Գերագույն համաժողով
Աստված ճանաչում և սիրում է ձեզ
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Աստված ճանաչում և սիրում է ձեզ

Աստծո երջանկության ծրագիրը ձեր մասին է։ Դուք Նրա թանկագին զավակներն եք և մեծ արժեք ունեք։

Վեց տարի առաջ ընտանիքով գիշերով ճանապարհորդում էինք Օքսֆորդ քաղաքից դուրս։ Ինչպես միշտ, փոքր երեխաների հետ ճամփորդելիս, պետք է կանգ առնեինք սպասարկման կայանում խանութներից և ռեստորաններից օգտվելու համար։ Կազմակերպված մենք դուրս եկանք մեքենայից, արեցինք մեր գործերը և նստեցին մեքենան՝ շարունակելով մեր ճանապարհը։

Տասնհինգ րոպե անց մեր ավագ որդին հարցրեց․ «Ո՞ւր է Ջասպերը»։ Ջասպերը իքնուրույն նստում է իր տեղում՝ մեքենայի հետնամասում։ Մենք ենթադրեցինք, որ նա քնել է կամ թաքնվել է՝ մեզ հետ խաղալով։

Նրա եղբայրը ուշադիր զննեց մեքենայի հետնամասը, և մենք հասկացանք, որ մեր հինգամյա որդին այնտեղ չէր։ Մեր սրտերը սարսափից սառեցին։ Վերադառնալով դեպի սպասարկման կայան՝ մենք աղոթում էինք Երկնային Հորը Ջասպերի ապահովության համար։ Մենք զանգահարեցինք ոստիկանություն և տեղեկացրինք իրավիճակի մասին։

Անհամբերությամբ տեղ հասնելով, մոտ քառասուն րոպե անց, մեքենաների կայանատեղիում տեսանք երկու ոստիկանական մեքենա՝ լույսերը վառած։ Դրանցից մեկում Ջասպերը խաղ էր անում՝ սեղմելով կոճակները։ Երբեք չեմ մոռանա այն ուրախությունը, որը զգացինք նրան նորից տեսնելով։

Փրկչի առակաշունչ ուսմունքներից շատերը կենտրոնանում են հավաքելու, վերականգնելու կամ ցրվածն ու կորսվածը գտնելու ձգտման վրա: Դրանց շարքում են մոլորված ոչխարի, կորած դրամի և անառակ որդու առակները:1

Ջասպերի հետ այս պատահարը տարիներ շարունակ մտքում պահելով՝ ես մտորել եմ Աստծո զավակների աստվածային ինքնության և կարևորության, ինչպես նաև Երկնային Հոր կատարյալ սիրո մասին, որը ճանաչում է ձեզ և ինձ։ Ուրախ եմ, որ այսօր կարող եմ վկայություն բերել այդ ճշմարտությունների մասին։

1. Աստծո զավակները

Կյանքը դժվար է։ Շատ մարդիկ իրենց զգում են չափից դուրս ծանրաբեռնված, միայնակ, մեկուսացած կամ ուժասպառ։ Երբ դժվար է, կարող ենք մտածել, թե մոլորվել ենք կամ հետ ընկել։ Իմանալով, որ մենք Աստծո զավակներն ենք և Նրա հավերժական ընտանիքի անդամները՝ կարողանում ենք վերականգնել պատկանելության և նպատակի զգացումը։2

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ասել է․ «Կա մեկ ընդհանուր և հավերժական կարևոր ինքնություն։ Դա այն է, որ դու եղել ես և միշտ կլինես Աստծո որդին կամ դուստրը։ Այս ճշմարտությունը իսկապես հասկանալն ու ընդունելը կարող է փոխել քո կյանքը»:3

Թյուրըմբռնումով մի վերաբերվեք կամ թերագնահատեք այն, թե որքան կարևոր եք դուք ձեր Երկնային Հոր համար: Դուք բնության պատահական ծնունդ չեք, տիեզերական որբ կամ ժամանակի և հնարավորության համընկումի արդյունք։ Եթե կա ծրագիր, կա նաև նախագծող:

Ձեր կյանքը իմաստ և նպատակ ունի։ Հիսուս Քրիստոսի ավետարանի շարունակվող վերականգնումը լույս և հասկացողություն է տալիս ձեր աստվածային ինքնության մասին։ Դուք Երկնային Հոր սիրելի զավակն եք: Դուք այդ առակների և ուսմունքների հերոսներն եք։ Աստված ձեզ այնքան շատ է սիրում, որ ուղարկեց Իր Որդի Հիսուս Քրիստոսին՝ բժշկելու, փրկելու և քավելու ձեզ։4

Հիսուս Քրիստոսը ընդունեց յուրաքանչյուր մարդու աստվածային էությունն ու հավերժական արժեքը:5 Նա բացատրեց, որ Աստծուն սիրելու և մեր մերձավորին սիրելու երկու մեծ պատվիրանները6 Աստծո բոլոր պատվիրանների հիմքն են։ Մեր աստվածային պարտականություններից մեկը կարիքի մեջ գտնվողների համար հոգ տանելն է։7 Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, կանչված ենք «կրելու մեկս մյուսի բեռը. … սգալու նրանց հետ, ովքեր սգում են ․․․ և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության»։8

Կրոնի հիմքում ընկած են ոչ միայն Աստծո հետ մեր հարաբերությունները, այլ նաև մեր հարաբերությունները մեկս մյուսի հետ։ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է, որ religion բառը ծագում է religare լատիներեն բառից, որը թարգմանաբար նշանակում է «կապել», կամ՝ ավելի բառացի՝ «վերակապել»։ Այսպիսով, «ճշմարիտ կրոնը կապ է, որով մենք կապվում ենք Աստծո և միմյանց հետ»։9

Կարևոր է, թե մենք ինչպես ենք վերաբերվում միմյանց։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանում է․ «Փրկչի ուղերձը հստակ է. Նրա ճշմարիտ աշակերտները շենացնում, բարձրացնում, քաջալերում, համոզում և ոգեշնչում են»։10 Դա առավելապես կարևոր է, երբ մեր մերձավոր ճամփորդները զգում են իրենց մոլորված, միայնակ, մոռացված կամ մեկուսացած։

Հարկ չկա հեռուն նայել՝ տառապողին տեսնելու համար։ Կարող ենք սկսել՝ օգնելով մեր ընտանիքից, համայնքից կամ հարևաններից որևէ մեկին։ Մենք կարող ենք նաև թեթևացնել ծայրահեղ աղքատության մեջ գտնվող 700 միլիոն մարդկանց կյանքը11 կամ 100 միլիոն մարդկանց կյանքը, որոնք տեղահանվել են հալածանքների, հակամարտությունների և բռնությունների արդյունքում։12 Հիսուս Քրիստոսը հոգածության կատարյալ օրինակ է նրանց համար, ովքեր քաղցած են, օտար են, հիվանդ են, աղքատ են, բանտարկված են։ Նրա աշխատանքը մեր աշխատանքն է:

Երեց Ջերիթ Վ․ Գոնգը ուսուցանում է, որ մեր ճանապարհը դեպի Աստված մենք հաճախ գտնում ենք միասնաբար:13 Ուստի մեր ծխերը պետք է ապաստան լինեն Աստծո բոլոր զավակների համար։ Արդյո՞ք մենք պասիվորեն ենք հաճախում եկեղեցի, թե՞ ակտիվորեն ստեղծում ենք համայնքներ, որոնց նպատակն է երկրպագելը, Քրիստոսին հիշելը և միմյանց սպասավորելը։14 Մենք կարող ենք ուշք դարձնել Նախագահ Նելսոնի խորհրդին՝ դատել ավելի քիչ, սիրել ավելի շատ և մյուսներին առաջարկել Հիսուս Քրիստոսի մաքուր սերը մեր խոսքերի ու գործերի միջոցով։15

Հիսուս Քրիստոսի քավիչ զորությունը

Հիսուս Քրիստոսի քավությունը Իր զավակների հանդեպ մեր Երկնային Հոր սիրո գերագույն արտահայտումն է։16 Քավություն բառը անգլերենում նշանակում է «մեկ լինելը» նրանց, ովքեր իրարից հեռացել են, և ցույց է տալիս Աստծո հետ մարդու հաշտությունը:

Մեր Փրկչի առաքելությունն էր մեզ տալ Երկնային Հոր մոտ վերադառնալու ուղի և թեթևացնել այդ ճանապարհը մեզ համար։ Իր փորձառությամբ Փրկիչը գիտի ինչպես օգնել մեզ անցնել կյանքի դժվարությունների միջով։17 Մի սխալվեք․ Հիսուս Քրիստոսը մեր հոգիների փրկիչն է ու բժիշկը։

Երբ մենք հավատք ենք գործադրում, Նա օգնում է մեզ առաջ գնալ դժվարությունների միջով։ Նա չի դադարում մեզ հղել Իր սիրող և գթասիրտ հրավերը․

«Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։

Իմ լուծը ձեզ վրա վերցրեք ու ինձանից սովորեք, ․․․ և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք»։18

Լուծը վերցնելու խորհուրդը հզոր է։ Ինչպես բացատրել է Նախագահ Հովարդ Վ. Հանթերը․ «Լուծը՝ որպես գործիք, թույլ էր տալիս, որ երկրորդ անասունի ուժը միակցվեր, և զուգակցված մեկ կենդանու ջանքով, կիսեր ու նվազեցներ գութանի կամ սայլի ծանր աշխատանքը: Բեռը, որը ճնշող էր կամ գուցե անհնարին՝ կրելու մեկի համար, կարող էր հավասարապես և հարմարավետ տարվել երկուսի կողմից, որոնք կապված են մի ընդհանուր լծով»:19

Նախագահ Նելսոնն ուսուցանել է. «Դուք գալիս եք Քրիստոսի մոտ՝ լծվելով Նրա և Նրա զորության հետ, որպեսզի միայնակ չքաշեք կյանքի բեռը: Դուք քաշում եք կյանքի բեռը աշխարհի Փրկչի և Քավիչի հետ մի լծի տակ»։20

Ինչպե՞ս ենք մենք լծակից դառնում կամ կապում մեզ Փրկչի հետ: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է.

«Սրբազան ուխտեր կապելն ու պահելը մեզ լծակից է դարձնում Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Ըստ էության՝ Փրկիչը մեզ հրավիրում է ապավինել Իրեն և քաշել լուծը Իր հետ միասին։

Մենք երբեք միայնակ չենք և չպետք է միայնակ լինենք»:21

Ծանրաբեռնված, մոլորված, շփոթված ցանկացած անձ մենակ չէ այս ճանապարհին։22 Քրիստոսի Քավության և Նրա արարողությունների միջոցով դուք կարող եք լծակից դառնալ կամ կապվել Նրա հետ։ Նա սիրով ուժ և ապաքինում է շնորհում ձեզ՝ առջևում ընկած ճանապարհն անցնելու համար։ Նա է մեր ապաստանը փոթորիկներից։23

2. Երկնային Հոր սերը

Պետք է ասեմ, որ Ջասպերը սրամիտ, սիրալիր, խելացի և աշխույժ է։ Բայց ամենակարևորը՝ նա իմն է։ Նա իմ որդին է, և ես սիրում եմ նրան այնքան, որ նա երբեք չի էլ պատկերացնի։ Եթե անկատար, երկրային հայրը կարող է իր զավակի հանդեպ այսպիսի զգացմունքներ ունենալ, պատկերացրեք, թե ինչ է զգում ձեր հանդեպ կատարյալ, փառավոր, սիրող Երկնային Հայրը։

Աճող սերնդի իմ թանկագին ընկերներ, Z սերնդի և Ալֆա սերնդի երիտասարդներ, իմացեք, որ հավատքը աշխատանք է պահանջում։24 Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ շատերի համար հավատալը տեսնելն է։ Հավատքը կարող է դժվար լինել և ընտրություններ պահանջել։ Բայց աղոթքները պատասխաններ են ստանում։25 Իսկ պատասխանները կարելի է զգալ։26 Կյանքի իրական բաներից շատերը տեսանելի չեն․ դրանք կարելի է զգալ, իմանալ և փորձել։ Դրանք շատ իրական են:

Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ ճանաչեք ձեր Երկնային Հորը և կապ ունենաք Նրա հետ։27 Նա ուսուցանել է․ «Ձեզնից ո՞վ է, որ որդի ունենա, և նա կանգնի և ասի. քանզի իմը քոնն է, և քոնը իմն է»:28 Կարո՞ղ եք պատկերացնել Աստծո ավելի անձնական, սիրող կերպար, քան Երկնային Հայրն է։

Դուք Նրա զավակն եք։ Եթե ձեզ մոլորված եք զգում, հարցեր ունեք կամ իմաստության պակաս, մաքառում եք ձեր վատ պայմաններում կամ հոգևոր անհամաձայնության մեջ եք, շրջվեք դեպի Նա։ Աղոթեք Նրան հարմարավետության, սիրո, պատասխանների և ուղղորդման համար։ Անկախ կարիքից և ձեր գտնվելու վայրից, ձեր սիրտը բացեք ձեր Երկնային Հոր առաջ: Ոմանք, գուցե, ցանկանան հետևել Նախագահ Նելսոնի հրավերին և հարցնեն՝ «արդյոք Նա իրոք գոյություն ունի և ճանաչում է ձեզ: Հարցրեք Նրան, թե Նա ինչ է զգում ձեր հանդեպ: Իսկ հետո լսեք»:29

Թանկագին եղբայրներ և քույրեր,

  • Ճանաչեք ձեր Երկնային Հորը։ Նա կատարյալ է և սիրող:

  • Ճանաչեք Հիսուս Քրիստոսին։30 Նա մեր Փրկիչն ու Քավիչն է: Կապեք ձեզ և ձեր սիրելի մարդկանց Նրա հետ։

  • Եվ իմացեք, թե ով եք դուք: Ճանաչեք ձեր ճշմարիտ աստվածային ինքնությունը: Աստծո երջանկության ծրագիրը ձեր մասին է։ Դուք Նրա թանկագին զավակներն եք և մեծ արժեք ունեք։ Նա ճանաչում և սիրում է ձեզ։

Այս պարզ, բայց հիմնարար ճշմարտությունների մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: