Գերագույն համաժողով
Նա կարո՛ղ է բժշկել ինձ
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Նա կարո՛ղ է բժշկել ինձ

Փրկչի բժշկող և քավիչ զորությունը կարելի է կիրառել պատահական սխալների, վատ որոշումների, մարտահրավերների և ամեն տեսակի փորձությունների, ինչպես նաև՝ մեր մեղքերի ժամանակ:

Մորոնին խոստանում է, որ եթե մենք կարդանք Մորմոնի Գիրքը, իսկ հետո հարցնեք Աստծուն՝ Երկնային Հորը, մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ:1 Միլիոնավոր մարդիկ կիրառել են այս խոստումը և հավաստիացնող վկայություն են ստացել Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության Վերականգնման մասին:

Մորոնին հորդորում է մեզ, որ երբ մենք կարդանք Մորմոնի Գիրքը, «հիշենք, թե որքան ողորմած է եղել Տերը մարդկանց զավակների հանդեպ Ադամի ստեղծումից ի վեր մինչև [այս] ժամանակը, … և [խորհենք] դրա մասին [մեր] սրտերում»:2 Մորմոնի Գրքի պատմություններն ու ուսմունքները մեզ հիշեցնում և վկայում են Փրկչի սիրո, կարեկցանքի և ողորմածության մասին:

Հայրս մահացավ 2013 թվականի ապրիլին։ Երբ պատրաստվում էի ելույթ ունենալ նրա հուղարկավորության ժամանակ, ես հասկացա, թե որքան օրհնված էի, որ գիտեի և սիրում էի նրա սիրելի հատվածները: Նա կիսվում էր դրանցով ընտանեկան հավաքույթների ժամանակ, և կարդում էր դրանք ինձ հետ, երբ ես կարիք ունեի խորհրդի, առաջնորդության կամ իմ հավատքի զորացման: Ես լսում էի դրանք, երբ նա կիսվում էր դրանցով ելույթների և հանձնարարությունների ժամանակ: Ես ոչ միայն գիտեի դրանք, այլև դեռ հիշում եմ նրա ձայնը և այն հոգևոր զգացմունքները, որոնք ես ունեցել եմ, երբ նա կիսվում էր դրանցով: Սուրբ գրություններով և զգացմունքներով կիսվելու միջոցով հայրս օգնեց ինձ հաստատել հավատքի ամուր հիմք առ Տեր Հիսուս Քրիստոսը:

Հայրս հատկապես սիրում էր Նեփիի ժողովրդին կատարած Փրկչի այցելության մասին պատմությունը:3 Այդ սուրբ պատմությունը հարություն առած և վեհացած Տեր Հիսուս Քրիստոսի մասին է: Նա խմել էր դառը բաժակից և կրել ամեն տեսակի չարչարանքներ, որպեսզի մենք չտառապենք, եթե ապաշխարենք:4 Նա այցելել էր հոգիների աշխարհ և այնտեղ կազմակերպել ավետարանի քարոզչությունը:5 Նա հարություն էր առել մեռելներից և եղել էր Հոր հետ ու ստացել պատվիրաններ՝ նեփիացիների հետ կիսվելու սուրբ գրություններով, որոնք կօրհնեն ապագա սերունդներին:6 Նա վեհացավ և ուներ Իր ողջ հավերժական զորությունն ու կարողությունը: Մենք կարող ենք սովորել Նրա ուսմունքների յուրաքանչյուր մանրուքից:

3 Նեփի 11-ում մենք կարդում ենք, թե Փրկիչն ինչպես իջավ երկնքից՝ ուսուցանելու նեփիացիներին, որ Ինքը Հիսուս Քրիստոսն է, ում մասին մարգարեները վկայել էին, որ աշխարհ կգա: Նա հայտարարեց, որ Ինքն է Աշխարհի Լույսը, և փառավորել է Հորը՝ իր վրա վերցնելով աշխարհի մեղքերը: Նա հրավիրեց մարդկանց առաջ գալ, իրենց ձեռքերը մտցնել Իր կողի մեջ և շոշափել բևեռների նշանները Իր ձեռքերի ու ոտքերի վրա: Նա ցանկանում էր, որ նրանք իմանային՝ Ինքն էր Իսրայելի Աստվածը, ով սպանվեց աշխարհի մեղքերի համար: Մարդիկ ուրախությամբ արձագանքեցին՝ մեկ առ մեկ առաջ գնալով, մինչև որ բոլորը տեսան և զգացին, որ այդ Նա էր, ում մասին մարգարեները գրել էին, որ պիտի գար:7

Հիսուսը նեփիացիներին ուսուցանեց ապաշխարության, փոքր երեխա դառնալու և Իր իշխանությունն ունեցողի կողմից մկրտվելու անհրաժեշտության մասին: Այնուհետև նա ուսուցանեց այն վարդապետություններից շատերը, որոնք մենք ուսումնասիրում ենք այս տարի Նոր Կտակարանում:

3 Նեփի 17 գլխում մենք կարդում ենք, որ Հիսուսն ասաց մարդկանց, որ ժամանակն է, որ Ինքը գնա Հոր մոտ, ու նաև ցույց տա Իրեն Իսրայելի կորսված ցեղերին:8 Երբ Նա կրկին աչք ածեց շուրջբոլորը՝ բազմության վրա, Նա նկատեց, և տեսավ՝ նրանք արտասվում էին, և սևեռուն նայում էին Իրեն, կարծես կամենում էին խնդրել Իրեն՝ մի քիչ էլ մնալ իրենց հետ:9

Նեփիացիներին տված Փրկչի պատասխանը և՛ հուզիչ էր, և՛ ուսանելի: Նա ասաց. «Ահա, իմ սիրտը լցված է կարեկցանքով հանդեպ ձեզ»:10

Ես հավատում եմ, որ Նրա կարեկցանքը շատ ավելին էր, քան արձագանքը մարդկանց արցունքներին: Թվում է, թե Նա կարողանում էր նրանց տեսնել Իր քավիչ զոհաբերության աչքերով: Նա տեսավ նրանց ամեն մի ցավը, տառապանքն ու գայթակղությունը: Նա տեսավ նրանց հիվանդությունները: Նա տեսավ նրանց թուլությունները, և Գեթսեմանիում ու Գողգոթայում Իր տանջալից տառապանքից գիտեր, թե ինչպես սատարել նրանց՝ ըստ նրանց թուլությունների:11

Նմանապես, երբ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը նայում է մեզ, Նա տեսնում և հասկանում է մեր մեղքերի ցավն ու բեռը: Նա տեսնում է մեր կախվածություններն ու մարտահրավերները: Նա տեսնում է մեր բոլոր մաքառումներն ու տառապանքները, և Նա լցված է մեր հանդեպ կարեկցանքով:

Ապա հաջորդեց Նրա ողորմած հրավերը նեփիացիներին. «Ունե՞ք ձեր մեջ այնպիսիք, որ հիվանդ են: Բերե՛ք նրանց այստեղ: Ունե՞ք դուք կաղեր, կամ կույրեր, կամ խեղվածներ, կամ հաշմանդամներ, կամ բորոտներ, կամ որ չորացած են, կամ, որ խուլ են, կամ, որ չարչարված են ինչ-որ ձևով: Բերե՛ք նրանց այստեղ, և ես կբժշկեմ նրանց, քանզի ես կարեկցանք ունեմ ձեզ վրա. իմ սիրտը լցված է ողորմությամբ»:12

Եվ ժողովուրդը «միախմբված գնաց առաջ՝ բոլոր նրանց հետ, որոնք չարչարված էին ինչ-որ ձևով. և նա բժշկեց նրանցից ամեն մեկին, երբ նրանք առաջ բերվեցին՝ նրա մոտ»:13

1990 թ.-ին մենք ապրում էինք Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Սեյլ փոքրիկ քաղաքում։ Մենք ուրախ էինք և զբաղված էինք ընտանիքի, եկեղեցու և աշխատանքային պարտավորությունների կատարումով: Սուրբ ծնունդից անմիջապես առաջ՝ մի գեղեցիկ ամառային շաբաթ օր մենք որոշեցինք այցելել մի քանի զբոսայգիներ և մեր սիրելի լողափը: Ընտանիքով մի հրաշալի օր անցկացրինք, ապա բոլորս մեքենա նստեցինք և ուղևորվեցինք տուն: Մեքենան վարելիս մի պահ աչքս կպավ և ճակատային ավտովթարի պատճառ դարձա։ Երբ որոշ ժամանակ անց ուշքի եկա, ես նայեցի մեքենայի մեջ գտնվողներին: Կինս՝ Մաքսինը, ոտքը կոտրել էր և դժվարությամբ էր շնչում։ Նրա կողոսկրերը կոտրվել էին։ Մեր երեք դուստրերը շոկի մեջ էին, բայց, բարեբախտաբար, կարծես թե լավ էին: Ես մի քանի թեթև վնասվածքներ ունեի։ Բայց մեր հինգ ամսական որդին չէր արձագանքում։

Վթարի այդ տեսարանի լարվածության և շփոթմունքի մեջ մեր ավագ դուստրը՝ 11-ամյա Քեյթը, շտապ ասաց. «Հայրիկ, դու պետք է օրհնություն տաս Ջարոմին»։ Մի քիչ չարչարվելուց հետո ես ու դուստրերս կարողացանք դուրս գալ մեքենայից: Մաքսինին չհաջողվեց տեղաշարժել։ Զգուշորեն գրկեցի Ջարոմին, հետո մինչ մեջքիս վրա պառկած էի գետնին, նրան նրբորեն դրեցի կրծքիս և քահանայության օրհնություն տվեցի: Շտապ օգնության մեքենան ժամանեց մոտ 40 րոպե անց, իսկ մինչ այդ Ջարոմը գիտակցության եկավ։

Այդ գիշեր ես հիվանդանոցում թողեցի ընտանիքիս երեք անդամներին և երկու դուստրերիս հետ տաքսիով հանգիստ գնացի տուն: Երկար գիշերվա ընթացքում ես աղաչում էի Երկնային Հորը, որ իմ ընտանիքը և մյուս մեքենայի մեջ վիրավորվածներն ապաքինվեին: Աստծո ողորմությամբ, իմ և շատ ուրիշների կողմից ջերմեռանդորեն հնչեցրած աղոթքները պատասխան ստացան: Բոլորը բժշկվեցին ժամանակի ընթացքում, ինչը մեծ օրհնություն և գորովագութ ողորմություն էր բոլորիս համար:

Սակայն, ես շարունակում էի մեղքի և զղջման խոր զգացումներ ունենալ՝ նման սարսափելի վթարի պատճառ դառնալու համար։ Ես արթնանում էի գիշերը և վերապրում էի այդ սարսափելի իրադարձությունները: Ես տարիներ շարունակ փորձում էի ներել ինքս ինձ և խաղաղություն գտնել։ Այնուհետև, որպես քահանայության ղեկավար, երբ օգնում էի ուրիշներին ապաշխարել և զգալ Փրկչի կարեկցանքը, ողորմությունն ու սերը, ես հասկացա, որ Նա կարող է բժշկել ինձ:

Փրկչի բժշկող և քավիչ զորությունը կարելի է կիրառել պատահական սխալների, վատ որոշումների, մարտահրավերների և ամեն տեսակի փորձությունների, ինչպես նաև՝ մեր մեղքերի ժամանակ: Երբ ես դիմեցի Փրկչին, իմ մեղքի և զղջման զգացումները աստիճանաբար փոխարինվեցին խաղաղությամբ ու հանգստությամբ:

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է. «Երբ Փրկիչը քավություն կատարեց ողջ մարդկության համար, Նա բացեց մի ճանապարհ, որով նրանք, ովքեր հետևում են Իրեն, կարողանան ստանալ Իր բժշկող, զորացնող և փրկագնող զորությունը: Այդ հոգևոր արտոնությունները հասանելի են բոլոր նրանց, ովքեր ձգտում են լսել Նրան և հետևել Նրան»:14

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, անկախ նրանից՝ դուք կրում եք չլուծված մեղքի բեռը, տառապում եք ձեր դեմ վաղուց կատարված հանցագործության պատճառով, կամ պայքարում եք ներել ինքներդ ձեզ պատահական սխալի համար, Փրկիչ Հիսուս Քրիստոսի բժշկող և փրկագնող զորությունը հասանելի է ձեզ:

Ես վկայում եմ, որ Նա ապրում է։ Նա մեր Փրկիչն ու Քավիչն է: Նա սիրում է մեզ: Նա կարեկցում է մեզ, Նա լցված է ողորմությամբ, և Նա կարող է բժշկել ձեզ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։