Գերագույն համաժողով
Քրիստոսանման ինքնատիրապետում
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Քրիստոսանման ինքնատիրապետում

«Նա, արթնանալով, քամուն սաստեց ու լճին ասաց. «Լռի՛ր, հանդարտվի՛ր»։ Եվ քամին դադարեց, ու կատարյալ խաղաղություն տիրեց» (Մարկոս 4.39):

Վերջին անգամ, երբ ես ելույթ ունեցա գերագույն համաժողովում, փեսաս՝ Ռայանը ինձ ցույց տվեց թվիթերից մի գրառում, որտեղ գրված էր. «Իսկապե՞ս: Այս մարդու անունը Բրեգ է (նշանակում է պարծենալ), և նա չի՞ խոսում համեստության մասին: Շա՜տ ափսոս»։ Ցավոք սրտի, այս անգամ նույնպես ձեզ կհիասթափեցնեմ։

Նկար
Բասկետբոլիստ Դոն Բրեգը

Իմ սիրելի հայրը՝ լեգենդար մարզիչ Ջոն Վուդենի սաներից էր՝ Ամերիկայում հայտնի UCLA թիմի բասկետբոլիստ էր: Նրանք մտերիմ էին հորս ողջ կյանքի ընթացքում, իսկ երբեմն՝ մարզիչ ու մարզիկ էին։ Վուդենը գալիս էր մեր տուն՝ ճաշելու։ Նա միշտ ցանկանում էր ինձ հետ խոսել բասկետբոլի կամ իմ նախընտրած թեմայի մասին։ Մի անգամ ես հարցրի նրան, թե ինչ խորհուրդ կտար ինձ ավագ դպրոցի վերջին դասարան փոխադրվելիս։ Ուսուցչի իր դերին հավատարիմ մնալով` նա ասաց. «Հայրդ ասել է ինձ, որ դու միացել ես Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն, ուստի ես գիտեմ, որ դու հավատք ունես Տիրոջ հանդեպ: Այդ հավատքով զինված ոչ մի դեպքում չկորցնես ինքնատիրապետումդ։ Մնա լավ մարդ դժվար պահերին»։

Տարիներ շարունակ ես հիշում էի այդ զրույցը։ Այն ինձ մեծապես օգնել է՝ կյանքի ցանկացած իրավիճակում, հատկապես դժբախտության և լարվածության պահերին ես մնացել եմ հանգիստ, սառնասիրտ և չեմ կորցրել կառավարումս։ Ես տեսնում էի, որ մարզիչ Վուդենի թիմերը չէին կորցնում ինքնատիրապետումը և խաղում էին մեծ հաջողությամբ՝ հաղթելով 10 ազգային առաջնություններում:

Սակայն այս օրերին շատ քիչ է խոսվում ինքնատիրապետման մասին և նույնիսկ ավելի քիչ է կիրառվում այս անհանգիստ ու պառակտիչ ժամանակներում: Այն հաճախ հիշատակվում է սպորտում. ինքնատիրապետում չկորցնող խաղացողը վստահ է իրեն պահում դժվար խաղում կամ թիմը վստահ չի խաղում ինքնատիրապետման բացակայության պատճառով: Սակայն այս հիասքանչ հատկանիշը կիրառվում է ոչ միայն սպորտում: Ինքնատիրապետումը շատ ավելի լայն կիրառություն ունի կյանքում և կարող է օրհնել ծնողներին, ղեկավարներին, միսիոներներին, ուսուցիչներին, ուսանողներին և կյանքի փոթորիկներին դիմագրավող բոլոր մարդկանց:

Հոգևոր ինքնատիրապետումն օգնում է մնալ հանգիստ և կենտրոնանալ այն ամենի վրա, ինչն ամենակարևորն է, հատկապես, երբ մեզ վրա ճնշում են գործադրում։ Նախագահ Հյու Բ. Բրաունն ուսուցանել է. «Աստծո և ճշմարտության վերջնական հաղթանակի հանդեպ հավատքը նպաստում է մտավոր և հոգևոր ինքնատիրապետմանը՝ դժվարություններին դիմակայելիս»:1

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հոգևոր ինքնատիրապետման հրաշալի օրինակ է: Մի անգամ, այն ժամանակ դեռ Բժիշկ Նելսոնը կորոնար շնչերակի քառակի շրջանցում էր կատարում, և հանկարծ հիվանդի արյան ճնշումը կտրուկ իջնում է։ Բժիշկ Նելսոնը հանգիստ գնահատում է իրավիճակը և պարզում, որ թիմի անդամներից մեկը պատահաբար հանել է սեղմակը: Այն անմիջապես փոխարինվեց, և բժիշկ Նելսոնը մխիթարեց այդ մարդուն և ասաց․ «Ես դեռ սիրում եմ քեզ», իսկ հետո կատակով ավելացրեց. «Մեկ-մեկ ես քեզ ավելի շատ եմ սիրում, քան սովորաբար»: Նա ցույց տվեց, թե ինչպես պետք է վարվել արտակարգ իրավիճակներում՝ ինքնատիրապետումը չկորցնելով կենտրոնանալ միայն ամենակարևորի վրա: Նախագահ Նելսոնն ասել է. «Դա մեծագույն կարգապահության հարց է: Դուք բնականաբար արձագանքում եք․ «Հեռացրե՛ք ինձ, մարզիչ: Ես ուզում եմ տուն գնալ»։ Բայց, իհարկե, դուք չեք կարող: Մարդկանց կյանքը լիովին կախված է վիրաբուժական թիմից: Այսպիսով, դուք պետք է մնաք շատ հանգիստ, անկաշկանդ և դատեք հստակ»:2

Անշուշտ, Փրկիչը ինքնատիրապետման լավագույն օրինակն է:

Գեթսեմանիի պարտեզում Նա աներևակայելի տանջանքների մեջ էր, երբ «Նրա քրտինքը դարձավ արյան կաթիլների պես»,3 և Նա աստվածային ինքնատիրապետման օրինակ ծառայեց՝ պարզ, բայց հոյակապ հայտարարությամբ. «Ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի»։4 Ամբողջ մարդկության փրկությունը հնարավոր դարձնելու մեծ ճնշման ներքո Հիսուսը ցույց տվեց երեք կարևոր դրույթ, որոնք օգնում են մեզ հասկանալ Նրա մեծ ինքնատիրապետումը: Նախ՝ Նա գիտեր, թե ով է Ինքը և հավատարիմ էր Իր աստվածային առաքելությանը: Հաջորդը՝ Նա գիտեր, որ գոյություն ունի երջանկության մեծ ծրագիր: Եվ վերջապես, Նա գիտեր, որ Իր անսահման Քավության միջոցով կփրկվեն բոլոր նրանք, ովքեր հավատարմորեն վերցնում են Իր լուծը իրենց վրա՝ կապելով և պահելով քահանայության արարողությունների միջոցով ստացած սուրբ ուխտերը, ինչպես երեց Դեյլ Գ. Ռենլանդն այդքան գեղեցիկ կերպով ուսուցանեց այսօր:

Որպեսզի տեսնենք ինքնատիրապետումը կորցնելու և պահելու տարբերությունը, հիշեք, թե ինչ տեղի ունեցավ, երբ Քրիստոսը և Նրա առաքյալները լքեցին Գեթսեմանիի պարտեզը: Երբ զինվորները մոտեցան Հիսուսին ձերբակալելու, Պետրոսի արձագանքը եղավ այն, որ կորցրեց իր ինքնատիրապետումը և դաժանորեն հարվածեց սրով՝ կտրելով քահանայապետի ծառա Մաղքոսի ականջը։ Մյուս կողմից, Հիսուս Քրիստոսի արձագանքն այն էր, որ նա պահեց Իր ինքնատիրապետումը և խաղաղեցրեց լարված իրավիճակը՝ բժշկելով Մաղքոսին:5

Մարդիկ, որոնք դժվարանում են պահել ինքնատիրապետումը և հավանաբար հուսահատված են, թող հիշեն Պետրոսի պատմության մնացած մասը: Այս դեպքից և Քրիստոսի հետ իր կապը ժխտելու ցավից կարճ ժամանակ անց,6 նա կանգնեց նույն կրոնական առաջնորդների առջև, ովքեր դատապարտեցին Փրկչին, և մեծ ինքնատիրապետում դրսևորելով, բուռն հարցաքննության ժամանակ նա գեղեցիկ կերպով վկայեց Հիսուս Քրիստոսի աստվածության մասին:7

Իմացեք, թե ով եք դուք և հավատարիմ եղեք ձեր աստվածային ինքնությանը

Դիտարկենք Քրիստոսանման ինքնատիրապետման տարրերը: Նախ՝ երբ իմանում ենք, թե ով ենք մենք և հավատարիմ ենք մնում մեր աստվածային ինքնությանը, մենք հանդարտվում ենք: Քրիստոսանման ինքնատիրապետում ունենալու համար մենք պետք է խուսափենք ուրիշների հետ համեմատվելուց և հավատարիմ մնանք մեր ինքնությանը:8 Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է․ «Եթե մարդիկ չեն ըմբռնում Աստծո բնույթը, նրանք չեն հասկանա, թե ովքեր են իրենք»։9 Պարզապես հնարավոր չէ ունենալ աստվածային ինքնատիրապետում՝ առանց իմանալու, որ մենք սիրող Երկնային Հոր նվիրական որդիներն ու դուստրերն ենք:

«Ընտրություններ հավերժության համար» վերնագրով իր ելույթում, նախագահ Նելսոնն ուսուցանել է հավերժական ճշմարտությունները, թե ով ենք մենք. մենք Աստծո զավակներն ենք, մենք ուխտի զավակներն ենք և մենք Քրիստոսի աշակերտներն ենք: Ապա նա խոստացել է․ «Երբ դուք ընդունեք այս ճշմարտությունները, մեր Երկնային Հայրը կօգնի ձեզ հասնել ձեր վերջնական նպատակին՝ ապրելու հավերժ Իր սուրբ ներկայության մեջ»։10 Մենք իսկապես աստվածային հոգևոր էակներ ենք, որոնք ունենեն մարդկային փորձառություն։ Իմանալ, թե ով ենք մենք և հավատարիմ մնալ այդ աստվածային ինքնությանը. այս երկուսը հիմք են հանդիսանում քրիստոսանման ինքնատիրապետման զարգացման համար:

Իմացեք, որ գոյություն ունի Աստվածային ծրագիր

Հաջորդը՝ երբ հիշում ենք, որ կա մի մեծ ծրագիր, քաջություն և ինքնատիրապետում է ենք ստանում դժվարին պայմաններում: Նեփին կարող էր «գնալ և անել»11 , ինչպես Տերը պատվիրել էր, «նախապես չիմանալով»12 այն բաները, որոնք նա պետք է աներ, որովհետև գիտեր, որ կառաջնորդվի Հոգու կողմից՝ ի կատարումն սիրող Երկնային Հոր հավերժական ծրագրի: Մարդիկ ինքնատիրապետում են զարգացնում, երբ իրերը տեսնում են հավերժության տեսանկյունից: Տերն Իր աշակերտներին խորհուրդ է տվել «բարձրացնել հայացքը»13 և «թողնել, հավերժության հանդիսավոր բաները հանգչեն ձեր մտքերում»:14 Երբ դժվար ժամանակների մասին մտածում ենք հավերժության ծրագրի շրջանակում, լարվածությունը փոխվում է և դառնում՝ սիրելու, ծառայելու, ուսուցանելու և օրհնելու արտոնություն: Կյանքը հավերժության տեսանկյունից դիտելով՝ մենք զարգացնում ենք քրիստոսանման ինքնատիրապետում:

Ճանաչեք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հնարավորություն տվող զորությունը

Եվ վերջում՝ Քրիստոսի հնարավորություն տվող զորությունը, որը հնարավոր է դարձել Նրա քավող զոհաբերության շնորհիվ, մեզ ուժ է տալիս դիմակայելու և հաղթելու համար։ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք ուխտ կապել Աստծո հետ և զորանալ՝ պահելով այդ ուխտը։ Մենք կարող ենք կապված լինել Փրկչի հետ ուրախության և հանդարտության պահերին՝ անկախ մեր նյութական հանգամանքներից:15 Ալմայի 7-րդ գլուխը գեղեցիկ կերպով ուսուցանում է Քրիստոսի հնարավորություն տվող զորության մասին: Բացի մեզ մեղքից փրկելուց՝ Փրկիչը մեզ այս կյանքում կարող է զորացնել մեր թուլությունների, վախերի և մարտահրավերների մեջ:

Երբ մենք կենտրոնանանք Քրիստոսի վրա, մենք կկարողանանք զսպել մեր վախերը, ինչպես որ Ալմայի ժողովուրդն արեց Էլամի երկրում:16 Մինչ սպառնացող բանակը հավաքվում էր, Քրիստոսի այդ հավատարիմ աշակերտները ինքնատիրապետում դրսևորեցին։ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․ «Ալման խորհուրդ տվեց հավատացյալներին` հիշել Տիրոջը և ազատությունը, որը միայն Նա կարող էր պարգևել (տես 2 Նեփի 2․8)։ Եվ իմանալով Փրկչի աչալուրջ պաշտպանության մասին, հնարավորություն տվեց մարդկանց զսպել իրենց սեփական վախերը»։17 Սա ինքնատիրապետման օրինակ է։

