Գերագույն համաժողով
Անկատար բերքահավաքը
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Անկատար բերքահավաքը

Փրկիչը պատրաստ է ընդունել մեր խոնարհ նվիրաբերումները և կատարելագործել դրանք Իր շնորհով: Քրիստոսի հետ չի լինում անկատար բերքահավաք:

Երիտասարդ հասակում ես սովորել եմ սիրել տարվա եղանակների կտրուկ փոփոխությունները հարավարևմտյան Մոնտանայում, որտեղ մեծացել եմ: Իմ սիրելի եղանակն աշունն էր՝ բերքահավաքի ժամանակը: Մեր ընտանիքը հույս ուներ և աղոթում էր, որ ամիսներ տևած մեր քրտնաջան աշխատանքը պարգևատրվեր առատ բերքով: Ծնողներս անհանգստանում էին եղանակի, կենդանիների ու բերքի առողջության և շատ այլ բաների համար, որոնք գրեթե վերահսկելի չէին նրանց կողմից։

Մեծանալով, ես սկսեցի ավելի լավ հասկանալ հրատապության կարևորությունը: Մեր ապրուստը կախված էր բերքից։ Հայրս ինձ սովորեցնում էր գլուխ հանել սարքավորումներից, որոնք մենք օգտագործում էինք հացահատիկի հավաքման համար: Ես նայում էի, թե նա ինչպես էր տեխնիկան տեղափոխում դաշտ, դրանով կտրում մի փունջ հացահատիկ, ապա ստուգում կոմբայնի հետնամասում գտնվող կուտակային բաքը՝ համոզվելու համար, որ հնարավորինս շատ հացահատիկ է հավաքվում և դուրս չի նետվում հարդի հետ: Նա մի քանի անգամ կրկնում էր այդ գործընթացը՝ ամեն անգամ կարգավորելով մեքենան։ Ես վազում էի կողքով և նրա աշխատանքին զուգահեռ ոտքով ստուգում էի հարդը, ձևացնելով, թե գիտեի՝ ինչ եմ անում:

Երբ նա գոհ էր մնում մեքենայի կարգավորումներից, ես գետնին ընկած հարդի մեջ հացահատիկի մի քանի հատիկներ էի գտնում և քննադատական հայացքով ցույց է տալիս նրան։ Ես չեմ մոռանա, թե ինչ ասաց ինձ հայրս․ «Դա լավ արդյունք է և լավագույնն է, ինչին ընդունակ է այս մեքենան»։ Չբավարարվելով նրա բացատրությամբ ես խորհեցի այդ բերքահավաքի անկատարությունների մասին։

Քիչ անց, երբ եղանակը երեկոյան ցրտեց, ես տեսա, թե ինչպես են հազարավոր գաղթական կարապներ, սագեր ու բադիկներ իջնում դաշտերը՝ սնվելու՝ դեպի հարավ ձգվող իրենց երկար ճամփորդության ընթացքում։ Նրանք կերան մեր անկատար բերքահավաքից մնացած հացահատիկը։ Աստված կատարյալ դարձրեց մեր գործը։ Եվ ոչ մի հատիկ չէր կորել։

Հաճախ մեր աշխարհում և նույնիսկ Եկեղեցու մշակույթի մեջ գայթակղություն է դառնում կատարելության մոլուցքը: Սոցիալական ցանցերը, անիրատեսական սպասումները և հաճախ մեր սեփական ինքնաքննադատությունը ստեղծում են անբավարարության զգացում, որ մենք բավականաչափ լավը չենք և երբեք չենք լինի: Ոմանք նույնիսկ սխալ են հասկանում Փրկչի հրավերը՝ «Արդ, դուք կատարյա՛լ եղեք»:1

Հիշեք, որ կատարելության մոլուցքը նույնը չէ, ինչ կատարելագործվելը Քրիստոսում:2 Կատարելության մոլուցքը մարդու մտացածին անհնարին մի չափանիշ է, որը մեզ համեմատում է ուրիշների հետ: Դա առաջացնում է մեղքի զգացում, անհանգստություն և կարող է մեզ ստիպել ինքնամփոփվել և մեկուսանալ:

Այլ բան է՝ Քրիստոսում կատարելագործվելը: Դա Փրկչին նմանվելու գործընթաց է, որը սիրով առաջնորդում է Սուրբ Հոգին: Չափանիշները սահմանվում են բարի և ամենագետ Երկնային Հոր կողմից և հստակ սահմանված են ուխտերում, որոնք մեզ առաջարկվում է ընդունել: Դա ազատում է մեզ մեղքի և անբավարարության բեռից՝ միշտ շեշտում, թե ով ենք մենք Աստծո աչքում: Թեև այս գործընթացը մեզ բարձրացնում է և մղում է դառնալ ավելի լավը, մեր առաջընթացի չափման միավորը Աստծո հանդեպ անձնական նվիրվածությունն է, որը մենք դրսևորում ենք, երբ փորձում ենք հավատքով հետևել Նրան։ Երբ ընդունում ենք Փրկչի՝ իր մոտ գալու հրավերը, մենք անմիջապես հասկանում ենք, որ մեր լավագույն ջանքերը բավական են, և որ սիրող Փրկչի շնորհը կլրացնի պակասն այնպիսի եղանակներով, որ մենք չենք էլ պատկերացնում:

Այդ սկզբունքի գործադրումը մենք տեսանք, երբ Փրկիչը կերակրեց հինգ հազարին:

«Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու տեսավ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մոտ։ Նա Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց պիտի հաց գնենք, որ նրանք ուտեն» …

«Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Նույնիսկ երկու հարյուր դինարի հացը նրանց չի բավականացնի, թեկուզ նրանցից յուրաքանչյուրը մի կտոր վերցնի։

Նրա աշակերտներից մեկը՝ Անդրեասը՝ Սիմոն Պետրոսի եղբայրը, նրան ասաց.

«Այստեղ մի պատանի կա, որ հինգ գարեհաց ունի և երկու ձուկ, բայց դա ի՞նչ է այսքան մարդու համար»։3

Երբևէ մտածե՞լ եք, թե Փրկիչն ինչ զգաց այդ պատանու հանդեպ, որը երեխային բնորոշ հավատքով առաջարկեց այն, ինչը գիտեր, որ ծայրահեղ անբավարար էր խնդրի լուծման համար:

«Հիսուսը հացը վերցրեց, գոհություն հայտնեց Աստծուն ու բաշխեց նստածներին. նույն կերպ էլ ձկներից բաշխեց, որքան որ կամեցան։

Երբ կշտացան, իր աշակերտներին ասաց. «Ավելացած կտորները հավաքե՛ք, որպեսզի ոչինչ չկորչի»։4

Փրկիչը կատարելագործեց խոնարհ նվիրաբերումը:

Այդ փորձառությունից կարճ ժամանակ անց Հիսուսն Իր աշակերտներին ուղարկեց նավարկելու: Քիչ անց՝ կեսգիշերին, նրանք հայտնվեցին փոթորկալի ծովում։ Նրանք վախեցան, տեսնելով ուրվականի նմանվող մի կերպար, որը ջրի վրայով քայլում էր իրենց ընդառաջ։

«Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերվե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք։

Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ։

Իսկ նա ասաց՝ ե՛կ։ Եվ Պետրոսը, նավից իջնելով, քայլեց ջրի վրայով և Հիսուսի մոտ եկավ։

Սակայն սաստիկ քամին տեսնելով՝ վախեցավ և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։

Հիսուսն իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։5

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, գուցե դրանով չվերջացավ խոսակցությունը: Ես կարծում եմ, որ երբ Պետրոսն ու Փրկիչը ձեռք ձեռքի տված քայլում էին դեպի նավը, Պետրոսը թրջված էր և, հավանաբար, իրեն հիմար վիճակում էր զգում, և Փրկիչը կարող էր այսպիսի բան ասել. «Օհ, Պետրոս, մի՛ վախեցիր և մի անհանգստացիր: Եթե ​​դու կարողանայիր քեզ տեսնել այնպես, ինչպես ես եմ քեզ տեսնում, ապա կասկածդ կթուլանար, և հավատքդ կմեծանար: Ես սիրում եմ քեզ, սիրելի Պետրոս։ Դու դուրս եկար նավից: Քո նվիրաբերումն ընդունելի է, և նույնիսկ եթե դու տատանվես, ես միշտ կողքիդ կլինեմ, որ բարձրացնեմ քեզ խորքերից, և քո նվիրաբերումը կդարձվի կատարյալ»։

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը ուսուցանել է.

«Ես հավատում եմ, որ Փրկիչ Հիսուս Քրիստոսը կցանկանար, որ դուք տեսնեիք, զգայիք և իմանայիք, որ Նա ձեր ուժն է: Որ Նրա օգնությամբ չկան սահմաններ, թե ինչեր կարող եք իրականացնել: Որ ձեր ներուժն անսահման է: Նա կցանկանար, որ դուք տեսնեիք ձեզ այնպիսին, ինչպիսին Նա է տեսնում ձեզ: Եվ դա շատ է տարբերվում նրանից, թե ինչպես է աշխարհը տեսնում ձեզ: …

Նա ուժ է տալիս հոգնածին և կարողություն չունեցողի զորությունն է շատացնում»:6

Մենք պետք է հիշենք, որ ինչպիսին էլ որ լինի մեր լավագույն, բայց անկատար նվիրաբերումը, Փրկիչը կարող է այն կատարյալ դարձնել: Որքան էլ մեր ջանքերն աննշան թվան, մենք երբեք չպետք է թերագնահատենք Փրկչի զորությունը: Մի պարզ, բարի խոսքը, սպասավորության մի կարճատև, բայց սրտանց այցը, սիրով ուսուցանված Երեխաների միության դասը Փրկչի օգնությամբ կմխիթարեն, կփափկացնեն սրտերը և հավերժ կփոխեն կյանքերը: Մեր անվարժ ջանքերը կարող են հանգեցնել հրաշքների, և այդ ընթացքում մենք կարող ենք մասնակցել կատարյալ բերքահավաքի:

