Գերագույն համաժողով
Երբ ստանալ ձեր հայրապետական օրհնությունը
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Երբ ստանալ ձեր հայրապետական օրհնությունը

Երբ ստանաք ձեր օրհնությունը, դուք կգիտակցեք և կզգաք, թե որքան են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում ձեզ, և որքան են Նրանք կենտրոնացած ձեզ վրա անձնապես:

Երեկ իմ սիրելի ընկեր Երեց Ռանդալ Կ. Բենեթը խոսեց հայրապետական օրհնությունների մասին: Այն հիանալի ուղերձ էր և ոգեշնչեց մեզ բոլորիս: Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, կարելի՞ է ես ևս խոսեմ հայրապետական օրհնությունների մասին: Հայրապետներ, երբ հայրապետական օրհնությունների համար դիմումները շատանան, ես աղոթում եմ, որ Տերն օրհնի ձեզ, երբ դուք շարունակեք մեծարել ձեր կոչումը:

Երբ գնում եմ ցցի համաժողովներ, ես միշտ այցելում եմ ցցի հայրապետին և նրա կնոջը: Հայրապետները մեղմ, հնազանդ և Աստծո կողմից կանչված անհավատալի առաջնորդներ են: Նրանք պատմում են բազմաթիվ հոգևոր փորձառությունների մասին: Ես հարցնում եմ նրանց ամենաերիտասարդ և ամենածեր անձնավորության տարիքը, որոնց նրանք օրհնություն են տվել: Մինչ այժմ ամենափոքրը 11 տարեկան էր, իսկ ամենատարեցը՝ 93։

Ես՝ որպես եկեղեցու նոր անդամ, ստացել եմ իմ հայրապետական օրհնությունը 19 տարեկանում՝ մկրտվելուց երկու տարի անց: Իմ հայրապետը աներևակայելի ծեր էր: Նա Եկեղեցուն էր միացել 1916 թվականին և Ճապոնիայի Եկեղեցու ռահվիրաներից էր: Մեծ պատիվ էր հայրապետական օրհնություն ստանալ Տիրոջ այդ նշանավոր աշակերտից: Նրա ճապոներենը մի քիչ դժվար էր հասկանալ, բայց այն հզոր էր:

Իմ հանդիպած հայրապետներն ասում են, որ շատերը ստանում են իրենց հայրապետական օրհնությունները հենց միսիա ծառայելուց առաջ: Իմ սիրելի՛ երիտասարդ տղամարդիկ, ծնողներ և եպիսկոպոսներ, հայրապետական օրհնությունները միայն միսիա ծառայելու նախապատրաստման համար չեն: Մկրտված արժանավոր անդամները կարող են ստանալ իրենց հայրապետական օրհնությունը, երբ նրանց համար ժամանակը ճիշտ է:1

Սիրելի չափահաս անդամներ, ձեզանից ոմանք դեռ չեն ստացել իրենց հայրապետական օրհնությունները: Հիշեք, որ չկա առավելագույն տարիք:

Իմ զոքանչը շատ ակտիվ Եկեղեցու անդամ էր և ծառայում էր որպես Սփոփող միության ուսուցիչ, մինչև 91 տարեկանում կյանքից հեռանալը: Ես տխրեցի՝ իմանալով, որ նա հայրապետական օրհնություն չէր ստացել: Նա շատ դժվարություններ էր տարել իր կյանքում և քանի որ իր տանը չուներ քահանայություն կրող, նա չստացավ քահանայության շատ օրհնություններ: Հայրապետական օրհնությունը գուցե նրան սփոփանք բերեր, երբ նա դրա կարիքն ամենից շատ ուներ:

Մեծահասակնե՛ր, եթե դեռևս չեք ստացել հայրապետական օրհնություն, խնդրում եմ մի անհանգստացեք: Յուրաքանչյուրի հոգևոր ժամանակացույցը տարբեր է: Եթե դուք 35 կամ 85 տարեկան եք և ցանկություն ունեք, խոսեք ձեր եպիսկոպոսի հետ՝ ձեր օրհնությունը ստանալու համար:

Եկեղեցու նոր անդամներ, դուք լսե՞լ եք հայրապետական օրհնության մասին: Երբ միացա Եկեղեցուն, ես չգիտեի այն ստանալու հնարավորության մասին, բայց իմ սիրելի եպիսկոպոսն ասաց ինձ հայրապետական օրհնության մասին և խրախուսեց ինձ ստանալ այն իմ մկրտությունից հետո: Իմ սիրելի՛ նոր անդամներ, դուք ևս կարող եք ստանալ հայրապետական օրհնություն։ Տերը կօգնի ձեզ պատրաստվել այդ սրբազան հնարավորության համար:

Եկեք դիտարկենք երկու նպատակ հայրապետական օրհնության համար։

  1. Հայրապետական օրհնությունը պարունակում է անձնական խորհուրդ՝ Տիրոջից ձեզ համար։2

  2. Հայրապետական օրհնությունը հայտարարում է ձեր տոհմը Իսրայելի տանը:

Ձեր հայրապետական օրհնությունը ուղերձ է Երկնային Հորից և, հավանական է, որ ներառի խոստումներ և ոգեշնչված խորհուրդ՝ առաջնորդելու ձեզ ձեր ողջ կյանքում: Հայրապետական օրհնությունը չի պատրաստվում քարտեզագրել ձեր կյանքը կամ պատասխանել ձեր բոլոր հարցերին: Եթե այն չի նշում կյանքի որևէ կարևոր իրադարձություն, մի կարծեք, որ դուք չեք ունենա այդ հնարավորությունը: Նմանապես, չկա երաշխիք, որ ամեն ինչ ձեր օրհնության մեջ կիրականանա այս կյանքում: Հայրապետական օրհնությունը հավերժական է, և եթե դուք արժանի ապրեք, խոստումները, որոնք չեն իրականացել այս կյանքում, կտրվեն հաջորդ կյանքում:3

Երբ դուք հայտարարություն եք ստանում տոհմի վեաբերյալ, դուք կիմանաք, որ դուք Իսրայելի տնից եք և Աբրահամի սերնդից:4 Հասկանալով սրա կարևորությունը, կենտրոնացեք խոստումների վրա, որոնք Տերը տվել է Իսրայելի տան համար՝ Աբրահամի միջոցով:

Այդ խոստումները ներառում են.

  • «Նրա սերունդը բազմաթիվ կլինի (տես Ծննդոց 17.5–6, Աբրահամ 2.9, 3.14):

  • Նրա սերունդը կամ հետնորդները կընդունեն ավետարանը և կկրեն քահանայություն (տես Աբրահամ 2.9):

  • Նրա սերնդի ծառայության միջոցով «երկրի բոլոր ընտանիքները [կ]օրհնվեն, այսինքն Ավետարանի օրհնություններով, որոնք փրկության, այսինքն՝ հավերժական կյանքի օրհնություններն են» (Աբրահամ 2.11)»:5

Մենք՝ որպես Եկեղեցու անդամներ, ուխտի զավակներ ենք:6 Մենք ստանում ենք Աբրահամի ուխտի օրհնությունները, երբ հնազանդվում ենք ավետարանի օրենքներին և արարողություններին։

Հայրապետական օրհնությանը նախապատրաստվելը կօգնի ձեզ մեծացնել ձեր հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Եվ երբ ստանաք ձեր օրհնությունը, կարդաք ու խորհեք դրա շուրջ, դուք կկարողանաք ավելի շատ կենտրոնանալ Նրանց վրա:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը բացատրել է. «Նույն Տերը, որը Լեքիին տվեց Լիահոնան, ձեզ և ինձ այսօր բացառիկ և արժեքավոր պարգև է տալիս, որ ուղղորդի մեզ կյանքում, որ նշի վտանգները՝ մեր ապահովության համար, և գծագրի ուղին, նույնիսկ ապահով անցումը ոչ թե դեպի ավետյաց երկիր, այլ դեպի մեր երկնային տուն»:7

Իմ սիրելի՛ եպիսկոպոսներ, երեցների քվորումի և Սփոփող միության նախագահներ, ծխի միսիոներների ղեկավարներ, սպասավորող եղբայրներ և քույրեր, խնդրում ենք խրախուսեք այն երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց, մեծահասակ անդամներին և նոր անդամներին, որոնք դեռ չեն ստացել իրենց հայրապետական օրհնությունը`որոնել Տիրոջ ուղղորդումը և օգնությունը, որ նախապատրաստվեն` այդ անելու համար:

Ես հաճախակի և աղոթքով կարդում եմ իմ հայրապետական օրհնությունը, այն միշտ ինձ քաջալերանք է տալիս: Ես գիտակցում եմ, թե ինչ է Տերն ակնկալում ինձնից, և դա ինձ օգնել է ապաշխարել և խոնարհ լինել: Երբ կարդում եմ այն և խորհրդածում, ես ցանկանում եմ արժանի ապրել` այդ խոստացված օրհնությունները ստանալու համար:

Ճիշտ, ինչպես սուրբ գրությունները, որոնք մենք բազմիցս կարդացել ենք, նոր իմաստ են ունենում մեզ համար հետագայում, մեր հայրապետական օրհնությունը տարբեր իմաստ կունենա մեզ համար տարբեր ժամանակներում: Իմ հայրապետական օրհնությունը տարբեր իմաստ ունի այժմ, քան երբ ես 30 տարեկան էի և երբ 50 տարեկան էի: Դրանք խոսքերը չեն, որ փոխվում են, այլ մենք ենք դրանք այլ կերպ տեսնում:

Նախագահ Դալին Հ. Oուքսը հայտարարել է, որ հայրապետական օրհնությունը «տրվում է Սուրբ հոգու ոգեշնչմամբ և պետք է կարդացվի ու թարգմանվի այդ նույն Հոգու ազդեցության ներքո: Հայրապետական օրհնության իմաստն ու նշանակությունը կուսուցանվի տող առ տող, ժամանակի ընթացքում՝ նույն հոգու զորությամբ, որը ոգեշնչել է [այն]»:8

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես բերում եմ իմ վկայությունը, որ Երկնային Հայրը և Նրա սիրելի Միածին Որդին՝ Տեր Հիսուս Քրիստոսը, ապրում են: Նրանք սիրում են մեզ: Հայրապետական օրհնությունները սրբազան պարգևներ են Նրանցից: Երբ ստանաք ձեր օրհնությունը, դուք կգիտակցեք և կզգաք, թե որքան են Նրանք սիրում ձեզ, և որքան են Նրանք կենտրոնացած ձեզ վրա անհատապես:

Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին: Եվ ես երախտապարտ եմ ապրող մարգարեի` նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կողմից առաջնորդվելու համար:

Ես այնքան երախտապարտ եմ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի համար։ Այս Զատիկի կիրակի օրը ես կկենտրոնանամ Նրա վրա և Նրա Հարության վրա և կերկրպագեմ Նրան ու շնորհակալություն կհայտնեմ Նրա զոհաբերության համար: Ես գիտեմ, որ Նա այդքան խորապես տառապեց, որովհետև Նա այդքան խորապես սիրում է մեզ: Ես գիտեմ, որ Նա հարություն է առել մեր հանդեպ Իր սիրո շնորհիվ: Նա իրական է: Ես այսպես եմ վկայում Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 18.17, ChurchofJesusChrist.org:

  2. Տես «Հայրապետական օրհնություններ», Հավատքին հավատարիմ գրքույկում (2004), 112:

  3. Տես «Հայրապետական օրհնություններ», «Հավատքին հավատարիմ»գրքույկում, 113:

  4. Տես Աբրահամ 2.10:

  5. «Աբրահամյան ուխտ», Հավատքին հավատարիմգրքուկում, 5:

  6. Տես 3 Նեփի 20.25–26։

  7. Թոմաս Ս. Մոնսոն, «Ձեր հայրապետական օրհնությունը. Լույսի Լիահոնա», Ensign, Nov. 1986, 65–66:

  8. Դալլին Հ. Օուքս, «Հայրապետական օրհնություններ», Worldwide Leadership Training Meeting: The Patriarch, Jan. 8, 2005, 10: