Գերագույն համաժողով
Հանուն ձեր սերունդների
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Հանուն ձեր սերունդների

Մի եղեք կապող թույլ օղակը հավատքի այս գեղեցիկ շղթայի, որը դուք սկսել եք կամ ստացել եք որպես ժառանգություն: Եղեք ամուր կապող օղակը:

Մի քանի տարի առաջ, երբ ես ծառայում էի Հարավային Ամերիկայի Հյուսիսարևմտյան տարածաշրջանում և ապրում էի Պերուում, մի գեղեցիկ փորձառություն ունեցա, որով կցանկանայի կիսվել ձեզ հետ:

Դա տեղի ունեցավ, երբ ես տուն էի վերադառնում շաբաթավերջի ծանրաբեռնված հանձնարարություններից հետո։ Օդանավակայանում ներգաղթի գործընթացը ավարտելուց հետո ես գտա մի ընկերասեր տաքսու վարորդի, որը սպասում էր տեղի տաքսի ծառայության մոտ: Նա ինձ ուղեկցեց դեպի իր մեքենան, և ես նստեցի հետևի նստարանին՝ պատրաստ հանգստանալու և հանգիստ վայելելու տունդարձի ճամփան: Մի քանի խաչմերուկ քշելուց հետո վարորդը զանգ ստացավ իր ղեկավարից, որն ասաց նրան, որ ես սխալ տաքսի եմ նստել: Ինձ համար ուրիշ մեքենա էին ամրագրել, և նրա ղեկավարը խնդրեց, որ ինձ հետ տանեն օդանավակայան, եթե ցանկանում եմ մեքենան փոխել։ Ես ասացի նրան, որ դրա անհրաժեշտությունը չկար, և մենք կարող ենք շարունակել: Մի քանի րոպե լռությունից հետո նա ինձ նայեց դիմապակու հայելու մեջ և հարցրեց. «Դուք մորմոն եք, այնպես չէ՞»:

Զրույցի հրավիրող այդ հարցից հետո ես գիտեի, որ իմ լուռ պահերն ավարտվել են: Ես ցանկանում էի իմանալ, թե ուր կտանի մեր զրույցը։

Ես իմացա, որ նրա անունը Օմար էր, կնոջ անունը՝ Մարիա Թերեզա, և նրանք ունեին երկու զավակ՝ 14 տարեկան Կարոլինան և 10 տարեկան Ռոդրիգոն: Օմարը Եկեղեցու անդամ էր դեռ մանկուց: Նրա ընտանիքը եղել էր ակտիվ, բայց ինչ-որ պահի ծնողները դադարեցին եկեղեցի գնալ։ Օմարը դարձավ ոչ ակտիվ, երբ 15 տարեկան էր: Այժմ նա 40 տարեկան է:

Այդ պահին ես հասկացա, որ սխալ տաքսի չեմ նստել։ Դա պատահականություն չէր։ Ես ասացի նրան, թե ով եմ և որ հայտնվել էի նրա տաքսիում, քանի որ Տերը նրան հետ էր կանչում դեպի Իր հոտը:

Ապա մենք խոսեցինք այն օրերի մասին, երբ նա և իր ընտանիքը Եկեղեցու ակտիվ անդամներ էին: Նա լավ էր հիշում ընտանեկան երեկոների հաճելի պահերը և Երեխաների միության որոշ երգերը։ Այնուհետև նա կամաց երգեց «Աստծո զավակն եմ»1 օրհներգից որոշ բառեր:

Ստանալով նրա հասցեն, հեռախոսահամարը և իր եպիսկոպոսի հետ կիսվելու թույլտվությունը՝ ես ասացի նրան, որ եկեղեցի վերադառնալու առաջին օրը հաղորդության սենյակում լինելու միջոց կգտնեմ: Մենք ավարտեցինք օդանավակայանից իմ տուն տանող ճանապարհը, ինչպես նաև մեր փոքրիկ ճամփորդությունը դեպի նրա անցյալ, և ամենքս գնացինք մեր ճանապարհով:

Մի քանի շաբաթ անց նրա եպիսկոպոսը զանգահարեց ինձ և ասաց, որ Օմարը ծրագրում է եկեղեցի գալ տվյալ կիրակի օրը: Ես ասացի նրան, որ այնտեղ կլինեմ: Այդ կիրակի Օմարն այնտեղ էր իր որդու հետ։ Նրա կինն ու դուստրը դեռ հետաքրքրված չէին։ Մի քանի ամիս անց նրա եպիսկոպոսը նորից զանգահարեց ինձ և այս անգամ ասաց, որ Օմարը մկրտելու է իր կնոջն ու երկու զավակներին, և հրավիրեց ինձ ներկա գտնվել: Ահա այն կիրակի օրվա նկարը, երբ նրանք հաստատվեցին Եկեղեցու անդամ:

Նկար
Երեց Գոդոյը Օմարի ընտանիքի հետ այն կիրակի օրը, երբ նրանք հաստատվեցին:

Այդ կիրակի ես ասացի Օմարին և նրա ընտանիքին, որ եթե նրանք պատրաստ լինեին, ապա մեկ տարուց հետո ես պատիվ կունենայի կատարել նրանց կնքումը Լիմայի (Պերու) տաճարում: Ահա բոլորիս համար այդ հիշարժան պահի նկարը՝ արված մեկ տարի անց։

Նկար
Երեց Գոդոյը Օմարի ընտանիքի հետ տաճարում:

Ինչո՞ւ եմ ձեզ հետ կիսվում այս փորձառությամբ: Երկու նպատակ կա դրա համար․

Առաջինը՝ դիմում եմ այն լավ անդամներին, որոնք ինչ-ինչ պատճառներով հեռացել են Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանից: Երկրորդը՝ դիմում եմ նաև այսօր ներկա այն անդամներին, որոնք գուցե այնքան էլ հավատարիմ չեն պահում իրենց ուխտերը, որքան անհրաժեշտ է: Երկու դեպքում էլ նրանցից առաջ ծնված սերունդները տուժում են, իսկ օրհնություններն ու խոստումները, որոնք ամրագրված են եղել նրանց սերունդներին, վտանգի տակ են:

Սկսենք առաջին սցենարից․ լավ անդամները, որոնք հեռացել են ուխտի արահետից, ինչպես պատահեց իմ պերուացի ընկեր Օմարի հետ: Երբ ես հարցրի նրան վերադարձի պատճառը, նա ասաց, որ ինքը և իր կինը զգացին, որ իրենց երեխաները կյանքում ավելի երջանիկ կլինեն Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելիս: Նա զգաց, որ ժամանակն է վերադառնալ եկեղեցի՝ հանուն իր երեխաների:

Շատ տխուր է, երբ հանդիպում ենք Եկեղեցու քիչ ակտիվ անդամների կամ ոչ անդամների, որոնք ժամանակին իրենց ընտանիքներում ապրում էին ավետարանով, սակայն կորցրել են այն իրենց ծնողների կամ պապերի ու տատերի՝ Եկեղեցուց ընդմիջում տալու որոշման պատճառով: Այդ որոշումը կարող է ընդմիշտ ազդել նրանց սերունդների վրա։

Նրանց երեխաներն ու թոռները զրկված են եղել իրենց կյանքում Հիսուս Քրիստոսի ավետարանի պաշտպանությունից և օրհնություններից: Նույնիսկ ավելի ցավալի է, որ նրանք կորցրել են հավերժական ընտանիքի խոստումները, որոնք մի օր իրենցն են եղել։ Մի մարդու որոշումը ազդել է ժառանգների մի ամբողջ շղթայի վրա: Հավատքի ժառանգությունը կտրվել է:

Սակայն, ինչպես գիտենք, ցանկացած կոտրված բան կարող է նորոգվել Հիսուս Քրիստոսի միջոցով: Այդ առումով նախագահ Ռասսել Մ. Նելսոնը այս հրավերն է հղել․ «Եթե դուք դուրս եք եկել այդ ուղուց, թույլ տվեք հրավիրել ձեզ իմ սրտում եղած ամբողջ հույսով, որ հետ վերադառնաք։ Անկախ ձեր մտահոգություններից, անկախ ձեր խնդիրներից՝ Տիրոջ այս Եկեղեցում ձեզ համար տեղ կա։ Դուք և դեռ չծնված սերունդները կօրհնվեք, եթե դուք այժմ վերադառնաք ուխտի ուղու վրա»։2

Այժմ եկեք անդրադառնանք երկրորդ սցենարին՝ այսօրվա ներկա անդամներին, որոնք գուցե այնքան հավատարիմ չեն, որքան պետք է լինեին: Ինչպես երեկվա որոշումներն են ազդում այսօրվա իրողությունների վրա, այնպես էլ այսօրվա որոշումները կազդեն մեր ապագայի և մեր ընտանիքի անդամների ապագայի վրա:

Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․

Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը քաջալերում է մեզ մտածել ապագայի մասին։ ․․․ Ավետարանը հրաշալի գաղափարներ է ուսուցանում ապագայի մասին, որպեսզի առաջնորդի մեր գործողություններն այսօր:

Փոխարենը, մենք ճանաչում ենք մարդկանց, որոնք մտահոգված են միայն ներկայով՝ ծախսել այսօր, վայելել այսօր և չմտածել ապագայի մասին:

․․․ Երբ մենք կայացնում ենք ներկայիս որոշումները, միշտ պետք է հարցնենք. «Ինչի՞ կհանգեցնեն մեր ընտրությունները»:3 Արդյո՞ք մեր ներկայիս որոշումները կպարգևեն ուրախություն հիմա և հավերժության մեջ, թե՞ վիշտ ու արցունքներ կբերեն։

Ոմանք գուցե մտածեն. «Մենք կարիք չունենք հաճախելու եկեղեցի ամեն կիրակի», կամ «մենք կվճարենք տասանորդ, երբ գործերը լավանան», կամ «ես չեմ աջակցի Եկեղեցու ղեկավարներին այս հարցում»:

Եվ նրանք կասեն․ «Բայց մենք գիտենք, որ Եկեղեցին ճշմարիտ է, և մենք երբեք չենք հեռանա Հիսուս Քրիստոսի ավետարանից»:

Նման մտքեր ունեցողները չեն գիտակցում, թե անդամության այս «գոլ» տեսակն ինչ բացասական ազդեցություն կունենա իրենց և իրենց սերունդների կյանքում: Ծնողները կարող են ակտիվ մնալ, բայց իրենց երեխաներին կորցնելու վտանգը մեծ է՝ այս կյանքում և հավերժության մեջ:

Նրանց մասին, ովքեր չեն ժառանգի սելեստիալ փառքն իրենց ընտանիքներով, Տերն ասում է. «Այդ նրանք են, ովքեր անվեհեր չեն Հիսուսի վկայության մեջ. ուստի, նրանք չեն ստանում մեր Աստծո արքայության թագը»։4 Արդյո՞ք դա այն է, ինչ մենք ուզում ենք մեր և մեր երեխաների համար: Արդյո՞ք մենք չպետք է լինենք ավելի անվեհեր և ավելի քիչ գոլ՝ հանուն մեզ և մեր սերունդների:

Նախագահ Բալլարդը նույնպես խոսել է նմանատիպ մտահոգության մասին.

«Ոմանց համար հավատալու և մնալու Քրիստոսի հրավերը դեռևս ծանր կամ դժվար ընդունելի է: ․․․ Որոշ աշակերտներ դժվարանում են հասկանալ Եկեղեցու քաղաքականության կամ ուսմունքների որոշ կետեր: Ոմանց մտահոգում են մեր պատմության որոշ դրվագները կամ որոշ հին և ներկա անդամների ու ղեկավարների թերությունները:

․․․ Եկեղեցու անդամների և Տիրոջ կողմից ընտրված ղեկավարների հետ այլևս չշարունակելու որոշումը երկարատև ազդեցություն կթողնի, որը միշտ չէ, որ անմիջապես տեսանելի կլինի»:5

Ի՞նչ տխուր ժառանգություն ենք փոխանցելու, և հանուն ինչի՞: Ինչ էլ որ լինի, չպետք է անտեսել այն բացասական հոգևոր ազդեցությունը, որը դա կստեղծի գալիք սերունդների համար:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, եթե դուք անցնում եք իմ ելույթում նշած այս երկու իրավիճակներից որևէ մեկի միջով, խնդրում եմ վերանայեք ձեր գործողությունների ընթացքը: Դուք գիտեք, որ այս կյանքում մեզ համար մի ծրագիր կա: Դուք գիտեք, որ ընտանիքները կարող են հավերժ լինել: Ինչո՞ւ վտանգի տակ դնել ձեր ընտանիքը: Մի եղեք կապող թույլ օղակը հավատքի այս գեղեցիկ շղթայի, որը դուք սկսել եք կամ ստացել եք որպես ժառանգություն: Եղեք ամուր կապող օղակը: Դա անելու հերթը ձերն է, և Տերը կարող է օգնել ձեզ:

Ի սրտե հրավիրում եմ ձեզ մտածել այդ մասին, նայել առաջ և գնահատել, թե «ուր կհասցնի դա» և, անհրաժեշտության դեպքում, լինել այնքան անվեհեր, որ վերաձևավորեք ձեր ուղին՝ հանուն ձեր սերունդների: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։