Մեծ Մարդը փոթորկի ժամանակ

Նոյը մեզ շատ բան սովորեցրեց փոթորկի ժամանակ ինքնատիրապետումը պահելու մասին, բայց Փրկիչը մեծագույն ուսուցիչն էր, թե ինչպես փրկվել փոթորկից: Նա մեծ Մարդն է փոթորկի ժամանակ: Իր առաքյալների հետ մի ամբողջ օր ուսուցանելուց հետո Փրկիչը մի քիչ հանգստանալու կարիք ուներ և առաջարկեց նրանց նավով անցնել Գալիլեայի ծովի մյուս կողմը: Երբ Փրկիչը հանգստանում էր, սաստիկ փոթորիկ բարձրացավ: Երբ քամին և ալիքները սպառնում էին խորտակել նավը, առաքյալները սկսեցին վախենալ իրենց կյանքի համար: Եվ հիշեք, որ այդ առաքյալներից մի քանիսը ձկնորսներ էին, որոնք շատ լավ ծանոթ էին այդ ծովի փոթորիկներին: Այնուամենայնիվ,18 նրանք արթնացրին Տիրոջը և հարցրին. «[Տեր], քեզ հոգ չէ՞, որ կորչում ենք»։ Այնուհետև, օրինակելի ինքնատիրապետմամբ, Փրկիչը «արթնանալով, քամուն սաստեց ու լճին ասաց. «Լռի՛ր, հանդարտվի՛ր»։ Եվ քամին դադարեց, ու կատարյալ խաղաղություն տիրեց»:19

Իսկ հետո ինքնատիրապետումը պահելու մի մեծ դաս տվեց Իր առաքյալներին: Նա հարցրեց․ «Ինչո՞ւ եք այդքան վախկոտ, ինչո՞ւ հավատ չունեք»։20 Նա հիշեցնում էր նրանց, որ Ինքն էր աշխարհի Փրկիչը, և Նա ուղարկվել էր Հոր կողմից՝ իրականացնելու Աստծո զավակների անմահությունն ու հավերժական կյանքը: Անշուշտ, Աստծո Որդին չէր կորչի նավի վրա: Նա աստվածային ինքնատիրապետման օրինակ ծառայեց, քանի որ գիտեր Իր աստվածային բնույթի մասին և գիտեր, որ գոյություն ունի փրկության և վեհացման ծրագիր, և Նրա Քավությունը շատ կարևոր էր այդ ծրագրի հավերժական հաջողության համար:

Քրիստոսի և Նրա Քավության միջոցով է, որ բոլոր լավ բաները պատահում են մեր կյանքում: Հիշելով, թե ով ենք մենք, իմանալով, որ գոյություն ունի ողորմության աստվածային ծրագիր և քաջություն ձեռք բերելով Տիրոջ զորությամբ, մենք կարող ենք անել ամեն ինչ: Մենք հանգիստ կգտնենք։ Մենք օրինակելի կանայք և տղամարդիկ կդառնանք ցանկացած փոթորկի ժամանակ:

Թող որ մենք փնտրենք քրիստոսանման ինքնատիրապետման օրհնությունները, որոնք ոչ միայն կօգնեն մեզ դժվարին ժամանակներում, այլ կօրհնեն ուրիշներին և նրանց կազատեն իրենց կյանքի փոթորիկներից: Ծաղկազարդի այս կիրակի օրը ես ուրախությամբ վկայում եմ Հիսուս Քրիստոսի մասին։ Նա հարություն է առել։ Ես վկայում եմ խաղաղության, հանդարտության և երկնային այն ինքնատիրապետման մասին, որը միայն Նա է բերում մեր կյանք, և անում եմ դա Նրա սուրբ անունով՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Hugh B. Brown, in Conference Report, Oct. 1969, 105.

  2. See Sheri Dew, Insights from a Prophet’s Life: Russell M. Nelson (2019), 66–67.

  3. Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ղուկաս 22.44 (Ղուկաս 22.44, ծանոթություն բ):

  4. Ղուկաս 22.42:

  5. Տես Մատթեոս 22․50–51, Հովհաննես 18․10-11։

  6. Տես Մատթեոս 26․34, 69-75։

  7. Տես Գործք Առաքելոց 4.8–10, Նիլ Ա․ Մաքսվել, “Content with the Things Allotted unto Us,” Ensign, May 2000, Լիահոնա, հուլիս 2000, 89․ «Երբ հոգևորապես համահունչ ենք, կարող է ինքնատիրապետում ունենալ, նույնիսկ երբ մենք չգիտենք «բոլոր բաների իմաստը» (1 Նեփի 11․17)»։

  8. See John R. Wooden, Wooden on Leadership (2005), 50․ «Ես սահմանում եմ ինքնատիրապետումը որպես ինքն իրեն հավատարիմ լինել, չխռովվել, վճռական լինել կամ հավասարակշռված լինել՝ անկախ հանգամանքից կամ իրավիճակից: Սա կարող է հեշտ թվալ, բայց ինքնատիրապետումը կարող է լինել ամենից անհրաժեշտ հատկանիշը դժվարին ժամանակներում: Ինքնատիրապետման պակաս ունեցող ղեկավարները խուճապի են մատնվում ճնշման տակ:

    «Ինքնատիրապետումը նշանակում է ամուր կառչել ձեր համոզմունքներից և գործել դրանց համաձայն՝ անկախ նրանից, թե որքան վատ կամ լավ կարող է լինել իրավիճակը: Ինքնատիրապետումը նշանակում է խուսափել ձևականությունից, չհամեմատվել ուրիշների հետ և հավատարիմ մնալ քո ինքնությանը։ Ինքնատիրապետումը նշանակում է քաջ սիրտ ունենալ բոլոր հանգամանքներում»:

  9. Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2007), 40։

  10. Ռասսել Մ․ Նելսոն, «Ընտրություններ հավերժության համար» (համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, մայիսի 15, 2022), broadcasts.ChurchofJesusChrist.org։

  11. 1 Նեփի 3.7։

  12. 1 Նեփի 4․6։

  13. Հովհաննես 4.35։

  14. Վարդապետություն եվ Ուխտեր 43․34, Տես նաև Ջեյմս Ի. Ֆաուստ, «Իմ արժանապատվությունը», Ensign, մայիս 1981 թ. «Իմ արժանապատվությունը մեծանում է սրբության որոնումներում դեպի վեր նայելով: Հսկա ծառերի նման մենք պետք է ձգտենք լույսին: Լույսի ամենակարևոր աղբյուրը, որը մենք կարող ենք ճանաչել, Սուրբ Հոգու պարգևն է: Դա ներքին ուժի և խաղաղության աղբյուր է»։

  15. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Ուրախություն և հոգևոր գոյատևում», Լիահոնա, նոյեմբեր 2016․ «Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ուրախությունը, որ մենք զգում ենք, շատ քիչ է կապված մեր կյանքի հանգամանքների հետ և մեծապես կապված է մեր կյանքի կիզակետի հետ»:

  16. Տես Մոսիա 23.27-28:

  17. Դեյվիդ Ա. Բեդնար․ «Հետևաբար նրանք զսպեցին իրենց վախը», Լիահոնա, մայիս 2015։

  18. Տես Jeffrey R. Holland, Our Day Star Rising: Exploring the New Testament with Jeffrey R. Holland (2022), 61–62․ «Ավելին, նրանք փորձառու տղամարդիկ էին և Նրա հետ տախտակամածին էին․ սկզբնական Տասներկուսից տասնմեկը գալիլիացիներ էին (միայն Հուդա Իսկարիովտացին Հուդայի ցեղից էր): Եվ այդ տասնմեկից վեցը ձկնորսներ էին։ Նրանք ապրում էին այս լճի վրա։ Նրանք իրենց ապրուստը վաստակել էին այդ լճի վրա ձկնորսություն անելով։ Նրանք այնտեղ էին դեռ մանկուց։ Նրանց հայրերը նրանց պատվիրել էին ցանցեր նորոգել և վերանորոգել նավը, երբ նրանք շատ փոքր էին: Նրանք գիտեն այս ծովը․ նրանք գիտեն քամիներն ու ալիքները: Նրանք փորձառու տղամարդիկ են, բայց սարսափած են։ Իսկ եթե նրանք վախենում են, ապա դա ուժեղ փոթորիկ է»։

  19. Տես Մարկոս 4.35-39:

  20. Մարկոս 4.40։