Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Նոյեմբեր. Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն բոլոր բաների համար


Նոյեմբեր

Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն բոլոր բաների համար

«Եվ նա պատվիրեց նրանց, որ … ամեն օր նրանք պիտի գոհություն հայտնեն Տիրոջը` իրենց Աստծուն» (Մոսիա 18.23):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ ծրագրեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Ես շնորհակալ եմ իմ մարմնի համար, և ես գիտեմ, որ այն տաճար է:

Ներկայացրեք վարդապետությունը (նկարներ դիտելով և կարդալով սուրբ գրություն). Ցուցադրեք մի երեխայի նկար և մի տաճարի նկար: Միասին բարձրաձայն կարդացեք Ա Կորնթացիս Գ.16: Հարցրեք. «Ի՞նչ ենք մենք սովորում մեր մարմինների վերաբերյալ այս սուրբ գրությունից»: Գրատախտակին գրեք. «Իմ մարմինը տաճար է»:

Օգնեք հասկանալ (կարդալով սուրբ գրություններ). Քննարկեք, թե ինչ եղանակներով մենք կարող ենք ցույց տալ Երկնային Հորը, որ շնորհակալ ենք մեր մարմինների համար. օրինակ` մենք հոգ ենք տանում դրանց համար և մենք մաքուր ենք պահում դրանք: Բացատրեք, որ մարգարեները խորհուրդ են տվել մեզ հոգ տանել մեր մարմինների համար չծխելով, ալկոհոլ և անօրինական դեղամիջոցներ չօգտագործելով և դաջվածքներ չանելով: Երեխաներին խմբերի բաժանեք, և խնդրեք յուրաքանչյուր խմբին կարդալ և քննարկել հետևյալ սուրբ գրություններից մեկը կամ մի քանիսը. Վարդապետություն և Ուխտեր 88.124, 89.7, 8, 9, 10–11, 12, 16–17: Հրավիրեք յուրաքանչյուր խմբին կիսվել, թե ինչ են նրանք սովորել այս սուրբ գրություններց իրենց մարմինների համար հոգ տանելու վերաբերյալ:

Օգնեք կիրառել (նպատակ դնելով). Թող երեխաները գրեն կամ նկարեն մի բան, որն իրենք կանեն շաբաթվա ընտացքում, որպեսզի հոգ տանեն իրենց մարմինների համար:

Շաբաթ 2. Ես շնորհակալ եմ նյութական օրհնությունների համար:

Ներկայացրեք վարդապետությունը. Գրատախտակին գրեք. «Ես շնորհակալ եմ նյութական օրհնությունների համար»: Երեխաներին խնդրեք կրկնել նախադասությունը: Բացատրեք, որ նյութական օրհնությունները այն օրհնություններն են, որոնք մենք կարող ենք տեսնել, շոշափել, լսել, համտեսել կամ զգալ հոտը:

Օգնեք հասկանալ (խաղալով գուշակող խաղ). Ցուցադրեք առարկաներ կամ նկարներ, որոնք ներկայացնում են մեր որոշ նյութական օրհնությունները (օրինակ` մարմիններ, տներ, ուտելիք, ջուր, հագուստ, առողջություն, արև, լուսին, աստղեր, երկիր, կենդանիներ, բույսեր, ընտանիք, ընկերներ, խաղալիքներ, գրքեր և դպրոց): Օրհնություններից մեկը նկարագրող հուշող բառեր ասեք, և խնդրեք երեխաներին գուշակել, թե որ օրհնությունն եք դուք նկարագրում: Ավագ տարիքի երեխաների համար յուրաքանչյուր օրհնությունը գրեք առանձին թերթիկի վրա և թերթիկները դրեք տարայի մեջ: Հրավիրեք մի երեխայի ընտրել դրանցից մեկը և մնացած երեխաներին հուշող բառեր ասել դրա վերաբերյալ: Երբ երեխաները գուշակեն օրհնությունը, գրեք այն գրատախտակին և հարցրեք մի երեխայի, թե ինչու է նա երախտապարտ դրա համար:

Օգնեք կիրառել (կիսվելով մտքերով). Խնդրեք երեխաներին մտածել այն բանի վերաբերյալ, թե ինչ կարող են նրանք անել, որպեսզի արտահայտեն իրենց երախտագիտությունը ձեր քննարկած օրհնություններից մեկի համար: Խնդրեք մի քանի երեխաների կիսվել իրենց մտքերով:

