Գերագույն համաժողով
Վստահենք Քրիստոսի վարդապետությանը
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Վստահենք Քրիստոսի վարդապետությանը

Երբ մեր տները կառուցում ենք Քրիստոսի հետ ուխտի փոխհարաբերության հիմքի վրա, մենք վստահում ենք Քրիստոսի վարդապետությանը:

Իմ մտքում պատկերացնում եմ ծերացած Նեփի մարգարեին՝ իր գրասեղանի մոտ նստած, ոսկե թիթեղները իր առջև տարածած և փորագրիչը ձեռքին:

Նեփին ավարտում էր իր վերջին փորագրությունը հիշատակարանի վրա: Նա գրեց. «Եվ այժմ, իմ սիրելի՛ եղբայրներ, ես վերջ եմ դնում իմ խոսելուն»:1 Սակայն շուտով Հոգին հորդորեց Նեփիին վերադառնալ իր հիշատակարանին և գրել ամփոփիչ ուղերձ: Սուրբ Հոգու հզոր ազդեցությամբ Նեփին նորից վերցրեց իր փորագրիչը և գրեց. «Ուստի բաները … որոնք ես գրել եմ, բավարարում է ինձ, բացի մի քանի խոսքերից … ես պետք է խոսեմ Քրիստոսի վարդապետության վերաբերյալ»:2

Մենք հավերժ երախտապարտ ենք այդ «մի քանի խոսքերի»3 համար և Հոգու համար, որը ստիպել է Նեփիին գրել դրանք: Նեփիի շարադրանքը Քրիստոսի վարդապետության մասին անգնահատելի արժեքի գանձ է նրանց համար, ովքեր սնվում են դրանով: Այն պարունակում է Փրկչի մկրտության4 և Որդու ձայնի տեսիլքը, որը հրավիրում է բոլորին հետևել Իրեն5 և «անել այն բաները, որոնք [մենք] տեսանք [Նրան]՝ անելիս»:6 Այն պարունակում է Նեփիի վկայությունը, որ նրանք, ովքեր հավատքով առ Քրիստոս անկեղծորեն ապաշխարում են իրենց մեղքերից և հետևում են Փրկչին՝ մկրտության ջրերում, «կստանա[ն] Սուրբ Հոգին. այո, … այնուհետև գալիս է կրակով և Սուրբ Հոգով մկրտությունը»:7 Մենք լսում ենք նաև Հոր ձայնը, որը վկայում է. «Այո, իմ Սիրելիի խոսքերը ճշմարիտ են և հավատարիմ: Ով որ համբերում է մինչև վերջ, նա կփրկվի»:8

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը շեշտել է Քրիստոսի վարդապետության բացառիկ կարևորությունը՝ նոր կանչված միսիայի ղեկավարներին ուղղված ուղերձում. «Ամենից առավել մենք ցանկանում ենք, որ Քրիստոսի վարդապետությունը փորագրված լինի մեր միսիոներների սրտերում և արմատացած լինի նրանց ոսկրածուծում»:9

Քարոզիր իմ ավետարանը ամփոփում է Քրիստոսի վարդապետության հինգ կարևոր տարրերը: Այնտեղ ասվում է. «[Մենք] հրավիրում ենք մարդկանց գալ դեպի Քրիստոսը, օգնելով նրանց ստանալ վերականգնված ավետարանը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ հավատքի, ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգու պարգևի և մինչև վերջ համբերելու միջոցով»:10

Բայց Քրիստոսի վարդապետությունը կարևոր է ո՛չ միայն միսիոներների համար: Եվ այն շատ ավելի խորն է, քան դրա հինգ հիմնական տարրերի ամփոփ կրկնությունը: Այն ներառում է ավետարանի օրենքը: Դա հավերժական կյանքի մեծ ծրագիրն է:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եթե մենք պետք է ընդունենք նախագահ Նելսոնի հրավերը՝ արմատավորել Քրիստոսի վարդապետությունը մեր ոսկրածուծում, մենք պետք է խորացնենք մեր դարձը դեպի Տերը՝ ուսումնասիրությամբ, աղոթքով, հավատարիմ ապրելով և շարունակական ապաշխարությամբ: Մենք պետք է հրավիրենք Սուրբ Հոգուն՝ փորագրելու Քրիստոսի վարդապետությունը «[մեր] սրտ[երի] մարմնեղեն տախտակների վրա»11 նույնքան խորն ու մշտական, որքան Նեփին է փորագրել ոսկե թիթեղների վրա:

Անցած հոկտեմբերին նախագահ Նելսոնը հարցրեց. «Ի՞նչ է նշանակում հաղթել աշխարհին»: Ի թիվս այլ բաների՝ Նա ասաց. «Դա նշանակում է ավելի շատ վստահել Քրիստոսի վարդապետությանը, քան մարդկանց փիլիսոփայությանը»:12

Վստահել բառը սահմանված է որպես՝ «երաշխավորված վստահություն որևէ մեկի կամ ինչ-որ բանի հատկանիշների, կարողության, ուժի կամ ճշմարտության վրա»:13 Այդ մեկը Հիսուս Քրիստոսն է, և այդ ինչ-որ բանը Նրա վարդապետությունն է:

Ուստի, կանխամտածված վստահելով Քրիստոսի վարդապետությանը, ինչպե՞ս կարող ենք փոխել մեր ապրելակերպը:

Եթե մենք վստահենք Քրիստոսի վարդապետությանը, մենք բավականաչափ կվստահենք Քրիստոսին, որպեսզի ապրենք Նրա ամեն խոսքով:14 Մենք ամբողջ կյանքում կուսումնասիրենք Հիսուս Քրիստոսին,15 Նրա ծառայությունը, Նրա ուսմունքները և Նրա անսահման Քավությունը, ներառյալ՝ Նրա փառավոր Հարությունը: Մենք կուսումնասիրենք Նրա խոստումները և պայմանները, որոնց հիման վրա տրված են այդ խոստումները:16 Երբ ուսումնասիրենք, մենք կլցվենք Աստծո հանդեպ ավելի մեծ սիրով:

Եթե մենք վստահենք Քրիստոսի վարդապետությանը, մենք ամեն օր կմոտենանք մեր Երկնային Հորը խոնարհ, գաղտնի աղոթքով, որում մենք կարող ենք երախտագիտություն հայտնել Նրա Որդու պարգևի և մեր բոլոր օրհնությունների համար:17 Մենք կարող ենք աղոթել Սուրբ Հոգու բացահայտող ընկերակցության համար,18 որպեսզի մեր կամքը համապատասխանեցնենք Նրա կամքին,19, աղոթենք և խորհենք մեր ուխտերի շուրջ և նորոգենք դրանք պահելու մեր պարտավորությունը։20 Մենք կարող ենք աղոթել՝ աջակցելու և արտահայտելու սերը մեր մարգարեների, տեսանողների և հայտնողների հանդեպ,21 աղոթել ներման մաքրագործող զորության համար22 և աղոթել գայթակղությանը դիմակայելու ուժի համար:23 Ես հրավիրում եմ ձեզ աղոթքը դարձնել առաջնահերթություն ձեր կյանքում՝ ձգտելով ամեն օր բարելավել ձեր հաղորդակցությունը Աստծո հետ:

Եթե մենք վստահենք Քրիստոսի վարդապետությանը, մի կողմ կդնենք աշխարհի գայթակղություններն ու ազդեցությունները, որպեսզի կարողանանք կենտրոնանալ աշխարհի Քավիչի վրա:24 Մենք կսահմանափակենք կամ կվերացնենք սոցիալական ցանցերում անցկացրած ժամանակը, ցանցային խաղերը, անտեղի, ավելորդ կամ ոչ պատշաճ ժամանցը, այս աշխարհի գանձերի և ունայնությունների գրավչությունը և ցանկացած այլ գործունեություն, որը տեղ է տալիս մարդկանց կեղծ ավանդույթներին և մոլորված փիլիսոփայությանը: Միայն Քրիստոսի միջոցով մենք կարող ենք գտնել ճշմարտությունը և դրա հարատև իրագործումը:

Անկեղծ ապաշխարությունը25 կդարձնենք մեր կյանքի ուրախալի26 մասը՝ և՛ մեղքի համար ներվելու, և՛ Քրիստոսի պատկերով փոխվելու համար:27 Քրիստոսի հանդեպ հավատքով ապաշխարությունը մեզ համար հասանելի է դարձնում Քրիստոսի Քավությունը: Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է, որ երբ Փրկիչը ներում է, Նա «ավելին է անում, քան [մեզ] մեղքից մաքրելը: Նա նաև նոր ուժ է տալիս [մեզ]»:28 Մեզանից յուրաքանչյուրն ունի այդ ուժի կարիքը՝ Աստծո պատվիրանները պահելու և մեր կյանքի հավերժական նպատակը իրագործելու համար:

Հիսուսի և Նրա վարդապետության մեջ մենք ուժ ենք գտնում: Նա ասել է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս է իմ վարդապետությունը՝ ով որ կառուցում է սրա վրա, կառուցում է իմ վեմի վրա, և դժոխքի դռները չպիտի հաղթեն նրանց»:29

Մենք տեսնում ենք, որ այդ խոստումը կատարվում է հավատարիմ մարդկանց կյանքում: Մեկ տարի առաջ ես արտոնություն ունեցա հանդիպելու Թրեվիսին և Քեյսիին: Նրանց քաղաքացիական ամուսնությունը գրանցվել էր 2007թ.: Այդ ժամանակ Թրեվիսը Եկեղեցու անդամ չէր: Քեյսին, թեև մեծացել էր ակտիվ Վերջին Օրերի Սրբերի ընտանիքում, պատանեկության տարիներին շեղվել էր իր հավատքից և իր հիմքից:

2018 թ-ին Թրեվիսը հանդիպեց միսիոներներին և մկրտվեց 2019 թվականին: Թրեվիսը դարձավ միսիոներ Քեյսիի համար, որը նույնպես փոխեց կյանքը և դարձի եկավ։ Նրանք կնքվեցին տաճարում 2020 թվականին: Իր մկրտությունից մոտ երկու տարի անց Թրեվիսը կանչվեց ծառայելու եպիսկոպոսությունում:

Թրեվիսը հազվագյուտ հիվանդություն ունի, որի պատճառով նրա ներքին օրգաններում անընդհատ ուռուցքների փնջեր են ձևավորվում։ Նա բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել՝ հեռացնելով կրկնվող ուռուցքները, սակայն հիվանդությունն անբուժելի է։ Մի քանի տարի առաջ Թրեվիսին 10 տարուց քիչ ժամանակ է տրվել ապրելու համար:

Քեյսին ունի ցանցաթաղանթի պիգմենտոզա՝ հազվագյուտ գենետիկ հիվանդություն, որն առաջացնում է տեսադաշտի անդառնալի նեղացում և հանգեցնում է լիակատար կուրության։

Նա ինձ հետ խոսում էր իր կյանքի մասին: Նա կանխատեսում էր այն ժամանակը, որը հեռու չէր, երբ ինքը կմնար այրի, կույր, առանց ֆինանսական աջակցության և մենակ կմեծացներ իր չորս մեծացող երեխաներին: Ես հարցրի Քեյսիին, թե նա ինչպես կարող է հաշտվել նման մռայլ ապագայի հետ: Նա խաղաղ ժպտաց և ասաց. «Ես երբեք ավելի երջանիկ կամ ավելի հույսով չեմ եղել իմ կյանքում: Մենք ապավինում և հավատում ենք այն խոստումներին, որոնք ստացել ենք տաճարում»:

Թրեվիսն այժմ եպիսկոպոս է: Երկու ամիս առաջ նա կրկին լուրջ վիրահատություն է տարել։ Բայց նա լավատես է և խաղաղասեր։ Քեյսիի տեսողությունը վատացել է։ Այժմ նա ուղեկցող շուն ունի և չի կարողանում մեքենա վարել: Բայց նա գոհ է, մեծացնում է իր երեխաներին և ծառայում որպես Երիտասարդ կանանց նախագահության խորհրդական:

Թրեվիսն ու Քեյսին իրենց տունը կառուցել են ժայռի վրա։ Թրեվիսը և Քեյսին վստահում են Քրիստոսի վարդապետությանը և այն խոստմանը, որ Աստված «կնվիրագործի [նրանց] չարչարանքները [նրանց] օգտի համար»:30 Աստծո կատարյալ ծրագրում Քրիստոսի հանդեպ հավատքով կրած տառապանքը անխզելիորեն կապված է Քրիստոսում կատարյալ դառնալու հետ:31 Ինչպես առակի իմաստունը, որն իր տունը կառուցեց ժայռի վրա,32 երբ անձրևը տեղաց, և ջրհեղեղները եկան, և քամիները փչեցին ու հարվածեցին Թրեվիսի և Քեյսիի կառուցած տանը, այն չընկավ, քանզի հիմնված էր ժայռի վրա:33

Հիսուսը չխոսեց մեր կյանքում անձրևի, ջրհեղեղի և քամու հնարավորության մասին. Նա խոսեց վստահության մասին, որ փոթորիկներ են առաջանալու։ Փոփոխվողը առակի մեջ այն չէ՝ արդյոք փոթորիկներ կգան, թե ոչ, այլ այն, թե մենք ինչպես ենք արձագանքել Նրա սիրառատ հրավերին՝ և՛ լսելու, և՛ անելու այն, ինչ Նա ուսուցանել է:34 Գոյատևման այլ ճանապարհ չկա։

Երբ մենք մեր տները կառուցում ենք Քրիստոսի հետ ուխտի փոխհարաբերության հիմքի վրա, մենք վստահում ենք Քրիստոսի վարդապետությանը, և երբ գալիս ենք Նրա մոտ, մենք ունենում ենք հավերժական կյանքի Նրա խոստումը: Մարդիկ, ովքեր վստահում են Քրիստոսի վարդապետությանը, առաջ են շարժվում Քրիստոսի հանդեպ հաստատակամությամբ և համբերում են մինչև վերջ: Չկա մեկ այլ ճանապարհ, որով մենք «կարող ենք փրկվել Աստծո արքայությունում»:35

Ես բերում եմ իմ անձնական վկայությունը Հիսուս Քրիստոսի կենդանի, հարություն առած իրականության մասին: Ես վկայում եմ, որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Նա ուղարկեց Իր Որդուն, որ փրկի մեզ մեղքից36 և ամոքի մեր վշտերը:37 Ես վկայում եմ, որ Նա կանչել է մեր ժամանակների Աստծո մարգարեին՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնին, ում միջոցով Նա խոսում է և առաջնորդում մեզ:

Իմ ողջ սրտով ես հրավիրում եմ ձեզ վստահել Քրիստոսի վարդապետությանը և ձեր կյանքը կառուցել Քավիչի վեմի վրա: Նա երբեք չի լքի ձեզ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։