Գերագույն համաժողով
Չորս օր անց
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Չորս օր անց

Եթե մենք առաջ մղվենք առ Հիսուս Քրիստոս հավատքով, չորրորդ օրը միշտ կգա։ Նա միշտ կգա մեզ օգնության։

Ինչպես մեզ հիշեցրին այս առավոտ, այսօր Ծաղկազարդն է, որը նշում է Փրկչի հաղթական մուտքը Երուսաղեմ և այդ սուրբ շաբաթվա սկիզբը, որը նախորդում է Նրա մեծ Քավությանը: Այն կներառի Նրա տառապանքը, Խաչելությունը և Հարությունը։

Այդ մարգարեացված մուտքից որոշ ժամանակ առաջ, մինչ Հիսուս Քրիստոսը լիովին ներգրավված էր Իր ծառայության մեջ, լուր ստացավ Իր սիրելի ընկերներ Մարիամից և Մարթայից, որ իրենց եղբայր Ղազարոսը հիվանդ է։1

Թեև Ղազարոսի հիվանդությունը լուրջ էր, Տերը «երկու օր մնաց այն տեղը, ուր որ էր։ Դրանից հետո աշակերտներին ասաց. «Եկեք նորից Հուդա գնանք»։2 Նախքան Բեթանիայում գտնվող իր ընկերների տուն ճամփորդելը, «Հիսուսը [Իր աշակերտներին] բացահայտ ասաց. «Ղազարոսը մահացել է»։3

Երբ Հիսուսը մտավ Բեթանիա, նախ հանդիպեց Մարթային, իսկ հետո՝ Մարիամին: Թերևս Նրա ուշ ժամանման պատճառով հուսահատ լինելով, երկուսն էլ ողջունեցին Նրան՝ ասելով. «Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա»։4 Այնուհետև Մարթան ասաց. «Տեր, հիմա արդեն նեխած կլինի, որովհետև չորս օրվա է»։5

Այդ չորս օրերը նշանակալից էին Մարիամի և Մարթայի համար։ Ըստ որոշ հրեական համոզմունքների՝ ենթադրվում էր, որ մահացածի հոգին մնում էր մարմնի հետ երեք օր՝ հույս ունենալով, որ կյանքը դեռ հնարավոր էր։ Այնուամենայնիվ, չորրորդ օրը այդ հույսը կորավ գուցե այն պատճառով, որ մարմինը կսկսեր քայքայվել և «նեխել»։6

Մարիամը և Մարթան հուսահատված էին։ «Երբ Հիսուսը տեսավ, որ [Մարիամը] լաց է լինում, … հոգով խռովվեց և հուզվեց։

Եվ Հիսուսն ասաց. «Որտե՞ղ դրեցիք նրան»։ Նրան ասացին. «Տեր, արի ու տես»։7

Հենց այդ պահին մենք տեսնում ենք Փրկչի մահկանացու ծառայության ընթացքում կատարված մեծ հրաշքներից մեկը։ Նախ Տերն ասաց․ «Վերցրեք այդ քարը»։8 Ապա, Իր Հորը գոհություն հայտնելուց հետո «բարձրաձայն աղաղակեց. «Ղազարոս, դուրս եկ»։

Եվ մեռելը դուրս ելավ՝ ձեռքերն ու ոտքերը պատանով կապված և երեսը թաշկինակով պատված։ Հիսուսը նրանց ասաց. «Դրան արձակեք ու թողեք, որ քայլի»։9

Մարիամի և Մարթայի նման, մենք ևս հնարավորություն ունենք ապրելու ողջ մահկանացու կյանքը, զգալով նույնիսկ ցավ10 և թուլություն։11 Մեզանից յուրաքանչյուրը կզգա սրտի ցավ, որն առաջանում է սիրելիի կորստից։ Մեր մահկանացու ճամփորդությունը կարող է ներառել անձնական հիվանդություն կամ սիրելիի հյուծող հիվանդություն, դեպրեսիա, անհանգստություն կամ հոգեկան առողջության այլ խնդիրներ, ֆինանսական դժվարություններ, դավաճանություն, մեղք։ Եվ երբեմն դրանք ուղեկցվում են հուսահատության զգացումներով։ Ես ոչնչով չեմ տարբերվում։ Ձեզ նման, ես էլ ունեցել եմ անհամար մարտահրավերներ, որոնք ակնկալվում են այս կյանքում։ Ինձ գրավում է Փրկչի մասին այս պատմությունը և այն, ինչ այն ուսուցանում է ինձ՝ Նրա հետ մեր հարաբերությունների մասին։

Մեր ամենամեծ անհանգստությունների ժամանակ մենք, ինչպես Մարիամն ու Մարթան, փնտրում ենք Փրկչին կամ խնդրում Հորից Նրա աստվածային միջամտությունը։ Ղազարոսի պատմությունը մեզ սովորեցնում է սկզբունքներ, որոնք կարող են կիրառվել մեր սեփական կյանքում, երբ մենք դիմակայում ենք մեր անհատական մարտահրավերներին։

Երբ Փրկիչը հասավ Բեթանիա, բոլորը կորցրել էին հույսը, որ Ղազարոսը կարող է փրկվել. արդեն չորս օր էր, ինչ նա մահացել էր։ Երբեմն մեր սեփական մարտահրավերների ժամանակ մենք կարող ենք զգալ, որ Քրիստոսը շատ է ուշացել, և մեր հույսն ու հավատը կարող են նույնիսկ կասկածի տակ դրվել։ Իմ վկայությունն այն է, որ եթե մենք առաջ մղվենք առ Հիսուս Քրիստոս հավատքով, չորրորդ օրը միշտ կգա։ Նա միշտ կգա մեզ օգնության կամ մեր հույսերը կյանքի կոչելու։ Նա խոստացել է.

«Ձեր սրտերը թող չխռովվեն»։12

«Ես ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ»։13

Եվ երբեմն կարող է թվալ, որ Նա մեզ մոտ չի գալիս մինչև պայմանական չորրորդ օրը, երբ ողջ հույսը կորած է թվում։ Իսկ ինչո՞ւ այդքան ուշ։ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է․ «Մեր Երկնային Հայրը, ով բերկրանքի այնքան շատ պահեր է շնորհում մեզ, գիտի նաև, որ մենք սովորում ենք, աճում և դառնում ենք ուժեղ, երբ դիմակայում ենք և հաղթահարում փորձությունները, որոնցով պիտի անցնենք»։14

Նույնիսկ Մարգարե Ջոզեֆ Սմիթը բախվեց չորրորդ օրվա սարսափելի փորձառության։ Հիշո՞ւմ եք Նրա աղերսը։ «Ով Աստված, ո՞րտեղ ես դու։ Եվ ո՞րտեղ է տաղավարը, որ ծածկում է քո թաքնված տեղը»։15 Երբ մենք վստահում ենք Նրան, կարող ենք ակնկալել նման պատասխան․ «Որդիս [կամ դուստրս], խաղաղություն քո հոգուն. քո ձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ»։16

Մեկ այլ ուղերձ, որը մենք կարող ենք սովորել Ղազարոսի պատմությունից, այն է, թե ինչպիսին կարող է լինել մեր դերը աստվածային միջամտության մեջ, որը մենք փնտրում ենք։ Երբ Հիսուսը հասավ գերեզմանին, Նա առաջինը ասաց ներկաներին․ «Վերցրեք այդ քարը»։17 Այն զորությամբ, որ ուներ Փրկիչը, մի՞թե Նա չէր կարող հրաշքով քարը շարժել առանց ջանքերի։ Սա տեսնելը տպավորիչ և անմոռանալի փորձառություն կլիներ, սակայն Նա ասաց մյուսներին․ «Վերցրեք այդ քարը»։

Երկրորդը՝ Տերը «բարձրաձայն աղաղակեց. «Ղազարոս, դուրս եկ»։18 Ավելի տպավորիչ չէ՞ր լինի, եթե Տերն Ինքը հրաշքով Ղազարոսին բերեր մուտքի մոտ, որպեսզի նա անմիջապես տեսանելի լիներ ամբոխին, երբ քարը հանվեր։

Երրորդը՝ Ղազարոսը դուրս եկավ «ձեռքերն ու ոտքերը պատանով կապված և երեսը թաշկինակով պատված։ Հիսուսը նրանց ասաց. «Դրան արձակեք ու թողեք, որ քայլի»։19 Վստահ եմ, որ Տերը կարող էր Ղազարոսին կանգնեցնել մուտքի մոտ՝ արդեն մաքուր ու պատրաստ՝ թաղման պատանները գեղեցիկ ծալված։

Ո՞րն է այս ամենն ընդգծելու իմաստը։ Այս երեք քայլերից յուրաքանչյուրն ուներ ինչ-որ ընդհանրություն՝ ոչ մեկը չէր պահանջում օգտագործել Քրիստոսի աստվածային զորությունը։ Այն, ինչ կարող էին անել Իր աշակերտները, Նա հրահանգեց նրանց անել։ Աշակերտները, անշուշտ, կարող էին իրենք քարը շարժել. Ղազարոսը հարություն առնելուց հետո կարողություն ուներ կանգնել և մոտենալ քարանձավի մուտքին. և նրանք, ովքեր սիրում էին Ղազարոսին, կարող էին բացարձակապես օգնել նրան հանել թաղման պատանները։

Ինչևէ, միայն Քրիստոսն էր, որ զորություն և իշխանություն ուներ Ղազարոսին մեռելներից հարություն տալու։ Իմ տպավորությունն այն է, որ Փրկիչն ակնկալում է, որ մենք անենք այն ամենը, ինչ կարող ենք անել, և Նա կանի այն, ինչը միայն Նա կարող է անել։20

Մենք գիտենք, որ «[Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ] հավատքը գործելու սկզբունք է»21 և «հրաշքները հավատք չեն առաջացնում, այլ ամուր հավատքը զարգանում է Հիսուս Քրիստոսի ավետարանին հնազանդվելով։ Այլ կերպ ասած՝ հավատքը գալիս է արդար ապրելուց»։22 Երբ մենք ձգտում ենք արդար գործել՝ սուրբ ուխտեր կապելով և պահելով ու կիրառելով Քրիստոսի վարդապետությունը մեր կյանքում, մեր հավատքը ոչ միայն բավարար կլինի մեզ հասցնելու մինչև չորրորդ օրը, այլև Տիրոջ օգնությամբ մենք կկարողանանք շարժել քարերը, որոնք մեր ճանապարհին առաջացել են հուսահատությունից, և կազատվենք մեզ կապող ամեն ինչից։ Մինչ Տերն ակնկալում է, որ մենք «անենք ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է»,23 հիշեք, որ Նա կտրամադրի անհրաժեշտ օգնություն այս բոլոր բաներում, երբ մենք վստահենք Իրեն։

Մենք ինչպե՞ս կարող ենք հեռացնել քարերը և կառուցել Նրա վեմի վրա։24 Մենք կարող ենք հետևել մարգարեների խորհուրդներին։

Օրինակ՝ անցյալ հոկտեմբերին նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեզ դիմեց խնդրանքով, որ պատասխանատու լինենք Փրկչի և Նրա ավետարանի մասին մեր վկայության համար, աշխատենք դրա համար, զարգացնենք, որ այն աճի, սնուցենք այն ճշմարտությամբ և չաղտոտենք այն անհավատների կեղծ փիլիսոփայություններով։ Նա խոստացավ մեզանից յուրաքանչյուրին․ «Երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր վկայությունը շարունակեք ամրացնել և դարձնել ձեր առաջնահերթությունը, կտեսնեք, որ հրաշքներ են կատարվում ձեր կյանքում»։25

Մենք կարող ենք դա անել։

Մենք ինչպե՞ս կարող ենք փոխաբերական իմաստով բարձրանալ և դուրս գալ։ Մենք կարող ենք ուրախությամբ ապաշխարել և ընտրել հնազանդվել պատվիրաններին։ Տերն ասել է․ «Ով ունի իմ պատվիրանները և պահում է դրանք, նա է ինձ սիրում. ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից, ես էլ պիտի սիրեմ նրան և ինձ պիտի հայտնեմ նրան»։26 Մենք կարող ենք ամեն օր ձգտել ապաշխարել և ուրախությամբ առաջ շարժվել Տիրոջ հանդեպ սիրով լի պատրաստակամ սրտով։

Մենք կարող ենք դա անել։

Մենք ինչպե՞ս կարող ենք Տիրոջ օգնությամբ ազատվել այն ամենից, ինչը մեզ կապում է։ Մենք կարող ենք նպատակադրված կապել մեզ առաջին հերթին մեր Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ ուխտերի միջոցով։ Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնն ուսուցանել է․ «Ո՞րն է [մեր] բարոյական և հոգևոր ուժի աղբյուրը, և ինչպե՞ս ենք մենք ձեռք բերում այն։ Աղբյուրն Աստվածն է։ Այդ զորությունը ձեռք է բերվում Նրա հետ ուխտեր կապելով։ … Այդ աստվածային համաձայնություններում Աստված պարտավորվում է աջակցել, սրբագործել և վեհացնել մեզ՝ Իրեն ծառայելու և Իր պատվիրանները պահելու մեր հանձնառության դիմաց»։27 Մենք կարող ենք կապել և պահել սուրբ ուխտեր։

Մենք կարող ենք դա անել։

«Վերցրեք այդ քարը»։ «Դուրս եկ»։ «Դրան արձակեք ու թողեք, որ քայլի»։

Խորհուրդներ, պատվիրաններ և ուխտեր։ Մենք կարող ենք դա անել։

Երեց Հոլլանդը խոստացել է․ «Որոշ օրհնություններ շուտ են գալիս, մյուսները գալիս են ուշ, իսկ մի մասն էլ չի գալիս, քանի դեռ երկնքում չենք, բայց նրանց համար, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսի ավետարանը, դրանք գալիս են»։28

Եվ, ի վերջո, «Ուստի, ուրախ եղեք, և մի վախեցեք, քանզի ես՝ Տերս, ձեզ հետ եմ, և ես կանգնելու եմ ձեր կողքին»։29

Սա է իմ վկայությունը սուրբ անունով Նրա, ով միշտ կգա, նույնիսկ Հիսուս Քրիստոսը, ամեն։

Հղումներ

  1. Տես Հովհաննես 11․3։

  2. Հովհաննես 11․6-7։

  3. Հովհաննես 11.14։

  4. Հովհաննես 11.21, 32։

  5. Հովհաննես 11.39։

  6. «Հոգին, ըստ հրեական համոզմունքի, մահից հետո երեք օրերի ընթացքում մնում է մարմնի մոտակայքում։ Հետևաբար, մահացածի վերակենդանացումը չորրորդ օրը անհնար էր, քանի որ հոգին նորից չէր մտնի տեղափոխված մարմնի մեջ։ Հրաշքի ականատեսների համար առավել տպավորիչ էր այն, որ Հիսուսը հարություն տվեց Ղազարոսին չորրորդ օրը։ Այսպիսով, չորրորդ օրն այստեղ հատուկ նշանակություն ունի և միտումնավոր է շեշտվում պատմողի կողմից հարության բոլոր հնարավոր հրաշքներից մեծագույնի կողքին» (Ernst Haenchen, John 2: A Commentary on the Gospel of John, Chapters 7–21, ed. Robert W. Funk and Ulrich Busse, trans. Robert W. Funk [1984], 60–61):

  7. Հովհաննես 11.33-34։

  8. Հովհաննես 11.39։

  9. Հովհաննես 11․43–44։

  10. Տես Մովսես 4․22-25։

  11. Sես Եթեր 12.27:

  12. Հովհաննես 14․1։

  13. Հովհաննես 14.18։

  14. Թոմաս Ս. Մոնսոն, «Քեզ հետ կլինեմ. քեզ չեմ թողիլ եւ քեզ անտես չեմ անիլ», Լիահոնա, նոյ. 2013, 87։ Նախագահ Մոնսոնը բացատրել է․ «Մենք գիտենք, որ լինում են ժամանակներ, որ մենք կտանենք կսկծալի վիշտ, երբ մենք կսգանք և մենք կստուգվենք մինչև մեր սահմանները։ Այնուամենայնիվ, այդպիսի դժվարությունները թույլ են տալիս մեզ փոխվել դեպի լավը, վերակառուցել մեր կյանքը այն ձևով ինչպես մեր Երկնային Հայրն է ուսուցանում մեզ և դառնալ ինչ-որ ձևով տարբեր նրանից, ինչ մենք կանք, ավելի լավը, քան մենք եղել ենք, ավելի փոխըմբռնող, քան մենք էինք, ավելի ուժեղ վկայություններով, քան մենք ունեինք նախկինում» («Քեզ հետ կլինեմ. քեզ չեմ թողիլ եւ քեզ անտես չեմ անիլ», 87)։ Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 84․119. «Քանզի ես՝ Տերս, մեկնել եմ ձեռքս, որ գործի դնեմ երկնքի զորությունները. ներկայումս դուք չեք կարող տեսնել այն, բայց մի փոքր ևս, և դուք կտեսնեք ինձ, և կիմանաք, որ ես եմ, և որ ես կգամ»։

    Sես նաև Մոսիա 23.21-24։

    «Այնուամենայնիվ, Տերը հարմար է գտնում խրատել իր ժողովրդին. այո, նա փորձում է նրանց համբերությունն ու նրանց հավատքը:

    Սակայն ով որ իր վստահությունը դնում է նրա վրա, նույնը պիտի բարձրացվի վերջին օրը: Այո, և այսպես դա եղավ այս ժողովրդի հետ:

    Քանզի ահա, ես ցույց կտամ ձեզ, որ նրանք ճորտության բերվեցին, և ոչ մեկն ի զորու չեղավ նրանց ազատել, բացի Տիրոջից՝ իրենց Աստծուց, այո, հենց Աբրահամի և Իսահակի և Հակոբի Աստծուց:

    Եվ եղավ այնպես, որ նա ազատեց նրանց, և նա նրանց ցույց տվեց իր հզոր զորությունը, և նրանց ցնծությունը մեծ էր»։

  15. Վարդապետություն և Ուխտեր 121․1։

  16. Վարդապետություն և Ուխտեր 121․7։

  17. Հովհաննես 11.39։

  18. Հովհաննես 11.43։

  19. Հովհաննես 11.44։

  20. Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը նշել է․ «Հաճախ ես և իմ խորհրդականներն արցունքոտ աչքերով ականատես ենք եղել, թե Նա ինչպես է ծայրահեղ դժվարին հանգամանքներում միջամտել այն բանից հետո, երբ մենք հնարավոր ամեն բան արել էինք, և այլևս ոչինչ չէինք կարող անել։ Մենք իսկապես մնում ենք զարմացած» («Ողջույնի խոսք», Լիահոնա, մայիս 2021, 6)։

  21. Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Հավատք»։

  22. Սուրբ գրքերի ուղեցույց, «Հավատք», scriptures.ChurchofJesusChrist.org։

  23. Վարդապետություն և Ուխտեր 123․17։

  24. Տես 3 Նեփի 11.32-39։

  25. Ռասսել Մ․ Նելսոն, «Հաղթել աշխարհին և գտնել հանգստություն», Լիահոնա, նոյ. 2022, 97։

  26. Հովհաննես 14.21։

  27. Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ուխտերի զորությունը», Լիահոնա, մայիս 2009, 20։

  28. Jeffrey R. Holland, “An High Priest of Good Things to Come,” Liahona, Jan. 2000, 45.

  29. Վարդապետություն և Ուխտեր 68․6։