Գերագույն համաժողով
Ուխտի ժողովրդի ձայնը և աճող սերունդը
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Ուխտի ժողովրդի ձայնը և աճող սերունդը

Մեր ամենասուրբ պարտականություններից մեկն է օգնել մեր զավակներին խորապես և մասնավորապես իմանալ, որ Հիսուսը Քրիստոսն է։

Մորմոնի Գրքում ամենահուզիչ տեսարաններից է Բաունթիֆուլի տաճարի մոտ հարություն առած Փրկչի այցելությունը ժողովրդին։ Մեկ օր ուսուցանելուց, բժշկելուց և հավատքը խորացնելուց հետո Հիսուսը մարդկանց խնդրեց ուշադրություն դարձնել աճող սերնդին․ «Նա պատվիրեց, որ իրենց փոքր երեխաներին բերեն»:1 Նա աղոթեց նրանց համար և օրհնեց մեկ առ մեկ։ Այդ փորձառությունը այնքան հուզիչ էր, որ Փրկիչն Ինքը մի քանի անգամ արտասվեց։

Այնուհետև, խոսելով բազմության հետ, Հիսուսն ասաց․

Նայեք ձեր փոքրիկներին:

“Եվ երբ նրանք նայեցին՝ … և նրանք տեսան հրեշտակներ՝ իջնելիս երկնքից», որոնք սպասավորեցին իրենց երեխաներին։2

Ես հաճախ եմ մտածում այս փորձառության մասին։ Դա, երևիթե, դիպավ յուրաքանչյուրի սրտին։ Նրանք տեսան Փրկչին: Նրանք զգացին Նրան: Նրանք ճանաչեցին Նրան: Նա ուսուցանեց նրանց։ Նա օրհնեց նրանց։ Եվ Նա սիրեց նրանց: Զարմանալի չէ, որ այդ սրբազան իրադարձությունից հետո այդ երեխաները մեծանալով օգնում են հիմնել խաղաղության, բարգավաճման և քրիստոսանման սիրո վրա հիմնված հասարակություն՝ սերունդների համար։3

Հիանալի չէ՞ր լինի, որ մեր երեխաները Հիսուս Քրիստոսի հետ նման փորձառություն ունենային, որը նրանց սրտերը կբերեր դեպի Նա։ Նա հրավիրում է մեզ, ինչպես Մորմոնի Գրքում այդ ծնողներին հրավիրեց իր մոտ բերել փոքրիկներին։ Մենք կարող ենք օգնել նրանց ճանաչել Փրկչին և Քավիչին այնպես, ինչպես ճանաչեցին այդ երեխաները։ Մենք կարող ենք ցույց տալ նրանց ինչպես գտնել Փրկչին սուրբ գրություններում և կառուցել իրենց հիմքը Նրա վեմի վրա։4

Վերջերս, իմ լավ ընկերներից մեկը ինձ մի բան սովորեցրեց, որը ես նախկինում չէի նկատել իմաստուն մարդու մասին առակում, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։ Ըստ Ղուկասի ավետարանի՝ իմաստուն մարդը իր տան հիմքը կառուցելիս «խորը փորեց»։5 Դա սովորական և հասարակ աշխատանք չէր, դա ջանքեր պահանջեց։

Մեր կյանքը մեր Քավիչ Հիսուս Քրիստոսի վեմի վրա կառուցելու համար մենք պետք է «խորը փորենք»։ Մենք մեր կյանքից հեռացնում ենք այն ամենը, ինչն ավազից է կամ փխրուն: Մենք շարունակում ենք փորել, մինչև գտնենք Նրան։ Եվ մենք ուսուցանում ենք մեր երեխաներին կապել իրենց Նրա հետ սրբազան ծեսերի և ուխտերի միջոցով, որպեսզի երբ հակառակորդի փոթորիկներն ու ջրհեղեղները վրա հասնեն, ինչը հաստատապես լինելու է, դրանք շատ չվնասեն նրանց՝ շնորհիվ վեմի, որի վրա նրանք կառուցել են։6

Այս տեսակի զորությունը պատահականություն չէ։ Այն չի փոխանցվում հաջորդ սերնդին հոգևոր ժառանգության նման։ Յուրաքանչյուր անձ պետք է խոր փորի՝ վեմը գտնելու համար։

Մենք սովորում ենք այս դասը Մորմոնի Գրքի մեկ այլ պատմությունից։ Երբ թագավոր Բենիամինը իր վերջին խոսքով դիմեց իր ժողովրդին, նրանք ընտանիքներով հավաքվեցին նրա խոսքը լսելու։7 Բենիամին թագավորը զորեղ վկայություն բերեց Հիսուս Քրիստոսի մասին, և մարդիկ խորապես հուզվել էին նրա վկայությունից։ Նրանք բացականչեցին․

«Հոգին զորեղ փոփոխություն առաջ բերեց մեր սրտերում։

Եվ մենք հոժար ենք մտնել ուխտի մեջ մեր Աստծո հետ` կատարելու նրա կամքը» մեր մնացյալ օրերում»։8

Կարելի է ակնկալել, որ այդպիսի խոր դարձի եկած ծնողների զավակները իրենք էլ դարձի կգան և ուխտեր կկապեն։ Սակայն, անհայտ պատճառով, ծնողների կապած ուխտերը արձագանք չեն գտնում նրանց զավակների սրտերում։ Մի քանի տարի անց «աճող սերնդից կային շատերը, ովքեր չէին կարողանում հասկանալ Բենիամին թագավորի խոսքերը՝ լինելով փոքր երեխաներ այն ժամանակ, երբ նա խոսել էր իր ժողովրդի հետ. և նրանք չէին հավատում իրենց հայրերի ավանդությանը:

«Նրանք չէին հավատում, ինչ ասվել էր մեռելների հարության վերաբերյալ, ոչ էլ նրանք հավատում էին Քրիստոսի գալստին:

Եվ նրանք չէին կամենում մկրտվել. ոչ էլ կամենում էին միանալ եկեղեցուն: Եվ նրանք առանձին ժողովուրդ էին, ինչ վերաբերում էր նրանց հավատքին»:9

Ինչպիսի սթափեցնող միտք: Աճող սերնդի համար բավարար չէ այն փաստը, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը «իրենց հայրերի ավանդույթն» է։ Նրանք պետք է իրենց սեփական հավատքն ունենան առ Քրիստոս։ Որպես Աստծո ուխտի ժողովուրդ, ինչպե՞ս կարող ենք մեր զավակների սրտերին հաղորդել Նրա հետ ուխտեր կապելու ու պահելու ցանկությունը։

Կարող ենք սկսել, հետևելով Նեփիի օրինակին․ «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»:10 Նեփիի խոսքերը ենթադրում են հաստատուն և շարունակական ջանքեր մեր զավակներին Քրիստոսի մասին ուսուցանելու համար։ Մենք կարող ենք այնպես անել, որ ուխտի ժողովրդի ձայնը շարունակի հնչել աճող սերնդի ականջներում, և որ Հիսուսը չդառնա միայն կիրակի օրվա թեմա։11

Ուխտի ժողովրդի ձայնը հնչում է նաև մեր վկայություններում։ Այն հնչում է ապրող մարգարեների խոսքերում։ Եվ այն ամուր պահպանված է սուրբ գրություններում։ Այնտեղ է ասվում, որ մեր զավակները կճանաչեն Հիսուսին և կգտնեն իրենց հարցերի պատասխանները։ Այնտեղից է, որ նրանք իրենց համար կսովորեն Քրիստոսի վարդապետությունը։ Այնտեղ է, որ նրանք հույս կգտնեն։ Դա կօգնի նրանց պատրաստ լինել ամբողջ կյանքի ընթացքում փնտրելու ճշմարտությունը և ապրելու՝ մնալով ուխտի արահետի վրա։

Ես սիրում եմ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի այս խորհուրդը․

«Մենք որտե՞ղ կարող ենք լսել Նրան։

Մենք կարող ենք դիմել սուրբ գրություններին։ Դրանք մեզ սովորեցնում են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի, Նրա Քավության մեծության և մեր Հոր երջանկության ու փրկագնման մեծ ծրագրի մասին: Ամեն օր Աստծո խոսքի մեջ ընկղմվելը շատ կարևոր է հոգևոր գոյատևման համար, հատկապես՝ աճող ընդվզման այս օրերին: Երբ ամեն օր սնվենք Քրիստոսի խոսքերով, Քրիստոսի խոսքերը կասեն մեզ, թե ինչպես արձագանքենք այն դժվարություններին, որոնց, չէինք էլ մտածի, որ երբևէ կբախվենք»։12

Այսպիսով, ի՞նչ է նշանակում սնվել Քրիստոսի խոսքերով և լսել Նրան: Դա կախված է նրանից, թե որ եղանակն է լավագույնս աշխատում ձեզ համար։ Դա կարող լինել ընտանիքով հավաքվելը և խոսելը այն մասին, ինչ Սուրբ Հոգին ուսուցանում է ձեզ Եկ, հետևեիր ինձ ծրագրում։ Դա կարող է լինել ամեն օր ձեր երեխաների հետ սուրբ գրություններից մի քանի հատված կարդալը, ապա միասին ժամանակ անցկացնելով, սովորածը նրանց հետ քննարկելու հնարավորություններ գտնելը։ Գտեք այն եղանակը, որը լավագույնս է աշխատում ձեզ և ձեր ընտանիքի համար, ապա ամեն օր ձգտեք անել դա ավելի լավ։

Խորհեք Ուսուցանել Փրկչի ձևով նյութից այս մտքի շուրջ․ «Առանձին վերցրած՝ մեկ ընտանեկան երեկոն, սուրբ գրությունների ուսումնասիրության դասը կամ ավետարանի զրույցը, կարող է թվալ, թե շատ բան չի իրագործում: Բայց փոքր և պարզ ջանքերի կուտակումը, որը ժամանակի ընթացքում հետևողականորեն կրկնվում է, կարող է ավելի զորեղ և ամրապնդող լինել, քան հազվադեպ նշանակալից պահերը կամ շատ կարևոր դասը: Այսպիսով, մի հանձնվեք և մի մտահոգվեք, երբ ամեն անգամ նկատելի հաջողության չեք հասնում։ Պարզապես հետևողական եղեք ձեր ջանքերում»:13

Մեր ամենասուրբ պարտականություններից մեկն է՝ օգնել մեր զավակներին խորապես և մասնավորապես իմանալ, որ Հիսուսը Քրիստոսն է, Կենդանի Աստծո Որդին, նրանց անձնական Փրկիչը և Քավիչը, որը կանգնած է Իր Եկեղեցու գլխին։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր ուխտի ձայնը լռի կամ չլսվի, եթե այն վերաբերում է Նրան։

Գուցե այս դերում ձեզ հարմարավետ չզգաք, սակայն երբեք չպետք է միայնակ զգաք ձեզ։ Օրինակ՝ ծխերի խորհուրդները իրավասու են ծնողների համար կազմակերպել ուսուցիչների խորհուրդների ժողովներ։ Այդ եռամսյակային ժողովներին ծնողները կարող են սովորել միմյանց փորձառություններից, քննարկել, թե ինչպես կարելի է ամրացնել ընտանիքները, և սովորել քրիստոսանման ուսուցման հիմնական սկզբունքները։ Այդ ժողովը պետք է անցկացվի եկեղեցու երկրորդ ժամին։14 Այն վարում է ծխի անդամներից մեկը, որին ընտրում է եպիսկոպոսը, և ժողովը ացնում է ուսուցիչների խորհրդի սովորական ժողովի ձևաչափով՝ որպես հիմնական նյութ օգտագործելով Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկը։15 Եպիսկոպոսներ, եթե ձեր ծխում ներկայումս չեն անցկացվում ծնողների համար ուսուցիչների խորհուրդների ժողովներ, կազմակերպեք դրանք կիրակնօրյա դպրոցի ձեր նախագահի և ծխի խորհրդի հետ միասին։16

Իմ թանկագին ընկերներ Քրիստոսում, ձեզ մոտ շատ լավ է ստացվում։ Միայն շարունակեք աշխատել այդ ուղղությամբ։ Ձեր զավակները տեսնում են, լսում են և սովորում են։ Նրանց ուսուցանելիս դուք կսկսեք ճանաչել նրանց իրական էությունը՝ որպես Աստծո որդիներ և դուստրեր։ Գուցե նրանք որոշ ժամանակով մոռանան Փրկչին, բայց ես խոստանում եմ ձեզ, որ Նա երբեք չի մոռանա նրանց։ Այն պահերը, երբ Սուրբ Հոգին խոսի իրենց հետ, մշտապես կմնան նրանց սրտերում և մտքերում։ Եվ մի օր ձեր զավակները կկրկնեն Ենովսի վկայությունը․ «Ես՝ Ենովսս, գիտենալով իմ հորը, որ նա արդար մարդ էր,– քանզի նա ինձ սովորեցրել էր իր լեզվով և նաև Տիրոջ խրատով ու ուսմունքով,– և օրհնված լինի իմ Աստծո անունը դրա համար»:17

Եկեք ընդունենք Փրկչի հրավերը և բերենք մեր զավակներին Նրա մոտ: Այդ ժամանակ նրանք կտեսնեն Նրան։ Նրանք կզգան Նրան։ Նրանք կճանաչեն Նրան։ Նա կուսուցանի նրանց։ Նա կօրհնի նրանց։ Ախ, որքան Նա կսիրի նրանց։ Ախ, որքան եմ ես սիրում Նրան: Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։

Հղումներ

  1. 3 Նեփի 17.11:

  2. 3 Նեփի 17.23-24, տես նաև 3 Նեփի 17․11-22։

  3. Տես 4 Նեփի 1․1-22։

  4. Տես Ղուկաս 6.47-49, Հելաման 5.12։

  5. Ղուկաս 6.48:

  6. Հելաման 5.12։

  7. Տես Մոսիա 2․5:

  8. Մոսիա 5․2, 5: Նկատեք, «որ չկար ոչ մի հոգի, բացի փոքր երեխաներից, որ չմտներ ուխտի մեջ և չվերցներ իր վրա Քրիստոսի անունը» (Մոսիա 6․2

  9. Մոսիա 26․1–2, 4։

  10. 2 Նեփի 25.26։

  11. «Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանում ուսուցանելու շատ բաներ կան՝ սկզբունքներ, պատվիրաններ, մարգարեություններ և սուրբ գրությունների պատմություններ: Բայց դրանք բոլորը նույն ծառի ճյուղերն են, քանի որ դրանք բոլորն ունեն մեկ նպատակ. օգնել բոլոր մարդկանց գալ դեպի Քրիստոսը և կատարելագործվել Նրանում» (տես Հարոմ 1․11, Մորոնի 10․32)։ Այսպիսով՝ անկախ նրանից, թե ինչ եք ուսուցանում, հիշեք, որ դուք իսկապես սովորեցնում եք Հիսուս Քրիստոսի մասին, նաև այն մասին, թե ինչպես դառնալ Նրա նման (Teaching in the Savior’s Way: For All Who Teach in the Home and in the Church [2022], 6

  12. Ռասսել Մ. Նելսոն. «Լսիր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 89։

  13. Ուսուցանել Փրկչի ձևով, 31։

  14. Եկեղեցու բոլոր անդամները, այդ թվում՝ երեխաները, որոնք պահում են իրենց ուխտերը, իրենց տներում օրհնված են Աստծո քահանայության զորությամբ, որպեսզի ամրացնեն իրենց և իրենց ընտանիքները (տես Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 17.4, Ավետարանի գրադարան)։

  15. Անդամները և ղեկավարները կարող են պատվիրել Ուսուցանել Փրկչի ձևով նյութը Բաշխման կենտրոններից։ Այն նաև հասանելի է թվային տարբերակով Gospel Library-ում։

  16. Տես Ընդհանուր ձեռնարկ, 13.5:

  17. Ենովս 1.1։ Հիշեք, որ Մորմոնի Գրքում անհավատների աճող սերնդից էին նաև Ալմա Կրտսերը և Մոսիայի որդիները։ Երբ Ալմա Կրտսերը, ի վերջո, գիտակցեց իր կյանքը փոխելու անհրաժեշտությունը, նա հիշեց, որ իր հայրը սովորեցնում էր Հիսուս Քրիստոսի մասին։ Այդ ուսմունքները Ալման անցյալում անտեսում էր։ Սակայն դա մնացել էր նրա հիշողության մեջ և այդ հիշողությունը հոգևորապես փրկեց Ալմային (տես Ալմա 36․17–20