Գերագույն համաժողով
Ունեցեք սելեստիալ մտածելակերպ
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Ունեցեք սելեստիալ մտածելակերպ

Ձեր ընտրությունները կորոշեն, թե որտեղ եք ապրելու ողջ հավերժության ընթացքում, մարմնի տեսակը, որով հարություն կառնեք, և նրանց, ում հետ կապրեք հավերժ։

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես խորապես երախտապարտ եմ այսօր ձեզ հետ խոսելու հնարավորության համար։ Իմ տարիքում յուրաքանչյուր նոր օր հիանալի, ինչպես նաև դժվարին անակնկալներ է բերում։ Երեք շաբաթ առաջ ես վնասեցի մեջքիս մկանները։ Այսպիսով, չնայած ես ավելի քան 100 գերագույն համաժողովների ժամանակ ելույթ եմ ունեցել կանգնած, այսօր մտածեցի, որ դա կանեմ նստած: Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին այսօր իմ ուղերձը հասցնի ձեր սրտերին։

Վերջերս նշեցի իմ 99-ամյակը և այսպիսով սկսել եմ իմ կյանքի 100-րդ տարին։ Ինձ հաճախ են հարցնում, թե որն է իմ երկարակեցության գաղտնիքը։ Ահա ավելի լավ հարց. «Ի՞նչ եմ սովորել՝ գրեթե մեկ դար ապրելով»։

Այսօր ժամանակն ինձ թույլ չի տալիս ամբողջությամբ պատասխանել այդ հարցին, բայց թույլ տվեք կիսվել իմ իմացած ամենակարևոր դասերից մեկով։

Ես սովորել եմ, որ Երկնային Հայրը մեզ համար ունի մեծ ծրագիր, որ այն, ինչ մենք անում ենք այս կյանքում, իսկապես կարևոր է, և որ Փրկչի Քավությունն այն է, ինչը հնարավոր է դարձնում մեր Հոր ծրագիրը։1

Երբ պայքարում էի իմ վերջին վնասվածքից առաջացած ուժեղ ցավի դեմ, ես ավելի խոր երախտագիտություն զգացի Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության անըմբռնելի պարգևի հանդեպ։ Մտածեք այդ մասին Փրկիչը տարավ «ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»,2 որպեսզի Նա կարողանա մեզ մխիթարել, բժշկել, փրկել կարիքի ժամանակ։3 Հիսուս Քրիստոսը նկարագրել է Իր փորձառությունը Գեթսեմանիում և Գողգոթայում. «Տառապանք, որը ստիպեց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից»։4 Իմ վնասվածքը ստիպեց ինձ կրկին ու կրկին մտածել «Իսրայելի Սուրբի մեծության» մասին։5 Իմ ապաքինման ընթացքում Տերը դրսևորել է Իր աստվածային զորությունը խաղաղ և անսխալ ձևերով։

Հիսուս Քրիստոսի անսահման Քավության շնորհիվ մեր Երկնային Հոր ծրագիրը կատարյալ ծրագիր է։ Աստծո մեծ ծրագրի ըմբռնումը կյանքից հանում է առեղծվածը, իսկ մեր ապագայից՝ անորոշությունը։ Այն թույլ է տալիս մեզանից յուրաքանչյուրին ընտրել, թե մենք ինչպես կապրենք այստեղ՝ երկրի վրա, և որտեղ մենք կապրենք հավերժ։ Կա անհիմն մի գաղափար՝ «Կերեք, խմեք և զվարճացեք, քանզի վաղը մենք մեռնելու ենք. և մեզ համար լավ է լինելու»․6 սա տիեզերքի ամենից անհեթեթ սուտն է։

Ահա Աստծո ծրագրի հրաշալի լուրը․ «Հենց այն բաները, որոնք լավագույնս կփոխեն ձեր մահկանացու կյանքը, ճիշտ նույն բաներն են, որոնք ձեր կյանքը լավագույնը կդարձնեն ողջ հավերժության մեջ»: Այսօր, որպեսզի օգնեմ ձեզ որակավորվել բազում օրհնությունների համար, որ Երկնային Հայրը ունի ձեզ համար, ես հրավիրում եմ ձեզ որդեգրել «սելեստիալ մտածելակերպի» սովորույթը։7 Ունենալ սելեստիալ մտածելակերպ՝ նշանակում է ունենալ հոգևոր մտածողություն։ Մորմոնի Գրքի մարգարե Հակոբից մենք սովորում ենք, որ «հոգևոր մտածելակերպով լինելը` կյանք [է] հավերժական»։8

Մահկանացու կյանքը վարպետության դաս է, որից սովորում ենք ընտրել հավերժական նշանակություն ունեցող մեծագույն բաները։ Չափազանց շատ մարդիկ ապրում են այնպես, կարծես այս կյանքով է սահմանափակվում ամեն բան։ Այնուամենայնիվ, ձեր այսօրվա ընտրությունները կորոշեն երեք բան՝ որտեղ եք ապրելու ամբողջ հավերժության ընթացքում, մարմնի տեսակը, որով հարություն կառնեք, և նրանց, ում հետ կապրեք հավերժ։ Ուստի, ունեցեք սելեստիալ մտածելակերպ։

Որպես Եկեղեցու Նախագահ իմ առաջին ուղերձում ես խրախուսել եմ ձեզ սկսել՝ մտքում ունենալով վերջնական նպատակը։ Սա նշանակում է՝ սելեստիալ թագավորությունը դարձնել ձեր հավերժական նպատակը և այնուհետև ուշադիր խորհել, թե երկրի վրա գտնվելու ժամանակ ձեր յուրաքանչյուր որոշումը որտեղ կտեղավորի ձեզ հաջորդ աշխարհում։9

Տերը հստակ ուսուցանել է, որ միայն տղամարդիկ և կանայք, որոնք տաճարում կնքված են որպես ամուսին և կին ու պահում են իրենց ուխտերը, միասին կլինեն հավերժության ընթացքում։ Նա ասել է. «Բոլոր ուխտերը, պայմանագրերը, մուրհակները, պարտավորությունները, երդումները, խոստումները, կատարումները, կապերը, ընկերակցությունները կամ ակնկալիքները, որոնք չեն կապվել և հաստատվել ու կնքվել խոստումի Սուրբ Հոգով, … վերջանում են մարդկանց մահվան հետ»։10

Այսպիսով, եթե այժմ մենք անխոհեմաբար ընտրենք ապրել թելեստիալ օրենքներով, մենք ընտրում ենք հարություն առնել թելեստիալ մարմիններով։ Մեր իսկ ընտրությամբ մենք չենք ապրի մեր ընտանիքների հետ հավերժ։

Այսպիսով, իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ինչպես և որտեղ և ում հետ եք դուք ցանկանում հավերժ ապրել։ Դուք կարող եք ընտրել։11

Երբ դուք ընտրություն եք կատարում, ես ձեզ հրավիրում եմ հեռուն նայել՝ հավերժության հեռանկարից։ Դրեք Հիսուս Քրիստոսին առաջին տեղում, քանի որ ձեր հավերժական կյանքը կախված է Նրա և Նրա Քավության հանդեպ ձեր հավատքից։12 Դա նաև կախված է Նրա օրենքներին ձեր հնազանդությունից։ Հնազանդությունը ճանապարհ է հարթում ձեր այսօրվա ուրախ կյանքի և վաղվա մեծ, հավերժական պարգևի համար։

Երբ դուք բախվում եք երկընտրանքի, ունեցեք սելեստիալ մտածելակերպ։ Երբ փորձվում եք գայթակղությամբ, ունեցեք սելեստիալ մտածելակերպ։ Երբ կյանքը կամ սիրելիները ձեզ հուսահատեցնում են, ունեցեք սելեստիալ մտածելակերպ։ Երբ ինչ-որ մեկը վաղաժամ մահանում է, ունեցեք սելեստիալ մտածելակերպ։ Երբ ինչ-որ մեկը տառապում է կործանարար հիվանդությամբ, ունեցեք սելեստիալ մտածելակերպ։ Երբ կյանքի ճնշումները կուտակվում են ձեզ վրա, ունեցեք սելեստիալ մտածելակերպ։ Երբ դուք ապաքինվում եք դժբախտ պատահարից կամ վնասվածքից, ինչը ես անում եմ հիմա, ունեցեք սելեստիալ մտածելակերպ։

Երբ դուք կենտրոնանում եք սելեստիալ մտածելակերպ ունենալու վրա, ակնկալեք հանդիպել հակառակության։13 Տասնամյակներ առաջ արհեստավարժ գործընկերներիցս մեկը քննադատեց ինձ իմ մտքերում «չափազանց շատ տաճար» ունենալու համար, իսկ մի քանի ղեկավարներ ինձ պատժել են իմ հավատքի պատճառով։ Համոզված եմ, սակայն, որ սելեստիալ մտածելակերպը նպաստել է իմ կարիերային։

Սելեստիալ մտածելակերպի արդյունքում ձեր սիրտը աստիճանաբար կփոխվի։ Դուք կցանկանաք ավելի հաճախ և ավելի անկեղծ աղոթել։ Խնդրում եմ, թույլ մի տվեք, որ ձեր աղոթքները հնչեն որպես գնումների ցուցակ։ Տիրոջ հեռանկարը գերազանցում է ձեր մահկանացու իմաստությանը։ Նրա պատասխանը ձեր աղոթքներին կարող է զարմացնել ձեզ և օգնել ձեզ սելեստիալ մտածելակերպ ունենալու հարցում։

Խորհեք Ջոզեֆ Սմիթին տրված Տիրոջ պատասխանի շուրջ, մինչ նա Լիբերթիի բանտում աղերսում էր ազատություն։ Տերն ուսուցանել է Մարգարեին, որ նրա հանդեպ անմարդկային վերաբերմունքը փորձառություն կտա նրան և կլինի նրա օգտի համար։14 «Եթե դու լավ համբերես, - խոստացավ Տերը, - Աստված քեզ վեր կբարձրացնի»։15 Տերը սովորեցնում էր Ջոզեֆին ունենալ սելեստիալ մտածելակերպ և պատկերացնել հավերժական պարգևը, քան թե կենտրոնանալ օրվա տանջալի դժվարությունների վրա։ Մեր աղոթքները կարող են լինել և պետք է լինեն կենդանի քննարկումներ մեր Երկնային Հոր հետ։

Երբ ունենաք սելեստիալ մտածելակերպ, դուք կնկատեք, որ խուսափում եք այն ամենից, ինչը խլում է ձեր ազատ կամքը։ Ցանկացած կախվածություն՝ լինի դա խաղեր, մոլախաղեր, պարտքեր, թմրանյութեր, ալկոհոլ, զայրույթ, պոռնոգրաֆիա, սեքս կամ նույնիսկ սնունդ, վիրավորում է Աստծուն։ Ինչո՞ւ: Որովհետև ձեր մոլուցքը դառնում է ձեր աստվածը։ Սփոփանքի համար դուք նայում եք դրան, այլ ոչ թե Նրան։ Եթե դուք պայքարում եք կախվածության դեմ, փնտրեք ձեզ անհրաժեշտ հոգևոր և մասնագիտական օգնությունը։ Խնդրում եմ, թույլ մի տվեք, որ մոլուցքը ձեզ զրկի Աստծո մեծ ծրագրին հետևելու ձեր ազատությունից։

Սելեստիալ մտածելակերպը նաև կօգնի ձեզ հնազանդվել մաքրաբարոյության օրենքին։ Քիչ բաներ կան, որ կարող են ավելի արագ բարդացնել ձեր կյանքը, քան այս աստվածային օրենքի խախտումը։ Ձեզ համար, որ ուխտեր եք կապել Աստծո հետ, անբարոյականությունը հանդիսանում է վկայությունը կորցնելու ամենից արագ ուղիներից մեկը։

Հակառակորդի ամենից անողոք գայթակղություններից շատերը ներառում են բարոյական մաքրության խախտում։ Կյանք ստեղծելու զորությունը աստվածության համար միակ արտոնությունն է, որը Երկնային Հայրը թույլ է տալիս Իր մահկանացու զավակներին կիրառել։ Այսպիսով, Աստված հստակ ուղեցույցներ սահմանեց այս կենդանի, աստվածային զորության օգտագործման համար։ Սեռական հարաբերությունները վերապահված են միայն տղամարդու և կնոջ համար, որոնք ամուսնացած են միմյանց հետ։

Աշխարհի մեծ մասը չի հավատում դրան, բայց հասարակական կարծիքը ճշմարտության դատավորը չէ։ Տերը հայտարարել է, որ ոչ մի անմաքուր մարդ չի հասնի սելեստիալ արքայություն։ Այսպիսով, երբ որոշումներ եք կայացնում բարոյականության վերաբերյալ, խնդրում եմ, ունեցեք սելեստիալ մտածելակերպ։ Եվ եթե դուք անմաքուր եք եղել, ես խնդրում եմ ձեզ, ապաշխարեք։ Եկեք Քրիստոսի մոտ և ստացեք Նրա լիակատար ներման խոստումը, երբ լիովին ապաշխարեք ձեր մեղքերից։16

Երբ ունենաք սելեստիալ մտածելակերպ, դուք նոր լույսի ներքո կդիտարկեք փորձություններն ու հակադրությունը։ Երբ ձեր սիրելի մարդը հարձակում է գործում ճշմարտության վրա, ունեցեք սելեստիալ մտածելակերպ և կասկածի տակ մի դրեք ձեր վկայությունը։ Պողոս Առաքյալը մարգարեացավ, որ «վերջին ժամանակներում ոմանք հավատից կհեռանան և ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիների ու դևերի վարդապետություններին»։17

Հակառակորդի խաբեություններին վերջ չկա։ Խնդրում եմ, պատրաստ եղեք։ Երբեք խորհուրդ մի հարցրեք նրանցից, ովքեր չեն հավատում։ Առաջնորդություն փնտրեք վստահելի ձայների մեջ, որ գալիս են մարգարեներից, տեսանողներից և հայտնողներից և Սուրբ Հոգու շշուկներից, որ «ձեզ ցույց կտան բոլոր բաները, որ դուք պետք է անեք»։18 Խնդրում եմ, կատարեք հոգևոր աշխատանք՝ մեծացնելու անձնական հայտնություն ստանալու ձեր ունակությունը։19

Սելեստիալ մտածելակերպի արդյունքում ձեր հավատքը կմեծանա։ Երբ ես երիտասարդ պրակտիկանտ էի, իմ եկամուտը կազմում էր ամսական $15։ Մի գիշեր կինս՝ Դենցելը, հարցրեց, թե արդյոք ես վճարում եմ տասանորդ այդ չնչին կրթաթոշակից։ Ես դա չէի անում։ Ես արագ ապաշխարեցի և սկսեցի վճարել լրացուցիչ $1,50 ամսական տասանորդ։

Արդյոք Եկեղեցում ինչ-որ բան փոխվե՞ց մեր ավելացրած տասանորդի արդյունքում։ Իհարկե ոչ: Այնուամենայնիվ, լրիվ տասանորդ վճարող դառնալը փոխեց ինձ։ Այդ ժամանակ ես իմացա, որ տասանորդ վճարելը կապված է միայն հավատքի, ոչ թե փողի հետ։ Երբ ես դարձա լրիվ տասանորդ վճարող, դրախտի պատուհանները սկսեցին բացվել ինձ համար։ Ես մի քանի հետագա մասնագիտական հնարավորություններ վերագրում եմ մեր տասանորդների հավատարիմ վճարմանը։20

Տասանորդ վճարելը պահանջում է հավատք, և այն նաև հավատ է կերտում առ Աստված և Նրա Սիրելի Որդին։

Սեռականացված, քաղաքականացված աշխարհում առաքինի կյանք վարելու ընտրությունը հավատք է կերտում։

Տաճարում ավելի շատ ժամանակ անցկացնելը հավատք է կերտում։ Եվ ձեր տաճարային ծառայությունն ու երկրպագությունը կօգնեն ձեզ սելեստիալ մտածելակերպ ունենալ։ Տաճարը հայտնության վայր է։ Այնտեղ ձեզ ցույց է տրվում, թե ինչպես առաջ շարժվել դեպի սելեստիալ կյանք։ Այնտեղ դուք ավելի եք մոտենում Փրկչին և ավելի մեծ հասանելիություն ստանում Նրա զորության համար։ Այնտեղ դուք առաջնորդվում եք՝ լուծելու ձեր կյանքի խնդիրները, նույնիսկ ձեր ամենաբարդ խնդիրները։

Տաճարի արարողություններն ու ուխտերը հավերժական նշանակություն ունեն։ Մենք շարունակում ենք ավելի շատ տաճարներ կառուցել, որպեսզի այս սուրբ հնարավորությունները իրականություն դառնան ձեզանից յուրաքանչյուրի կյանքում։ Մենք երախտագիտությամբ հայտարարում ենք մեր ծրագրերը՝ հետևյալ 20 վայրերում նոր տաճար կառուցելու վերաբերյալ․

  • Սավաի (Սամոա)

  • Կանկուն (Մեքսիկա)

  • Պիուրա (Պերու)

  • Պիուրա (Պերու)

  • Վինյա դել Մար (Չիլի)

  • Գոյանիա (Բրազիլիա)

  • Ժուաո Պեսոա (Բրազիլիա)

  • Կալաբար (Նիգերիա)

  • Քեյփ Քոստ (Գանա)

  • Լուանդա (Անգոլա)

  • Մբուջի-Մայի (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)

  • Լաոագ (Ֆիլիպիններ)

  • Օսակա (Ճապոնիա)

  • Կահուլուի (Մաուի, Հավայի)

  • Ֆերբանքս (Ալյասկա)

  • Վանկուվեր (Վաշինգտոն)

  • Կոլորադո Սփրինգս (Կոլորադո)

  • Թալսա (Օկլահոմա)

  • Ռոանոկ (Վիրջինիա)

  • Ուլան Բատոր (Մոնղոլիա)

Տերը մեզ ուղղորդում է կառուցել այս տաճարները, որպեսզի օգնի մեզ ունենալ սելեստիալ մտածելակերպ։ Աստված ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Նրա Եկեղեցին վերականգնվել է Աստծո բոլոր զավակներին օրհնելու համար: Ես վկայում եմ սա Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Հովհաննես 6.38:

  2. Ալմա 7.11։

  3. Տես Ալմա 7.12:

  4. Վարդապետություն և Ուխտեր 19․18:

  5. 2 Նեփի 9.40:

  6. 2 Նեփի 28․7:

  7. Կարող է պարզվել, որ այստեղ ավելի հեշտ է ապաշխարել և հոգևորապես առաջադիմել, մինչ մեր հոգին միավորված է մեր մարմնի հետ, քան հաջորդ աշխարհում՝ մեր մահվան և հարության միջև ընկած ժամանակահատվածում։ Ինչպես Ամուղեկն ուսուցանում էր ուխտադրուժ զորամացիներին. «Այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու՝ հանդիպելու Աստծուն» (տես Ալմա 34․32-35

  8. 2 Նեփի 9.39:

  9. Տես Մոսիա 4․30, որտեղ Բենիամին թագավորը հորդորում է իր ժողովրդին․ «Եթե դուք չհետևեք ինքներդ ձեզ, և ձեր մտքերին, և ձեր խոսքերին, և ձեր արարքներին, և չկատարեք Աստծո պատվիրանները, և չշարունակեք հավատքով … , դուք պիտի կորչեք»։

  10. Վարդապետություն և Ուխտեր 132․7, շեշտադրումն ավելացված է։

  11. Անշուշտ, ձեր ազատ ընտրության իրավունքը չի կարող անտեսել ուրիշի ազատ ընտրության իրավունքը և դրա հետևանքները։ Ես շատ էի ուզում կնքվել ծնողներիս հետ։ Այնուամենայնիվ, ես ստիպված էի սպասել, մինչև նրանք ընտրեցին ստանալ իրենց օժտումը, երբ ավելի քան 80 տարեկան էին։ Հետո նրանք կնքվեցին որպես ամուսիններ, իսկ մենք՝ երեխաներս, կնքվեցինք նրանց հետ։

  12. Սուրբ գրությունները բազմիցս վկայում են, որ հավերժական կյանքի պարգևը հնարավոր է միայն Փրկիչ Հիսուս Քրիստոսի արժանիքների, ողորմության և շնորհի շնորհիվ (տես օրինակ, Մորոնի 7․41, տես նաև 2 Նեփի 2․6-8, 27

  13. Sես 2 Նեփի 2.11:

  14. Տես Վարդապետություն և Ուխտեր 122․7:

  15. Վարդապետություն և Ուխտեր 121․8։

  16. Տես Եսայիա 1․16-18, Վարդապետություն և Ուխտեր 58․42-43։

  17. Ա Տիմոթեոս 4․1։ Հաջորդ հատվածը շարունակում է՝ «ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը խարանված է» (հատված 2)։ Պողոսը նաև հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր «կամենում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, պիտի հալածվեն» (Բ Տիմոթեոս 3.12

  18. 2 Նեփի 32․5, շեշտադրումն ավելացված է: «Եթե դու խնդրես», - խոստացել է Տերը, - «դու կստանաս հայտնություն հայտնության վրա, գիտություն գիտության վրա» (Վարդապետություն և Ուխտեր 42.61):

  19. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 96։

  20. Սա չի նշանակում, որ կա պատճառահետևանքային կապ։ Ոմանք, ովքեր երբեք տասանորդ չեն վճարում, ստանում են մասնագիտական հնարավորություններ, մինչդեռ ոմանք, ովքեր վճարում են տասանորդ ոչ։ Խոստումն այն է, որ դրախտի պատուհանները կբացվեն տասանորդ վճարողի առաջ։ Օրհնությունների բնույթը տարբեր կլինի։