Գերագույն համաժողով
Անառակը և ճամփան, որ տուն է տանում
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Անառակը և ճամփան, որ տուն է տանում

Չնայած ընտրությունները գուցե հեռացրել են ձեզ Փրկչից և Նրա Եկեղեցուց, սակայն Բժշկող Տերը կանգնած է տուն տանող ճանապարհին և ողջունում է ձեզ:

Մի մարդ երկու որդի ուներ

Ոմանք այն անվանել են երբևէ պատմված մեծագույն կարճ պատմությունը:1 Թարգմանված լինելով աշխարհի հազարավոր լեզուներով՝ շատ հնարավոր է, որ անցյալ երկու հազարամյակների ընթացքում արևը մայր չի մտել առանց այդ պատմության հիշատակման աշխարհի որևէ վայրում:

Այն պատմվել է մեր Փրկիչ և Քավիչ Հիսուս Քրիստոսի կողմից, որը եկավ Երկիր՝ «փրկելու այն, ինչը կորած էր»:2 Այն սկսվում է այս պարզ խոսքերով. «Մի մարդ երկու որդի ուներ»:3

Մենք անմիջապես իմանում ենք մի վշտացնող հակասության մասին: Որդիներից մեկն4 ասում է հորը, որ ցանկանում է հեռանալ տնից: Նա ազատություն է ուզում: Նա ուզում է հետևում թողնել իր ծնողների մշակույթն ու ուսուցումները: Նա ուզում է իր բաժին ժառանգությունը՝ հենց այդ պահին:5

Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ զգաց հայրը, երբ լսեց դա: Նա հասկացավ, որ իր որդին, ամեն ինչից առավել, կամենում էր հեռանալ ընտանիքից և գուցե երբեք չվերադառնալ:

Մեծ արկածախնդրությունը

Որդին պետք է որ ունենար արկածախնդրության և հրճվանքի զգացում: Վերջապես ինքն էր իր գլխի տերը: Իր պատանեկության սկզբունքներից և կանոններից ազատված՝ նա վերջապես կարող էր կատարել իր սեփական ընտրությունները` առանց իր ծնողների ազդեցության: Այլևս ոչ մի հանցանքի զգացում: Նա կարող էր վայելել իր համախոհ համայնքի ընդունելությունը և ապրել կյանքը իր սեփական կանոններով:

Հասնելով մի հեռավոր երկիր՝ նա արագ ձեռք բերեց նոր ընկերներ և սկսեց ապրել այն կյանքով, որի մասին միշտ երազել էր: Նա պետք է որ շատերի սիրելին լիներ, քանի որ առատորեն փող էր ծախսում: Նրա նոր ընկերները՝ նրա անառակության շահառուները, չէին դատապարտում նրան: Նրանք գովաբանում էին, ծափահարում և պաշտպանում նրա ընտրությունները:6

Եթե այդ ժամանակ սոցիալական ցանցեր լինեին, անշուշտ նա կլցներ էջերը ծիծաղող ընկերների անիմացիոն լուսանկարներով` #Livingmybestlife! #Neverhappier! #Shouldhavedonethislongago!:

Սովը

Բայց խնջույքները երկար չտևեցին, դա հազվադեպ է լինում: Տեղի ունեցավ երկու բան, առաջինը` նրա փողը վերջացավ, և երկրորդը` երկրում սով սկսվեց:7

Երբ խնդիրները վատթարացան, նա խուճապի մեջ ընկավ: Երբեմնի անկասելի, ցնծալի խաղացողը այժմ չէր կարողանում իրեն թույլ տալ վճարել մի կերակուրի համար, էլ ուր մնաց ապրելու տեղ գտներ: Ինչպե՞ս էր նա գոյատևելու:

Նա առատաձեռն էր եղել իր ընկերների հանդեպ, արդյոք նրանք այժմ կօգնեի՞ն իրեն: Ես պատկերացնում եմ, թե նա ինչպես է մի փոքր աջակցություն խնդրել այդ պահի համար, մինչև նորից ոտքի կկանգներ:

Սուրբ գրություններն ասում են մեզ, «Բայց ոչ ոք նրան չէր տալիս»:8

Իր գոյությունը պահպանելու համար նա հուսահատված գտավ մի տեղացի ագարակատիրոջ, որը վարձեց նրան խոզերին կերակրելու համար:9

Այժմ, ծայրահեղ քաղցած, լքված ու մենակ, երիտասարդը պետք է որ զարմանար, թե ինչպես պատահեց, որ իր գործերն այդպես կտրուկ, ահավոր ձևով վատացան:

Միայն դատարկ ստամոքսը չէր, որ անհանգստացնում էր նրան: Ամենից առաջ հոգու դատարկությունն էր: Նա այնքան համոզված էր, որ իր աշխարհիկ ցանկություններին տրվելը իրեն երջանիկ կդարձներ, և որ բարոյական օրենքները խոչընդոտներ էին այդ երջանկության համար: Այժմ նա ավելի լավ գիտեր: Եվ ինչպիսի գին էր ստիպված վճարել այդ գիտելիքի համար:10

Երբ ֆիզիկական և հոգևոր սովն աճեց, նրա մտքերը վերադարձան դեպի իր հայրը: Արդյոք նա կօգնե՞ր իրեն այն ամենից հետո, ինչ տեղի էր ունեցել: Նույնիսկ իր հոր ամենահամեստ ծառաները ուտելու բան ունեին և փոթորիկներից՝ ապաստան:

Բայց վերադառնա՞ր իր հոր մոտ:

Երբեք:

Խոստովանե՞ր իր գյուղին, որ վատնել էր իր ժառանգությունը:

Անհնար էր։

Հանդիպե՞ր այն հարևանների հետ, որոնք, անկասկած, զգուշացրել էին նրան, որ նա անարգում է իր ընտանիքը և կոտրում է իր ծնողների սիրտը: Վերադառնա՞ր իր հին ընկերների մոտ՝ պարծենալուց հետո, թե ինչպես է անկախանում և հեռանում:

Վիճակն անտանելի էր:

Բայց սովը, միայնությունը և խղճի խայթը ուղղակի հանգիստ չէին տալիս, մինչև «նա սթափվեց»:11

Նա գիտեր, թե ինչ պետք է աներ։

Վերադարձը

Այժմ եկեք վերադառնանք հորը՝ կոտրված սրտով տանտիրոջը: Քանի՞ հարյուրավոր, գուցե հազարավոր ժամեր էր նա անցկացրել՝ անհանգստանալով իր որդու համար:

Քանի՞ անգամ էր նա նայել հենց այն ճանապարհին, որով հեռացել էր իր որդին և վերապրել ուժեղացող կորստի զգացումը, որ ունեցել էր, երբ որդին հեռացավ: Որքա՞ն աղոթքներ էր նա հղել գիշերվա լռության մեջ, աղերսելով Աստծուն, որ իր որդին ապահով լիներ, որ նա բացահայտեր ճշմարտությունը, որ նա վերադառնար:

Եվ հետո մի օր հայրը նայում է այդ լքված ճանապարհին, այն ճանապարհին, որը տուն է տանում, և տեսնում է հեռվում մի կերպարանք, որը քայլում է դեպի իրեն:

Մի՞թե դա հնարավոր է:

Չնայած մարդը մեծ հեռավորության վրա է, հայրը մի ակնթարթում հասկանում է, որ դա իր որդին է:

Նա վազում է դեպի նա, գրկում է նրան և համբուրում:12

«Հայր», - բղավում է որդին`ասելով խոսքեր, որոնք կրկնել էր հավանաբար հազարավոր անգամներ. «Հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ: Այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ: Ինձ քո վարձկաններից մեկն արա»:13

Բայց որդու խոսքերից հետո հայրն անմիջապես սկսում է խոսել: Արցունքն աչքերին նա հրամայում է իր ծառաներին. «Իսկույն բերեք լավագույն պատմուճանը ու հագցրեք նրան: Մատին մատանի դրեք և ոտքերին կոշիկներ: [Խնջույք սարքեք] ուրախ լինենք: Որդիս վերադարձել է»:14

Տոնակատարումը

Իմ աշխատասենյակում կախված է գերմանացի նկարիչ Ռիչարդ Բուրդեի կտավը: Ես ու Հարիեթը սիրում ենք այդ նկարը: Այն պատկերում Փրկչի առակից մի քնքուշ տեսարան՝ դիտարկված ավելի լայն հեռանկարից:

Նկար
Անառակ որդու վերադարձը, Ռիչարդ Բուրդե:

Մինչ գրեթե բոլորը զվարճանում են որդու վերադարձի առթիվ, մեկն ուրախ չէ` նրա ավագ եղբայրը:15

Նա վշտացած է:

Նա այնտեղ էր, երբ իր եղբայրը պահանջեց իր ժառանգությունը: Նա անձամբ ականատես էր եղել հոր վշտի ահռելի ծանրությանը:

Եղբոր հեռանալուց ի վեր նա փորձել էր բարձրացնել իր հոր բեռը: Ամեն օր նա աշխատել էր վերականգնել հոր կոտրված սիրտը:

Եվ այժմ, անխոհեմ երեխան վերադարձել է, և մարդիկ չէին դադարում ուշադրության արժանացնել իր ըմբոստ եղբորը:

«Ահա այսքան տարի», - ասում է նա իր հորը «քո հրամանները երբեք չեմ անտեսել: Բայց բոլոր այդ ժամանակ ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ իմ բարեկամների հետ ուրախանամ»:16

Սիրող հայրը պատասխանում է. «Որդիս, ամեն ինչ, որ իմն է, քոնն է»: Խոսքը պարգևների կամ տոնակատարությունների համեմատության մասին չէ: Սա բժշկման մասին է: Սա այն պահն է, որի հույսը մենք ունեինք այս բոլոր տարիների ընթացքում: «Քո այս եղբայրը մեռած էր ու կենդանացավ: Նա կորած էր ու գտնվեց:17

Մի առակ մեր ժամանակների համար

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, սիրելի ընկերներ, Փրկչի բոլոր առակների նման այս մեկը ևս պարզապես հեռու անցյալում ապրող մարդկանց մասին չէ: Այն այսօրվա` իմ և ձեր մասին է:

Մեզանից ո՞վ չի հեռացել սրբության արահետից, հիմարաբար կարծելով, թե կարող է գտնել ավելի շատ երջանկություն` գնալով իր սեփական եսակենտրոն ուղիով:

Մեզանից ո՞վ չի եղել խոնարհված, վշտաբեկ ու հուսահատ, և ունեցել ներման ու ողորմության կարիք:

Գուցե ոմանք նույնիսկ վարանել են. «Միթե՞ ընդհանրապես հնարավոր է վերադառնալ»: Արդյոք ես ընդմիշտ պիտակավորվա՞ծ կլինեմ, կմերժվե՞մ և ինձնից կխուսափե՞ն իմ նախկին ընկերները: Ավելի լավ չէ` պարզապես կորած մնալ: Ինչպե՞ս կարձագանքի Աստված, եթե փորձեմ վերադառնալ:

Այս առակը մեզ տալիս է պատասխանը.

Մեր Երկնային Հայրը` սիրտը սիրով ու կարեկցանքով լի, կվազի մեզ ընդառաջ: Նա կգրկի մեզ, պատմուճան կհագցնի մեզ, մատանի կդնի մեր մատին, կոշիկներ՝ մեր ոտքերին և կբացականչի. «Այսօր տոն ենք անում: Զավակս մեռած էր ու կենդանացավ»:

Երկինքը կցնծա մեր վերադարձի առթիվ:

Անպատմելի ուրախ և փառքով լեցուն

Կարո՞ղ եմ մի պահ այժմ հատկացնել և խոսել ձեզ հետ անհատապես:

Անկախ նրանից, թե ինչ է պատահել ձեր կյանքում, ես կրկնում և հռչակում եմ իմ սիրելի ընկեր և ընկերակից առաքյալ երեց Ջեֆրի Ռ. Հոլանդի խոսքերը. «Որքան էլ խորը լինի ձեր անկումը, Քրիստոսի Քավության [քավիչ զոհաբերության] անսահման լույսի շողը ձեզ հասանելի է»:18

Գուցե ընտրությունները Փրկչից և Նրա Եկեղեցուց ձեզ հեռու են տարել, սակայն Բժշկող Տերը կանգնած է տուն տանող ճանապարհին, և ողջունում է ձեզ: Եվ մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, ձգտում ենք հետևել Նրա օրինակին և գրկել ձեզ որպես մեր եղբայրներ և քույրեր` որպես մեր ընկերներ: Մենք հրճվում և ուրախանում ենք ձեզ հետ:

Ձեր վերադարձը չի կարող նվազեցնել մյուսների օրհնությունները: Քանի որ Հոր առատաձեռնությունն անսահման է և այն, ինչ տրվում է մեկին, նվազագույն չափով իսկ չի խաթարում մյուսների անդրանիկությունը:19

Ես չեմ ձևացնում, թե հեշտ է վերադառնալը: Ես կարող եմ վկայել այդ մասին։ Դա փաստորեն կարող է լինել ամենադժվար որոշումը, որ երբևէ կընդունեք:

Բայց ես վկայում եմ, որ այն պահին, երբ դուք որոշեք վերադառնալ և քայլել մեր Փրկչի ու Քավիչի ճանապարհով, Նրա զորությունը կմտնի ձեր կյանք, և դուք կվերափոխվեք։20

Հրեշտակները կցնծան երկնքում:

Եվ մենք նույնպես` ձեր ընտանիքը Քրիստոսում։ Ի վերջո, մենք գիտենք, թե ինչ է նշանակում լինել անառակ: Մենք բոլորս ամեն օր ապավինում ենք Քրիստոսի քավիչ զորությանը: Մենք գիտենք այդ արահետը, և մենք կքայլենք ձեզ հետ:

Ոչ, մեր արահետը զերծ չի լինի դժբախտությունից, վշտից ու տրտմությունից: Բայց մենք եկել ենք այսքան հեռու «Քրիստոսի խոսքով և անխախտ հավատքով նրա հանդեպ, ամբողջովին ապավինելով նրա արժանիքներին, որը հզոր է փրկելիս»: Եվ միասին «պետք է առաջ մղվենք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն և սեր Աստծո հանդեպ և բոլոր [մարդկանց] հանդեպ»:21 Միասին մենք «ուրախ ենք անպատմելի եւ փառավոր խնդությամբ»,22 քանի որ Հիսուս Քրիստոսն է մեր զորությունը:23

Ես աղոթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը այս խորիմաստ առակում կարողանա լսել Հոր ձայնը, որը կանչում է մեզ՝ մտնելու այն ճանապարհը, որը տանում է դեպի տուն, որ մենք քաջություն ունենանք ապաշխարելու, ստանալու ներում և հետևելու արահետին, որը տանում է հետ` դեպի կարեկից և ողորմած Աստված: Այդ մասին ես բերում եմ իմ վկայությունը և թողնում եմ ձեզ իմ օրհնությունը՝ Հիսուս Քրիստոսի անունով. ամեն:

Հղումներ

  1. Գտնվում է Ղուկաս 15-ում, առակը երեքից մեկն է (կորած ոչխարը, կորած մետաղադրամը և կորած որդին), որը ցույց է տալիս կորած իրերի արժեքը և այն տոնակատարությունը, որը տեղի է ունենում, երբ այն ինչ կորած էր, գտնում են:

  2. Ղուկաս 19.10:

  3. Ղուկաս 15.11:

  4. Այս որդին հավանաբար երիտասարդ էր. Նա ամուսնացած չէր, որը կարող է լինել նրա երտասարդ լինելու վկայությունը, բայց ոչ այնքան երիտասարդ, որ չկարողանար պահանջել իր ժառանգությունը և թողնել տունը, երբ նա ստացել էր այն:

  5. Հրեական օրենքի և ավանդույթի համաձայն՝ երկու որդիներից մեծը իրավունք ուներ Հոր ժառանգության երկու- երրորդ մասի վրա: Ուստի կրտսեր որդին իրավունք ուներ մեկ-երրորդ մասի վրա: (Տես Երկրորդ Օրինաց 21.17։)

  6. Տես Ղուկաս 15.13։

  7. Տես Ղուկաս 15.14։

  8. Ղուկաս 15.16:

  9. Հրեաների համար խոզերը համարվում էին «անմաքուր» (տես Երկրորդ Օրինաց 14.8) և վիրավորական: Օրինապահ հրեաները խոզեր չէին աճեցնի, որը նշանակում է, որ վերակացուն հեթանոս էր: Դա կարող է նաև ենթադրելու տեղիք տալ, թե որքան հեռու էր գնացել կրտսեր որդին՝ հեռու լինելով օրինապահ հրեաներից:

  10. Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է. «Իհարկե ավելի լավ է, երբ մենք խոնարhվում ենք «խոսքի պատճառով», քան [խոնարհեցվում ենք] հանգամանքների բերումով, սակայն դա էլ կարող է ընդունելի լինել (տես Ալմա 32.13–14): Սովը կարող է հոգևոր քաղց առաջացնել» (“The Tugs and Pulls of the World,” Liahona, Jan. 2001, 45):

  11. Ղուկաս 15․17:

  12. Տես Ղուկաս 15․20։

  13. Տես Ղուկաս 15.18–19, 21:

  14. Տես Ղուկաս 15.22–24:

  15. Հիշեք, կրտսեր որդին արդեն ստացել էր ժառանգությունը: Ավագ որդու համար, դա նշանակում էր, որ մնացած բոլորը պատկանում էր իրեն: Փոքր որդուն որևէ բան տալը նշանակում էր վերցնել այն որդուց, որը մնացել էր տանը:

  16. Տես Ղուկաս 15.29։

  17. Տես Ղուկաս 15․31–32:

  18. Ջեֆրի Ռ. Հոլանդ, «Այգու մշակները», Լիահոնա, մայիս 2012, 33:

  19. Ինչ տրվում է մեկին, նվազագույն իսկ չափով չի խաթարում մյուսների անդրանիկությունը: Փրկիչն ուսուցանեց այս վարդապետությունը, երբ Նա ներկայացրեց մշակների մասին առակը Մատթեոս 20.1–16:

  20. Տես Ալմա 34․31։

  21. 2 Նեփի 31․19-20:

  22. Ա Պետրոս 1․8։

  23. Տես Սաղմոս 28․7։