն:

Շուտով Պոլը սկսեց հանդիպել միսիոներների հետ և հրավիրվեց եկեղեցի: Հաջորդ կիրակի, երբ նա իջավ ավտոբուսից, նկատեց երկու տղամարդու, ովքեր սպիտակ վերնաշապիկներ էին կրում: Նա հարցրեց նրանց՝ արդյոք նրանք Եկեղեցու երեցներն էին: Նրանք պատասխանեցին այո, և այսպիսով Պոլը հետևեց նրանց:

Ծառայության ժամանակ մի քարոզիչ մատնացույց էր անում ժողովի մարդկանց և հրավիրում նրանց վկայություն տալ: Յուրաքանչյուր վկայության վերջում թմբկահարը թմբուկին հարվածելով ողջունում էր, իսկ հավաքվածները գոչում էին «Ամեն»:

Երբ քարոզիչը մատնացույց արեց Պոլին, նա կանգնեց և ասաց. «Ես գիտեմ Ջոզեֆ Սմիթը մարգարե է և Մորմոնի Գիրքը ճշմարիտ է»: Չեղավ ոչ թմբուկով ողջույն, ոչ ամեններ: Պոլն ի վերջո հասկացավ, որ սխալ եկեղեցի էր գնացել: Շուտով Պոլը գտավ ճանապարհը դեպի ճիշտ տեղը և մկրտվեց:

Պոլի մկրտության օրը մի անդամ, որին նա չէր ճանաչում, ասաց նրան. «Դուք փրկեցիք իմ կյանքը»: Մի քանի շաբաթ առաջ այդ մարդը որոշել էր որոնել մեկ այլ եկեղեցի և գնացել էր թմբուկներով և ամեններով այդ ծառայությանը: Երբ այդ մարդը լսեց Պոլին՝ Ջոզեֆ Սմիթի և Մորմոնի Գրքի մասին վկայություն բերելիս, հասկացավ, որ Աստված ճանաչում է իրեն, գիտի իր մաքառումները և ծրագիր ունի իր համար: Ինչպես Պոլի, այնպես էլ այդ մարդու համար դա իրականում համընկավ «եւ մեկ օր»-ին:

Մենք գիտենք նաև, որ Երկնային Հայրը երջանկության անհատական ծրագիր ունի մեզանից յուրաքանչյուրի համար: Քանի որ Աստված ուղարկեց Իր սիրելի Որդուն մեզ համար, մեզ անհրաժեշտ հրաշքները «[կընկնեն] [հենց] այդ օրը», որն անհրաժեշտ է Նրա ծրագրի իրականացման համար:

Ես վկայում եմ, որ այս տարի մենք կարող ենք ավելին սովորել մեզ համար Աստծո ծրագրի մասին Հին Կտակարանում: Այդ սրբազան հատորն ուսուցանում է մարգարեների դերը անորոշության ժամանակներում և Աստծո ձեռքի մասին մի աշխարհում, որը խառնաշփոթի մեջ է և հաճախ հակասական: Դա նաև խոնարհ հավատացյալների մասին է, որ հավատարմորեն սպասել են մեր Փրկիչի գալուստին, ինչպես մենք ենք սպասում և պատրաստվում Նրա Երկրորդ Գալուստին, Նրա վաղուց մարգարեացած, փառահեղ վերադարձին:

Մինչև այդ օրը մեր բնական աչքերով մենք գուցե չտեսնենք Աստծո ծրագիրը մեր կյանքի բոլոր ոլորտների համար (տես Վարդապետություն և Ուխտեր 58․3)։ Բայց մենք կարող ենք հիշել Նեփիի պատասխանը, երբ հանդիպենք որևէ բանի, որը նա չէր հասկանում. չնայած նա չգիտեր բոլոր բաների իմաստը, նա գիտեր, որ Աստված սիրում է Իր զավակներին (տես 1 Նեփի 11.17):

Սա է իմ վկայությունը այս գեղեցիկ Հանգստության օրվա առավոտյան: Թող որ մենք գրենք այն մեր սրտերի վրա և թույլ տանք, որ մեր հոգիները լցվեն խաղաղությամբ, հույսով և հավերժական ուրախությամբ. Աստված այնպես սիրեց մեզ, որ ուղարկեց Իր Միածին Որդուն` ոչ թե դատապարտելու մեզ, այլ փրկելու մեզ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։