Գերագույն համաժողով
Սպասավորություն
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Սպասավորություն

Եկեք օգնության հասնենք և հոգ տանենք այնպես, ինչպես մեր Փրկիչը կաներ, հատկապես նրանց, ում մեր հանձնարարության բերումով արտոնություն ունենք սիրելու և սպասավորելու:

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ընկերներ, բարի գալուստ գերագույն համաժողով:

Անցյալ տարվա հոկտեմբերի գերագույն համաժողովից հետո ես և քույր Գոնգը քայլում էինք Համաժողովների կենտրոնով՝ բարևելու և լսելու ավետարանի մասին ձեր փորձառությունները:

Մեր անդամները Մեքսիկայից ասացին՝ «Hoy es el tiempo de Mexico» (Այժմ Մեքսիկայի ժամանակն է):

Նկար
Ջիլին և Մերին երեց և քույր Գոնգերի հետ

Մենք իմացանք, որ Ջիլին և Մերին ընկերներ են Անգլիայից: Երբ Մերին միացավ Եկեղեցուն, նա կորցրեց իր բնակության վայրը: Ջիլին մեծահոգաբար հրավիրեց Մերիին ապրել իր տանը: Հավատքով լի Ջիլին ասում է. «Ես երբեք չեմ կասկածել, որ Տերն ինձ հետ է»: Համաժողովի ժամանակ Ջիլիին նաև բախտ վիճակվեց կրկին տեսնել այն միսիոներ քրոջը, որն ուսուցանել էր նրան 47 տարի առաջ:

Նկար
Ջեֆը և Մելիսան երեց և քույր Գոնգերի հետ

Ջեֆը և նրա կինը՝ Մելիսան, առաջին անգամ էին մասնակցում գերագույն համաժողովին: Ջեֆը պրոֆեսիոնալ բեյսբոլիստ էր (նա ընդունողն էր), իսկ այժմ բժիշկ անեսթեզիոլոգ է։ Նա ասաց ինձ. «Իմ զարմանս ինձ, իմ մկրտության օրն ավելի է մոտենում, որովհետև ես կարծում եմ, որ դա ապրելու ամենաճիշտ և ազնիվ ձևն է»:

Ավելի վաղ Մելիսան ներողություն էր խնդրել Ջեֆի սպասավորող եղբորից. «Ջեֆը չի ցանկանում մեր տանը տեսնել Եկեղեցու անդամներին»։ Սպասավորող եղբայրն ասել էր. «Ես մի բան կմտածեմ»։ Այժմ նա և Ջեֆը լավ ընկերներ են։ Ջեֆի մկրտության ժամանակ ես հանդիպեցի Վերջին Օրերի Սրբերի անդամներին, որոնց Ջեֆը, Մելիսան և նրանց դուստրը՝ Շառլոտան սիրում են:

Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, ձգտում ենք ուրիշներին սպասավորել այնպես, ինչպես Նա կաներ, քանի որ մարդիկ սպասում են կյանքի փոփոխությանը:

Երբ Պեգին ինձ ասաց, որ իր ամուսինը՝ Ջոնը, 31 տարվա ամուսնությունից հետո պատրաստվում է մկրտվել, ես հարցրի, թե ինչն է փոխվել։

Պեգին ասաց. «Ես և Ջոնն ուսումնասիրում էինք Նոր Կտակարանի Եկ, հետևիր ինձ ձեռնարկը, և Ջոնը հարցրեց Եկեղեցու վարդապետության մասին»:

Պեգին ասաց. «Արի հրավիրենք միսիոներներին»:

Ջոնն ասաց. «Համաձայն եմ, եթե իմ ընկերը նույնպես գա»: Ավելի քան 10 տարի Ջոնի սպասավորող եղբայրը դարձել էր նրա հավատարիմ ընկերը։ (Ես մտածեցի, իսկ ինչ կլիներ, եթե Ջոնի սպասավորող եղբայրը՝ մեկ, երկու կամ ինը տարի հետո այլևս չայցելեր նրան:)

Ջոնը լսեց։ Նա կարդաց Մորմոնի Գիրքը անկեղծ միտումով: Երբ միսիոներները հրավիրեցին Ջոնին մկրտվել, նա դրական պատասխան տվեց: Պեգին ասում է․ «Ես ընկա իմ աթոռից և սկսեցի լաց լինել»։

Ջոնն ասաց. «Ես փոխվեցի, քանի որ մոտենում էի Տիրոջը»: Ավելի ուշ Ջոնն ու Պեգին կնքվեցին սուրբ տաճարում։ Անցյալ դեկտեմբերին Ջոնը մահացավ 92 տարեկանում։ Պեգին հիշում է. «Ջոնը միշտ լավ մարդ է եղել, բայց մկրտվելուց հետո նա լավ ձևով է տարբերվել»:

Նկար
Ջենին և Մեբը

Ես և քույր Գոնգը Մեբին ու Ջենիին հանդիպեցինք տեսագրության միջոցով՝ COVID համաճարակի ժամանակ: (COVID-ի ժամանակ տեսագրության միջոցով մենք հանդիպեցինք շատ հրաշալի զույգերի և անհատների, որոնցից յուրաքանչյուրը աղոթքով ներկայացվել էր իրենց ցցի նախագահի կողմից:)

Մեբն ու Ջենին խոնարհաբար ասացին, որ իրենց կյանքի մտահոգությունները ստիպեցին իրենց կասկածել՝ արդյոք իրենց տաճարային ամուսնությունը կարող է փրկվել, և եթե այո, ապա ինչպես: Նրանք հավատում էին, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը և իրենց ուխտի պարտավորությունները կարող են օգնել իրենց:

Պատկերացրեք իմ ուրախությունը, երբ Մեբն ու Ջենին նոր տաճարային երաշխավորագրեր ստացան և միասին վերադարձան Տիրոջ տուն: Ավելի ուշ Մեբը մահվան եզրին էր։ Մեբի ու Ջենիի համար մեծ օրհնություն էր, որ վերականգնել էին ուխտի հարաբերությունները Տիրոջ և միմյանց հետ և իրենց շրջապատում զգում են շատերի սպասավորող սերը:

Ուր էլ որ գնամ, ես երախտագիտությամբ սովորում եմ նրանցից, ովքեր ծառայում են և հոգ են տանում այնպես, ինչպես մեր Փրկիչը կաներ:

Նկար
Սալվադորը երեց և քույր Գոնգերի հետ

Պերուում ես և քույր Գոնգը հանդիպեցինք Սալվադորին և նրա քույրերին ու եղբայրներին:1 Սալվադորն ու իր քույր-եղբայրները որբ են։ Այդ օրը Սալվադորի ծննդյան օրն էր։ Եկեղեցու ղեկավարներն ու անդամները, ովքեր հավատարմորեն ծառայում են այս ընտանիքին, ոգեշնչում են ինձ: «Սուրբ և անարատ կրոնասիրությունը սա է ․․․ որբերին և այրիներին այցելել»2, «սատարել թույլերին, բարձրացնել կախ ընկած ձեռքերը և զորացնել թուլացած ծնկները»:3

Հոնկոնգում երեցների քվորումի նախագահը համեստորեն պատմում է, թե ինչպես է իրենց քվորումը մշտապես 100 տոկոսով անցկացնում սպասավորության հարցազրույցներ: «Մենք աղոթքով ստեղծում ենք զուգընկերություն, որպեսզի բոլորը կարողանան հոգ տանել ինչ-որ մեկի մասին և իրենց մասին հոգ տանող լինի», - ասում է նա: «Յուրաքանչյուր զուգընկերությանը մենք պարբերաբար հարցնում ենք նրանց մասին, ում նրանք սպասավորում են: Մենք նշավանդակների համար չենք ծառայում․ մենք սպասավորում են ենք մեր ժողովրդի համար հոգացող սպասավորողներին»։

Նկար
Բոկոլո ընտանիքը

Կինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) նախագահ Բոկոլոն պատմում է, թե ինչպես են նա և իր ընտանիքը միացել Եկեղեցուն Ֆրանսիայում: Մի օր, երբ եղբայր Բոկոլոն կարդում էր իր հայրապետական օրհնությունը, Հոգին ոգեշնչեց նրան, որ իր ընտանիքի հետ վերադառնա Կոնգոյի ԴՀ: Եղբայր Բոկոլոն գիտեր, որ վերադառնալու դեպքում շատ դժվարությունների կհանդիպեր: Իսկ նրանց Եկեղեցին՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, դեռ հիմնված չէր Կինշասայում:

Այնուամենայնիվ, հավատքով, ինչպես շատ ուրիշներ, Բոկոլոները հետևեցին Տիրոջ Հոգուն: Կինշասայում նրանք սպասավորեցին և օրհնեցին իրենց շրջապատի մարդկանց, հաղթահարեցին մարտահրավերները, ստացան հոգևոր և նյութական օրհնություններ: Այսօր նրանք ուրախանում են, որ Տիրոջ տունը կառուցված է իրենց երկրում:4

Մի նորադարձի սպասավորել են անձնական օրինակով: Նա ասաց, որ երիտասարդ տարիքում իր օրերն անցկացնում էր լողափում հանգստանալով։ Մի օր նա ասաց. «Ես տեսա մի գրավիչ աղջկա՝ համեստ լողազգեստով»։ Նա զարմացած մոտեցավ, որպեսզի հարցներ, թե ինչու է այդքան գրավիչ աղջիկը այդքան համեստ լողազգեստ հագել։ Նա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ էր և ժպտալով հարցրեց. «Կցանկանայի՞ք եկեղեցի գալ կիրակի օրը»: Տղան դրական պատասխան տվեց։

Տարիներ առաջ, երբ միասին հանձնարարություն էինք կատարում, երեց Լ. Թոմ Փերին պատմել է, թե ինչպես էին ինքն ու իր զուգընկերը պարբերաբար սպասավորում մի քրոջ, որը մենակ էր ապրում Բոստոնի աղքատ և հանցավոր թաղամասերից մեկում: Երբ երեց Փերին և նրա զուգընկերը ժամանում էին, քույրը զգուշորեն ասում էր. «Սահեցրեք ձեր տաճարային երաշխավորագրերը դռան տակով»: Միայն տաճարային երաշխավորագրերը տեսնելուց հետո էր նա բացում բազմաթիվ կողպեքները և բացում դուռը:5 Իհարկե, ես չեմ ասում, որ սպասավորող զուգընկերության համար անհրաժեշտ են տաճարային երաշխավորագրեր: Բայց ինձ դուր է գալիս այն միտքը, որ երբ սպասավորում են նրանք, ովքեր պատվում են ուխտերը, տան դռները և սրտերը բացվում են նրանց առաջ:

Երեց Փերին նաև գործնական խորհուրդներ տվեց: Նա ասաց․ «Զուգընկերներին տվեք աղոթքով ընտրված խելամիտ թվով հանձնարարություններ, աշխարհագրորեն հարմար վայրերում, որպեսզի ճանապարհին ծախսած ժամանակը լավ օգտագործվի»։ Նա խորհուրդ էր տալիս․ «Սկսեք նրանցից, ովքեր այցելությունների կարիքն ամենից շատ ունեն: Կառուցեք նրանց վրա, ովքեր, ամենայն հավանականությամբ, ողջունում և լավ են արձագանքում այցելություններին»: Նա եզրափակեց. «Հավատարիմ հետևողականությունը հրաշքներ է առաջ բերում»:

Ավելի բարձր և ավելի սուրբ սպասավորությունը6 տեղի է ունենում, երբ մենք աղոթում ենք «Քրիստոսի մաքուր սիրո» համար7 և հետևում ենք Հոգուն: Այն նաև տեղի է ունենում, երբ Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահությունները, եպիսկոպոսի ղեկավարությամբ, վերահսկում են սպասավորելու ջանքերը, ներառյալ սպասավորող զուգընկերներության նշանակումները: Խնդրում եմ, որ մեր երիտասարդ տղաներին և կանանց անհրաժեշտ հնարավորություն ընձեռեք՝ ուղեկցելու և ուսուցանվելու փորձառու սպասավորող եղբայրների և քույրերի կողմից: Եվ խնդրում եմ, թույլ տվեք, որ մեր երիտասարդ աճող սերունդը ոգեշնչի սպասավորող եղբայրներին և քույրերին:

Եկեղեցու որոշ վայրերում մենք ունենք սպասավորության բացը: Ավելի շատ ասում են, որ իրենք սպասավորում են, քան ասում են, որ իրենց են սպասավորում: Մենք չենք ցանկանում ստուգաթերթիկ լրացնել։ Բայց հաճախ մեզ ավելին է պետք, քան միջանցքում անկեղծ բարևը կամ ավտոկայանատեղիում սովորական «կարո՞ղ եմ օգնել քեզ» արտահայտությունը։ Շատ վայրերում մենք կարող ենք օգնության ձեռք մեկնել, հասկանալ ուրիշների կարիքները և հարաբերություններ հաստատել, երբ պարբերաբար այցելենք անդամներին իրենց տներում: Ոգեշնչված հրավերները փոխում են կյանքը: Երբ հրավերներն օգնում են մեզ կապել և պահել սուրբ ուխտերը, մենք ավելի ենք մոտենում Տիրոջը և միմյանց:

Ասում են, որ նրանք, ովքեր հասկանում են ծառայության իրական ոգին, անում են ավելին, քան նախկինում, մինչդեռ նրանք, ովքեր չեն հասկանում, ավելի քիչ են անում: Եկեք անենք ավելին, ինչպես կաներ մեր Փրկիչը: Ինչպես գրված է մեր օրհներգում, դա «պարտականության և սիրո օրհնությունն է»:8

Խնդրում եմ ծխի խորհուրդներին, Երեցների քվորումներին և Սփոփող միություններին լսել Բարի Հովվին և օգնել Նրան՝ «կորածին որոնելու և մոլորվածին հետ բերելու։ Կոտրածը վիրակապելու և հիվանդին զորացնելու»:9 Մենք կարող ենք «առանց գիտենալու հրեշտակների» հյուրընկալել10, երբ Նրա հյուրատանը տեղ հատկացնենք բոլորի համար։11

Ոգեշնչված սպասավորությունն օրհնում է ընտանիքներին և անհատներին. այն նաև ամրացնում է ծխերն ու ճյուղերը: Ձեր ծխի կամ ճյուղի մասին մտածեք որպես հոգևոր էկոհամակարգի: Ձիթենու ծառերի մասին Մորմոնի Գրքի այլաբանության նման, այգու Տերը և նրա ծառաները աճեցնում են ամենաարժեքավոր պտուղը և զորացնում բոլոր ծառերը՝ միավորելով բոլոր ծառերի ուժեղ և թույլ կողմերը:12 Այգու Տերը և Նրա ծառաները անընդհատ հարցնում են. «Էլ ի՞նչ կարող եմ անել»:13 Նրանք միասին օրհնում են սրտեր ու տներ, ծխեր ու ճյուղեր՝ ոգեշնչված և հետևողական սպասավորության միջոցով:14

Նկար
Արմատների և ճյուղերի միահյուսում

Սպասավորությունը՝ հովվությունը, մեր այգին դարձնում է «մեկ մարմին»15՝ մի սուրբ պուրակ: Մեր պուրակի յուրաքանչյուր ծառ կենդանի տոհմածառ է: Արմատներն ու ճյուղերը միահյուսվում են: Սպասավորությունն օրհնում է սերունդներին: Երբ ծառայության կարիք կա, իմաստուն եպիսկոպոսները, Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահությունները հարցնում են. «Ովքե՞ր են սպասավորող եղբայրներն ու քույրերը»: Ծխի խորհուրդները և սպասավորության հարցազրույցները քննարկում են ոչ միայն մարտահրավերները կամ խնդիրները, այլ նաև աչքերով նայում են՝ տեսնելու և ուրախանալու մեր կյանքում Տիրոջ բազում ողորմությունները, երբ մենք ծառայում ենք այնպես, ինչպես Նա կծառայեր:

Մեր Փրկիչը մեր կատարյալ օրինակն է:16 Քանի որ Նա բարի է, Նա կարող է անընդհատ բարիք գործել:17 Նա օրհնում է մեկին և 99-ին։ Նա ծառայում է անձնավորված։ Մենք ավելի շատ ենք նմանվում Հիսուս Քրիստոսին, երբ «այս փոքր եղբայրների» հետ վարվում ենք այնպես, ինչպես կվարվեինք Նրա հետ,18 երբ սիրում ենք մեր մերձավորին այնպես, ինչպես ինքներս մեզ,19 երբ հետևում ենք «սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի»,20 և «ձեզանից ով ցանկանա մեծ լինել, ձեր ծառան պետք է լինի» կոչերին։21

Հիսուս Քրիստոսը սպասավորում է։ Հրեշտակները սպասավորում են։22 Հիսուս Քրիստոսի հետևորդները «ծառայում են մեկը մյուսին»,23 «ուրախացողների հետ ուրախանում են և լացողների հետ լացում»,24 «հսկում են իրենց ժողովրդի վրա և սնուցում են [ժողովրդին] արդարությանը պատկանող բաներով»,25 «հիշում են աղքատներին ու կարիքավորներին, հիվանդներին ու տառապյալներին»,26 թողնում են ծառայության միջոցով Նրա անունը իմացվի։27 Երբ մենք սպասավորում ենք այնպես, ինչպես Նա կսպասավորեր, մենք ականատես ենք լինում Նրա հրաշքներին և օրհնություններին:28 Մենք ստանում ենք «ավելի գերազանց ծառայություն»:29

Մենք գուցե ֆիզիկապես հոգնենք։ Բայց Նրա ծառայության մեջ մենք «բարիք գործելուց չենք ձանձրանում»:30 Մենք ջանասիրաբար անում եք հնարավոր ամեն բան, չենք վազում ավելի արագ, քան ուժ ունենք31, այլ ինչպես Պողոս առաքյալն է սովորեցնում, վստահում ենք, որ «Աստված սիրում է ուրախ տվողին»:32 Որովհետև Աստված «սերմ ցանողին սերմ է պարգևում և ուտելու հաց, նա ձեզ սերմերն էլ կպարգևի ու կբազմացնի»:33 Այլ կերպ ասած, Աստված հարստացնում է «ամեն ինչում ամեն տեսակ առատությամբ»:34 Նրանք, ովքեր «առատությամբ են սերմանում, առատությամբ էլ կհնձեն»:35

Որտեղ էլ որ լինենք այս Զատիկի տոներին, եկեք օգնության հասնենք և հոգ տանենք այնպես, ինչպես մեր Փրկիչը կաներ, հատկապես նրանց, ում մեր հանձնարարության բերումով արտոնություն ունենք սիրելու և սպասավորելու: Այդպես վարվելով՝ մենք ավելի կմոտենանք Հիսուս Քրիստոսին և միմյանց։ Մենք ավելի կնմանվենք Հիսուս Քրիստոսին և Իր այն հետևորդներին, որոնց Նա ցանկանում է տեսնել յուրաքանչյուրիս մեջ: Նրա՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։