Գերագույն համաժողով
Մնացեք այդ օրը Քրիստոսում
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Մնացեք այդ օրը Քրիստոսում

Հիսուս Քրիստոսը մեզ հնարավորություն է տալիս «մնալ այդ օրը»։

Դա մի օր էր, որը լի էր սուր և նպատակային առակներով, բարդ հարցերով ու խորիմաստ վարդապետությամբ: Երբ Հիսուսը խստորեն հանդիմանեց նրանց, ովքեր նման էին «ծեփած գերեզմանների, որոնք արտաքուստ գեղեցիկ են երևում, բայց ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությամբ»,1 Նա ևս երեք առակ ուսուցանեց հոգևոր պատրաստվածության և աշակերտության մասին։ Դրանցից մեկը տասը կույսերի առակն էր։

«Այդ ժամանակ երկնքի արքայությունը կնմանվի տասը կույսերի, որոնք, իրենց լապտերներն առած, դուրս ելան փեսային դիմավորելու։

Նրանցից հինգն իմաստուն էին, իսկ հինգը՝ հիմար։

Հիմարներն իրենց լապտերները վերցրին, բայց իրենց հետ յուղ չվերցրին։

Սակայն իմաստուններն իրենց լապտերների հետ նաև ամաններով յուղ վերցրին։

Եվ երբ փեսան ուշացավ, բոլորը նիրհեցին ու քնեցին։

Եվ կեսգիշերին աղաղակ ելավ. «Ահա փեսան գալիս է, դուրս ելեք նրան դիմավորելու»։

Այդ ժամանակ բոլոր կույսերը վեր կացան ու իրենց լապտերները կարգի բերեցին։

Հիմարներն իմաստուններին ասացին. «Մեզ ձեր յուղից տվեք, որովհետև մեր լապտերները հանգչում են»։

Իմաստունները պատասխանեցին ու ասացին. «Չլինի թե մեզ ու ձեզ չբավականացնի։ Ավելի լավ է՝ վաճառողների մոտ գնաք ու ձեզ համար գնեք»։

Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ. ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահ մտան, և դուռը փակվեց։

Հետո եկան նաև մյուս կույսերը և ասացին. «Տեր, Տեր, բաց արա մեզ համար»:2

Իսկ նա պատասխանեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. ես ձեզ չեմ ճանաչում»։3

«Արդ արթուն կացեք, որովհետև չգիտեք ոչ օրը, ոչ էլ ժամը, երբ մարդու Որդին կգա»։4

Նախագահ Դալլին Հ. Օուքսը Փեսայի գալստյան առնչությամբ հետևյալ մտածելու տեղիք տվող հարցերը տվեց.5 «Իսկ եթե Նրա գալու օրը լիներ վա՞ղը: Եթե իմանայինք, որ վաղը հանդիպելու ենք Տիրոջը՝ մեր վաղաժամ մահվան կամ Նրա անսպասելի գալուստի արդյունքում, ի՞նչ կանեինք այսօր»։6

Իմ անձնական փորձից սովորել եմ, որ Տիրոջ գալստյան համար հոգևոր նախապատրաստությունը ոչ միայն շատ կարևոր է, այլ իրական խաղաղություն և երջանկություն գտնելու միակ ճանապարհն է:

Աշնանային մի արևոտ և ցրտաշունչ օր էր, երբ առաջին անգամ լսեցի «Դուք քաղցկեղով հիվանդ եք» բառերը: Ես ու ամուսինս ապշել էինք։ Երբ մեքենայով լուռ նստած տուն էինք գնում՝ վերլուծելով լսածը, ես սկսեցի մտածել մեր երեք որդիների մասին։

Մտքումս Երկնային Հորը հարց տվեցի. «Արդյոք ես կմահանա՞մ»:

Սուրբ Հոգին շշնջաց. «Ամեն ինչ լավ է լինելու»:

Այնուհետև ես հարցրի. «Արդյոք ես կապրե՞մ»:

Կրկին պատասխանը եկավ. «Ամեն ինչ լավ է լինելու»:

Ես շփոթված էի։ Ինչո՞ւ այդ երկու դեպքում էլ ճիշտ նույն պատասխանը ստացա։

Հետո հանկարծ իմ ողջ էությամբ կատարյալ խաղաղություն զգացի, երբ հիշեցի հետևյալը. կարիք չկար շտապել տուն և սովորեցնել մեր երեխաներին, թե ինչպես աղոթել: Նրանք գիտեին, թե ինչպես պատասխաններ և մխիթարություն ստանալ աղոթքի միջոցով: Կարիք չկար շտապել տուն և ուսուցանել նրանց սուրբ գրությունները կամ ապրող մարգարեների խոսքերը: Այդ խոսքերն արդեն ծանոթ էին և զորության ու ըմբռնման աղբյուր էին նրանց համար։ Կարիք չկար շտապել տուն և ուսուցանել նրանց ապաշխարության, Հարության, Վերականգնման, փրկության ծրագրի, հավերժական ընտանիքների կամ Հիսուս Քրիստոսի վարդապետության մասին:

Այդ պահին ես զգացի ընտանեկան երեկոների դասերի, սուրբ գրությունների ուսումնասիրության, հավատքով ասված աղոթքների, տրված օրհնությունների, կիսված վկայությունների, կնքված և պահված ուխտերի, Տիրոջ տուն այցելությունների և հանգստության օրերը սուրբ պահելու կարևորությունը. որքան էին կարևոր դրանք: Մեր լամպերի մեջ յուղ լցնելը շատ ուշ էր։ Մեզ համար թանկ էր յուղի ամեն մի կաթիլը, և դա մեզ հենց հիմա էր պետք:

Եթե ես մահանայի, ապա Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի շնորհիվ իմ ընտանիքը կմխիթարվեր, կամրապնդվեր և մի օր կվերականգնվեր: Եթե ես ապրեի, ապա ինձ հասանելի կլիներ երկրի վրա եղած ամենամեծ զորությունը, որն ինձ կսատարեր, կաջակցեր և կբուժեր։ Ի վերջո, Հիսուս Քրիստոսի շնորհիվ ամեն ինչ լավ կլինի։

Վարդապետություն և Ուխտերի մանրակրկիտ ուսումնասիրությունից մենք սովորում ենք, թե որն է այդ «լավ»-ը.

«Եվ այն օրը, երբ ես կգամ իմ փառքով, կկատարվի առակը, որը ես խոսեցի տասը կույսերի վերաբերյալ:

«Քանզի նրանք, ովքեր իմաստուն են և ընդունել են ճշմարտությունը, և վերցրել են Սուրբ Հոգին որպես իրենց ուղեկից, և չեն խաբվել,– ճշմարիտ ասում եմ ձեզ, նրանք չպիտի կտրվեն և կրակի մեջ գցվեն, այլ պիտի մնան այդ օրը»:7

Հիսուս Քրիստոսը մեզ հնարավորություն է տալիս «մնալ այդ օրը»։ «Այդ օրը մնալ»-ը չի նշանակում, որ պետք է մեծացնենք մեր անելիքների ցուցակը։ Այն նման է խոշորացույցի: Դրա միակ նպատակը պարզապես իրերն ավելի մեծ ցուցադրելը չէ: Այն կարող է նաև հավաքել և կենտրոնացնել լույսը՝ դարձնելով այն ավելի ուժեղ: Մենք պետք է պարզեցնենք, կենտրոնացնենք մեր ջանքերը և լինենք Հիսուս Քրիստոսի Լույսի հավաքողները: Մեզ ավելի շատ են անհրաժեշտ նվիրական և հայտնություն հրավիրող փորձառություններ:

Իսրայելի հյուսիս-արևմուտքում կա մի գեղեցիկ լեռնաշղթա, որը հաճախ կոչում են «մշտադալար լեռ»։ Կարմել8 լեռը մնում է կանաչ ողջ տարվա ընթացքում, մասամբ՝ փոքր քանակությամբ ցողի պատճառով: Սնուցումը տեղի է ունենում ամեն օր: Կարմել լեռան ցողի նման,9 երբ մենք ձգտենք սնուցել մեր հոգիները «արդարությանը պատկանող բաներով»10 և «փոքր ու հասարակ բաներով»,11 մեր և մեր զավակների վկայությունները չեն կորսվի:

Այժմ դուք կարող եք մտածել. «Բայց քույր Ռայթ, դուք չեք ճանաչում իմ ընտանիքին: Մենք իսկապես մաքառում ենք և ձեր նկարագրածին բոլորովին նման չենք»։ Դուք ճիշտ եք։ Ես չեմ ճանաչում ձեր ընտանիքին։ Բայց անսահման սիրով, ողորմությամբ, զորությամբ, գիտելիքով և փառքով օժտված Աստված ճանաչում է:

Ձեր ունեցած հարցերը հոգու խորքից բխող հարցեր են, որոնք ցավ են պատճառում ձեզ։ Նմանատիպ հարցեր կարելի է գտնել սուրբ գրություններում.

«Վարդապետ, քեզ հոգ չէ՞, որ կորչում ենք»:12

«Եվ հիմա իմ հույսը որտե՞ղ է»։13

«Ի՞նչ պիտի անե[մ] , որ այս խավարի ամպը հեռանա [ինձ] ստվերելուց»։14

«Բայց իմաստությունը որտե՞ղ է գտնվում, և ո՞րն է խելքի տեղը»։15

«Ինչպե՞ս է դա հնարավոր, որ դուք կարողանաք որդեգրել այն ամենը, ինչ բարի է»։16

«Տեր, ի՞նչ ես կամենում որ անեմ»։17

Իսկ հետո հետևում է սիրասուն պատասխանը․

«Հավատո՞ւմ ես դու Քրիստոսի զորությանը ի փրկություն»։18

«Պատվիրե՞լ է Տերը որևէ մեկին, որ նրանք չպետք է ճաշակեն իր բարությունից»։19

«Հավատո՞ւմ եք, որ [Նա կարող է] դա անել»։20

«Մարգարեներին հավատո՞ւմ ես»։21

«Արդյոք դուք գործադրո՞ւմ եք հավատք նրա փրկագնման նկատմամբ, ով ստեղծել է ձեզ»:22

«Մի՞թե ամբողջ աշխարհի դատավորը արդարություն չի անի»։23

Իմ սիրելի ընկերներ, մենք չենք կարող կիսվել մեր յուղով, բայց մենք կարող ենք կիսվել Նրա լույսով: Մեր լամպերի յուղը ոչ միայն կօգնի մեզ «մնալ այդ օրը», այլ նաև կարող է լինել այն ճանապարհը լուսավորելու միջոց, որը մեր սիրելի մարդկանց տանում է դեպի Փրկիչը, որը պատրաստ է «գրկաբաց ընդունելու» նրանց:24

«Տերն այսպես է ասում. «Ձայնդ դադարեցրու լալուց և աչքերդ՝ արտասուքից, որովհետև քո աշխատանքի համար վարձ կա, ․․․ Նրանք կվերադառնան թշնամու երկրից։

Եվ հույս կա քո ապագայի համար,- ասում է Տերը,- և որդիներդ իրենց երկիրը պիտի վերադառնան»։25

Հիսուս Քրիստոսը «քո ապագայի հույսն է»։ Մեր արված և չարված գործերից ոչինչ չի կարող հասնել Նրա անսահման և հավերժական զոհաբերությանը: Նա է պատճառը, որ մեր պատմությանը վերջ չկա:26 Ուստի, մենք «պետք է առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ: Ուստի, եթե [մենք] առաջ մղվենք, սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերենք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. [մենք] կունենանք հավերժական կյանք»:27

Հավերժական կյանքը հավերժական ուրախություն է։ Դժվարություններից դասեր քաղելու և դրանք հաղթահարելու Տիրոջ օգնության շնորհիվ և ոչ թե մեր դժվարությունների պատճառով է հավերժական կյանքը ուրախություն հանդիսանում այս կյանքում՝ հիմա և անչափ ուրախություն՝ գալիք կյանքում: Արցունքները կչորանան, կոտրված սրտերը կնորոգվեն, կորած բաները կգտնվեն, մտահոգությունները կփարատվեն, ընտանիքները կմիանան, և այն ամենը, ինչ Հայրն ունի, կտրվի մեզ։28

Իմ վկայությունն է, որ նայեք Հիսուս Քրիստոսին և ապրեք․29 «[մեր] հոգիների սիրելի Հովվի ու Տեսուչի» սուրբ և նվիրական անունով,30 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Մատթեոս 23․27։

  2. Մատթեոս 25.1-11։

  3. Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 25.11 ( Մատթեոս 25.12, ծանոթագրություն ա):

  4. Մատթեոս 25․13։

  5. Երեց Ջեյմս Ի. Թալմիջն ուսուցանել է. «Փեսան Տեր Հիսուսն է. ամուսնության տոնակատարությունը խորհրդանշում է Նրա փառքով գալուստը, երբ Իր մոտ կընդունի երկրի վրա գտնվող Եկեղեցին՝ որպես Իր հարսնացու: Կույսերը բնորոշում են նրանց, ովքեր հավատում են Քրիստոսին, և ովքեր, վստահորեն ակնկալում են ընդգրկվել տոնի օրհնված մասնակիցների թվում: Աղջիկների ունեցած վառված լապտերները քրիստոնեական հավատքի և կիրառության արտաքին արտահայտումն է, իսկ ավելի իմաստունների յուղի ամաններում մենք կարող ենք տեսնել այն հոգևոր ուժն ու առատությունը, որը կարող է ապահովել միայն Աստծո ծառայության մեջ աշխատասիրությունն ու նվիրվածությունը» (Jesus the Christ [1916], 578–79):

  6. Դալլին Հ. Օուքս, «Պատրաստություն Երկրորդ Գալուստի համար», Լիահոնա, մայիս 2004, 9։

  7. Վարդապետություն և Ուխտեր 45․56-57, շեշտադրումն ավելացված է։

  8. «Ցողն ապահովում է սահմանափակ քանակությամբ խոնավություն նույնիսկ չոր ամառվա ընթացքում և կարևոր է ամառային մշակաբույսերի համար, ինչպիսին ձմերուկն է: Որքան մոտ է տարածքը ծովին, այնքան քամիներից զուրկ գիշերներին ավելի շատ է ցող գալու հավանականությունը, երբ հողն ավելի սառն է, քան օդը, որը դիպչում է դրա մակերեսին: Ընդհանուր առմամբ, ափամերձ հարթավայրում ավելի շատ ցող կա, քան ներքին շրջաններում, որն առավել առատ է Կարմել լեռան վրա, որի վրա ցող է նստում տարեկան միջինը 250 գիշեր» (Efraim Orni and Elisha Efrat, Geography of Israel, 3rd rev. ed. [1971], 147):

  9. Վարդապետություն և Ուխտեր 128․19:

  10. Մոսիա 23.18:

  11. Ալմա 37․6։

  12. Մարկոս 4․38։

  13. Հոբ 17.15:

  14. Հելաման 5.40:

  15. Հոբ 28․12։

  16. Մորոնի 7.20:

  17. Գործք Առաքելոց 9․6:

  18. Ալմա 15․6։

  19. 2 Նեփի 26․28։

  20. Մատթեոս 9.28։

  21. Գործք Առաքելոց 26․27:

  22. Ալմա 5․15:

  23. Ծննդոց 18․25:

  24. Մորմոն 6.17։

  25. Երեմիա 31.16-17, շեշտադրումն ավելացված է:

  26. Տես Քամիլ Ն. Ջոնսոն, «Դարձրեք Քրիստոսին ձեր կյանքի պատմության հեղինակը», Լիահոնա, նոյ. 2021, 82. «Թող դժբախտությունն ու տառապանքը, որոնք յուրաքանչյուր լավ պատմության մասն են կազմում, լինեն միջոց, որով դուք մոտենում եք Հիսուս Քրիստոսին և ավելի եք նմանվում Նրան»։

  27. 2 Նեփի 31.20։

  28. Տես Վարդապետություն և Ուխտեր 84․38:

  29. Տես Ալմա 37․47։

  30. Ա Պետրոս 2.25: