Գերագույն համաժողով
Պարզապես շարունակեք առաջ շարժվել հավատքով
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Պարզապես շարունակեք առաջ շարժվել հավատքով

Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելով՝ մենք կհաղթահարենք հուսահատությունը, անկախ նրանից, թե ինչ խոչընդոտների կբախվենք:

Երեց Ջորջ Ա. Սմիթը՝ Առաքյալը, մեծ դժվարության ժամանակ խորհուրդ է ստացել Մարգարե Ջոզեֆ Սմիթից. «Նա ասաց ինձ, որ ես երբեք չպետք է հուսահատվեմ՝ անկախ ինձ շրջապատող հնարավոր դժվարություններից: Եթե ես ընկնեմ Նովա Սքոթիայի ամենախորը հորը և Ռոքի լեռներն ամբողջությամբ ինձ վրա թափվեն, ես չպետք է հուսահատվեմ, այլ պետք է սպասեմ, հավատք գործադրեմ, պահպանեմ քաջությունս և վերջապես պետք է դուրս գամ այդ կույտի գագաթը»։1

Ինչպե՞ս կարող էր Մարգարե Ջոզեֆն ասել դա մի մարդու, որը տառապում էր: Քանի որ նա գիտեր, որ դա ճիշտ է: Նա դրա օրինակն էր հանդիսանում: Ջոզեֆը բազմիցս ծանր դժվարություններ է տարել իր կյանքում: Այնուամենայնիվ, երբ նա հավատք դրսևորեց Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ և պարզապես շարունակեց առաջ շարժվել, հաղթահարեց անհաղթահարելի թվացող խոչընդոտները:2

Այսօր ես կցանկանայի կրկնել Ջոզեֆի այն խնդրանքը, որ թույլ չտանք հուսահատությունը պատի մեզ, երբ մենք բախվում ենք հիասթափության, ցավալի փորձառությունների, անհամապատասխանության զգացումների կամ այլ մարտահրավերների:

Երբ ես ասում եմ հուսահատություն, ես չեմ խոսում մեծապես հյուծող խնդիրների մասին, ինչպիսիք են՝ կլինիկական դեպրեսիան, տագնապային խանգարումները կամ հատուկ բուժում պահանջող այլ հիվանդությունները։3 Ես պարզապես խոսում եմ պարզ՝ մեզ ծանոթ հուսահատության մասին, որը տեղի է ունենում կյանքի վերելքներին և վայրէջքներին զուգահեռ:

Ես ոգեշնչված եմ իմ հերոսներով, որոնք պարզապես առաջ են շարժվում հավատքով՝ անկախ ամեն ինչից:4 Մորմոնի Գրքում մենք կարդում ենք Զորամի՝ Լաբանի ծառայի մասին: Երբ Նեփին ստացավ արույրե թիթեղները, Զորամը ընտրության առաջ կանգնեց։ Նա կա՛մ պետք է հետևեր Նեփիին և նրա եղբայրներին դեպի անապատ, կա՛մ կորցներ իր կյանքը:

Ինչպիսի՜ ընտրություն։ Զորամի առաջին միտքը վազելն էր, բայց Նեփին բռնեց նրան և երդվեց, որ եթե նա գնար իրենց հետ, նա ազատ կլիներ և տեղ կունենար իրենց ընտանիքում: Զորամը համարձակությամբ լցվեց և գնաց նրանց հետ։5

Զորամը շատ չարչարանքներ կրեց իր նոր կյանքում, սակայն նա շարունակեց առաջ շարժվել հավատքով: Մենք որևէ ապացույց չունենք, որ Զորամը կառչած է եղել իր անցյալից կամ զայրույթ է ունեցել Աստծո և ուրիշների հանդեպ:6 Նա մարգարե Նեփիի հավատարիմ ընկերն էր, իսկ նա և նրա սերունդը խոստումի երկրում ապրում էին ազատության և բարգավաճման մեջ: Այն, ինչը մեծ խոչընդոտ էր Զորամի ճանապարհին, ի վերջո, հանգեցրեց հարուստ օրհնությունների՝ շնորհիվ նրա հավատարմության և պարզապես հավատքով առաջ շարժվելու պատրաստակամության։7

Վերջերս ես լսում էի մի խիզախ քրոջ, որը պատմում էր, թե ինքն ինչպես է համբերել դժվարությունների ժամանակ:8 Նա որոշ դժվարություններ ուներ: Մի կիրակի նա նստած էր Սփոփող միությունում և լսում էր մի ուսուցչի, որն իր կարծիքով, ապրում էր կատարյալ կյանքով՝ իր կյանքից լիովին տարբերվող: Նա հոգնած էր և հուսահատված: Նա զգում էր, որ բավականաչափ լավը չէր և, նույնիսկ զգում էր, որ դա իր տեղը չէ, ուստի վեր կացավ և հեռացավ՝ մտադրվելով այլևս երբեք չվերադառնալ եկեղեցի: Դեպի իր մեքենան քայլելիս՝ նա հստակ տպավորություն զգաց. «Գնա հաղորդության սենյակ և լսիր հաղորդության ժողովի խոսնակին»: Նա հարցականի տակ դրեց հուշումը, բայց նորից նույն ուժեղ տպավորությունն ունեցավ, այնպես որ նա գնաց և մասնակցեց ժողովին:

Ելույթը հենց այն էր, ինչ նրան պետք էր: Նա զգաց Հոգին: Նա գիտեր, որ Տերը ցանկանում էր, որ ինքը մնար Իր հետ, լիներ Նրա աշակերտը և հաճախեր եկեղեցի, ինչը նա արեց:

Գիտե՞ք ինչի համար էր նա շնորհակալ։ Որ չհանձնվեց: Նա պարզապես շարունակեց առաջ շարժվել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով, նույնիսկ, երբ դա ճնշում էր իրեն, և նա ու իր ընտանիքը առատորեն օրհնվեցին առաջ շարժվելիս:

Երկնքի և երկրի Աստվածը կօգնի մեզ հաղթահարել հուսահատությունը և մեզ հանդիպած ցանկացած խոչընդոտ, եթե նայենք Նրան, հետևենք Սուրբ Հոգու հուշումներին9 և պարզապես շարունակենք առաջ շարժվել հավատքով:

Բարեբախտաբար, երբ մենք թույլ ենք կամ անկարող, Տերը կարող է ամրապնդել մեր հավատքը։ Նա կարող է մեծացնել մեր կարողությունները մեր ուժերից սահմաններից վեր: Ես դա զգացել եմ։ Ավելի քան 20 տարի առաջ ինձ անսպասելիորեն կանչեցին տարածաշրջանային յոթանասունական, և ես ինձ շատ անհամապատասխան էի զգում: Վերապատրաստումից հետո ես պետք է նախագահեի իմ առաջին ցցի համաժողովը:10 Ես և ցցի նախագահը մանրակրկիտ ծրագրել էինք յուրաքանչյուր մանրուք: Համաժողովից մի քանի օր առաջ նախագահ Բոյդ Կ. Փաքերը, որն այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահն էր, զանգահարեց և ցանկություն հայտնեց ուղեկցել ինձ։ Ես զարմացա և, իհարկե, համաձայնեցի։ Ես հարցրի, թե նա ինչպես կցանկանար վարել ժողովը, քանի որ ինքն է նախագահելու: Նա առաջարկեց, որ մենք չեղարկենք ծրագրերը և պատրաստ լինենք հետևելու Հոգուն: Բարեբախտաբար, ես դեռ 10 օր ունեի սովորելու, աղոթելու և պատրաստվելու համար:

Ղեկավարների ժողովի սկսվելուց 20 րոպե առաջ մենք բաց օրակարգով նստած էինք բեմին: Ես թեքվեցի և ցցի նախագահի ականջին շշնջացի. «Սա հիանալի ցից է»:

Նախագահ Փաքերը արմունկով թեթև հրեց ինձ և ասաց. «Չխոսել»։

Ես դադարեցի խոսել, և հիշեցի գերագույն համաժողովի նրա «Ակնածանքը հրավիրում է հայտնություն»11 ելույթը։ Ես նկատեցի, որ նախագահ Փաքերը գրում էր սուրբ գրությունների որոշ հղումներ: Հոգին հաստատեց, որ նա տպավորություններ էր ստանում ժողովի համար: Իմ ուսումնական փորձառությունը սկսվեց հենց այդ պահին։

Նախագահ Փաքերը խոսեց առաջին 15 րոպեների ընթացքում և ընդգծեց բոլոր ժողովները Սուրբ Հոգու առաջնորդությամբ անցկացնելու կարևորությունը:12 Այնուհետև նա ասաց. «Մենք հիմա կլսենք Երեց Քուքին»:

Ամբիոնին մոտենալիս նրան հարցրի, թե քանի րոպե և ինչ թեմայով պետք է ելույթ ունենամ։ Նա ասաց. «Նկատի ունեցիր 15 րոպե և շարունակիր, եթե ոգեշնչված կզգաս»: Ես խոսեցի 14 րոպե և կիսվեցի այն ամենով, ինչ կար իմ մտքում։

Նախագահ Փաքերը նորից կանգնեց և խոսեց ևս 15 րոպե: Նա կիսվեց այս հատվածով․

«Բարձրացրեք ձեր ձայնը դեպի այս ժողովուրդը. ասեք այն մտքերը, որոնք ես կդնեմ ձեր սրտում, և դուք ամոթով չեք մնա մարդկանց առաջ.

«Քանի որ … այն նույն պահին տրվելու է ձեզ, թե ինչ պիտի ասեք»։13

Այնուհետև նա ասաց. «Մենք հիմա կլսենք երեց Քուքին»:

Ես ցնցված էի: Ես երբեք չէի մտածել, որ ինձ կխնդրեն երկու անգամ ելույթ ունենալ մեկ ժողովի ժամանակ։ Մտքումս ասելու բան չունեի։ Ջերմեռանդ աղոթելով և Տիրոջ օգնությանը ապավինելով՝ ինչ-որ պահի մի միտք ծագեց. սուրբ գրության մի հատված հիշեցի, և ես կարողացա խոսել ևս 15 րոպե: Ես լրիվ ուժասպառ նստեցի։

Նախագահ Փաքերը նորից խոսեց 15 րոպե Հոգուն հետևելու մասին և կիսվեց Պողոս առաքյալի ուսմունքներով, որ մենք պետք է խոսենք «ոչ թե մարդկային իմաստությամբ ուսանած խոսքեր, այլ Հոգու վարդապետությամբ»:14 Ինչպես պատկերացնում եք, ես լարված էի, երբ նա տպավորվեց և երրորդ անգամ ասաց. «Այժմ կլսենք երեց Քուքին»:

Ես հոգնած էի։ Ես չգիտեի, թե ինչ կարող եմ ասել: Ես գիտեի, որ ժամանակն է գործադրել ավելի շատ հավատք: Ես դանդաղ քայլեցի ամբիոնի ուղղությամբ՝ օգնություն խնդրելով Աստծուց: Երբ արդեն խոսափողի մոտ էի, Տերը հրաշքով օրհնեց ինձ, որ ինչ-որ կերպ կիսվեմ ևս 15 րոպեանոց ուղերձով:15

Ժողովը վերջապես ավարտվեց, բայց ես արագ հասկացա, որ չափահասների նիստը սկսվելու է մեկ ժամից: Օ՜հ, ոչ: Զորամի նման ես անկեղծորեն ցանկանում էի վազել, բայց ինչպես Նեփին բռնեց նրան, ես գիտեի, որ նախագահ Փաքերը ինձ նույնպես կբռնի: Չափահասների ժողովը անցավ նույն ձևաչափով: Ես ևս երեք անգամ ելույթ ունեցա։ Հաջորդ օրը ընդհանուր նիստի ժամանակ ես մեկ անգամ ելույթ ունեցա։

Համաժողովից հետո Նախագահ Փաքերը սիրով ասաց. «Արի կրկնենք սա»: Ես սիրում եմ նախագահ Բոյդ Կ. Փաքերին և գնահատում եմ այն ամենը, ինչ ես սովորեցի:

Գիտե՞ք ինչի համար եմ ես շնորհակալ։ Որ ես չհանձնվեցի կամ չհակառակվեցի: Եթե ես տրվեի այդ ժողովներից փախչելու իմ հուսահատ ցանկությանը, ես բաց կթողնեի իմ հավատքը մեծացնելու և Երկնային Հոր կողմից սիրո և աջակցության հարուստ զգացումներ ստանալու իմ հնարավորությունը: Ես իմացա Նրա ողորմածության, Հիսուս Քրիստոսի հրաշագործ և ուժ տվող զորության, ինչպես նաև Նրա Քավության և Սուրբ Հոգու հզոր ազդեցության մասին: Չնայած իմ թուլությանը՝16 ես սովորեցի, որ կարող եմ ծառայել. Ես կարող եմ իմ ներդրումն ունենալ, երբ Տերն իմ կողքին է, եթե պարզապես շարունակեմ առաջ շարժվել հավատքով:

Անկախ կյանքում մեր առջև ծառացած մարտահրավերների չափերից, շրջանակից և լրջությունից, մենք բոլորս էլ ունենում ենք պահեր, երբ ուզում ենք կանգ առնել, հեռանալ, փախչել կամ, գուցե՝ հանձնվել: Բայց մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելով՝ մենք կհաղթահարենք հուսահատությունը, անկախ նրանից, թե ինչ խոչընդոտների կբախվենք:

Ճիշտ այնպես, ինչպես Փրկիչն ավարտեց իրեն տրված աշխատանքը, Նա կարող է օգնել, որ մենք ավարտենք մեզ տրված աշխատանքը:17 Մենք կարող ենք օրհնվել՝ առաջ շարժվելով ուխտի արահետով, անկախ նրանից, թե որքան քարքարոտ է այն, և ի վերջո կստանանք հավերժական կյանք:18

Ինչպես մարգարե Ջոզեֆ Սմիթն է ասել․ «Ամուր կանգնեք, Աստծո Սրբեր, մի քիչ երկար դիմացեք և կյանքի փոթորիկն անցած կլինի, և դուք հատուցում կունենաք այն Աստծո կողմից , որի ծառաներն եք դուք»։19 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. George A. Smith, in Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2011), 235.

  2. Տես Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ, 227-36։

  3. Երբ ես խոսում եմ հուսահատության մասին, ես չեմ առաջարկում, որ «պարզապես շարունակեք Քրիստոսի հանդեպ հավատքով առաջ շարժվել» արտահայտությունը միակ կոչն է, որն անհրաժեշտ է կլինիկական դեպրեսիա, տագնապային խանգարումներ կամ այլ հիվանդություններ ունեցող մարդկանց համար: Նման ընկերների, ընտանիքի անդամների և մյուսների համար, ովքեր լսում են, ես կրկնում եմ մեր Եկեղեցու ղեկավարների խորհուրդը՝ խնդրում ենք դիմել բժշկական, հոգեբանական և հոգևոր օգնության՝ միաժամանակ վստահելով Տիրոջը: Իմ սիրտը ցավում է ձեզանից յուրաքանչյուրի համար, որ պայքարում եք այս եզակի մարտահրավերների դեմ: Մենք անկեղծորեն աղոթում ենք ձեզ համար:

  4. Սուրբ գրություններում իմ հերոսներից են՝ Քաղեբը (տես Թվոց 14.6–9, 24), Հոբը (տես Հոբ 19.25–26) և Նեփին (տես 1 Նեփի 3.7)՝ ի լրումն իմ ժամանակակից հերոսների։

  5. Տես 1 Նեփի 4․20, 30–35, 38։

  6. Տես Դեյլ Գ. Ռենլանդ, «Վրդովեցուցիչ անարդարություն» Լիահոնա, մայիս 2021, 41–45:

  7. Տես 2 Նեփի 1․30–32։ «Չնայած [Զորամը] ստիպված էր դիմանալ մի քիչ կոպիտ վերաբերմունքի, այդ «ծուղակը», որում նա բռնվեց, հենց այն իրավիճակն էր, որի միջոցով Աստված որոշել էր օրհնել նրան: Թեև նա պետք է հրաժարվեր իր հայրենիքից, Աստված պատրաստում էր ավելի լավ հայրենիք» (David B. Paxman, “Zoram and I: Getting Our Stories Straight” [Brigham Young University devotional, July 27, 2010], 8, speeches.byu.edu)։

  8. Ես լսել եմ այս քրոջ վկայությունը Ռիվերդեյլ ցցի (Յուտա) ծխում՝ 2022 թվականի դեկտեմբերի 11-ին։ Նրա պատմած դեպքը տեղի էր ունեցել նախորդ ծխում:

  9. Տես Վարդապետություն և Ուխտեր 11.12-13:

  10. Իմ հանձնարարությունը Բենսոն ցցում էր (Յուտա)՝ 2001 թվականի նոյեմբերի 3-ից 4-ը: Նախագահ Ջերի Թումբսը ցցի նախագահն էր:

  11. Տես Բոյդ Ք. Փաքեր, «Ակնածանքը հրավիրում է հայտնություն», Ensign, Nov. 1991, 21-23։

  12. Տես Վարդապետություն և Ուխտեր 46․2:

  13. Վարդապետություն և Ուխտեր 100․5, տես նաև հատվածներ 7-8։

  14. Ա Կորնթացիս 2.13:

  15. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Երբ դուք հոգևորապես լարվեք նախկինում ձեր արածից ավելին անելու համար, Նրա զորությունը դեպի ձեզ կհորդի» («Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը» Լիահոնա, մայիս 2017, 42):

  16. Sես Եթեր 12.27։

  17. Տես Հովհաննես 17.4:

  18. Տես 2 Նեփի 31․20, Մոսիա 2․41, Ալմա 36․3։

  19. Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ, 235: