Գերագույն համաժողով
Աստծո զորության մեծ փառքով
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Աստծո զորության մեծ փառքով

(1 Նեփի 14․14)

Ես վկայում եմ և խոստանում, որ եթե պատվենք ուխտերը մենք կզինվենք արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով։

Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին կլուսավորի և կհրահանգի մեզ բոլորիս, երբ մենք միասին խորհենք ժամանակների լրության տնտեսության մեջ փրկության և վեհացման հրաշալի աշխատանքի մասին:

Մորոնիի առաջին այցելությունը Ջոզեֆ Սմիթին

Առաջին Տեսիլքից մոտ երեք տարի անց` 1823 թվականի սեպտեմբերի 21-ի երեկոյան, երիտասարդ Ջոզեֆ Սմիթը աղոթում էր, որ ստանա մեղքերի թողություն և իմանա Աստծո առաջ իր վիճակի և դիրքի մասին:1 Նրա մահճակալի կողքին հայտնվեց մի անձնավորություն, կոչեց Ջոզեֆին իր անունով և հայտնեց, որ «ինքը սուրհանդակ է, Աստծո ներկայությունից ուղարկված … , և որ իր անունը Մորոնի է»: Նա բացատրեց «որ Աստված աշխատանք ունի [Ջոզեֆի] համար» 2 այնուհետև նրան հրահանգներ տվեց Մորմոնի Գրքի առաջ գալու մասին: Հատկանշական է, որ Մորմոնի Գիրքը Մորոնիի ուղերձում արծածված առաջին թեմաներից մեկն էր:

Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի ևս մեկ վկայություն է և վերջին օրերում դարձի գալու մի մեծ գործիք: Ավետարանով կիսվելու մեր նպատակն է հրավիրել բոլորին գալ Հիսուս Քրիստոսի մոտ,3 ստանալ վերականգնված ավետարանի օրհնությունները և համբերել մինչև վերջ Փրկիչի հանդեպ հավատքի միջոցով։4 Ավետարանը քարոզելու հիմնական նպատակներն են՝ օգնել անհատներին զգալ սրտի հզոր փոփոխությունը,5 և կապվել Տիրոջ հետ սրբազան ուխտերի և արարողությունների միջոցով:

Երբ Մորոնին Մորմոնի Գիրքը ներկայացրեց Ջոզեֆ Սմիթին, դա սկիզբ դրեց փրկության և վեհացման աշխատանքին՝ ժամանակների լրության տնտեսության վարագույրի այս կողմում գտնվող մարդկանց համար։

Շարունակելով ցուցումներ տալ Ջոզեֆին, Մորոնին մեջբերեց Հին Կտակարանի Մաղաքիայի գրքից՝ Թագավոր Հակոբոսի տարբերակում օգտագործված լեզվի մի փոքր տարբերությամբ.

«Ահա, ես ձեզ կհայտնեմ Քահանայությունը, Եղիա մարգարեի ձեռքով, նախքան Տիրոջ մեծ ու ահեղ օրվա գալը:

… Եվ զավակների սրտերում նա կսերմանի հայրերին տված խոստումները, և զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը: Եթե այդպես չլինի, ողջ երկիրն ամբողջովին կամայանա նրա գալստյան ժամանակ»:6

Տաճարներ կառուցելու մեր նպատակն այն է, որ մատչելի դարձնենք այն սուրբ վայրերը, որտեղ մարդկային ընտանիքի փրկության և վեհացման համար անհրաժեշտ սուրբ ուխտերն ու արարողությունները կարող են իրականացվել ինչպես ապրող, այնպես էլ մահացած մարդկանց համար: Մորոնիի կողմից Ջոզեֆ Սմիթին տված ցուցումները Եղիայի և քահանայության իշխանության կենսական դերի վերաբերյալ ընդլայնեց փրկության և վեհացման աշխատանքը վարագույրի այս կողմում և մեր տնտեսության մեջ սկսեց մահացածների համար աշխատանքը վարագույրի մյուս կողմում։

Այդպիսով՝ 1823 թվականի սեպտեմբերին, Մորմոնի Գրքի և Եղիայի առաքելության վերաբերյալ Մորոնիի ուսմունքները հաստատեցին փրկության և վեհացման աշխատանքի վարդապետական հիմքը վարագույրի երկու կողմում։

Մարգարե Ջոզեֆ Սմիթի Ուսմունքները

Մորոնիից սովորած դասերը ազդեցին Ջոզեֆ Սմիթի ծառայության յուրաքանչյուր ոլորտի վրա: Օրինակ, 1837 թվականի ապրիլի 6-ին Կիրթլանդի Տաճարում տեղի ունեցած հանդիսավոր հավաքի ժամանակ Մարգարեն հայտարարեց. «Այն ամենից հետո, ինչ ասվել է, ամենամեծ և ամենակարևոր պարտականությունը Ավետարանը քարոզելն է»:7

Ճիշտ յոթ տարի անց՝ 1844 թվականի ապրիլի 7-ին, Ջոզեֆ Սմիթը մի քարոզ կարդաց, որն այսօր հայտնի է «Քինգ Ֆոլետի քննարկում»: Այդ ուղերձում Նա հայտարարեց. «Այս աշխարհում ամենամեծ պարտականությունը, որ Աստված դրել է մեզ վրա, մեր մահացածներին գտնելն է»։8

Բայց ինչպե՞ս կարող են այդ երկուսը՝ ավետարանը քարոզելը և մեր մահացածներին փնտրելը, լինել միակ ամենամեծ պարտականությունն ու պատասխանատվությունը, որն աստված դրել է մեզ վրա: Կարծում եմ, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը երկու հայտարարություններում շեշտում էր այն հիմնարար ճշմարտությունը, որ ուխտերը, որոնք կնքվել են քահանայության հեղինակավոր արարողությունների միջոցով, կարող են կապել մեզ Տեր Հիսուս Քրիստոսի հետ և հանդիսանում են փրկության և վեհացման աշխատանքի էական առանցքը վարագույրի երկու կողմերում:

Միսիոներական, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը մեկ մեծ աշխատանքի լրացուցիչ և փոխկապակցված մասերն են, որոնք կենտրոնանում են սուրբ ուխտերի և արարողությունների վրա և որոնք մեզ հնարավորություն են տալիս ստանալ Աստծո զորությունը մեր կյանքում և, ի վերջո, վերադառնալ Երկնային Հոր ներկայություն: Այսպիսով, Մարգարեի երկու հայտարարությունները, որոնք սկզբում կարող են հակասական թվալ, իրականում ընդգծում են վերջին օրերի այս մեծ աշխատանքի համակարգող կենտրոնը։

Կապվել Փրկիչի հետ ուխտերի և արարողությունների միջոցով

Փրկիչն ասել է․

«Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. Որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. Եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք:

Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ»:9

Մենք մեր վրա ենք վերցնում Փրկիչի լուծը, երբ սովորում ենք, արժանիորեն ընդունում և հարգում ենք սուրբ ուխտերն ու արարողությունները: Մենք ապահով կերպով կապվում ենք Փրկչի հետ, երբ հավատարմորեն հիշում և անում ենք լավագույնը` ապրելու պարտավորություններին համապատասխան, որոնք ընդունել ենք: Եվ այդ կապը Նրա հետ, հոգևոր ուժի աղբյուրն է մեր կյանքի բոլոր ժամանակներում:

Տիրոջ ուխտյալ ժողովուրդը

Ես հրավիրում եմ ձեզ մտածել այն օրհնությունների մասին, որոնք խոստացվել են ուխտերը պահող Հիսուս Քրիստոսի աշակերտներին։ Օրինակ, Նեփին «տեսավ Աստծո Գառի եկեղեցին [վերջին օրերին] և դրա թիվը փոքր էր … Աստծո սրբերը, նույնպես ողջ երկրի երեսի վրա էին. և նրանց տիրապետությունները … փոքր էին»:10

Նաև նա «տեսավ Աստծո Գառի զորությունը, որ այն իջավ Գառի եկեղեցու սրբերի վրա և Տիրոջ ուխտյալ ժողովրդի վրա, … և նրանք զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով»:11

«Զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով» արտահայտությունը պարզապես գեղեցիկ գաղափար չէ կամ սուրբ գրային գեղեցիկ խոսքեր: Ավելի շուտ, այս օրհնություններն ակներև են Տիրոջ վերջին օրերի անթիվ աշակերտների կյանքում:

Տասներկուսի անդամի իմ հանձնարարությունների շնորհիվ ես եղել եմ ամբողջ աշխարհում: Եվ ես օրհնվել եմ, որ հանդիպել և հիշարժան դասեր եմ սովորել ձեզանից շատերից: Ես վկայում եմ, որ այսօր Տիրոջ ուխտյալ ժողովուրդն իսկապես զինված է արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով։ Ես ականատես եմ եղել հավատքի, քաջության, ապագայի հանդեպ հեռանկարի, համառության և ուրախության, որոնք վեր են մահկանացու կարողությունները, և որոնք միայն Աստված կարող էր տալ:

Ես ականատես եմ եղել, որ ուխտերի և արարողությունների հավատարմության միջոցով արդարությունը և Աստծո զորության մեծ փառքը ներկա է եղել Եկեղեցու մի երիտասարդ անդամի կյանքում, ով մասամբ կաթվածահար եղավ սարսափելի ավտովթարի հետևանքով: Այդ մարդու վերականգնման տանջալից ամիսներից և սահմանափակ շարժունակությամբ նոր ապրելակերպին հարմարվելուց հետո, ես հանդիպեցի և զրուցեցի այս հավատարիմ անձնավորության հետ: Մեր զրույցի ընթացքում ես հարցրի. «Ի՞նչ սովորեցրեց այս փորձառությունը»: Անմիջական պատասխանը հետևյալն էր. «Ես տխուր չեմ: Ես բարկացած չեմ: Եվ ամեն ինչ լավ կլինի»:

Ես ականատես եմ եղել, որ ուխտերի և արարողությունների հավատարմության միջոցով արդարությունը և Աստծո զորության մեծ փառքը ներկա է եղել Եկեղեցու նոր մկրտված և հաստատված անդամների կյանքում: Այս նորադարձները ցանկանում էին սովորել և ծառայել, պատրաստակամ էին, բայց հաճախ վստահ չէին, թե ինչպես հրաժարվել հին սովորություններից ու ուժեղ ավանդույթներից, և միևնույն ժամանակ ուրախ էին, որ կարող են դառնալ «սուրբերի հետ քաղաքացիներ եւ Աստուծոյ ընտանիքներ»:12

Ես ականատես եմ եղել, որ ուխտերի և արարողությունների հավատարմության միջոցով արդարությունը և Աստծո զորության մեծ փառքը ներկա է եղել մի ընտանիքի կյանքում, որը սիրով հոգ էր տանում մահացու հիվանդություն ունեցող ամուսնու և ծնողի մասին: Այս քաջ աշակերտները նկարագրեցին այն պահերը, երբ իրենց ընտանիքն իրեն միայնակ էր զգում, և պահեր, երբ նրանք գիտեին, որ Տիրոջ ձեռքը վեհացնում և ամրացնում էր իրենց: Այս ընտանիքն իր անկեղծ երախտագիտությունը հայտնեց մահկանացու դժվարին փորձառությունների համար, որոնք թույլ են տալիս մեզ աճել և ավելի նմանվել մեր Երկնային Հորը և մեր Քավիչ Հիսուս Քրիստոսին: Աստված սատարեց և օրհնեց այս ընտանիքին Սուրբ Հոգու ընկերակցությամբ և նրանց տունը դարձրեց նույնքան սուրբ ապաստան, որքան տաճարը:

Ես ականատես եմ եղել, որ ուխտերի և արարողությունների հավատարմության միջոցով արդարությունը և Աստծո զորության մեծ փառքը ներկա է եղել Եկեղեցու մի անդամի կյանքում, ով զգացել է ամուսնալուծության ցավը: Այս քրոջ հոգևոր և հուզական վիշտն աճեց անարդարության այն զգացումի պատճառով, որը վերաբերում էր ամուսնու կողմից ուխտերը խախտելուն և նրանց ամուսնությունը խզելուն: Նա ցանկանում էր արդարություն և պատասխանատվություն։

Երբ այս հավատարիմ կինը տառապում էր այդ մտքերից և տեղի ունեցածից, նա ավելի ուշադիր և պարբերաբար ուսումնասիրեց և խորհեց Փրկիչի Քավության մասին, քան երբևէ արել էր իր կյանքում: Աստիճանաբար, Քրիստոսի քավիչ առաքելության ավելի մեծ հասկացողություն պատեց այդ քրոջը․ մեր մեղքերի, ինչպես նաև մեր ցավերի, թուլությունների, հիասթափությունների և չարչարանքների համար Քրիստոսի կրած տառապանքի մասին: Եվ նա ոգեշնչվեց և ինքն իրեն մի խորաթափանց հարց տվեց. քանի որ այդ մեղքերի համար գինն արդեն վճարված է, արդյո՞ք ցանկանում եմ, որ այդ գինը երկու անգամ վճարվեր: Նա հասկացավ, որ նման ցանկությունը ոչ արդար կլինի, ոչ էլ ողորմած:

Այս կինը սովորեց, որ ուխտերի և արարողությունների միջոցով իրեն Փրկիչի հետ կապելը կբուժի այլ անձի բարոյական ազատ կամքի անարդար օգտագործման հետևանքով առաջացած վերքերը, և հնարավորություն տվեց, որ ինքը ներելու կարողություն ունենա և գտնի խաղաղություն, ողորմություն և սեր։

Խոստում և վկայություն

Ուխտի խոստումներն ու օրհնությունները հնարավոր են միայն մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհիվ: Նա մեզ հրավիրում է նայել Իրեն,13 գալ Իր մոտ,14 սովորել Իրենից,15 և Նրա վերականգնված ավետարանի ուխտերի և արարողությունների միջոցով ինքներս մեզ պարտավորեցնենք Իր առաջ16: Ես վկայում և խոստանում եմ, որ պատվելով ուխտերը մենք կզինվենք արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով։ Եվ ես վկայում եմ, որ ապրող Տեր Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է: Այս ճշմարտությունների մասին ես ուրախությամբ վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: