2019
Երախտագիտություն Քավության պարգևի համար
Ապրիլ 2019


Տեղական նորություններ

Երախտագիտություն Քավության պարգևի համար

Երբ անդրադառնում եմ Հիսուս Քրիստոսի Քավության կարևորությանը ամեն մարդու կյանքում, ես հանգում եմ այն եզրակացությանը, որ դեռևս չեմ կարող լիովին ըմբռնել այս իրադարձության ծավալն ու մեծությունը: Ես հավերժ երախտապարտ եմ այս պարգևի համար, որը մեզ թույլ է տալիս վերադառնալ Երկնային ծնողների ներկայություն՝ Երկրի վրա փորձվելուց հետո: Քավությունը ավետարանի կիզակետն է, իսկ փրկության ծրագիրը պատրաստված է մեզ համար մեր Հավերժական Հոր կողմից ու հանդիսանում է մեր հանդեպ ունեցած աստվածային սիրո արտահայտությունը: Մեր Փրկիչ ու Քավիչ Հիսուս Քրիստոսը հուսալի կամուրջ է, որը մեզ թույլ է տալիս հատել այն անդունդը, որը գոյություն ունի մեր և Երկնային Հոր միջև մեր անհնազանդության պատճառով: Մեղքերը ծանրաբեռնում ու ճնշում են մեզ, պատճառում են ամեն տեսակի կասկածներ ու տառապանքներ, խոչընդոտում են մեր հոգևոր զարգացմանը, և նույնիսկ ետ շրջում այն, բայց անկեղծ ապաշխարության օգնությամբ մենք կարող ենք ազատվել մեղքի ազդեցութունից: Միայն ապաշխարության միջոցով ենք մենք ձեռք բերում Հիսուս Քրիստոսի քավող ողորմածությունը: Ապաշխարությունը … ուղղորդում է մեզ դեպի ազատություն, վստահություն և խաղաղություն» (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Քավության աստվածային պարգևը»):

Սուրբ գրությունները պատմում են Քավության պատմությունը․ «Եվ ահա, նա կտանի փորձություններ և մարմնի ցավ, քաղց, ծարավ և հոգնածություն, նույնիսկ ավելի, քան մարդ կարող է տանել և չմահանալ. Քանզի ահա, արյուն կգա յուրաքանչյուր ծակոտիից, այնքան մեծ կլինի նրա տվայտանքն իր ժողովրդի ամբարշտության և պղծությունների համար» (Մոսիա 3.7): Երբ ես մտածում եմ, թե Հիսուս Քրիստոսն ինչի միջով անցավ, մինչ առաջարկում էր Իր Քավիչ զոհաբերությունը բոլոր նրանց, ովքեր ապրել են, ապրում են ու կապրեն Երկրի վրա, ես լցվում եմ «բնական մարդուն մերժելու», թուլություններից ազատվելու ցանկությամբ, որոնք ես այնքան հեշտությամբ ձեռք եմ բերում իմ աշխարհիկ կյանքում: Ես ցանկանում եմ դառնալ ավելի լավը, ավելի մաքուր, ավելի հնազանդ ու բարի: Դժվարին իրավիճակներում ես ապավինում եմ Երկնքի օգնությանը և գիտեմ, որ կարող եմ հույսս դնել այդ օգնության վրա, եթե հավատարիմ մնամ իմ ուխտերին:

Երբ մենք կատարում ենք աշխատանքի մեր բաժինը և անում այն ամենը, ինչ կարող ենք, մենք անշուշտ ապավինում ենք Նրա փրկող ողորմածությանը: Տերը միշտ պատրաստ է սփոփել ու ամրապնդել, մեղմացնել վախը և աջակցել: Նա տալիս է հույս և առաջարկում է հորդորանք: Մի օր մեզանից յուրաքանչյուրը կհայտնվի Քավիչի ու Դատավորի առջև և շատ եմ ցանկանում, որ հենց այդ պահին կարողանամ համարձակ նայել Նրա դեմքին և ասել, որ իմ գործերն արդար էին, ապա արտահայտել իմ երախտագիտությունը ինձ համար հեղված Նրա արյան համար: