Գերագույն համաժողով
Քաջարի աշակերտություն վերջին օրերում
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Քաջարի աշակերտություն վերջին օրերում

Այս վերջին օրերում Տիրոջ լույսը բարձր պահելով եկեք լինենք վստահ և ոչ անընդհատ ներում հայցող, քաջարի և ոչ երկչոտ, հավատարիմ և ոչ վախեցող:

Ազատ կամքն Աստծո թանկարժեք պարգևն է Իր զավակներից յուրաքանչյուրին:1 Մենք «ազատ ենք ընտրելու ազատություն և հավերժական կյանք, բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով, կամ ընտրելու գերություն և մահ, ըստ դևի գերության և զորության»:2 Աստված չի ստիպի մեզ բարին գործել, իսկ դևը չի կարող ստիպել մեզ չարը գործել։3 Թեև ոմանք կարող են կարծել, որ մահկանացու կյանքը մրցակցություն է Աստծո և հակառակորդի միջև․ Փրկիչի խոսքը «սատանային լռեցրեց և հեռացրեց: … Դա [մեր] ուժն է, որ փորձվում է, ոչ թե՝ Աստծունը»:4

Ի վերջո, մենք կհնձենք այն, ինչ մեր ընտրությամբ ցանել ենք մեր ողջ կյանքի ընթացքում։5 Այսպիսով, մեր մտքերի, ցանկությունների, խոսքերի և գործերի հանրագումարը ինչպե՞ս է արտահայտում մեր սերը Փրկիչի, Նրա ընտրյալ ծառաների և Նրա վերականգնված եկեղեցու հանդեպ։ Արդյո՞ք մեր մկրտության, քահանայության և տաճարային ուխտերը մեզ համար ավելի մեծ նշանակություն ունեն, քան աշխարհի գովքը կամ սոցիալական ցանցերում «լայքերի» թիվը: Արդյո՞ք մեր սերը Տիրոջ և Նրա պատվիրանների հանդեպ ավելի ուժեղ է, քան այս կյանքում որևէ այլ բանի կամ որևէ մեկի հանդեպ ունեցած մեր սերը:

Հակառակորդը և նրա հետևորդները միշտ ձգտել են ոչնչացնել Քրիստոսի և Նրա մարգարեների գործերը: Փրկիչի պատվիրանները, եթե ամբողջապես չեն անտեսվում, ապա այսօրվա աշխարհում շատերի համար անիմաստ են դարձել: Աստծո սուրհանդակները, որոնք սովորեցնում են «անհարմար» ճշմարտություններ, հաճախ հեռացվում են: Նույնիսկ Փրկիչին կոչում էին «ուտող և գինի խմող մարդ»,6 մեղադրելով հասարակական տրամադրությունները խանգարելու և պառակտող լինելու մեջ: Թույլ և խորամանկ հոգիները «խորհուրդ արին, թէ ի՞նչպէս խօսքով որոգայթ դնեն նորան»,7 և վաղ քրիստոնյաների Նրա «աղանդի» մասին «ամեն տեղ դորա դէմ են խօսում»:8

Փրկիչը և Նրա առաջին հետևորդները բախվել են ներքին և արտաքին լուրջ հակառակությունների, և մենք նույնն ենք զգում: Այսօր գրեթե անհնար է խիզախորեն ապրել մեր հավատքով, առանց ժամանակ առ ժամանակ աշխարհիկ աշխարհից մի քանի իրական և վիրտուալ արհամարհանքի մատներ տեսնելու: Փրկիչին վստահորեն հետևելը հատուցվող է, բայց երբեմն մենք կարող ենք հայտնվել «կերեք, խմեք և զվարճացեք»9 փիլիսոփայության կողմնակիցների խաչմերուկում, որտեղ հավատքն առ Քրիստոս, հնազանդությունը և ապաշխարությունը փոխարինվում են այն պատրանքով, որ Աստված կարդարացնի փոքր մեղքը, որովհետև Նա սիրում է մեզ։

Խոսելով «Իր իսկ ձայնով, թե Իր ծառաների ձայնով»,10 Փրկիչը չէ՞ր խոսել մեր օրերի մասին, որ «ժամանակ կ’գայ որ ողջամիտ վարդապետութեանը չեն համբերիլ. այլ իրանց յատուկ ցանկութիւնների համեմատ վարդապետներ կ’դիզեն իրանց վերայ», և որ շատերը «իրանց լսելիքը ճշմարտութիւնիցը ետ կ’դարձնեն եւ առասպելների ետեւից կ’մոլորին»։11 Նա չէ՞ր ողբացել, որ «զուր տեղն են պաշտում ինձ՝ վարդապետութիւններ սովորեցնելով, որ մարդկանց պատուէրներ են»։12 Նա չէ՞ր նախազգուշացրել, որ «ձեզանից մարդիկ վեր կ’կենան, որ ծուռ բաներ կ’խօսեն, որ աշակերտներին իրանց ետեւից քաշեն»:13 Նա չէ՞ր կանխագուշակել, որ «չարը կկոչվի բարի և բարին՝ չար»,14 և որ «մարդի թշնամիներն իր ընտանիքը կ’լինին»։15

Իսկ մենք ի՞նչ պետք է անենք։ Արդյո՞ք պետք է սարսափենք և վախենանք։ Արդյո՞ք պետք է աչքի չընկնելով կիրառենք մեր հավատքը։ Իհարկե ո՛չ։ Քրիստոսի հանդեպ հավատք դրսևորելով՝ մենք չպետք է վախենանք մարդկանց նախատինքից կամ վախենանք նրանց հայհոյանքներից:16 Երբ Փրկիչը ղեկին է և կենդանի մարգարեները ղեկավարում ու առաջնորդում են մեզ, «ո՞վ է մեզ հակառակ»:17 Տիրոջ լույսը այս վերջին օրերում բարձր պահելով՝ եկեք լինենք վստահ և ոչ անընդհատ ներում հայցող, քաջարի և ոչ երկչոտ, հավատարիմ և ոչ վախեցող:18

Փրկիչը հստակ ասել է․ «Ով որ ինձ մարդկանց առաջին դավանե, ես էլ նորան կդավանեմ իմ Հոր առաջին։ … Եւ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, ես էլ կ’ուրանամ նորան իմ Հօր առաջին»:19

Նույն կերպ, թեպետ ոմանք նախընտրում են Աստծուն, որը գալիս է առանց պատվիրանների, եկեք համարձակ վկայենք երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի խոսքերով, որ «ոչինչ չպահանջող Աստվածը գործնականում համարժեք է գոյություն չունեցող Աստծո»:20

Թեպետ ոմանք կնախընտրեն այն պատվիրանները, որոնց կհետևեն, եկե՛ք ուրախությամբ ընդունենք Փրկիչի հրավերը և «ապրենք Աստծո բերանից դուրս եկող ամեն մի խոսքով»:21

Մինչ շատերը հավատում են, որ Տերը և Նրա Եկեղեցին անում են «այն, ինչ որ [մեր] սիրտն է փափագում»,22 եկեք քաջաբար հայտարարենք, որ սխալ է «չարութիւն անելու համար՝ բազմութեանը [հետևել]»,23 քանի որ «ամբոխը չի կարող ուղղել այն, ինչ Աստված հայտարարել է, որ սխալ է»։24

«Օ՜, հիշի՛ր, հիշի՛ր, որդի՛ս, Հելաման, որքան խիստ [բայց ազատագրող] են Աստծո պատվիրանները»:25 Պարզ ուսուցումը, երբեմն, կարող է դիտվել որպես անհանդուրժողականություն: Հետևաբար, եկեք հարգանքով ցույց տանք, որ ոչ միայն հնարավոր է, այլև շատ կարևոր է սիրել Աստծո այն զավակին, ով չի ընդունում մեր համոզմունքները:

Մենք կարող ենք ընդունել և հարգել ուրիշներին, բայց չհաստատենք նրանց համոզմունքները կամ արարքները, որոնք չեն համապատասխանում Տիրոջ կամքին: Կարիք չկա ճշմարտությունը զոհաբերել հանուն համերաշխության և սոցիալական ընդունվածության:

Սիոնն ու Բաբելոնն անհամատեղելի են։ «Ոչ ոք չի կարող երկու տերերի ծառայել»։26 Եկեք բոլորս հիշենք Փրկիչի խորիմաստ հարցը. «Եւ ի՞նչու էք ինձ Տէր Տէր կոչում, եւ չէք անում այն որ ասում եմ»։27

Եկե՛ք ամբողջ սրտով ցույց տանք մեր սերը Տիրոջ հանդեպ՝ կամավոր հնազանդության միջոցով:

Եթե զգում եք, որ խճճվել եք աշակերտության և աշխարհի միջև, խնդրում եմ հիշեք, որ ձեզ սիրող Փրկիչը «ուղարկում է մի հրավեր բոլորին … , քանզի ողորմության բազուկները մեկնված են դեպի [Ձեզ], և նա ասում է. Ապաշխարե՛ք, և ես կընդունեմ ձեզ»:28

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսը, «կկատարի Իր հզորագույն գործերից մի քանիսը՝ ներկայիս և Իր գալուստի միջև»։29 Նա նույնպես ուսուցանել է, որ «նրանք, ովքեր ընտրում են Տիրոջ ճանապարհը, հավանաբար կդիմանան հալածանքին»:30 «Արժանի [լինելու] նորա անունի համար անարգուիլը»31 երբեմն կարող է լինել մեր բաժինը, քանի որ մենք «թույլ ենք տալիս, որ Նրա ձայնը գերակշռի մյուս ձայների վրա»:32

Փրկիչն ասել է․ «Երանելի է նա, որ ինձ վերայ չի գայթակղուիլ (նեղանա)»։33 Մեկ այլ տեղ մենք կարդում ենք․ «Շատ խաղաղութիւն կայ քո օրէնքը սիրողների համար. Եւ գայթակղութիւն չկայ նորանց համար»։34 Ոչինչ չի վիրավորի նրանց։ Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ. «Ես ժամանակավոր համբերում եմ, բայց երբոր նեղութիւն կամ հալածանք են լինում այն խոսքի համար, հեշտ եմ վիրավորվո՞ւմ:35 Արդյո՞ք ես ամուր կառուցված եմ Հիսուս Քրիստոսի և Նրա ծառաների վեմի վրա»:

Բարոյական հարաբերակցության տեսության պաշտպաններն ասում են, որ ճշմարտությունը պարզապես սոցիալական կառուցվածք է, որ չկա բարոյական բացարձակներ: Նրանք իրականում ասում են, որ մեղք չկա,36 որ «այն, ինչ որ մարդն [անի] հանցանք չէ»,37․ մի փիլիսոփայություն, որը հակառակորդի հպարտ պնդմամբ իրեն է պատկանում։ Ուստի եկեք զգուշանանք ոչխարի հագուստով գայլերից, ովքեր միշտ հավաքագրում են և «հաճախ օգտագործում են իրենց մտավոր ունակությունները՝ ծածկելու իրենց [սեփական] վարքային թերությունները»:38

Եթե մենք իսկապես ուզում ենք լինել Քրիստոսի քաջարի աշակերտները, մենք ուղիներ կգտնենք: Հակառակ դեպքում հակառակորդը գայթակղիչ այլընտրանքներ է առաջարկում։ Բայց որպես հավատարիմ աշակերտներ, «մենք չպետք է ներողություն խնդրենք մեր համոզմունքների համար, ոչ էլ հետ կանգնենք այն բանից, որը մենք գիտենք, որ ճշմարիտ է»:39

Եզրափակելով՝ մի խոսք եմ ուզում ասել իմ հետևում նստած Աստծո 15 ծառաների մասին։ Մինչ աշխարհիկ մարդիկ «ասում են տեսանողներին. Մի տեսնէք. Եւ մարգարէներին․ մի մարգարէանաք»,40 հավատարիմները «պիտի պսակվեն օրհնություններով բարձրից, այո՛, և ոչ քիչ պատվիրաններով, և հայտնություններով իրենց ժամանակին»:41

Զարմանալի չէ, որ այս մարդիկ հաճախ դառնում են կայծակ նրանց համար, ովքեր դժգոհ են Աստծո խոսքից, ինչպես դա հռչակում են մարգարեները: Նրանք, ովքեր մերժում են մարգարներին, չեն գիտակցում, որ «երբէք մի մարգարէութիւն չ’տրուեցաւ մարդկանց կամքի պէս, բայց Սուրբ Հոգուցը շարժուած [խոսում են այժմ] Աստուծոյ մարդիկը»։42

Ինչպես Պողոսը, Աստծո այս մարդիկ «ամօթ չեն համարում մեր Տիրոջ վկայութիւնը» և Նրա «կապվածն են»43 այն իմաստով, որ վարդապետությունը, որը նրանք ուսուցանում են, իրենցը չէ, այլ Նրանը, ով կանչել է իրենց: Պետրոսի նման նրանք «չենք կարող չխոսալ այն, որ տեսան և լսեցին»։44 Ես վկայում եմ, որ Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումը լավ և ազնիվ տղամարդիկ են, ովքեր սիրում են Աստծուն և Նրա զավակներին, և ովքեր սիրված են Նրա կողմից: Նրանց խոսքերը մենք պետք է ստանանք Տիրոջ բերանից՝ «ողջ համբերությամբ և հավատքով։ Քանզի այդ բաները կատարելով, դժոխքի դռները չեն հաղթի [մեզ], … և Տեր Աստված [մեր] առջևից կցրի խավարի զորությունները»։45

«Ոչ մի անսուրբ ձեռք չի կարող կանգնեցնել աշխատանքի առաջընթացը»,46 և այն հաղթական կշարժվի ձեզ հետ կամ առանց ձեզ և ինձ, այնպես որ «ընտրեցէք այսօր ձեզ համար, թէ ո՞րն էք պաշտելու»:47 Մի խաբվեք և մի վախեցեք մեծ և ընդարձակ շենքից դուրս եկող հակառակորդի ուժեղ ձայներից: Նրանց հուսահատ բարձր ձայները անհամեմատելի են կոտրված սրտերի և փշրված հոգիների վրա մեղմ, բարակ ձայնի հանդարտ ազդեցության հետ:

Ես վկայում եմ, որ Քրիստոսն ապրում է, որ Նա մեր Փրկիչն ու Քավիչն է, և Նա առաջնորդում է Իր Եկեղեցին Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի միջոցով, այդպիսով հավաստիացնելով, որ մենք չենք «երերում և տատանում վարդապետության ամեն քամուցը»։48

Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները պատրաստ են առանձնանալ, բարձրաձայնել և տարբերվել աշխարհի մարդկանցից։ Նրանք անվեհեր են, նվիրված և համարձակ»։49

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, լավ օր է լավը լինելու համար: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: