Գերագույն համաժողով
Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը. նույն աշխատանքի երկու կողմերը
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը. նույն աշխատանքի երկու կողմերը

Մեր Երկնային Հոր ծրագրի կիզակետը ընտանիքի միավորումն է՝ այս կյանքի և հավերժության համար:

Ես անչափ երախտապարտ եմ տաճարների շարունակական կառուցման համար այս «ժամանակների լրության տնտեսությունում» (Վարդապետություն և Ուխտեր 128.18): Վերականգնման վաղ օրերից սկսած՝ հավատարիմ Սրբերը շատ զոհաբերություններ են կատարել՝ տաճարային արարողություններ և ուխտեր ստանալու համար: Հետևելով նրանց հրաշալի օրինակին՝ Մեխիկոյից ճամփորդելու համար բազմաթիվ տնտեսական զոհաբերություններից հետո, ես և իմ սիրելի կինը՝ Էվելիան, մեր սիրելի ծնողների ուղեկցությամբ, 1975 թվականին կնքվեցինք որպես հավերժական ամուսին և կին Մեսայի (Արիզոնա) տաճարում: Այդ օրը, երբ Տիրոջ տանը մենք միավորված էինք քահանայության իշխանությամբ, մի ակնթարթ իսկապես զգացինք դրախտում:

Տաճարների աշխատանքը և նպատակը

Այդ փորձառությունն ինձ թույլ տվեց շատ ավելի լավ գնահատել, թե երեք տարվա քրտնաջան աշխատանքից և մեծ զոհաբերությունից հետո Կիրթլենդի Սրբերը (Օհայո) ինչպես վերջապես ավարտեցին իրենց գեղեցիկ տաճարը 1836 թվականի գարնանը՝ առաջինն այս տնտեսության մեջ: Նույն թվականի մարտին ավելի քան հազար մարդ հավաքվեց տաճարում և նրա մուտքի մոտ՝ նվիրագործման ծառայության համար: Մարգարե Ջոզեֆ Սմիթը ոտքի կանգնեց և ասաց նվիրագործման աղոթքը, որը նա ստացել էր հայտնությամբ (տես Վարդապետություն և Ուխտեր 109): Նա նկարագրեց շատ արտասովոր օրհնություններ, որոնք շնորհվում են նրանց, ովքեր արժանիորեն մտնում են Տիրոջ տաճարները: Այնուհետև երգչախումբը երգեց «Աստծո Հոգին» օրհներգը, և համայնքը կանգնեց և Ովսաննայի ձայնարկությունը կանչեց «այնպիսի [ուժով, որ] թվում էր, թե … տանիքը բարձրացնում է շենքից» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 307):

Մեկ շաբաթ անց մարգարեն նկարագրեց Տիրոջ հայտնությունը տաճարում, ով ասաց.

«Քանզի ահա, ես ընդունել եմ այս տունը, և իմ անունը պիտի լինի այստեղ. և ես ողորմությամբ կհայտնվեմ իմ ժողովրդին այս տանը:

Եվ այս տան համբավը պիտի տարածվի օտար երկրներում. և սա է սկիզբն այն օրհնության, որը պիտի թափվի իմ ժողովրդի գլխին» (Վարդապետություն և Ուխտեր 110.7, 10):

Այս և այլ տեսիլքներից հետո Եղիա մարգարեն, որը երկինք էր տարվել՝ առանց մահը ճաշակելու, հայտնվեց մարգարե Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին և ասաց.

«Ահա, ժամանակը լիովին մոտեցել է, որը խոսվել է Մաղաքիայի բերանով,– վկայելով, որ նա [Եղիա մարգարեն] կուղարկվի, նախքան Տիրոջ գալստյան մեծ և ահեղ օրը,

Հայրերի սրտերը դեպի զավակները դարձնելու համար, և զավակներինը՝ դեպի հայրերը, չլինի թե ողջ երկիրը զարկվի անեծքով․

Ուստի այս տնտեսության բանալիները ձեր ձեռքերում են. և դրանով դուք կարող եք իմանալ, որ Տիրոջ մեծ և սարսափելի օրը մոտ է, նույնիսկ դռների մոտ» (Վարդապետություն և Ուխտեր 110.14–16):

Տաճարը և ընտանեկան պատմությունը

Երբ Տերը վերականգնեց և Ջոզեֆ Սմիթին հանձնեց կնքման բանալիները, վարագույրի երկու կողմերում փրկության աշխատանքը սկսվեց մեր տնտեսության ժամանակ (տես Ա Կորնթացիս 15.22, 29, Վարդապետություն և Ուխտեր 128.8–18):

Նախագահ Բոյդ Կ. Փաքերն ուսուցանել է, որ «այս շատ կարևոր իրադարձությունն աննկատ մնաց աշխարհի կողմից, բայց այն կազդի յուրաքանչյուր հոգու ճակատագրի վրա, ով երբևէ ապրել է կամ կապրի: Իրադարձությունները սկսեցին դանդաղ առաջ ընթանալ: Եկեղեցին դարձավ տաճարաշեն եկեղեցի։

Աշխարհի տարբեր մասերում ինքնաբուխ կերպով առաջ եկան մարդիկ, կազմակերպություններ և միություններ, որոնք հետաքրքրված էին ծագումնաբանությունների որոնմամբ: Այս ամենը տեղի է ունեցել Կիրթլենդի տաճարում՝ Եղիայի հայտնվելուց հետո» (The Holy Temple [1980], 141):

«Այդ օրվանից՝ 1836 թվականի ապրիլի 3-ից, զավակների սրտերը սկսեցին դառնալ դեպի իրենց հայրերը: Դրանից հետո արարողությունները եղել են ոչ թե նախնական, այլ՝ մշտական: Կնքման իշխանությունը մեզ հետ էր: Ոչ մի լիազորություն չի գերազանցում դրան իր արժեքով: Այդ զորությունը ճշմարտացիության ապացույց և հավերժական մշտականություն է տալիս բոլոր արարողություններին, որոնք կատարվում են պատշաճ իշխանությամբ՝ թե՛ ողջերի, թե՛ մահացածների համար» (Preparing to Enter the Holy Temple [2002], 28):

Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, տաճարների կառուցումն ու պատշաճ օգտագործումը ցանկացած տնտեսության մեջ եղել է Հիսուս Քրիստոսի ճշմարիտ եկեղեցու նշանը: 1893 թվականին Սոլթ Լեյքի տաճարի նվիրագործումից հետո նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը խրախուսեց եկեղեցու անդամներին գտնել իրենց նախնիների գրանցումները և գրանցել իրենց ծագումնաբանությունը՝ գնալով որքան հնարավոր է հետ՝ անունները տաճար բերելու և փրկության ու վեհացման արարողությունները կատարելու համար (տես Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 174):

Ընտանեկան պատմություն և տաճարային աշխատանք. մեկ աշխատանք

Մեկ տարի անց (1894թ.), նույն նախագահ Վուդրուֆը վերահսկում էր Յուտայի Ծագումնաբանական ընկերության ստեղծումը: Հարյուր տարի անց, 1994 թվականին երեց Ռասսել Մ. Նելսոնը՝ այն ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամը, ասաց. «Այդ պատմական տարվա իրադարձությունները ընտանեկան պատմության հետազոտությունը և տաճարային ծառայությունը հաստատեցին որպես մեկ աշխատանք Եկեղեցում» («The Spirit of Elijah», Ensign, Nov. 1994, 85):

Ընտանեկան պատմության աշխատանք

Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, Տերը խրախուսում է մեզ՝ որպես Իր Եկեղեցու անդամների, պահպանել մեր սեփական ընտանեկան պատմությունը, սովորել մեր նախնիներից և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի նրանք ստանան ավետարանի արարողությունները տաճարներում, որը կօգնի նրանց առաջ ընթանալ ուխտի ճանապարհով և կօրհնի նրանց հավերժական ընտանիքով: Դա մեր Երկնային Հոր ծրագրի կիզակետն է՝ միավորել ընտանիքը այս կյանքի և հավերժության համար:

Ձեզանից նրանց, ովքեր համարում են, որ ունակ չեն այդ գործն անելու, ցանկանում եմ ասել, որ դուք միայնակ չեք: Մենք բոլորս կարող ենք դիմել այն գործիքներին, որոնք Եկեղեցին պատրաստել է, և որոնք գտնվում են FamilySearch կենտրոններում: Նախկինում դրանք կոչվում էին ընտանեկան պատմության կենտրոններ: FamilySearch-ի այս կենտրոնները նախագծվել են այնպես, որ գրեթե յուրաքանչյուր ոք, փոքր իսկ օգնության դեպքում, կարողանա գտնել իր նախնիների մասին տեղեկությունները և ճիշտ կազմակերպել դրանք, որպեսզի նրանք կարողանան տանել այն Տիրոջ տուն: Խնդրում ենք կապվել ձեր ծխի կամ ճյուղի ընտանեկան պատմության խորհրդատուների հետ, որոնք կառաջնորդեն ձեզ այդ ճանապարհի ամեն քայլափոխին:

Երբ մենք հետևում ենք մարգարեների առաջնորդությանը և սովորում ենք, թե ինչպես կատարել մեր ընտանեկան պատմությունն ու տաճարային արարողությունները մեր նախնիների համար, մենք այնքան մեծ ուրախություն կզգանք, որ չենք ցանկանա դադարեցնել այն: Հոգին կհեղեղի մեր սրտերը, կարթնացնի մեր կարողությունները դա անելու համար և կառաջնորդի մեզ, երբ որոնենք մեր նախնիների անունները: Բայց եկեք հիշենք, որ ընտանեկան պատմությունն ավելին է, քան պարզապես անուններ, ամսաթվեր և վայրեր փնտրելը: Այն միավորում է ընտանիքներին և օգնում է զգալ այն ուրախությունը, որը գալիս է ավետարանի արարողությունները կատարելուց:

Ինձ դուր է գալիս մեր սիրելի մարգարեի՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ոգեշնչված ուսմունքը տաճարի մասին. «Տաճարը գտնվում է մեր հավատքի և հոգևոր ամրության ամրացման կենտրոնում, քանի որ Փրկիչը և Նրա վարդապետությունը տաճարի հենց սիրտն են: Այն ամենը, ինչ սովորեցնում են տաճարում՝ ուսուցման և Հոգու միջոցով, մեծացնում է մեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի մասին: Նրա կարևոր արարողությունները մեզ կապում են Իր հետ՝ քահանայության սուրբ ուխտերի միջոցով։ Այնուհետև, երբ մենք պահում ենք մեր ուխտերը, Նա մեզ օժտում է Իր բժշկող և ամրացնող զորությամբ» («Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 93):

Անշուշտ, տաճարային աշխատանքը և ընտանեկան պատմությունը միևնույն աշխատանքն են Եկեղեցում:

Ես վկայում եմ այս ճշմարտությունների մասին: Ես գիտեմ, որ սա Տեր Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչի և Քավիչի Եկեղեցին է, որին մենք հիշում և խորապես մեծարում ենք այս Զատկի տոներին: Ես գիտեմ, որ Նա սիրում է մեզ, և երբ մենք պահում ենք մեր ուխտերը և մեր վստահությունը դնում Նրա վրա, Նա մեզ օժտում է Իր բժշկող և ամրացնող զորությամբ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։