Հաճախ մենք հայտնվում ենք այնպիսի իրավիճակներում, որոնք խթանում են մեր հոգևոր աճը: Գուցե զգանք, որ ի վիճակի չենք կատարելու առաջադրանքը։ Գուցե նայելով նրանց, ում հետ ծառայում ենք, մտածենք, թե նրանց չափ լավը երբեք չենք դառնա։ Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եթե այդպես եք կարծում, նայեք իմ թիկունքում նստած արտասովոր տղամարդկանց և կանանց, որոնց հետ ես ծառայում եմ:

Ես հասկանում եմ ձեզ։

Այնուամենայնիվ, ես սովորեցի, որ ինչպես կատարելության մոլուցքը նույն բանը չէ, ինչ կատարելագործվելը Քրիստոսում, այնպես էլ ինքնահամեմատությունը նույն բանը չէ, ինչ նմանվելը մեկին: Եթե մենք համեմատենք մեզ ուրիշների հետ, կարող է լինել միայն երկու հետևանք։ Կամ մենք մեզ ուրիշներից լավը կհամարենք և նրանց հանդեպ կդառնանք դատապարտող ու քննադատող, կամ էլ՝ մենք մեզ ուրիշներից վատը կհամարենք և կդառնանք անհանգիստ, ինքնաքննադատական և հուսալքված: Ուրիշների հետ համեմատվելը հազվադեպ է արդյունավետ լինում, դա ամենևին ոգևորող չէ, երբեմն էլ ուղիղ հանգեցնում է ընկճվածության: Իրականում, այս համեմատությունները կարող են հոգևորապես կործանարար լինել՝ խանգարելով մեզ ստանալ անհրաժեշտ հոգևոր օգնությունը: Մյուս կողմից, երբ նմանվում ենք այն մարդկանց, ում հարգում ենք, ովքեր դրսևորում են Քրիստոսանման հատկանիշներ, կարող է լինել ուսանելի, ոգեշնչող և կօգնի մեզ դառնալ Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտներ:

Փրկիչը օրինակ է ծառայել մեզ համար՝ նմանվելով Հորը: Նա Իր աշակերտ Փիլիպպոսին հրահանգել է․ «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, և ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպո՛ս։ Ով ինձ տեսավ, նա Հորը տեսավ. իսկ դու ինչպե՞ս ես ասում. «Ցո՛ւյց տուր մեզ Հորը»:7

Ապա Նա ուսուցանել է․ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է ինձ, ինքն էլ նույն գործերը կանի, որ ես եմ անում»։8

Եթե նույնիսկ մեր ջանքերը մեզ աննշան թվան՝ միևնույն է Փրկիչը կօգտագործի մեզ Իր աշխատանքը կատարելու համար: Եթե մենք պարզապես անենք այն ամենը, ինչ կարող ենք և վստահենք Նրան լրացնելու պակասը՝ մենք կարող ենք մասը դառնալ մեզ շրջապատող հրաշքների:

Երեց Դեյլ Գ. Ռենլանդն ասել է․ «Հարկավոր չէ, որ դուք կատարյալ լինեք, բայց մենք ձեր կարիքն ունենք, քանի որ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է, կարող է ինչ-որ բան անել»:9

Եվ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն այսպես է ուսուցանում մեզ․ «Տերը սիրում է ջանքը»:10

Փրկիչը պատրաստ է ընդունել մեր խոնարհ նվիրաբերումները և կատարելագործել դրանք Իր շնորհով: Քրիստոսի հետ չի լինում անկատար բերքահավաք: Մենք պետք է քաջություն ունենանք հավատալու, որ Նրա շնորհը մեզ համար է, որ Նա կօգնի մեզ, դուրս կհանի մեզ անդունդից, երբ տատանվում ենք և կկատարելագործի մեր անկատար ջանքերը:

Սերմնացանի առակում Փրկիչը պատմում է սերմնահատիկների մասին, որոնք պարարտ հողի վրա են ընկնում։ Մի քանիսը հարյուր պտուղ տվեցին, մյուսները՝ վաթսուն, ուրիշներն էլ՝ երեսուն։ Դրանք բոլորը Նրա կատարյալ բերքի արդյունքն են:11

Մարգարե Մորոնին բոլորին հրավիրում է. «Այո, եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում, … և եթե դուք հրաժարվեք ամեն անաստվածությունից և սիրեք Աստծուն ձեր ողջ զորությամբ, մտքով և ուժով, ապա նրա շնորհը բավական է ձեզ, որպեսզի նրա շնորհով դուք կատարյալ լինեք Քրիստոսում»:12

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես վկայում եմ Քրիստոսի մասին, ով զորություն ունի կատարելագործելու նույնիսկ մեր ամենախոնարհ նվիրաբերումը: Եկեք անենք այն, ինչ մեր ուժերում է և հավատքով մեր անկատար նվիրաբերումը դնենք Նրա ոտքերի մոտ: Նրա անունով, ով կատարյալ բերքի Տերն է, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: