Գերագույն համաժողով
Ցանկանո՞ւմ եք երջանիկ լինել
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Ցանկանո՞ւմ եք երջանիկ լինել

Մնացեք ուխտի արահետի վրա։ Ձեր կյանքը կլինի ավելի դյուրին, երջանիկ և ուրախությամբ լի։

Ցանկանու՞մ եք երջանիկ լինել։ Ի՞նչն է ձեզ երջանկացնում։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է․ «Եթե ցանկանում եք թշվառ լինել, խախտեք պատվիրանները և երբեք մի ապաշխարեք։ Եթե ուրախություն եք ցանկանում, մնացեք ուխտի արահետի վրա»։1 Մի՞թե հեշտ չէ երջանիկ լինել: Պարզապես ուխտեր կապեք և պահեք դրանք։ Եկեք վերանայենք, թե ինչը կարող է օգնել մեզ մնալ ուխտի արահետի վրա և երջանիկ լինել:

1. Ի՞նչ է ուխտի արահետը

Ըստ Երեց Դեյլ Գ. Ռենլանդի, ուխտի արահետ եզրույթը վերաբերում է մի շարք ուխտերի, որոնցով մենք գալիս ենք Քրիստոսի մոտ և կապվում Նրա հետ: Այդ ուխտի կապի միջոցով մենք ստանում ենք Նրա հավերժական զորությունը: Ճանապարհը սկսվում է առ Հիսուս Քրիստոս հավատքով և ապաշխարությամբ, որին հաջորդում է մկրտությունը և Սուրբ Հոգու ստացումը:2 Մենք նորոգում ենք այդ ուխտերը ամեն անգամ, երբ ճաշակում ենք հաղորդությունը:

Մկրտության ուխտից սկսած՝ մենք շարունակում ենք ուխտեր կապել կյանքի ընթացքում։ Կրկին, Երեց Ռենլանդն ասել է․ «Ուխտի ուղին տանում է դեպի տաճարային արարողություններ, ինչպիսին է տաճարային օժտումը։ Օժտումը Աստծո սուրբ ուխտերի պարգևն է, որը մեզ լիովին կապում է Նրա հետ»:3

2. Արդյո՞ք դուք ուխտի արահետի վրա եք

Երբեմն, երբ մենք ուխտեր ենք կապում, չենք կարողանում պահել դրանք։ Այդ ժամանակ դուք ինչպե՞ս կարող եք վերադառնալ ուխտի արահետ։ Թույլ տվեք կիսվել ուխտի արահետ վերադառնալու մի քանի օրինակներով:

Մոտ մեկ ամիս առաջ ես հաղորդագրություն ստացա մեզ հետ ծառայած վերադարձած միսիոներից։ Նա ասաց․ «Շատ դժվար է դիմակայել։ Տագնապի և ճնշվածության դեմ ամենօրյա պայքարը ինձ տապալում է և շատ բարդ է։ Ես ինձ մենակ ու թշվառ եմ զգում։ Ես աղոթում էի մեր Երկնային Հոր ուղղորդման համար, որպեսզի խաղաղություն և սփոփանք ստանամ իմ պայքարի մեջ։ Երբ աղոթում էի, Հոգին հուշեց, որ լիարժեք վճարեմ իմ տասանորդը։ Այնքան ուժեղ զգացի Հոգին, որ անմիջապես դա անելու անհրաժեշտություն ունեցա։ Դա անելու ցանկությամբ ես հուշում զգացի, որ եթե վճարեմ տասանորդս, ամեն ինչ լավ կլինի։ Ես դեռ պայքարում եմ, որ հանգստություն գտնեմ, բայց ունեմ վկայություն մեր Փրկչի մասին, և որ իմ հնազանդության միջոցով կարող եմ գտնել սրտի և մտքի խաղաղություն, որը փնտրում եմ։ Վերջերս որոշեցի վերադառնալ եկեղեցի և փնտրել Հոգուն ամեն ինչում, ինչ անում եմ»։

Այժմ նրա մոտ ամեն ինչ կարգին է։ Դուք կարող եք նաև խաղաղություն խնդրել Երկնային Հորից, սակայն պատասխանը կարող է տարբերվել ձեր ակնկալիքից։ Քանի դեռ ձգտում եք ճանաչել Փրկչին և աղոթել Երկնային Հորը, Նա կտա հենց ձեր անձնական պատասխանը։

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է.

«Ամենամեծ դասը, որը մենք կարող ենք սովորել մահկանացու կյանքում, այն է, որ երբ Աստված խոսում է, իսկ մենք հնազանդվում ենք, մենք միշտ ճիշտ կլինենք»:4

«Եթե մենք պահենք պատվիրանները, մեր կյանքն ավելի երջանիկ կդառնա, ավելի լիարժեք ու քիչ խճճված։ Մեր դժվարություններն ու խնդիրներն ավելի հեշտ տանելի կլինեն և մենք կստանանք [Աստծո] խոստացած օրհնությունները»:5

Եպիսկոպոս կանչվելուց ես իմ կյանքի ամենադժվար ժամանակներն էի ապրում։ Ես երիտասարդ հայր էի՝ 30-ից մի քիչ ավել, բայց ընտանեկան խնդիրների պատճառով գտնվում էի ծանր ֆինանսական վիճակում։ Ոչ մի լուծում չէի գտնում և կարծում էի, որ խնդիրները երբեք չեն ավարտվի։ Ես սպառված էի՝ և ֆինանսապես, և հոգեպես։ Ես սկսեցի կասկածել իմ հոգևոր ուժերին։ Այդ ծանր ժամանակ իմ ցցի նախագահը կոչում առաջարկեց ինձ։ Թեև դժվար էր, ես ընդունեցի այդ կանչը:

Կինս նույնպես հարցազրույց անցավ ցցի նախագահի հետ. նա չկարողացավ այո ասել, սակայն չասաց ոչ և շարունակեց արտասվել։ Նա լաց եղավ ամբողջ շաբաթ՝ հարցնելով Երկնային Հորը․ «Ինչո՞ւ հիմա» և «Արդյո՞ք Դու ճանաչում ես յուրաքանչյուր անհատին»։ Նա պատասխան չստացավ, բայց հաջորդ կիրակի ես կարգվեցի որպես եպիսկոպոս։ Նա դադարեց Երնային Հորը հղել այս հարցերը, և աջակցեց ինձ իմ կոչման մեջ հաջորդ վեց տարիների ընթացքում։

Կիրակի օրը, երբ ինձ ազատեցին, հաղորդություն ընդունելիս կինս մի ձայն լսեց։ Ձայնը շշնջաց նրան․ «Քանի որ քեզ համար քայլելը ծանր է, ես նրան եպիսկոպոս կանչեցի, որպեսզի նա գրկի քեզ և քայլի քո փոխարեն»։ Հետ նայելով անցած վեց տարիներին՝ նա հասկացավ, որ անվերջ թվացող խնդիրներից շատերը հենց այդ ընթացքում էին լուծվել։

Մենք սովորեցինք, որ մտածելով, թե կոչում ընդունելու լավ ժամանակ չէ, չենք գիտակցում, որ դա կարող է լինել այն ժամանակը, երբ մենք ամենից շատ ունենք այդ կոչման կարիքը։ Երբ էլ որ Տերը խնդրի մեզ ծառայել որևէ կոչման մեջ, լինի դա թեթև, թե բարդ կոչում, Նա տեսնում է մեր կարիքները։ Նա մեզ ուժ է տալիս, որի կարիքն ունենք, և օրհնություններ ունի, որոնք պատրաստ է հեղելու մեզ վրա, եթե հավատարմությամբ ծառայենք։

Կան շատ այլ խոչնդոտներ, որոնք շեղում են մեզ և խանգարում մնալ ուխտի արահետի վրա: Անկախ ամեն ինչից, երբեք ուշ չէ մեր սրտերը շրջել դեպի Երկնային Հայրը՝ օգնության համար։ Երեց Փոլ Վ․ Ջոնսոնը մեզ ուսուցանել է․ «Երբ մենք հետևում ենք սատանային, մենք նրան զորություն ենք տալիս: Երբ մենք հետևում ենք Աստծուն, Նա մեզ զորություն է տալիս»:6

Բենիամին թագավորը Մորմոնի Գրքում վկայել է. «Ես կցանկանայի, որ դուք խորհեք օրհնված և երջանիկ վիճակի վրա նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները։ Քանզի, ահա, նրանք օրհնված են բոլոր բաներում՝ և աշխարհիկ, և հոգևոր. և եթե նրանք հավատարիմ համբերում են մինչև վերջ, նրանք ընդունվում են երկնքում, որի շնորհիվ նրանք կարողանում են բնակվել Աստծո հետ երբեք չվերջացող երջանկության վիճակում»։7

3. Աստծո հետ կապած ուխտերը պահելը ինչպե՞ս կարող է ձեզ երջանիկ դարձնել

Կինս ասում է, որ մեր ամուսնությունը կապում է մեզ, և դրա շնորհիվ նա կարողանում է անել բաներ, որոնք չէր կարողանում անել նախկինում։ Օրինակ՝ երիտասարդ տարիքում նա վախենում էր դուրս գալ մութ ժամերին, սակայն այժմ չի վախենում, քանի որ ես իր հետ եմ քայլում։ Նա ցածրահասակ է և չի հասնում բարձր տեղադրված դարակներին առանց աթոռի կամ աստիճանի, բայց ես կարողանում եմ օգնել նրան, քանի որ ավելի բարձրահասակ եմ։ Դա նման է մեր Փրկչի լուծը մեզ վրա վերցնելուն։ Երբ մեզ լծակից ենք դարձնում Նրան, կարողանում ենք անել բաներ, որոնք ինքնուրույն չէինք կարողանում, բայց Նա կարող է անել այն, ինչ մենք չենք կարող։

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է․ «Սրբազան ուխտեր կապելն ու պահելը մեզ լծակից է դարձնում Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Ըստ էության՝ Փրկիչը մեզ հրավիրում է ապավինել Իրեն և քաշել լուծը Իր հետ, թեև մեր լավագույն ջանքերը հավասար չեն և չեն կարող համեմատվել Նրա ունակության հետ: Մինչ մենք վստահում և քաշում ենք մեր բեռը Նրա հետ մահկանացու ճամփորդության ընթացքում, իրապես Նրա լուծը քաղցր է, իսկ Նրա բեռը՝ թեթև»:8

Նախագահ Նելսոնը նույնպես ուսուցանել է․

«Փրկչի հետ աշխատանքի լծվելը նշանակում է, որ ձեզ հասանելի են Նրա ուժը և փրկագնող զորությունը»:9

Աստծո հետ ուխտեր պահելու պարգևը երկնային զորություն է՝ մի զորություն, որն ուժ է տալիս մեզ ավելի լավ դիմակայելու մեր փորձություններին, գայթակղություններին ու ցավերին: Այդ ուժը հեշտացնում է մեր ճանապարհը: Նրանք, ովքեր ապրում են Հիսուս Քրիստոսի բարձրագույն օրենքներով, կարող են ստանալ Նրա բարձրագույն զորությունը»:10

«Պատվիրանները պահելը իրականում հեշտացնում է կյանքը․ Ամեն ոք, ով ուխտ է կապում մկրտության ավազանում և տաճարում ու պահում է այդ ուխտը, ավելի շատ է ստանում Հիսուս Քրիստոսի զորությունը»:11

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, դուք ցանկանո՞ւմ եք երջանիկ լինել։ Մնացեք ուխտի արահետի վրա։ Ձեր կյանքը կլինի ավելի հեշտ, երջանիկ և ուրախությամբ լի։ Մեր Փրկիչը հրավիրում է մեզ․ «Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ»:12 Նա կենդանի Քրիստոսն է։ Նա կրում է մեր բեռները և մեր կյանքը ավելի հեշտ դարձնում։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: