Գերագույն համաժողով
Հիսուս Քրիստոսն է գանձը
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Հիսուս Քրիստոսն է գանձը

Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա։ Նա մեր Փրկիչն ու Քավիչն է, այն «նշանակետը», որին մենք պետք է նայենք, և Նա է մեր մեծագույն գանձը:

1907 թվականին Ջորջ Հերբերտ անունով մի հարուստ անգլիացի՝ Քարնարվոնի հինգերորդ կոմսը,1 տեղափոխվեց Եգիպտոս և հնագիտության հանդեպ հետաքրքրություն ցուցաբերեց։ Նա դիմեց հայտնի եգիպտագետ Հովարդ Քարթերին և առաջարկեց համագործակցել։ Քարթերը վերահսկելու էր հնագիտական պեղումները, իսկ Քարնարվոնն ապահովելու էր ֆինանսավորումը:

Միասին նրանք հաջողությամբ հետազոտեցին տարբեր վայրեր: Այնուհետև թույլտվություն ստացան պեղումներ կատարելու Թագավորների հովտում, որը գտնվում է ժամանակակից Լուքսորի մոտ, որտեղ հայտնաբերվել են բազմաթիվ փարավոնների գերեզմաններ։ Նրանք որոշեցին փնտրել Թութանհամոն թագավորի գերեզմանը։ Թութանհամոնը Եգիպտոսի գահ էր բարձրացել ավելի քան 3000 տարի առաջ և թագավորել էր 10 տարի՝ մինչև իր անսպասելի մահը։2 Հայտնի էր, որ նա թաղված էր Թագավորների հովտում,3 սակայն նրա գերեզմանի տեղն անհայտ էր։

Քարթերն ու Քարնարվոնը հինգ տարի փնտրեցին Թութանհամոնի գերեզմանը՝ այդպես էլ չհասնելով հաջողության։ Ի վերջո Քարնարվոնը տեղեկացրեց Քարթերին, որ ավարտում է անարդյունք որոնումը: Քարթերը խնդրեց պեղումների ևս մեկ շրջան անցկացնել, և Քարնարվոնը զիջեց ու համաձայնեց ֆինանսավորել:

Քարթերը հասկացել էր, որ Թագավորների հովտի ամբողջ տարածքը փաստացի պեղվել էր, բացառությամբ իրենց բազային ճամբարի տեղակայման տարածքից: Այդտեղ փորելուց մի քանի օրվա ընթացքում նրանք գտան գերեզման տանող առաջին աստիճանները։4

Երբ Քարթերն ի վերջո նայեց Թութանհամոնի գերեզմանի նախասրահից ներս՝ ամենուր ոսկի տեսավ: Երեք ամիս նախասրահի բովանդակությունը ցուցակագրելուց հետո, նրանք բացեցին կնքված գերեզմանը 1923 թ․ փետրվարին՝ 100 տարի առաջ: Սա 20-րդ դարի ամենահայտնի հնագիտական գտածոն էր։

Անարդյունավետ որոնումների այդ տարիներին Քարթերն ու Քարնարվոնը անտեսել էին այն, ինչը բառացիորեն իրենց ոտքերի տակ էր։ Փրկչի ծնունդից մոտ հինգ դար առաջ, Մորմոնի Գրքի մարգարե Հակոբը խոսել էր այն մասին, թե ինչ է լինում, երբ մարդիկ չեն գնահատում այն, ինչը հասանելի է՝ նայելով «նշանակետից այն կողմ»: Հակոբը կանխագուշակել էր, որ Երուսաղեմի ժողովուրդը չէր ճանաչի խոստացված Մեսիային, երբ Նա գա: Հակոբը մարգարեացել էր, որ «ժողովուրդը [կարհամարհեր] պարզության խոսքերը … և [կփնտրեր] բաներ, որոնք չէին կարող հասկանալ։ Ուստի, նրանց կուրության պատճառով, կուրություն, որը եկել էր նշանակետից այն կողմ նայելուց, նրանք պիտի անպայման ընկնեին»:5 Այլ կերպ ասած՝ նրանք կսայթաքեին։

Հակոբի կանխատեսումը ճիշտ էր։ Հիսուսի մահկանացու ծառայության ընթացքում շատերը նայեցին նշանակետից այն կողմ, Նրանից այն կողմ: Նրանց հայացքն անցավ աշխարհի Փրկչի կողքով։ Նրա դերը Երկնային Հոր ծրագրի իրականացման գործում ընդունելու փոխարեն՝ նրանք դատապարտեցին և խաչեցին Նրան: Նրանք փնտրում ու սպասում էին մեկ ուրիշին, որն իրենց փրկություն կբերեր։

Ինչպես Երուսաղեմի այն բնակիչները, և ինչպես Քարթերն ու Քարնարվոնը, մենք նույնպես կարող ենք հակված լինել նայելու նշանակետից այն կողմ։ Մենք պետք է պաշտպանվենք այս միտումից, որպեսզի չկորցնենք Հիսուս Քրիստոսին մեր կյանքում և չթերանանք ճանաչել այն բազմաթիվ օրհնությունները, որոնք Նա մեզ առաջարկում է։ Մենք ունենք նրա կարիքը: Մեզ խորհուրդ է տրվում «ամբողջովին [ապավինել] նրա արժանիքներին, որը հզոր է փրկելիս»:6

Նա է մեր նշանակետը։ Եթե սխալմամբ ենթադրենք, թե ինչ-որ բանի կարիք կա, ինչը գերազանցում է Նրա առաջարկածը, մենք կհերքենք կամ կնվազեցնենք այն շրջանակն ու զորությունը, որը Նա կարող է ունենալ մեր կյանքում: Նա հայցել է ողորմության իրավունքները և տարածում է այդ ողորմությունը մեզ վրա:7 Նա է այն անզուգական «աղբյուրը, [որին մենք պետք է] ապավինենք [մեր] մեղքերի թողության համար»:8 Նա մեր Պաշտպանն է Հոր մոտ և պաշտպանում է այն, ինչ Հայրը մշտապես ցանկացել է՝ որ մենք վերադառնանք Իր մոտ՝ որպես Իր արքայության ժառանգորդներ: Ըստ Ալմայի խոսքերի՝ մենք պետք է «աչք ածենք [մեր] շուրջը և սկսենք հավատալ Աստծո Որդուն, որ նա գալու է՝ փրկագնելու իր ժողովրդին, և որ նա պիտի տառապի ու մեռնի՝ [մեր] մեղքերը քավելու համար. և որ նա պիտի բարձրանա մեռելներից, որը կիրականացնի հարությունը»:9 Հիսուս Քրիստոսը մեր գանձն է:

Փրկիչը մեզ շատ ուղիներ է տվել՝ նպատակամղված կենտրոնանալու Իր վրա՝ ներառյալ ապաշխարելու ամենօրյա հնարավորությունը: Երբեմն մենք թերագնահատում ենք առաջարկված այս օրհնության մեծությունը։ Երբ ես ութ տարեկան էի, հայրս մկրտեց ինձ։ Հետո ես բռնել էի նրա ձեռքը և մենք պատրաստվում էինք անցնել բանուկ փողոցը։ Ես ուշադիր չէի և մայթեզրից առաջ քայլեցի հենց այն պահին, երբ մի մեծ բեռնատար էր անցնում: Հայրս ինձ հետ քաշեց փողոցից՝ դեպի մայթեզրը: Եթե նա այդպես չաներ, բեռնատարը կհարվածեր ինձ։ Իմանալով իմ չարաճճի բնավորությունը՝ ես մտածեցի. «Գուցե ավելի լավ կլիներ, եթե մեռնեի բեռնատարի հարվածից, քանի որ երբեք այդքան մաքուր չեմ լինի, որքան մկրտությունից անմիջապես հետո»:

Ես ութ տարեկան էի և սխալմամբ ենթադրել էի, որ մկրտության ջուրը լվացել է մեղքերը: Դա այդպես չէ։ Իմ մկրտությունից հետո, տարիների ընթացքում ես սովորեցի, որ մեղքերը մաքրվում են Հիսուս Քրիստոսի զորությամբ, Նրա քավող զոհաբերության միջոցով, երբ մենք կապում և պահում ենք մկրտության ուխտը:10 Ապա, ապաշխարության պարգևի շնորհիվ, մենք կարող ենք մաքուր մնալ: Ես նաև սովորեցի, որ հաղորդությունը զորեղ ու վեհ գործընթաց է մեր կյանքում և հնարավորություն է տալիս մեզ պահպանել մեր մեղքերի թողությունը:11

Ինչպես այն գանձը, որ Քարթերի և Քարնարվոնի ոտքերի տակ էր, հաղորդության թանկագին օրհնությունները մեզ հասանելի են ամեն անգամ, երբ հաճախում ենք հաղորդության ժողովին: Մեզ խոստացված է, որ Սուրբ Հոգին կլինի մեր մշտական ուղեկիցը, եթե մոտենանք հաղորդությանն այնպես, ինչպես նորադարձն է մոտենում մկրտությանն ու հաստատմանը՝ կոտրված սրտով, փշրված հոգով և վճռականությամբ՝ ապրելու համաձայն մկրտության ուխտի: Սուրբ Հոգին օրհնում է մեզ Իր սրբագործող զորությամբ, որպեսզի մենք միշտ կարողանանք պահպանել մեր մեղքերի թողությունը ամեն շաբաթ:12

Մեր հոգևոր հիմքն ամրապնդվում է ապաշխարության միջոցով, նաև հաղորդությանը բարեխղճորեն պատրաստվելու և այն արժանիորեն ընդունելու միջոցով: Միայն ամուր հոգևոր հիմքով մենք կարող ենք դիմակայել կյանքում մեզ հանդիպող փոխաբերական անձրևներին, քամիներին և ջրհեղեղներին:13 Եվ հակառակը՝ մեր հոգևոր հիմքը թուլանում է, երբ մենք մեր կամքով բաց ենք թողնում հաղորդության ժողովը կամ երբ հաղորդության ընթացքում չենք կենտրոնանում Փրկչի վրա: Մենք մեր կամքով «[ինքներս մեզ] հետ [ենք] քաշում Տիրոջ Հոգուց, այնպես որ այն չի կարող տեղ ունենալ [մեզանում]՝ առաջնորդելու [մեզ] իմաստության ուղիներով, որ [մենք] կարողանանք լինել օրհնված, բարգավաճ և պահպանված»։14

Երբ Սուրբ Հոգին մեզ հետ է, մենք կոգեշնչվենք և կառաջնորդվենք՝ կապելու և պահելու այլ ուխտեր, ինչպիսիք են տաճարներում կատարվող ուխտերը: Այդպիսով խորանում է մեր հարաբերությունը Աստծո հետ։15 Դուք երևի նկատել եք, որ վերջին տարիներին շատ նոր տաճարների մասին է հայտարարվել, այդպիսով, տաճարներն ավելի են մոտենում անդամներին:16 Տարօրինակ կերպով, երբ տաճարներն ավելի հասանելի են դառնում, մենք ավելի սովորական ենք վերաբերում տաճար հաճախելուն։ Երբ տաճարները հեռու են, մենք ծրագրում ենք մեր ժամանակն ու միջոցները՝ տաճար մեկնելու և այնտեղ երկրպագելու համար։ Այդ ուղևորությունները առաջնահերթ են մեզ համար։

Երբ տաճարը մոտ է, ավելի հեշտ է թույլ տալ, որ փոքր բաները խանգարեն հաճախելուն՝ կարող ենք ասել. «Դե լավ, մի ուրիշ անգամ կգնամ»: Տաճարին մոտ ապրելն ավելի մեծ ճկունություն է տալիս տաճարում անցկացվող ժամանակի ծրագրման հարցում, բայց հենց այդ ճկունության պատճառով տաճարը գուցե դիտվի որպես սովորական վայր։ Այդ դեպքում մենք «կորցնում ենք նշանակետը»՝ թերագնահատելով Փրկչին Իր սուրբ տանը մոտենալու հնարավորությունը։ Տաճար հաճախելու մեր հանձնառությունը պետք է նույնքան ուժեղ լինի մոտիկ գտնվող տաճարի դեպքում, որքան՝ հեռավորի դեպքում է:

Երբ Քարթերն ու Քարնարվոնը ամենուր պեղեցին Թագավորների հովտում՝ փնտրելով Թութանհամոնի գերեզմանը, նրանք հասկացան, որ վրիպել են։ Կարիք չկա, որ մենք ինչ-որ ժամանակ անհաջող աշխատանք կատարենք, ինչպես նրանք արեցին, որպեսզի գտնենք մեր գանձը: Կարիք չկա խորհուրդ փնտրել արտասովոր աղբյուրներից՝ գնահատելով աղբյուրի նոր լինելը և մտածելով, որ նման խորհուրդն ավելի լուսավորված կլինի, քան այն մեկը, որը կարող ենք ստանալ Աստծո խոնարհ մարգարեից:

Ինչպես գրված է Հին Կտակարանում, երբ Նեեմանը բուժում էր փնտրում իր բորոտությունից, վրդովվել էր, երբ իրեն ասվեց յոթ անգամ ընկղմվել մոտակա սովորական գետի մեջ: Բայց նրան համոզեցին հետևել Եղիսե մարգարեի խորհրդին, և չապավինել իր կանխակալ պատկերացումներին՝ թե ինչպես պետք է կատարվի հրաշքը: Արդյունքում՝ Նեեմանը բուժվեց։17 Վստահելով Աստծո մարգարեին երկրի վրա և գործելով համաձայն նրա խորհրդի, մենք երջանկություն կգտնենք և մենք նույնպես կարող ենք բուժվել։ Ուրիշ բան փնտրել պետք չէ։

Եղբայրներ և քույրեր, ես քաջալերում եմ ձեզ հիշել և միշտ կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա: Նա մեր Փրկիչն ու Քավիչն է, այն «նշանակետը», որին մենք պետք է նայենք, և Նա է մեր մեծագույն գանձը: Գալով Նրա մոտ, դուք կպարգևատրվեք կյանքի մարտահրավերներին դիմակայելու ուժով, ճիշտը գործելու քաջությամբ և մահկանացու կյանքում ձեր առաքելությունը կատարելու ունակությամբ: Գնահատեք ապաշխարելու հնարավորությունը, հաղորդությունը ճաշակելու արտոնությունը, տաճարային ուխտերը կապելու և պահելու օրհնությունը, տաճարում երկրպագելու բերկրանքը և ապրող մարգարե ունենալու ուրախությունը:

Ես տալիս եմ իմ հանդիսավոր ու վստահ վկայությունը, որ Աստված՝ Հավերժական Հայրը, մեր Երկնային Հայրն է, և Նա ապրում է, Հիսուսը Քրիստոսն է, Նա մեր բարի, իմաստուն երկնային Ընկերն է,18 և սա Նրա վերականգնված Եկեղեցին է: Շնորհակալություն ձեր հավատքի և հավատարմության համար: Ես աղոթում եմ, որ դուք օրհնված լինեք, բարգավաճեք և պահպանվեք, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Կարնարվոնի հինգերորդ կոմսի ամբողջական անունն է Ջորջ Էդվարդ Ստենհոուպ Մոլինյու Հերբերտ։

  2. 2005 թվականին արված համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) ցույց է տվել, որ Թութանհամոն թագավորը կարող էր ոտքի ոսկորներից մեկի բարդ կոտրվածք ունենալ, ինչը կարող էր հանգեցնել վարակի և մահվան:

  3. Եգիպտոսի Նոր Թագավորության փարավոնների մեծ մասը թաղված են Թագավորների հովտում: Այդ դամբարանների մեծ մասը գտնվել և թալանվել են հնում։

  4. Թութանհամոնի գերեզմանի հայտնաբերման այս պատմությունը հիմնականում հիմնված է Էրիկ Հ. Քլայնի «Թագավոր Թութի գերեզմանը» աշխատության վրա, Archaeology: An Introduction to the World’s Greatest Sites (2016), 60–66:

    Բազմաթիվ գործոններ նպաստեցին Քարթերի և Քարնարվոնի ընտրությանը, թե որտեղ պետք է պեղել, և որտեղ ոչ՝ Թագավորների հովտում: Բազային ճամբարի շրջակայքը գրավիչ չէր միանգամից պեղումներ անելու համար։ Եռանկյունի տարածքը այցելուներին հնարավորություն էր տալիս մուտք գործել Ռամզես VI-ի դամբարան, ուստի պեղումներն այդտեղ զգալիորեն խանգարող կլինեին: Քարթերի խոսքերով այդ տարածքը ծածկված էր «մի շարք կոպիտ կառուցված բանվորական խրճիթներով, որտեղ հավանաբար բնակվում էին Ռամզեսի դամբարանի բանվորները, … [և] դրանց տակ ընկած երեք ոտնաչափ հողով»։ Հավանական չէր թվում, որ դամբարանի մուտքի վերևում խրճիթներ կառուցվեին (see Howard Carter and A. C. Mace, The Tomb of Tut-ankh-Amen: Discovered by the Late Earl of Carnarvon and Howard Carter, vol. 1 [1923], 124–28, 132):

    Թութանհամոնի գերեզմանի հայտնաբերման այլ պատմությունների համար տե՛ս Zahi Hawass, Tutankhamun and the Golden Age of the Pharaohs (2005); Nicholas Reeves, The Complete Tutankhamun: The King, the Tomb, the Royal Treasure (1990), 80–83; and Nicholas Reeves and Richard H. Wilkinson, The Complete Valley of the Kings: Tombs and Treasures of Egypt’s Greatest Pharaohs (1996), 81–82:

  5. Հակոբ 4.14։

  6. 2 Նեփի 31․19։

  7. Տես Մորոնի 7.27-28:

  8. 2 Նեփի 25.26։

  9. Ալմա 33.22:

  10. Տես Վարդապետություն և Ուխտեր 76․52:

  11. See David A. Bednar, “Teach to Build Faith in Jesus Christ” (address given at the seminar for new mission leaders, June 23, 2023); Rachel Sterzer Gibson, “Teach to Build Faith in Jesus Christ, Elder Bednar Instructs,” Church News, June 23, 2023, thechurchnews.com.

  12. Հաղորդությունը, սակայն, չի հաստատվել որպես մեր մեղքերի թողությունն ապահովելու հատուկ միջոց (see James E. Talmage, The Articles of Faith, 12th ed. [1924], 175): Մարդը չի կարող կանխամտածված կերպով մեղանչել շաբաթ երեկոյան և ակնկալել, որ իրեն միայն պետք է կիրակի օրը մի կտոր հաց ուտել ու մի բաժակ ջուր խմել և կախարդական եղանակով մաքրվել: Սակայն Սուրբ Հոգու սրբագործող ազդեցությունը կարող է մաքրել բոլոր նրանց, ովքեր ապաշխարում են մաքուր սրտով և անկեղծ միտումով:

  13. Տես 3 Նեփի 18.12-13։

  14. Մոսիա 2․36։

  15. Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է․ «Աստված առանձնահատուկ սեր է տածում բոլոր այն մարդկանց հանդեպ, որոնք Իր հետ ուխտ են կապում մկրտության ջրերում։ Եվ այդ աստվածային սերը խորանում է, երբ հավելյալ ուխտեր են կնքվում և հավատարմորեն պահվում» («Ընտրություններ հավերժության համար» [ամաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, մայիսի 15, 2022], Ավետարանի գրադարան)։ Ուխտի ճանապարհի բազմաթիվ ուխտերը ոչ միայն հաջորդական են, այլև լրացնում են մեկը մյուսին և նույնիսկ՝ ուժեղացնում են միմյանց ազդեցությունը: Նրանք նպաստում են Աստծո հետ ավելի սերտ ու ամուր կապին։ Այդպիսի կապը թույլ է տալիս մեզ փոխակերպվել այն աստիճան, որ Նրա պատկերը լինի մեր դեմքին, և մեր սրտերը հզոր կերպով ու ընդմիշտ փոփոխվեն (տես Ալմա 5․14

  16. Նախագահ Նելսոնը բացատրել է, որ Տերն «Իր տաճարներն ավելի հասանելի է դարձնում: Նա մեծացնում է այն արագությունը, որով մենք տաճարներ ենք կառուցում: Նա մեծացնում է Իսրայելի հավաքմանը օգնելու մեր կարողությունը: Նա նաև օգնում է, որ յուրաքանչյուրս հոգեպես ավելի հղկված դառնա» («Կենտրոնացեք տաճարի վրա», Լիահոնա, նոյ. 2022, 121)։

  17. Տես Դ Թագավորաց 5․9-14։

  18. Տես «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ», Հիմներ, հ. 38: