Գերագույն համաժողով
Հոգու հուշումները
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Հոգու հուշումները

Սուրբ Հոգու մշտական ուղեկցությունը ամենամեծ հոգևոր պարգևներից մեկն է, որը վայելում են Վերջին Օրերի Սրբերը։

Նախաբան

Վերջերս մարզական աշխարհի աչքերը ուղղված էին 2023 թվականի FIFA-ի՝ կանանց աշխարհի գավաթի խաղերին, որոնք հյուրնկալում էին Ավստրալիան և Նոր Զելանդիան: Համաշխարհային կարգի մարզիկները, որոնք ներկայացնում էին ավելի քան 200 երկրների թիմեր աշխարհի տարբեր ծայրերից, ցուցադրեցին իրենց խիզախությունը, նվիրումը, տաղանդն ու սպորտային պատրաստվածությունը՝ մրցելով ֆուտբոլի աշխարհի բարձրագույն մրցանակի համար:

Մենք հիանում ենք նրանցով, ովքեր սպորտում և այլ բնագավառներում ամենաբարձր մակարդակի նվաճումներ են ունենում: Մենք խոսում ենք նրանց Աստվածատուր տաղանդների և պարգևների մասին։ Այդ պարգևները պարի, մարմնամարզության, երաժշտության, արվեստի, թատրոնի, մաթեմատիկայի, գիտության և այլ ոլորտներում են։ Յուրաքանչյուր անձ դրսևորում է Աստվածատուր պարգևները, որոնք հետագայում զարգանում և հղկվում են աշխատասիրությամբ, ուսուցումով և վարժանքով։ Աստվածատուր պարգևները մարդկանց տաղանդավոր են դարձնում։

Հոգևոր պարգևների գործածումը

Ավետարանի տեսանկյունից Աստված օժտում է Իր զավակներին բազմաթիվ հոգևոր պարգևներով, այդպիսով դարձնելով նրանց տաղանդավոր մարդիկ։ Եկեղեցու ուխտեր պահող անդամները ստանում են Հոգու պարգևներ, որոնց թվում են՝ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին վկայության պարգևը, Սուրբ Հոգու պարգևը, բժշկելու և բժշկվելու հավատքի պարգևը, խորաթափանցության պարգևը, հրաշքներ ստանալու պարգևը և իմաստության ու գիտելիքի պարգևը։1 Տերը հրավիրում է մեզ ջանասիրաբար փնտրել լավագույն պարգևները, այդ թվում՝ հոգևոր պարգևները։ Նա տալիս է հոգևոր պարգևներ, որպեսզի օրհնվենք և օրհնենք մյուսներին։2

Վերադառնալով տաղանդավոր մարդկանց մեր նմանությանը, կարևոր է նշել, որ պարգևն ինքնին բավական չէ վարպետ դառնալու համար։ Բնական արտասովոր տաղանդի հետ մեկտեղ պահանջվում է ծանր ու քրտնաջան աշխատանք և ջանքեր՝ հմտությունները զարգացնելու և հղկելու համար, այդպիսով հասնելով վարպետության բարձրագույն մակարդակի։ Անգամ սովորական նվերները, որոնք դեռ չեն բացվել, ուղեկցվում են «պահանջվում է հավաքել» արտահայտությամբ։

Նմանապես, ես տեսել եմ հոգևոր պարգևներին առնչվող ուսուցման գործընթաց։ Հոգևոր պարգևների գործածումը պահանջում է հոգևոր վարժանք։ «Սուրբ Հոգու առաջնորդությունը կյանքում ունենալու համար հոգևոր աշխատանք է պահանջվում։ Այդ աշխատանքը ընդգրկում է ջերմեռանդ աղոթք և սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրություն։ Դա նաև նշանակում է պահել ձեր ուխտերը և Աստծո պատվիրանները։ Դա ներառում է ամեն շաբաթ հաղորդություն ճաշակելը»։3

Որո՞նք են հոգևոր պարգևները գործածելու պտուղները։ Դրանք նաև Հոգու այն հուշումներն են, որոնք օգնում են մեզ առերեսվել մեր առօրյա կարիքներին և իմանալ ինչ անել և ասել, նաև՝ խաղաղության և հանգստության օրհնությունները։ Երբ մենք լսում ենք այդ հոգևոր հուշումները և գործում ըստ դրանց, Սուրբ Հոգին ուժեղացնում է մեր ունակություններն այն աստիճան, որին մենք ինքնուրույն չենք կարող հասնել։ Այս թանկարժեք հոգևոր պարգևներն օգնում են մեզ կյանքի բոլոր ոլորտներում:4

Սուրբ Հոգու մշտական ուղեկցությունը ամենամեծ հոգևոր պարգևներից մեկն է, որը վայելում են Վերջին Օրերի Սրբերը։

Որքանո՞վ է կարևոր այդ պարգևը։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը բավականին կտրուկ է պատասխանել այս հարցին. «Գալիք օրերում հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտապես սփոփող ազդեցության»:5

Սովորեք հասկանալ Հոգու հուշումները

Իմ ծառայության ընթացքում տեսել եմ, թե ինչպես են բոլորը ձգտում իմանալ՝ ինչպես ճանաչել ու հասկանալ Սուրբ Հոգու հուշումները։ Հոգու հուշումները շատ անձնական են և տրվում են տարբեր եղանակներով։ Բայց մենք օրհնված ենք, քանի որ ունենք հին ու նոր մարգարեների խոսքերը, որոնք արժեքավոր ոգեշնչում են տալիս Հոգու առաջնորդությունը ստանալու վերաբերյալ։

Թույլ տվեք առաջարկել չորս առաջնորդող սկզբունքներ, որոնք կարող են օգնել հրավիրել և ճանաչել Հոգու հուշումները։

Կանգնեք սուրբ տեղերում

Նախ, կանգնեք սուրբ տեղերում:6 Վերջերս մասնակցում էի Տոկիոյի (Ճապոնիա) տաճարի բաց դռներին։ Ինչպես լրատվամիջոցներին, այնպես էլ կարևոր հյուրերին ուղարկված պաշտոնական հրավերների արձագանքը մեծապես գերազանցեց սպասելիքները: Տաճարի այդ շրջայցներին մասնակցեցին հարյուրավոր մարդիկ։ Հյուրերի վրա մեծ տպավորություն էր գործել տաճարի գեղեցկությունը, այդ թվում՝ ավանդական ճապոնական նախշերն ու մոտիվները: Սակայն առավել տպավորիչ էին հյուրերի պատկառանքն ու հարգանքը նախնիների համար նախատեսված արարողությունների հանդեպ, որոնց նկարագրությունը տրվում էր համապատասխան սրահներում։ Սակայն ամենից ոգևորիչը Հոգու հուզառատ դրսևորումներն էին։

Իմ մտքում տպավորվել է մի դրվագ հայտնի պետական պաշտոնյայի այցից։ Սելեստիալ սենյակում խորհրդածող լռության պահեր ապրելուց հետո՝ զգացմունքային խորը տպավորությունների ներքո, նա շշնջաց ականջիս․ «Անգամ օդը, որը շնչում եմ այս սենյակում, տարբերվում է»։ Ես հասկացա, որ նա փորձում էր նկարագրել Սուրբ Հոգու ներկայությունը, որն իսկապես բնակվում է սրբազան վայրերում։ Եթե հույս ունեք զգալու Հոգին, շփվեք մարդկանց հետ, որոնց միջավայրում կարող է բնակվել Հոգին։

Մեր տաճարներն ու տները ամենից սուրբն են այդ նվիրագործված վայրերից։ Այդ վայրերում ենք մենք ավելի հեշտ հրավիրում և ճանաչում Հոգուն։ Այլ սուրբ վայրեր են՝ հավաքատները, սեմինարիաների և ինստիտուտների շենքերը, Եկեղեցու պատմության վայրերը և այցելուների կենտրոնները։ Կանգնեք սուրբ տեղերում։

Կանգնեք սուրբ մարդկանց հետ

Երկրորդ՝ կանգնեք սուրբ մարդկանց հետ։ Ես կնկարագրեմ երկրորդ առաջնորդող սկզբունքը մեկ այլ հիշողության օգնությամբ։

Ես երբեք չեմ մոռանա հայտնի մարզադաշտում անցկացվող հոգևոր մի հավաք։ Սովորաբար այդ մարզադաշտը լի է իրենց հարազատ թիմին ոգևորող աղմկոտ երկրպագուներով, որոնք գուցե նույնիսկ ծաղրում են մրցակցին: Սակայն այդ երեկո մթնոլորտը ամենևին այլ էր։ Մարզադաշտը լի էր հազարավոր երիտասարդներով, որոնք հավաքվել էին պատվելու և նշանավորելու մարգարե Ջոզեֆ Սմիթի կյանքը: Նրանց պատկառելի, հանգիստ ձայնը, երախտագիտությունն ու աղոթքով լի սրտերը մարզադաշտը լցրել էին Սուրբ Հոգու ներկայությամբ։ Ես բառացիորեն տեսնում էի դա նրանց դեմքերին: Դա Սուրբ Հոգու պարգևն էր՝ գործողության մեջ, որը վկայում էր Ջոզեֆ Սմիթի և ավետարանի Վերականգնման մասին։

Հոգին միշտ ձգտում է լինել սուրբ մարդկանց հավաքման վայրերում։ Եթե հույս ունեք զգալու Հոգուն, շփվեք մարդկանց հետ, որոնց միջավայրում կարող է բնակվել Հոգին։ Փրկիչն այսպես է ասել. «Ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՝ ես այնտեղ նորանց մէջ եմ»:7 Երիտասարդներ, ձգտեք հավաքվել սուրբ մարդկանց հետ, քվորումներով, դասարաններով, ԵԶՀ և սեմիանարիայի շրջանականերում, ծխերի և ցցերի միջոցառումներին, անգամ ծխերի երգչախմբերով։ Աշխատեք լինել այն մարդկանց հետ և գնալ այնպիսի վայրեր, որտեղ արդարակյացներն են լինում։ Գտեք ձեր ուժը մարդկանց մեջ։ Գտեք լավ ընկերներ։ Եղեք լավ ընկերներ։ Սատարեք միմյանց, որտեղ էլ որ լինեք։ Կանգնեք սուրբ մարդկանց հետ։

Վկայեք սուրբ ճշմարտությունների մասին

Երրորդ՝ վկայեք սուրբ ճշմարտությունների մասին՝ որքան կարող եք հաճախ։ Սփոփողը միշտ Իր ձայնով է կիսվում, երբ մենք վկայում ենք մեր ձայնով։ Սուրբ Հոգին վկայություն է բերում խոսողին և լսողին նույն ձևով։

Հիշում եմ՝ Նյու Յորք Սիթիում տաքսիով մոտ 45 րոպե ճանապարհ պետք է անցնեի։ Դեպի օդանավակայան ուղևորությանս ընթացքում վարորդի հետ ջերմ ավետարանական զրույցի բռնվելուց հետո վճարեցի և պատրաստվեցի դուրս գալ մեքենայից։ Հանկարծ գիտակցեցի, որ չեմ վկայել այն ամենի մասին, ինչով կիսվեցի։ Մի պահ կանգ առա և կիսվեցի մի պարզ, կարճ վկայությամբ՝ հրավիրելով Հոգուն և արցունքներ բերելով երկուսիս աչքերին:

Փնտրելով մյուսների հետ ձեր վկայությամբ կիսվելու հնարավորություններ և օգտագործելով դրանք, դուք կստեղծեք պահեր, երբ ինքներդ կզգաք Հոգուն։

Լսեք Սուրբ Հոգուն

Վերջին սկզբունքը Սուրբ Հոգու ձայնը լսելն է։ Նա կարող է լինել մեր մշտական ուղեկիցը, բայց Նա խոսում է ցածր, կամացուկ երանգներով։ Ըստ Եղիա մարգարեի՝ Տիրոջ ձայնը ոչ թե քամու, երկրաշարժի կամ կրակի մեջ է, այլ մի մեղմ ու բարակ ձայն է:8 Այն «բարձր աղմկոտ ժխորի ձայն [չէ], այլ ահա, դա կատարյալ մեղմության մի հանդարտ ձայն [է], կարծես մի շշուկ, և այն թափանց[ում է] մինչև հոգու խորքը»։9

Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ասել է․ «Հոգին մեր ուշադրությունը չի գրավում աղաղակելով կամ մեր ուսերից բռնած ուժգին թափահարելով։ Դրա փոխարեն նա շշնջում է։ Նա այնքան քնքշորեն է մոտենում մեզ, որ եթե մտազբաղ լինենք, կարող ենք ընդհանրապես չնկատել նրան»:10 Ես նկատել եմ, որ երբեմն Նրա ձայնը այնքան ցածր է, կամ ես այնքան զբաղված եմ, որ իմ հարազատներն են այն լսում իմ փոխարեն։ Շատ է եղել, երբ Սուրբ Հոգու հուշումները ինձ են հասնում կնոջս՝ Լեսայի միջոցով։ Արդարակյաց ծնողները կամ ղեկավարները նույնպես կարող են ներշնչում ստանալ ձեզ համար:

Աշխարհում այսօր գերիշխող աղմուկը և հակառակությունը կարող է լռեցնել Սուրբ Հոգու մեղմ ու կամացուկ հուշումները։ Գտեք խաղաղ մի վայր, սուրբ տեղ, որտեղ կարող եք փորձել ստանալ Հոգու ուղղորդումը։

Նախազգուշացման մի քանի բառ

Դիտարկելով Հոգուն հրավիրելու և ճանաչելու այս սկզբունքները, մտածեք նախազգուշացնող և ուղղորդող այս խոսքերի մասին։11

Հաստատեք ձեր հոգևոր տպավորությունները։ Օրինակ՝ Հոգու հուշումները կարող են միմյանց հետ կապել սուրբ գրությունները և կենդանի մարգարեների ուսմունքները։

Հավաստիացեք, որ ձեր զգացմունքները համապատասխանում են ձեր կոչմանը։ Եթե կանչված չեք համապատասխան իշխանության կողմից, Հոգու հուշումները ձեզ չեն տրվում ուրիշներին խորհուրդ տալու կամ ուղղելու նպատակով։

Հոգևոր բաները հնարավոր չէ պարտադրել։ Դուք կարող եք զարգացնել վերաբերմունք կամ միջավայր, որը հրավիրում է Հոգուն, և կարող պատրաստել ձեզ, բայց դուք չեք կարող թելադրել, թե ինչպես կամ երբ ոգեշնչումը պետք է գա։ Համբերատար եղեք և վստահություն ունեցեք, որ կստանաք այն, ինչի կարիքն ունեք ճիշտ ժամանակին։

Օգտագործեք ձեր լավագույն դատողությունը։ Երբեմն ամեն ինչում մենք ցանկանում ենք ուղղորդվել Հոգու կողմից։ Սակայն հաճախ Տերը ցանկանում է, որ մենք օգտագործենք մեր Աստվածատուր դատողությունը և գործենք ըստ մեր հասկացողության։ Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․

«Տիրոջ կողմից առաջնորդվելու ցանկությունը ուժ է, բայց այն պետք է ուղեկցվի մի ըմբռնմամբ, որ մեր Երկնային Հայրը շատ որոշումներ թողնում է մեր անձնական ընտրությանը: Մարդիկ, որոնք փորձում են բոլոր որոշումների ընդունումը փոխանցել Տիրոջը և աղերսում են հայտնություն ամեն մի ընտրության ժամանակ, շուտով կհայտնվեն իրավիճակներում, որոնցում կաղոթեն առաջնորդության համար և չեն ստանա:

Մենք պետք է ուսումնասիրենք Հիսուսի խոսքերը, որոնք կառաջնորդեն մեզ մեր կյանքում: Ապա պետք է աղոթենք առաջնորդության համար և գործենք ըստ դրա, եթե մենք դա ստանանք: Եթե մենք չենք ստանում առաջնորդություն, ապա պետք է գործենք ըստ մեր լավագույն դատողության”:12

Եզրափակում և հրավեր

Այսպիսով, Վերջին Օրերի Սրբերը շնորհալի ուխտ պահող ժողովուրդ են։ Յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է՝ ձգտել գործածել մեր հոգևոր պարգևները, ապա հրավիրել և սովորել զգալ Հոգու հուշումները: Այս կարևորագույն հոգևոր նպատակին հասնելու համար մեզ օգնող չորս առաջնորդող սկզբունքներն են․

  1. Կանգնել սուրբ տեղերում։

  2. Կանգնել սուրբ մարդկանց հետ։

  3. Վկայել սուրբ ճշմարտությունների մասին:

  4. Լսել Սուրբ Հոգուն:

Հոգու հուշումները հրավիրելու և ճանաչելու ձեր ունակությունը քայլ առ քայլ կզարգանա։ «Հոգու ձայնի հանդեպ ավելի զգայուն լինելը նման է օտար լեզու սովորելուն։ Դա աստիճանական գործընթաց է, որը պահանջում է ջանասեր և համբերատար աշխատանք»։13

Վերադառնալով մեր սկզբնական կետերին՝ ուզում եմ հիշեցնել, որ լինելով Վերջին Օրերի Սրբեր, դուք օժտված եք պարգևներով։ Ձեր աչքի առաջ ունեցեք կիրակնօրյա հաղորդության այս ծանոթ տեսարանը, որը վերջերս ինձ նկարագրեցին։ Աթոռին կանգնած փոքր երեխան գրեթե չէր երևում ամբիոնի հետևում։ Հայրը կանգնել էր նրա կողքին, քաջալերելով և օգնելով նրան՝ ականջին մեղմ շշնջալու միջոցով, մինչ նա հպարտ ասում էր․ «Ես Աստծո զավակն եմ»:

Հաջորդ վկայությունը հնչեցրեց մի երիտասարդ ամուրի, որը հուզված բացականչեց․ «Կուզենայի, որ իմ ականջին էլ ինչ-որ մեկն այսպես շշնջար»: Ապա նա ոգեշնչում ունեցավ և վկայեց․ «Իմ ականջին նման մի շշնջացող կա, դա Սուրբ Հոգին է»:

Ես ավարտում եմ՝ հրավիրելով յուրաքանչյուրիդ, բայց հատկապես բոլոր երիտասարդներին։ Շատերդ ձեր օրը սկսում եք հայելու առաջ։ Վաղը, այս շաբաթ, այս տարի, միշտ, դադար տվեք՝ նայելով ձեզ հայելու մեջ։ Մտքում կամ, եթե ուզեք, բարձրաձայն, ասեք․ «Օ, ապա ինձ տես։ Ես հրաշալի եմ։ Ես Աստծո զավակն եմ։ Նա ճանաչում է ինձ։ Նա սիրում է ինձ: Ես շնորհ ունեմ․ որպես մշտական ուղեկից ունենալու Սուրբ Հոգուն»։

Ես միանում եմ ձեր վկայությանը, Վերջին Օրերի շնորհալի Սրբեր՝ Հայր Աստծո, Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու մասին, որը վկայում է Նրանց մասին։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։