Գերագույն համաժողով
Փառք Մարդուն
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Փառք Մարդուն

Որքան օրհնված ենք մենք, որ մեր ունեցած գիտելիքը ստացել ենք Ջոզեֆ Սմիթի՝ ժամանակների վերջին տնտեսության մարգարեի շնորհիվ։

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մեծ պատիվ է ինձ համար ձեզ հետ լինել այս առավոտ: Աղոթում եմ, որ Տերն օրհնի ինձ:

Աչքերս արդեն առաջվանը չեն։ Ես այցելեցի իմ ակնաբույժին և ասացի. «Ես չեմ կարողանում տեսնել հեռարձակվող տեքստը»:

Եվ նա ասաց. «Դե, ձեր աչքերը ծերացել են: Եվ դրանք չեն փոխվի»:

Այսպիսով, ես կփորձեմ որքանով կարող եմ:

Ես կցանկանայի ձեզ հետ կիսվել որոշ բաներով, որոնց մասին մտածում էի: Վերջին մի քանի ամիսների ընթացքում մտածում էի Մարգարե Ջոզեֆի մասին: Ես խորհել եմ նրա փառահեղ պատասխանատվության մասին, որն է՝ դառնալ ժամանակների լրության այս տնտեսության մարգարեն:

Մտածում էի, թե որքան երախտապարտ ենք մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, որ Ջոզեֆ Սմիթը, մի տղա, որը ցանկանում էր իմանալ, թե ինչ պետք է անի իր մեղքերից ներում ստանալու համար, համարձակություն գտավ գնալու Պալմիրայի (Նյու Յորք) իր տան մոտ գտնվող ծառերի պուրակը և այնտեղ ծնկի իջավ աղոթելու և, իր իսկ խոսքով, առաջին անգամ բարձրաձայն աղոթեց (տես Ջոզեֆ Սմիթ – Պատմություն 1.14):

Այդ ժամանակ, երբ Ջոզեֆը ծնկի իջավ այն վայրում, որը մենք անվանում ենք Սրբազան պուրակ, երկինքները բացվեցին: Նրա առջև հայտնվեցին երկու անձնավորություն, որոնց պայծառությունն ավելին էր, քան կեսօրվա արևը։ Նրանցից մեկը խոսեց նրա հետ և ասաց․ «[Ջոզեֆ] Սա է Իմ Սիրելի Որդին: Լսիր Նրան» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.17): Այդպես սկսվեց Հիսուս Քրիստոսի հավիտենական ավետարանի լրիվության վերականգնումը:

Քանի որ Հիսուսը՝ մեր Փրկիչը և մեր Քավիչը, խոսեց պատանի Ջոզեֆի հետ և բացեց այս ժամանակի տնտեսությունը, որում մենք այժմ ապրում ենք, մենք երգում ենք. «Փառք այն մարդուն, ով խոսեց Եհովայի հետ» («Փառք տանք մարդուն», Հիմներ և մանկական երգեր, էջ 50)։ Մենք Տիրոջը շնորհակալ ենք Ջոզեֆ Սմիթի և նրա քաջության համար, որ 1820 թվականին գնաց ծառերի այդ պուրակը, իր տան մոտ՝ Պալմիրայում (Նյու Յորք):

Ես մտածել եմ այն բոլոր հրաշալի բաների մասին, որոնք մենք գիտենք, և այն բոլոր բաների մասին, որոնք մենք ունենք: Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, այս առավոտ ես ձեզ վկայում եմ, թե որքան օրհնված ենք մենք, որ մեր ունեցած գիտելիքը ստացել ենք Ջոզեֆ Սմիթի՝ ժամանակների վերջին տնտեսության մարգարեի շնորհիվ։

Մենք հասկանում ենք կյանքի նպատակը, այն, թե ով ենք մենք։

Մենք գիտենք, թե ով է Աստված. մենք գիտենք, թե ով է Փրկիչը, որովհետև մենք ունենք Ջոզեֆին, որը մանուկ հասակում մտավ ծառերի այդ պուրակը՝ ներում փնտրելով իր մեղքերից:

Կարծում եմ, որ դա ամենափառահեղ և հրաշալի բաներից մեկն է, որ որևէ մեկը կարող է իմանալ այս աշխարհում, որ մեր Երկնային Հայրը և Տեր Հիսուս Քրիստոսը հայտնվել են այս վերջին օրերին, և որ Ջոզեֆը հարություն է առել՝ վերականգնելու Հիսուս Քրիստոսի հավիտենական ավետարանի լրիվությունը։

Մենք ունենք Մորմոնի Գիրքը: Ի՜նչ զարմանալի և հրաշալի նվեր է Մորմոնի Գիրքը Եկեղեցու անդամների համար: Դա մեկ այլ վկայություն է, մեկ այլ վկայություն, որ Հիսուսը Քրիստոսն է: Մենք դա ունենք, որովհետև Ջոզեֆն արժանի գտնվեց թիթեղներին, ներշնչվեց երկնքից՝ Աստծո պարգևով և զորությամբ թարգմանելու դրանք և գիրքը նվիրեց աշխարհին։

Թեև այս առավոտ իմ ուղերձը պարզ է, սակայն այն խորն է, և լի է Մարգարե Ջոզեֆ Սմիթի և իմ բոլոր եղբայրների ու քույրերի հանդեպ սիրով, որոնք աջակցել են նրան և ցանկանում էին աջակցել նրան իր պատանեկության տարիներին:

Այսօր առավոտյան ես կկամենայի հարգանքի տուրք մատուցել նրա մորը: Ես միշտ մտածել եմ, թե որքան հրաշալի էր, երբ Ջոզեֆը Սրբազան պուրակում իր ունեցած փորձառությունից հետո վերադարձավ և պատմեց իր մորը, թե ինչ էր տեղի ունեցել և Լյուսի Մաք Սմիթը հավատաց նրան:

Ես երախտապարտ եմ նրա հորը, նրա եղբայրներին ու քույրերին և նրա ընտանիքին, որոնք աջակցեցին նրան այս հսկայական պատասխանատվության մեջ, որը Տերը դրեց նրա վրա. դառնալ մարգարե և մեկ անգամ ևս վերականգնել Հիսուս Քրիստոսի հավիտենական ավետարանի լրիվությունը երկրի վրա։

Այսպիսով, այս առավոտ իմ վկայությունն այն է, որ ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն ու Քավիչն է: Ես նաև գիտեմ, որ մեր Երկնային Հայրը և Տեր Հիսուս Քրիստոսը հայտնվեցին և խոսեցին Ջոզեֆի հետ և նախապատրաստեցին նրան մարգարե դառնալու համար:

Ես հիանում եմ, և վստահ եմ, որ ձեզնից շատերը նույնպես հիանում են, թե որքան օրհնված ենք մենք, որ գիտենք մեր կյանքի նպատակի մասին, թե ինչու ենք մենք այստեղ և թե ինչ պետք է փորձենք անել և իրականացնել մեր առօրյա կյանքում: Մենք փորձում ենք ամեն օր լինել մի քիչ ավելի լավը, մի քիչ ավելի բարի, մի քիչ ավելի պատրաստված՝ այդ օրվա համար, որն անշուշտ, կգա, երբ մենք կվերադառնանք մեր Երկնային Հոր և Տեր Հիսուս Քրիստոսի ներկայությունը:

Այդ օրն ինձ համար ավելի է մոտենում: Ես շուտով կդառնամ 95 տարեկան։ Երեխաներս ինձ ասում են, որ իրենց կարծիքով արդեն ավելի ծեր եմ, քան նախկինում։ Ես անում եմ ամեն ինչ՝ ուժերիս ներածին չափով:

Սակայն եղբայրներ և քույրեր, ես շուրջ 50 տարի արտոնություն եմ ունեցել իմ հանձնարարություններով շրջելու աշխարհում՝ որպես Եկեղեցու Բարձրագույն իշխանություն: Դա հիանալի օրհնություն էր: Կարծում եմ՝ բավականաչափ մոտ եմ գտնվել աշխարհի գրեթե բոլոր երկրներին: Ես հանդիպել եմ Եկեղեցու անդամների հետ ամբողջ աշխարհում:

Ախ, որքան շատ եմ սիրում ձեզ: Ինչ փառահեղ փորձառություն է եղել, երբ նայել եմ ձեր դեմքերին, գտնվել ձեր ներկայության մեջ և զգացել ձեր սերը, որը դուք տածել եք Տիրոջ և Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման հանդեպ:

Թող մեր Երկնային Հայրը հսկի մեզ այժմ և օրհնի համաժողովի բոլոր հեռարձակումները: Եվ թող որ մենք ունենանք Տիրոջ Հոգին մեր սրտերում, և գերագույն համաժողովի արդյունքում մեր սերը Հիսուս Քրիստոսի ավետարանի, մեր սիրելի Փրկչի՝ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ, մեծանա, երբ մենք ձգտենք ծառայել Նրան և պահել Նրա պատվիրանները և ավելի նմանվել Նրան։ Ուր էլ որ լինեք այս աշխարհում, թող Աստված օրհնի ձեզ: Թող Տիրոջ Հոգին մեզ հետ լինի։ Թող որ մենք զգանք երկնքի զորությունը, երբ համաժողովի այս նիստին երկրպագենք միասին:

Ես թողնում եմ ձեզ իմ վկայությունն առ այն, որ ես գիտեմ, որ Հիսուսը Քրիստոսն է: Նա մեր Փրկիչն ու մեր Քավիչն է: Նա մեր լավագույն ընկերն է: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն։