Գերագույն համաժողով
Իրենց պարտականության ուղու վրա
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Իրենց պարտականության ուղու վրա

Դուք, որ այսօր առաջ եք շարժվում ձեր պարտականությունների ուղու վրա, Փրկչի վերականգնված Եկեղեցու ուժն եք:

Ես ջերմեռանդորեն աղոթում եմ Սուրբ Հոգու օգնության համար՝ իմ սերը, հիացմունքն ու երախտագիտությունն արտահայտելով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին ամբողջ աշխարհում:

Վերջին ծածկասայլի մարդիկ

1947 թվականին նշվեց Վերջին Օրերի Սրբերի ռահվիրաների՝ Սոլթ Լեյքի հովիտ ժամանելու 100-ամյակը: Նույն տարվա ընթացքում տեղի ունեցան հիշատակի տարբեր տոնակատարություններ, և երախտագիտության բազում խոսքեր ասվեցին Հիսուս Քրիստոսի նվիրյալ աշակերտների համար, որոնք արահետներ էին բացում, տներ կառուցում, բերք ցանում ամայի անապատում և բնակեցնում համայնքներ:

Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկը՝ Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, 1947 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովում այս հավատարիմ ռահվիրաներին մատուցեց ամենահիշարժան և հուզիչ հարգանքի տուրքը:

Իր ուղերձում նախագահ Քլարկը հակիրճ հիշատակեց հայտնի ղեկավարներին, որոնք առաջնորդել էին ներգաղթը դեպի արևմուտք․ նրանք էին՝ Բրիգամ Յանգը, Հիբեր Քիմբալը, Վիլֆորդ Վուդրուֆը, Փարլի Պ. Պրատը և շատ ուրիշներ: Սակայն, նրա հիմնական նպատակը չէր պատմել այս նշանավոր մարդկանց նվաճումների մասին։ Ավելի շուտ նա կենտրոնացավ այն վճռական մարդկանց վրա, որոնց անունները հայտնի չեն, ոչ էլ պաշտոնապես գրանցված են Եկեղեցու պատմության մեջ: Նրա ուղերձի ուսանելի վերնագիրն է՝ «Վերջին ծածկասայլի մարդիկ»:1

Նախագահ Քլարկը շատ մանրամասն նկարագրեց ներգաղթյալների բնորոշ գծերն ու դժվարությունները, որոնք ծածկված վագոնով գնում էին հարթավայրերով անցնող ծածկասայլերի երկար շարքերի հետևից։ Նա գովասանքի խոսքեր ասաց այդ անանուն և աննախադեպ հերոսներին, որոնք օրերով, շաբաթներով և ամիսներով խեղդվում էին իրենց առջևից գնացող ծածկասայլերի արձակած փոշուց և հաղթահարում անողոք խոչընդոտները, որոնց հանդիպում էին իրենց ճանապարհին:

Նախագահ Քլարկը հայտարարեց. «Վերջին ծածկասայլի մարդիկ առաջ էին մղվում թուլացած և հոգնած, ոտքերի ցավից գրեթե հուսահատված, բայց հավատալով, որ Աստված սիրում է իրենց, որ վերականգնված ավետարանը ճշմարիտ է, և որ Տերն առաջնորդում և ուղղորդում է եղբայրներին»:2

Նա իր ուղերձը եզրափակեց գովեստի այս հուզիչ խոսքերով.«Այս խոնարհ մարդկանց, որոնք մեծ էին հավատքով, գործով, արդար կյանքով, մեր անգին ժառանգությունը ձևավորելու ավանդով, ես խոնարհաբար հայտնում եմ իմ սերը, հարգանքն ու ակնածանքը»:3

Ոչ պակաս պիտանի

1990 թվականին նախագահ Հովարդ Վ. Հանթերը, որն այն ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահն էր, մի ելույթ ունեցավ Եկեղեցու այն անթիվ անդամների անփոխարինելի ներդրումների մասին, որոնք ջանասիրաբար և հավատարմությամբ ծառայում են, սակայն քիչ են արժանանում կամ ընդհանրապես չեն արժանանում հանրային ճանաչման կամ գնահատանքի:

Նախագահ Հանթերը բացատրել է․

«[Երիտասարդ և քաջարի Մորոնի զորապետի] մասին ասվեց.

«Եթե բոլոր մարդիկ եղած լինեին, և մնային, և երբևէ լինեին Մորոնիի նման, ահա, նույնիսկ դժոխքի զորությունները հավիտյան կսասանվեին … , դևը երբեք զորություն չէր ունենա մարդկանց զավակների սրտերի վրա» (Ալմա 48․17

Ինչպիսի հաճոյախոսություն հայտնի և ազդեցիկ մարդու համար։ Երկու հատված հետո ակնարկ է արվում Հելամանի և նրա եղբայրների մասին, որոնք ավելի քիչ ակներև դեր են խաղացել, քան Մորոնին․

«Եվ ահա, Հելամանը և նրա եղբայրները ոչ պակաս պիտանի էին ժողովրդի համար, քան Մորոնին էր» (Ալմա 48․19

Նախագահ Հանթերը շարունակում է․ «Այլ կերպ ասած, չնայած որ Հելամանն այդքան էլ նկատելի կամ աչքի ընկնող չի եղել, ինչպես Մորոնին, նա նույնքան պիտանի էր․ սա նշանակում է, որ նա նույնքան պատրաստակամ կամ օգտակար էր, որքան Մորոնին»։4

Նախագահ Հանթերն այնուհետև մեզ բոլորիս խորհուրդ տվեց լինել ոչ պակաս պիտանի: Նա ասաց․ «Եթե զգում եք, որ ձեր կատարած գործերից շատերը ձեզ շատ հայտնի չեն դարձնում, քաջացեք։ Լավագույն մարդկանց մեծ մասը, որոնք երբևէ ապրել են, նույնպես շատ հայտնի չեն եղել։ Ծառայեք և աճեք` հավատարմորեն ու խոնարհաբար»։5

Իրենց պարտականության ուղու վրա

Ես երախտապարտ եմ Եկեղեցու այն միլիոնավոր անդամներին, որոնք այսօր գալիս են Փրկչի մոտ6 և առաջ են շարժվում ուխտի ճանապարհով՝ մեր ժամանակակից վերջին ծածկասայլերով, և որոնք իսկապես ոչ պակաս պիտանի են: Երկնային Հոր և Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր ամուր հավատքը և ձեր՝ ոչ հավակնոտ ու սրբագործված կյանքը ոգեշնչում է ինձ լինել ավելի լավ մարդ և աշակերտ:

Ես սիրում եմ ձեզ: Ես հիանում ենք ձեզանով: Ես շնորհակալ եմ ձեզ։ Եվ ես գովում եմ ձեզ:

Սամուել Լամանացու կողմից ասված Մորմոնի Գրքի մի միտք լավագույնս ամփոփում է իմ զգացմունքները ձեր հանդեպ:

«Որ նրանցից մեծ մասն իրենց պարտականության ուղու վրա են, և նրանք քայլում են զգուշորեն Աստծո առջև և պահում-պահպանում են նրա պատվիրանները և նրա կանոններն ու նրա դատաստաններն ըստ Մովսեսի օրենքի:…

Այո, ես ասում եմ ձեզ, որ նրանց մեծ մասն անում է այս, և նրանք ձգտում են անխոնջ ջանասիրությամբ, որ նրանք կարողանան բերել իրենց եղբայրների մնացածին ճշմարտության իմացությանը»։7

Ես հավատում եմ, որ «իրենց պարտականության ուղու վրա» արտահայտությունը նկարագրում է այն խորաթափանց եղբայրներին ու քույրերին, որոնք գտնում և նստում են այն մարդկանց կողքին, որոնք միայնակ են եկեղեցու ժողովներում և այլ վայրերում: Նրանք միշտ ձգտում են մխիթարել նրանց, ովքեր մխիթարության կարիք ունեն,8 առանց գնահատանքի կամ գովասանքի ակնկալիքների:

«Իրենց պարտականության ուղու վրա» արտահայտությունը նկարագրում է այն ամուսիններին ու երեխաներին, որոնք աջակցում են այն զուգընկերոջը, ծնողին կամ զավակին, որը ծառայում է Տիրոջ վերականգնված Եկեղեցու որևէ ղեկավար պաշտոնում: Նրանց կայուն, հանգիստ և, որպես կանոն, չգնահատված ազդեցությունը հնարավոր է դարձնում բազմաթիվ անհատների և ընտանիքների օրհնություններն այնպիսի ձևերով, որոնք լիովին կգնահատվեն միայն հավերժության ընթացքում:

«Իրենց պարտականության ուղու վրա» արտահայտությունը նկարագրում է այն մարդկանց, որոնք հեռանալով Աստծուց, խոնարհաբար կրկին վերա-դառնում են Նրա մոտ,9 ապաշխարում են իրենց մեղքերից և փնտրում են Փրկչի Քավության մաքրող ու բժշկող զորությունը: Քրիստոսի մոտ10 գալը և «արգելված ուղիներից»11 վերադարձը դեպի ուխտի արահետ հոգևորապես կարևոր է և արդարացի է: Երբ նրանք հավատքով առաջ են շարժվում և չեն հոգնում բարիք գործելուց, դնում են մի մեծ գործի հիմքն իրենց անձնական կյանքում12 և «բոլոր սերունդների ու հավերժության համար»:13

«Իրենց պարտականության ուղու վրա» արտահայտությունը նկարագրում է այն արդար մարդկանց, որոնք Փրկչի ավետարանի լիազորված ուխտերի և արարողությունների միջոցով ցանկանում են լծվել Փրկչի հետ, բայց նրանց արգելվում է դա անել՝ իրենց վերահսկողությունից դուրս գործոններից ելնելով: Ես խոստանում եմ, որ ձեր վիշտը կթեթևանա, և Աստծուն ենթարկվելու ձեր հնազանդությունն ու հավատարմությունը կպարգևատրվեն «Տիրոջ ուրույն ժամանակին»:14 «Գիշերը լաց կա, իսկ առավոտյան՝ ցնծություն»:15

«Իրենց պարտականության ուղու վրա» արտահայտությունը նկարագրում է ողջ աշխարհում ոգեշնչված բանավոր և գրավոր թարգմանիչներին, որոնք ծառայում են Տիրոջը՝ օգնելով ընկերներին և անդամներին «լսել ավետարանի լրիվությունը [իրենց] լեզվով և [իրենց] մայրենի լեզվով»։16 Նրանց ձայները, նշանների լեզուն և թարգմանված փաստաթղթերը հավերժական ճշմարտություններ են հաղորդում, սակայն մեզանից քչերը գիտեն նրանց անունները կամ երբևէ հայտնել են իրենց երախտագիտությունը: Լեզուների պարգևի միջոցով, որով օրհնվել են բանավոր և գրավոր թարգմանիչները, ջանասիրաբար, անձնուրաց, և հաճախ, անանուն կերպով ծառայում են՝ օգնելու մարդկանց ստանալ հավատքի հոգևոր պարգևը՝ կարդալով և լսելով Աստծո խոսքը:17

«Իրենց պարտականության ուղու վրա» արտահայտությունը նկարագրում է այն հավատարիմ ամուսնացած տղամարդկանց և կանանց, որոնք պատվում են բազմանալու և երկիրը լցնելու իրենց ուխտի պարտականությունը, և որոնք օրհնված են ուժով ու տոկունությամբ՝ «գոտեմարտելու» իրենց երեխաների հետ հաղորդության ժողովներին: Աղետներով և խառը առաջնահերթություններով պարուրված այս խառնաշփոթ աշխարհում այդ խիզախ մարդիկ ուշադրություն չեն դարձնում եսակենտրոնությունը գովերգող աշխարհիկ ձայներին. նրանք հարգում են կյանքի սրբությունն ու կարևորությունը՝ Իր զավակների համար Երկնային Հոր երջանկության ծրագրում:

Ամուսնական շատ զույգեր նույնպես վստահում են Աստծուն, երբ նրանց սրտի արդար ցանկությունները չեն իրականանում, որոնց հետ հույսեր էին կապել կամ երազել։ Նրանք «ապավինում են Տիրոջը»18 և չեն պահանջում, որ Նա գործի իրենց մահկանացու ժամկետներում: «Քանզի աշխարհի սկզբից ի վեր, մարդիկ չեն լսել և նրանց ականջին չի հասել, ոչ էլ որևէ աչք է տեսել, ո՜վ Աստված, բացի քեզանից, թե ինչ մեծ բաներ ես դու պատրաստել [նրանց] համար, ովքեր սպասում են քեզ»:19

«Իրենց պարտականության ուղու վրա» արտահայտությունը նկարագրում է մսուրային խմբերի և երեխաների միության հազարավոր ղեկավարներին ու ուսուցիչներին, որոնք ամեն հանգստյան օր սիրում և ուսուցանում են Եկեղեցու երեխաներին։

Մտածեք, թե ինչ հավերժական հետևանք է ունենում այս նվիրված աշակերտների մատուցած ծառայությունը և մտածեք այս երեխաներին սպասավորող մարդկանց խոստացված հրաշալի օրհնությունների մասին:

«Եվ [Հիսուսը] վերցրեց մի երեխայի, նրան մեջտեղում կանգնեցրեց և նրան գրկելով՝ ասաց նրանց.

«Ով այսպիսի երեխաներից մեկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, իսկ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողին, այլ ոչ ինձ»։20

«Իրենց պարտականության ուղու վրա» արտահայտությունը նկարագրում է այն նվիրյալ զավակներին, որոնք խնամքով հոգ են տանում իրենց տարեց ծնողների մասին, այն քնից զրկված մորը, որը մխիթարում է վախեցած երեխային՝ պահակ կանգնելով «որպես առյուծ իր տան դռների մոտ»,21 Եկեղեցու այն անդամներին, որոնք շուտ գալիս են և ուշ գնում՝ աթոռները շարելու և հավաքելու համար, և այն ոգեշնչված անհատներին, որոնք հրավիրում են ընտանիքին, ընկերներին և գործընկերներին գալ և տեսնել, գալ և օգնել, գալ և մնալ:22

Ես նկարագրեցի ձեզ նման ուխտը պահող և Հիսուս Քրիստոսի նվիրված աշակերտների միայն մի քանի ընտրված օրինակներ, որոնք առաջ են շարժվում «իրենց պարտականության ուղու վրա»: Վերջին օրերի սրբերի միլիոնավոր ուրիշ օրինակներ, որոնք իրենց «ողջ հոգիները»23 մատուցում են Աստծուն, կարելի է գտնել Քրիստոսակենտրոն ընտանիքներում և Եկեղեցու միավորներում՝ ամբողջ աշխարհում:

Դուք սիրում և ծառայում եք, լսում և սովորում եք, հոգ եք տանում և մխիթարում, և ուսուցանում ու վկայում եք Սուրբ Հոգու զորությամբ: Դուք հաճախ ծոմ եք պահում ու աղոթում և ավելի ու ավելի ուժեղ եք դառնում ձեր խոնարհության մեջ, և ավելի կայուն՝ Քրիստոսի հավատքում, «որը [ձեր] հոգիները լցնում է ուրախությամբ ու սփոփանքով, այո, նույնիսկ մինչև իսկ մաքրում ու սրբագործում է ձեր սրտերը, սրբագործում, որը գալիս է [ձեր] սրտերն Աստծուն ենթարկելուց»:24

Խոստում և վկայություն

Այդ վերջին ծածկասայլի մարդիկ, բոլորը, ովքեր ոչ պակաս պիտանի են, և դուք, որ այսօր առաջ եք շարժվում ձեր պարտականությունների ուղու վրա, Փրկչի վերականգնված Եկեղեցու ուժն եք: Եվ Տերը խոստացել է․ «Բոլոր գահերն ու տիրապետությունները, իշխանություններն ու զորությունները պիտի հայտնի դարձվեն և տրվեն բոլոր նրանց, ովքեր քաջաբար համբերել են հանուն Հիսուս Քրիստոսի ավետարանի»:25

Ես ուրախությամբ վկայում եմ, որ Երկնային Հայրը և Նրա Սիրելի Որդին ապրում են, և Նրանց խոստումները հաստատ են․ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: