Գերագույն համաժողով
Ապահով հավաքվել Տան հարկի տակ
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Ապահով հավաքվել Տան հարկի տակ

Մենք գտնվում ենք եզակի դիրքում, որպեսզի ինչպես երբեք նախկինում, Հոր ծրագրի համաձայն Իսրայելը հավաքենք վարագույրի երկու կողմերում։

Նախագահ Ռասել Մ. Նելսոնը՝ մեր սիրելի մարգարեն, մեծապես կարևորել է մեր եզակի պատասխանատվությունը՝ օգնելու հավաքել ցրված Իսրայելը և պատրաստելու աշխարհը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:1 Մեր հոգիների Հայրը ցանկանում է, որ Իր զավակները ապահով հավաքվեն տան հարկի տակ:

Ապահով կերպով Իր զավակներին երկնային տուն հավաքելու մեր Երկնային Հոր ծրագիրը հիմնված չէ աշխարհիկ հաջողության, տնտեսական կարգավիճակի, կրթության, ռասայի կամ սեռի վրա: Հոր ծրագիրը հիմնված է արդարության, Նրա պատվիրանները պահելու, սուրբ արարողությունները ստանալու և մեր կապած ուխտերը հարգելու վրա:2

Աստվածային ներշնչված վարդապետությունը, որ մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք և «բոլորը նույնն են Աստծո համար», ընկած է հավաքման այս մեծ աշխատանքի հիմքում: Այս վարդապետությունը համապատասխանում է նրանց, ովքեր շատ են ցանկանում, որ տարբեր տնտեսական և ռասայական կարգավիճակ ունեցող ժողովուրդներն ավելի լավ կյանք ունենան: Մենք ողջունում ենք և միանում նման ջանքերին։ Ավելին, մենք ցանկանում ենք, որ Աստծո բոլոր զավակները գան Նրա մոտ և ստանան հավերժական օրհնությունները, որոնք Նա առաջարկում է Իր ավետարանի միջոցով:3 Վարդապետության և Ուխտերի նախաբանում Տերը հայտարարում է. «Ականջ դրեք, դո՛ւք, ժողովուրդնե՛ր հեռվի, և դո՛ւք, որ կղզիներում եք ծովի, լսեցեք միասին»։4

Ինձ դուր է գալիս, որ Վարդապետություն և Ուխտերի առաջին հատվածը ներառում է այն մարդկանց, որոնք գտնվում են «կղզիներում ծովի»: Ինձ երեք անգամ հատուկ կանչել են ծառայելու և ապրելու ծովի կղզիներում: Ես սկզբում ծառայել եմ որպես երիտասարդ միսիոներ Բրիտանական կղզիներում, երկրորդ անգամ՝ որպես նոր Բարձրագույն Իշխանություն Ֆիլիպինյան կղզիներում, իսկ հետո՝ որպես Տարածաշրջանի նախագահ Խաղաղօվկիանոսյան կղզիներում, որը ներառում է Պոլինեզյան կղզիները։

Այս երեք տարածքներում էլ հավատացյալները հաջողությամբ հավաքվել են Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանում: Միսիոներներն առաջին անգամ ժամանել են Բրիտանական կղզիներ 1837 թվականին։ Դա տեղի ունեցավ Ջոզեֆ Սմիթի կողմից Կիրթլենդի տաճարի նվիրագործումից մեկ տարի անց, որտեղ Մովսեսը հանձնեց «մեզ աշխարհի չորս մասերից Իսրայելը հավաքելու և հյուսիսային երկրից տասը ցեղերին առաջնորդելու բանալիները»։5 Բրիտանական կղզիներում առաջին հաջողությունները պատմական էին։ Մինչև 1851 թվականը Եկեղեցու անդամների կեսից ավելին մկրտված նորադարձներ էին, որոնք ապրում էին Բրիտանական կղզիներում:6

1961 թվականին երեց Գորդոն Բ. Հինքլին այցելեց և Ֆիլիպինյան կղզիներում մեկնարկեց լիաժամկետ միսիոներական աշխատանքը։ Այդ ժամանակ կար ֆիլիպինցի միայն մեկ Մելքիսեդեկյան քահանայություն կրող: Զարմանալի է, որ այսօր Ֆիլիպինյան կղզիներում կա Եկեղեցու ավելի քան 850000 անդամ: Ես հիանում եմ ֆիլիպինցիներով. նրանք ամուր և կայուն սեր են տածում Փրկչի հանդեպ:

Թերևս ավելի քիչ հայտնի են շարունակական միսիոներական ջանքերը Պոլինեզյան կղզիներում: Այն սկսվել է 1844 թվականին, երբ Ադիսոն Պրատը ժամանեց այժմյան Ֆրանսիական Պոլինեզիա:7 Շատ պոլինեզացիներ արդեն հավատում էին հավերժական ընտանիքներին և ընդունում էին Հիսուս Քրիստոսին որպես իրենց Փրկիչ: Այսօր Պոլինեզյան կղզիներում ապրող պոլինեզացիների գրեթե 25 տոկոսը Եկեղեցու անդամներ են:8

Մի անգամ հեռավոր Թաիթի կղզում ես լսում էի 17-ամյա մի աղջկա, որը յոթերորդ սերնդի անդամ էր: Նա հարգանքի տուրք մատուցեց իր նախնիներին, որոնք դարձի էին եկել 1845 թվականին Տուբուայում՝ Եկեղեցու վաղ անդամների՝ Սոլթ Լեյքի հովիտ ժամանելուց երկու տարի առաջ:9

Մեր վարդապետությունը հստակ նշում է, որ կգա մի ժամանակ, երբ բոլոր մարդիկ կընդունեն և կարձագանքեն ավետարանի ուղերձին: Այս օրինակները շատ ավելի մեծ պատկերի մի մասն են միայն: Նախագահ Նելսոնը շարունակաբար ընդգծել է, որ «Իսրայելի հավաքումն այսօր Երկրի վրա գոյություն ունեցող մեծագույն մարտահրավերը, մեծագույն նպատակը և մեծագույն աշխատանքն է»:10

Մինչև Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Վերականգնումը, ներառյալ Մորմոնի Գրքի ի հայտ գալը և Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնությունն ու քահանայության բանալիները, Իսրայելի հավաքման ըմբռնումը հատվածական և սահմանափակ էր:11

«Իսրայել» տարբերակիչ անունը Հակոբին տրված կոչումն էր։12 Այն Իսահակի և Հակոբի միջոցով ներկայացնում էր Աբրահամի սերունդը: Հայր Աբրահամին տրված առաջին խոստումն ու ուխտը տրված է Աբրահամ 2.9–10 հատվածներում, որտեղ մասամբ ասվում է.

«Եվ ես քեզանից մեծ ազգ կշինեմ․․․

Եվ ես կօրհնեմ [բոլոր ազգերին] քո անվան միջոցով. քանի որ, բոլոր նրանք, ովքեր կընդունեն այս Ավետարանը, կկոչվեն քո անունով, և կհամարվեն քո սերունդը, և վեր կկենան ու կօրհնեն քեզ, որպես իրենց հայր»։

Նախաերկրային գոյության երկնային խորհրդի ժամանակ փրկության ծրագիրը քննարկվեց և հաստատվեց: Այն ներառում էր քահանայության որոշ օրենքներ և արարողություններ, որոնք հաստատվել էին աշխարհի հիմնադրումից առաջ և հիմնված էին այդ հավաքի վրա:13 Այն ներառում էր նաև ազատ կամքի գերակայող սկզբունքը:

Մի քանի դար շարունակ հզոր ժողովուրդ լինելուց հետո, այդ թվում՝ Սավուղի, Դավթի և Սողոմոնի թագավորությունները, Իսրայելը բաժանվեց։ Հուդայի ցեղը և Բենիամինի ցեղի մի մասը դարձան Հուդայի թագավորություն։ Մնացած տասը ցեղերը ստեղծեցին Իսրայելի թագավորությունը:14 200 տարվա առանձին գոյությունից հետո Իսրայելի առաջին ցրումը տեղի ունեցավ Ք․ա․ 721 թվականին, երբ Իսրայելի տասը ցեղերը գերի տարվեցին Ասորեստանի թագավորի կողմից:15 Հետագայում նրանք գնացին հյուսիսային երկրներ։16

Ք.ա. 600 թվականին Մորմոնի Գրքի սկզբում Հայր Լեքին իսրայելացիների մի գաղութ առաջնորդեց դեպի Ամերիկա մայրցամաք: Լեքին հասկացավ Իսրայելի ցրումը, որի մեջ նա իր դերն ունեցավ։ Նեփին մեջբերում է Լեքիի խոսքերը, որ Իսրայելի տունը «կարելի է նմանեցնել ձիթենու, որի ճյուղերը կկտրվեն և կցրվեն ողջ երկրի երեսով»։17

Այսպես կոչված Նոր աշխարհում նեփիացիների և լամանացիների պատմությունը, ինչպես նկարագրված է Մորմոնի Գրքում, ավարտվում է մոտավորապես Ք․հ․ 400 թվականին: Հայր Լեքիի հետնորդները սփռված էին ամբողջ Ամերիկայում:18

Սա հստակ նկարագրված է Մորմոնի կողմից 3 Նեփի 5.20-ում, որտեղ ասվում է. «Ես Մորմոնն եմ՝ Լեքիի մի զտարյուն հետնորդ։ Ես հիմք ունեմ օրհնելու իմ Աստծուն և իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ նա դուրս բերեց մեր հայրերին Երուսաղեմի հողից»։19

Ակնհայտ է, որ Իսրայելի ժամանակագրական պատմության գագաթնակետը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդն է, պատգամը, ծառայությունը և առաքելությունը:20

Փրկչի հավերժություն-կերտող մահից և Հարությունից հետո Հուդայի երկրորդ հայտնի ցրումը տեղի ունեցավ Ք․հ․ 70-135 թվականների միջև, երբ հռոմեական ճնշումների և հալածանքների պատճառով հրեաները ցրվեցին այն ժամանակվա հայտնի աշխարհով մեկ:

Նախագահ Նելսոնն ուսուցանել է. «Մորմոնի Գրքի ի հայտ գալը մի նշան է, որ Տերը սկսել է հավաքել ուխտի զավակներին»:21 Այսպիսով, Մորմոնի Գիրքը, որը թարգմանվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից՝ Աստծո պարգևի և զորության միջոցով, ուղղված է Լեքիի հետնորդներին, ցրված Իսրայելին և հեթանոսներին, որոնք որդեգրված են Իսրայելի ցեղերի կողմից: 1 Նեփի 22 գլխի վերնագրում ասվում է. «Իսրայելը կցրվի ողջ երկրի երեսով․ Հեթանոսներն ավետարանով կկերակրեն ու կսնուցեն Իսրայելին վերջին օրերում»: Մորմոնի Գրքի տիտղոսաթերթում ասվում է, որ այդ գրքի նպատակներից մեկն է «համոզել հրեային և հեթանոսին, որ Հիսուսը Քրիստոսն է»: Վերականգնման և Մորմոնի Գրքի ի հայտ գալուց հետո Իսրայելը հավաքելու հասկացությունը մեծապես ընդլայնվել է:22

Նրանք, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսի ավետարանը՝ անկախ ծագումից, դառնում են հավաքված Իսրայելի մի մասը:23 Այդ հավաքը և կառուցված ու հայտարարված բազմաթիվ տաճարները մեզ դնում են եզակի դիրքում, որպեսզի ինչպես երբեք նախկինում, Հոր ծրագրի համաձայն հավաքենք Իսրայելը վարագույրի երկու կողմերում։

Նախագահ Սպենսեր Վ․Քիմբալը, խոսելով Իսրայելի բառացի հավաքի մասին, ասել է․ «Մեր օրերում Իսրայելի հավաքումը բաղկացած է ճշմարիտ եկեղեցուն միանալուց և ճշմարիտ Աստծուն ճանաչելուց։ Ուստի ցանկացած մարդ, ով ընդունել է վերականգնված ավետարանը և ով այժմ ձգտում է երկրպագել Տիրոջը իր մայրենի լեզվով և Սրբերի հետ այն երկրներում, որտեղ նա ապրում է, ենթարկվել է Իսրայելի ժողովման օրենքին և ժառանգորդն է այս վերջին օրերում Սրբերին խոստացված բոլոր օրհնությունների»։24

«Իսրայելի հավաքումն այժմ ներառում է դարձի գալը»։25

Հստակ հասկանալով այդ ամենը, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները մեծ արտոնություն ունեն սիրելու, կիսվելու, հրավիրելու և օգնելու հավաքել Իսրայելը, որպեսզի ստանան Տիրոջ ուխտի օրհնությունների լրիվությունը: Դա ներառում է աֆրիկացիներին և եվրոպացիներին, հարավային և հյուսիսային ամերիկացիներին, ասիացիներին, ավստրալացիներին և ծովի կղզիներում գտնվողներին: «Քանզի Տիրոջ ձայնը գնում է բոլոր ժողովուրդներին»։26 «Այս հավաքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ արդարները հավաքվեն աշխարհի ազգերի Սրբերի ժողովում»:27

Ոչ ոք ավելի անմիջականորեն չի խոսել հավաքի մասին, որքան նախագահ Ռասսել Մ. Նելսոնը. «Ամեն անգամ, երբ դուք անում եք ինչ-որ բան, որն օգնում է վարագույրի երկու կողմերում գտնվող որևէ մեկին քայլ կատարել՝ Աստծո հետ ուխտեր կապելու և մկրտություն ու տաճարային արարողությունները ստանալու ուղղությամբ, դուք օգնում եք Իսրայելի հավաքմանը։ Դա շատ պարզ է»:28

Ինչի՞ է հասել այսօր Եկեղեցին։ 1960 թվականին՝ միսիայում ծառայելուց ի վեր, այս 62 տարիների ընթացքում մարգարեի կանչով ծառայող լիաժամկետ միսիոներների թիվը 7683-ից հասել է 62544-ի: Միսիաների թիվը 58-ից հասել է 411-ի։ Անդամների թիվը շուրջ 1 700 000-ից հասել է մոտավորապես 17 000 000-ի:

COVID-19 համավարակը ժամանակավորապես ազդեց ավետարանով կիսվելու մեր որոշ հնարավորությունների վրա: Այն նաև նոր տեխնոլոգիաների կիրառման փորձառություն տվեց, ինչը մեծապես կխթանի հավաքը։ Մենք երախտապարտ ենք, որ անդամներն ու միսիոներները այժմ մեծացնում են ջանքերը՝ հավաքելու ցրված Իսրայելը: Աճը շարունակվում է ամենուր, հատկապես՝ Հարավային Ամերիկայում և Աֆրիկայում: Մենք նաև շնորհակալ ենք, որ շատերն ամբողջ աշխարհում արձագանքել են նախագահ Նելսոնի հզոր հրավերին՝ ընդլայնելով միսիոներական ծառայության շարքերը: Այնուամենայնիվ, սիրելու, կիսվելու և հրավիրելու մեր հանձնառությունը կարող է ավելի մեծանալ:

Այս միսիոներական ջանքերի էական դերն այն է, որ առանձին անդամներ դառնում են փարոսի օրինակ29, որտեղ էլ որ ապրեն:30 Մենք չենք կարող թաքնված ապրել։ Բոլոր ժողովուրդների հանդեպ՝ բարության, արդարության, երջանկության և անկեղծ սիրո մեր քրիստոսանման օրինակը, կարող է ոչ միայն առաջնորդող փարոս լինել նրանց համար, այլ նաև թույլ կտա հասկանալ, որ գոյություն ունի ապահով մի նավահանգիստ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի փրկության և վեհացման արարողություններում։

Խնդրում եմ, հասկացեք, որ Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելիս ստանում եք ուշագրավ օրհնություններ: Սուրբ գրությունները խոսում են ուրախության և խաղաղության, մեղքերի ներման, գայթակղություններից պաշտպանության և Աստծո պահպանող զորության մասին:31 Նայելով այս մահկանացու կյանքից այն կողմ՝ մենք պատրաստ կլինենք ավետարանով կիսվելու «նրանց հետ, ովքեր խավարում են և մեղքի գերության տակ՝ մահացածների հոգիների մեծ աշխարհում»:32

Ես հատկապես աղոթում եմ, որ յուրաքանչյուր երեխա, երիտասարդ տղամարդ, երիտասարդ կին, ընտանիք և քվորում, Սփոփող միություն և դասարան վերանայի, թե ինչպես են իրենք անհատապես և միասին ընդունում Իսրայելի հավաքման այն մեծ խորհուրդը, որը տրվել է Տիրոջ և մեր սիրելի մարգարեի կողմից:

Մենք հարգում ենք ազատ կամքը: Այս նյութական աշխարհում շատերը չեն արձագանքի և չեն մասնակցի Իսրայելի հավաքին: Բայց շատերը կմասնակցեն, և Տերն ակնկալում է, որ նրանք, ովքեր ստացել են Իր ավետարանը, շտապ ձգտեն փարոսի օրինակ ծառայել՝ օգնելով մյուսներին գալ դեպի Աստված: Սա թույլ է տալիս ամբողջ աշխարհի մեր եղբայրներին և քույրերին վայելել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի գերագույն օրհնություններն ու արարողությունները և ապահով հավաքվել Տան հարկի տակ:

Ես բերում եմ իմ հաստատուն և անսասան առաքելական վկայությունը՝ Հիսուս Քրիստոսի աստվածության և մեր Երկնային Հոր ծրագրի մասին։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ռասսել Մ․ Նելսոն, «Ողջույնի խոսք», Լիահոնա, մայիս 2021, 7։

  2. Տես Վարդապետություն և Ուխտեր 20․37։

  3. Տես 2 Նեփի 26․33:

  4. Վարդապետություն և Ուխտեր 1․1։ Վարդապետություն և Ուխտեր 1.4-ում Տերը շարունակում է. «Եվ նախազգուշացնող ձայնը պիտի գնա բոլոր ժողովուրդներին, իմ աշակերտների բերանով, որոնց ես ընտրել եմ այս վերջին օրերին»:

  5. Վարդապետություն և Ուխտեր 110․11։

  6. 1851 թվականին Եկեղեցու ընդհանուր անդամների թիվը հասնում էր 52 165: Ըստ Եկեղեցու գրանցումների և «1851 թվականի կրոնի մարդահամարի»՝ Անգլիայում և Ուելսում կային ավելի քան 28 000 անդամներ այդ տարածքներում (see Robert L. Lively Jr., “Some Sociological Reflections on the Nineteenth-Century British Mission,” in Mormons in Early Victorian Britain, ed․ Richard L. Jensen and Malcolm R. Thorp [1989], 19–20)։

  7. Տես Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հ. 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846 (2018), 494–95, 514–15, 573։

  8. Տոնգա՝ 45 տոկոս, Սամոա՝ 31 տոկոս, Ամերիկյան Սամոա՝ 22,5 տոկոս և Ֆրանսիական Պոլինեզիա՝ 7 տոկոս։

  9. Տես Սրբեր, 573–74։

  10. Ռասսել Մ․ Նելսոն, «Իսրայելի հույսը» (երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018), HopeofIsrael.ChurchofJesusChrist.org։

  11. Այս եզակի և հզոր վարդապետությունը պարունակում է Մորմոնի Գրքում և կարճ Հավատո տասներորդ հանգանակում, որը սկսվում է. «Մենք բառացիորեն հավատում ենք Իսրայելի Տան հավաքմանը և նրա Տաս Ցեղերի վերականգնմանը» (see James E. Talmage, The Articles of Faith, 12th ed. [1924], 314–44)։

  12. Ինչպես գրված է Ծննդոց 32.28 հատվածում․ «Քո անունն այլևս թող Հակոբ չասվի, այլ Իսրայել, որովհետև դու մարտնչեցիր Աստծու հետ ու մարդկանց հետ և հաղթեցիր»։

  13. Տես Joseph Smith, in “History, 1838–1856, volume D-1,” 1572, josephsmithpapers.org; տես նաև Joseph Smith, “Discourse, 11 June 1843–A, as Reported by Wilford Woodruff,” [42–43], josephsmithpapers.org; Joseph Smith, “Discourse, 11 June 1843–A, as Reported by Willard Richards,” [241], josephsmithpapers.org:

  14. Տես Bible Dictionary, “Israel, Kingdom of”; James E. Talmage, The Articles of Faith, 315: Ռոբովամը և նրա հպատակները հայտնի էին որպես Հուդայի թագավորություն և գտնվում էին ժամանակակից Իսրայելի հարավային մասում։

  15. Տես Դ Թագավորաց 17․23:

  16. Տես Վարդապետություն և Ուխտեր 133․26, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 110․11։

  17. 1 Նեփի 10․12։ Ավելի ուշ Ամոնն ասել է․ «Օրհնված է անունն իմ Աստծո, որը հիշում է այս ժողովրդին, որը Իսրայելի ծառի մի ճյուղն է և կորել է նրա մարմնից մի օտար երկրում» (Ալմա 26․36

  18. Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը, խոսելով լամանացիների Իսրայելի մասին, ուսուցանել է, որ Սիոնը ամբողջ Ամերիկան է: Նա ասել է. «Մենք Իսրայելում ենք և հավաքվում ենք» (The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982], 439)։

  19. Պատճառներից մեկը, որ հայր Լեքիին հանձնարարվեց վերցնել իր ընտանիքը և մեկնել անապատ, այն էր, որ Երուսաղեմը կործանվելու էր (տես 1 Նեփի 2)։ Սողոմոնի տաճարի կործանումը, Երուսաղեմի անկումը և Հուդայի ցեղի գերևարումը տեղի ունեցավ Ք.ծ.ա. մոտ 586 թվականին:

    «Իսրայելը նվաճվեց մոտ Ք․ա․ 720 թվականին, և նրա 10 ցեղերը գերի տարվեցին … [Երուսաղեմում] Սողոմոնի տաճարը ենթարկվեց մի քանի հարձակումների օտար տերությունների կողմից, մինչև վերջապես Ք․ա․ 586 թվականին ամբողջովին կործանվեց Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի բանակի կողմից» (David B. Green, “The History of the Jewish Temple in Jerusalem,” Haaretz, Aug. 11, 2014, haaretz.com/jewish/.premium-history-of-the-temple-in-jerusalem-1.5256337)։ Տես նաև Դ Թագավորաց 25․8-9։

  20. Տես Թադ Ռ. Քալիսթեր, Անսահման քավությունը (2000)։

  21. Ռասսել Մ. Նելսոն, «Ուխտի զավակները», Ensign, մայիս 1995, 33, տես նաև «Ուխտեր», Liahona, նոյեմբեր. 2011, 88։

  22. Տես Ռասսել Մ. Նելսոն, Ռ. Սքոթ Լլոյդում, «Սեմինար միսիաների նոր նախագահների համար. ‘Swift Messengers’ to Scattered Israel,” Church News, July 13, 2013, thechurchnews.com։ Նախագահ Նելսոնը հայտարարել է, որ հավաքը «ֆիզիկական տեղակայման խնդիր չէ, դա անձնական պարտավորվածության խնդիր է: Մարդիկ «կբերվեն Տիրոջ՝ իրենց Աստծո իմացությանը» [3 Նեփի 20.13] առանց հեռանալու իրենց հայրենի երկրից» («Ցրված Իսրայելի հավաքումը», Լիահոնա, նոյ. 2006, 81): Տես նաև 3 Նեփի 21․1-7։

  23. Մեր վարդապետությունը պարզ է. «Իրենց անարդարակեցության և ըմբոստության պատճառով Տերը ցրեց Իսրայելի տասներկու ցեղերին։ Սակայն, Իր ընտրյալ ժողովրդի այս ցրումն աշխարհի ազգերի մեջ Տերն օգտագործեց նաև այդ ազգերին օրհնելու համար»: Տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Իսրայել՝ Իսրայելի ցրումը», scriptures.ChurchofJesusChrist.org:

  24. Spencer W. Kimball, The Teachings of Spencer W. Kimball, 439.

  25. Վերնագրի ամփոփումը՝ Spencer W. Kimball, The Teachings of Spencer W. Kimball գրքում, 438։ Տես նաև «Բոլորը նման են Աստծուն», խմբ. E. Dale LeBaron (1990), 23 դարձի պատմությունների ժողովածու՝ աֆրիկացի սևամորթ Վերջին Օրերի Սրբերի կողմից: Քույր Ջուլիա Ն. Մավիմբելան ասաց, որ մինչ Եկեղեցուն միանալը և Իսրայել բառի մասին իմանալը, նա գիրքը մի կողմ էր նետում և ասում. «Սպիտակամորթների համար է: Այն մեզ համար չէ։ Մենք ընտրված չենք»։ Այսօր ես գիտեմ, որ ես պատկանում եմ թագավորական ընտանիքին, եթե արդար ապրեմ: Ես իսրայելացի եմ, և երբ կատարում էի իմ արարողությունները տաճարում, ես ունեցա այն զգացումը, որ մենք բոլորս երկրի վրա մեկ ընտանիք ենք» («Բոլորը նման են Աստծուն», 151):

  26. Վարդապետություն և Ուխտեր 1․2։

  27. Spencer W. Kimball, The Teachings of Spencer W. Kimball, 438.

  28. Ռասսել Մ․ Նելսոն, «Իսրայելի հույսը»։

  29. Պողոս Առաքյալն ասաց իր երիտասարդ ընկերոջը՝ Տիմոթեոսին, որ «օրինակ լինի հավատացյալներին» (Ա Տիմոթեոս 4․12):

  30. Տես 3 Նեփի 18․24։

  31. Տես Մոսիա 18․8–13, 3 Նեփի 18․25, Վարդապետություն և Ուխտեր 18․10–16, 31․5, 62․3։

  32. Վարդապետություն և Ուխտեր 138․57։