Նկար
խաղ խաղացող երեխաները

Երեխաների սովորելն ավելի արդյունավետ կլինի, եթե ուսուցման տարբեր եղանակներ կիրառվեն: Ընտրեք այնպիսի վարժություններ և ուսուցման եղանակներ, որոնք ներգրավում են բոլոր երեխաներին:

Շաբաթ 3. Ես շնորհակալ եմ հոգևոր օրհնությունների համար:

Ներկայացրեք վարդապետությունը և օգնեք հասկանալ (կարդալով սուրբ գրություններ). Պատրաստեք նվեր Հիսուս Քրիստոսի նկարով, որի մեջ գրված կլինի հետևյալ սուրբ գրությունը. Մորոնի 10.8–17: Գրատախտակին գրեք. «Ես շնորհակալ եմ հոգևոր օրհնությունների համար»: Բացատրեք, որ կան շատ հոգևոր օրհնություններ, որոնք Տերը կարող է մեզ տալ: Նա տալիս է մեզ այս օրհնությունները Սուրբ Հոգու զորությամբ: Թող մի երեխա բացի նվերը և ցույց տա դրա պարունակությունը: Խնդրեք երեխաներին բացել այդ սուրբ գրությունը և գտնել հոգևոր օրհնությունները, որոնք Տերը կարող է մեզ տալ և գրեք դրանք գրատախտակին: Քննարկեք այս օրհնություններից մի քանիսը, և բացատրեք, որ մենք պետք է օգտագործենք դրանք ուրիշներին օգնելու համար:

Նկար
նվեր բացող երեխան

Շաբաթ 4. Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Երկնային Հորը մեր բոլոր օրհնությունների համար:

Ներկայացրեք վարդապետությունը. Երեխաներին ցույց տվեք մեկ կամ երկու առարկաներ, որոնք ինչ-որ մեկն է տվել ձեզ: Բացատրեք, որ այս նվերները կարևոր են ձեր համար և որ դուք «Շնորհակալություն» եք ասել դրանց համար: Խնդրեք երեխաներին կիսվել այլ եղանակներով, որ կարող ենք ցուցադրել մեր երախտագիտությունը մեր ստացած նվերների համար: Հարցրեք երեխաներին, թե ում մենք պետք է շնորհակալություն հայտնենք մեր բոլոր օրհնությունների համար: Քննարկեք պատճառները, թե ինչու մենք պետք է շնորհակալություն հայտնենք Երկնային Հորը մեր բոլոր օրհնությունների համար:

Նկար
փոքրիկ խմբեր

Երբ փոքր խմբերում խնդրում եք երեխաներին կիսվել իրենց մտքերով, ավելի շատ երեխաներ են մասնակցելու հնարավորություն ունենում: Ուսուցիչները կարող են օգնել, որպեսզի երեխաները մասնակցեն և օգնեն պահպանել ակնածանքը:

Օգնեք հասկանալ (ցուցակներ կազմելով). Հինգ առանձին պարկերի մեջ դրեք թերթիկ, գրիչ և հետևյալ առարկաներից մեկը. Եկեղեցու ժողովատան նկարը, հագուստեղենի նկար, սուրբ գրությունները, ընտանիքի նկարը և Փրկչի նկարը: Երեխաներին բաժանեք խմբերի, և յուրաքանչյուր խմբին տվեք պարկերից մեկը: Թող յուրաքանչյուր խումբ նայի իր պարկի առարկային և թղթի վրա գրի մի եղանակ, որով նրանք կարող են երախտագիտություն արտահայտել դրա համար: Այնուհետև խնդրեք նրանց ետ դնել առարկան, թերթիկը և գրիչը պարկի մեջ և փոխանցել այն մեկ այլ խմբի: Թող յուրաքանչյուր խումբ հերթով վերցնի յուրաքանչյուր պարկը, և այնուհետև հրավիրեք յուրաքանչյուր խմբին կիսվել, թե ինչ է գրված իրենց պարկի թերթիկի վրա:

Օգնեք կիրառել (կիսվելով մտքերով). Խնդրեք մի քանի երեխաների կիսվել, թե նրանք ինչ սովորեցին այս վարժությունից և թե ինչ պետք է նրանք անեն իրենց կյանքում այն կիրառելու համար: