Գերագույն համաժողով
Որքան մեծ կլինի ձեր ուրախությունը
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Որքան մեծ կլինի ձեր ուրախությունը

Այսօր ես հրավիրում եմ ձեզ վերցնել ձեր փորձը՝ համալրված ձեր կյանք տեսած վկայություններով և գնալ միսիա ծառայելու։

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, այսօր իմ մտքերը Իսրայելի հավաքման շուրջն են, որն ըստ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի, «այսօր երկրի վրա տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունն է: Ոչինչ չի կարելի համեմատել այդ գործի մեծության, կարևորության և վսեմության հետ»։1

Հավաքումը վերջնական ճանաչումն է նրա, որ «հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում»:2 Ավելի պարզ չի կարող լինել: Այս վերջին օրերին մենք հավաքում ենք Աստծո զավակներին, որպեսզի նրանք կարողանան «մեծ օրհնություններ [ունենալ՝ թափված իրենց] գլխին»,3 և «հավերժության հարստությունների խոստումը»։4 Իսրայելը հավաքելու համար մենք ավելի շատ միսիոներների կարիք ունենք, քան ծառայում են այսօր։5 Այսօր ես դիմում եմ Եկեղեցու փորձառու ավագ անդամներին, որոնք կարող են ծառայել որպես միսիոներներ։ Տերն ունի ձեր կարիքը: Մենք ձեր կարիքն ունենք Նյու Յորքում և Չիկագոյում, Ավստրալիայում և Աֆրիկայում, Թաիլանդում, Մեքսիկայում և ամենուրեք։

Թույլ տվեք վերադառնալ 2015 թվական։ Ես Տասներկու Առաքյալների Քվորումի նորակոչ անդամ էի: Որպես առաքյալներ՝ մեր հիանալի պարտականություններից է միսիոներներ նշանակել իրենց աշխատանքի տարածքներում։ Ես՝ որպես յոթանասունական, մասնակցում էի այդ գործընթացին,6 իսկ այժմ, որպես առաքյալ, զգացի այս հանձնարարականի ողջ ծանրությունը։ Ես սկսեցի աղոթքով մեծ թվով երիտասարդ երեցների և քույրերի մեկ առ մեկ տեղաբաշխել ամբողջ աշխարհի տարբեր միսիաներում: Ապա անցա ավագ զույգերին։ Ցուցակում կար տասը անուն։ Շատ չէր։ Ես զարմացած հարցրի միսիոներական բաժնի իմ գործընկերոջը․ «Քանի՞ հոգու կարիք ունենք՝ այս շաբաթվա պահանջը լրացնելու համար»։

Նա պատասխանեց. «300»։

Այդ սթափեցնող պահը մնաց իմ հուշերում. 10 զույգ՝ 300-ի պահանջը բավարարելու համար։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խրախուսել է զույգերին ծնկի իջնել և հարցնել Երկնային Հորը, թե արդյոք իրենց համար միսիա ծառայելու ճիշտ ժամանակն է:7 «Բոլոր արժանիքներից ծառայելու ցանկությունը կարող է ամենակարևորը լինել»։8

Ըստ սուրբ գրությունների․ «Եթե դուք ցանկություն ունեք Աստծուն ծառայելու, ապա կանչված եք գործին»։9 Դա հունձքի օրենքի հետ կապված աշխատանքն է։ Հովհաննեսի գրքում մենք կարդում ենք․ «Եվ սերմողը և հնձողը իրար հետ ուրախանան»։10

Ես տեսել եմ, թե ինչպես է հունձքի օրենքը աշխատում իմ անձնական կյանքում։

Տարիներ առաջ, երբ ընտանիքիս էի այցելում, եպիսկոպոսը խնդրեց ինձ փակել հաղորդության ժողովը։11 Երբ իջա ամբիոնից, մի կին մոտեցավ ինձ իր յոթ երեխաներով և ներկայացավ որպես քույր Ռեբեկա Գուզման։

Նա հարցրեց․ «Երեց Ռասբանդ, Դուք ճանաչո՞ւմ եք Ռուլոն և Վերդա Ռասբանդներին»։

Ես ժպտացի և պատասխանեցի․ «Նրանք իմ ծնողներն են»։

Հասկանում եք, թե ինչի մասին եմ խոսելու։ Ռեբեկայի թույլտվությամբ, որն ընտանիքով այստեղ է՝ Համաժողովների կենտրոնում, ես կպատմեմ իր ընտանիքի 25 տարվա վաղեմության պատմությունը։12

Նկար
Քույր Վերդա և երեց Ռուլոն Ռասբանդներ։

Ծնողներս՝ երեց Ռուլոն և քույր Վերդա Ռասբանդները որպես ավագ զույգ ծառայում էին Ֆորտ Լոդերդեյլ Ֆլորիդա միսիայում։13 Նրանք քարոզում էին, և աստվածային հուշումով թակեցին Ռեբեկայի տան դուռը։ Նա դեռահաս էր և սիրում էր Օսմոնդների երգերը լսել, մասնավորապես իմ ընկեր Դոննիի, որը նույնպես այստեղ է այսօր։14 Նա լսում էր նրանց հարցազրույցները լրատվամիջոցներում և այդպես իմացավ, որ նրանք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ են: Ռեբեկան զգում էր, որ նրանք տարբերվում էին մյուսներից, և կասկածելով, որ պատճառը կրոնն է, նա երկու տարի ուսումնասիրեց Եկեղեցու հավատքը դպրոցական գրադարանում։ Եվ երբ բարի արտաքինով զույգը թակեց նրանց տան դուռը ու ներկայացավ որպես Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներներ, նա զարմացավ։

«Մայրս ինձ ասել էր, որ չընդունեմ նրանց, սակայն սիրտս դեմ էր», - ավելի ուշ գրում է Ռեբեկան։ Ես նայեցի նրանց դեմքերին և զգացի մեծ ջերմություն ու սեր։ Այս հուշերը դեռ արցունքներով են լցնում աչքերս և խորապես հուզում սիրտս»։15

Ռեբեկան նրանց ներս հրավիրեց և իմ միսիոներ ծնողները կիսվեցին ուղերձով նրա, նրա երկու փոքր քույրերի և մայրիկի հետ, չնայած վերջինիս առարկություններին։

Ռեբեկան պատմում էր․ «Ձեր ծնողները՝ երկուսն էլ, հրաշալի բացատրում էին, պատասխանելով մեր հարցերին։ Ես մինչ այսօր տեսնում եմ նրանց դեմքերը, կարծես, լույսով շրջապատված։ Բաժանվելիս մենք միշտ գրկախառնվում էինք Ձեր մայրիկի հետ, իսկ նա միշտ օգնում էր մորս իրեն հարմարավետ ու հարգված զգալ։ Ձեր հոր աչքերը միշտ փայլում էին, երբ նա մեզ ուսուցանում էր Հիսուս Քրիստոսի մասին։ Նա աշխատում էր հորս ներգարվել զրույցների մեջ և, ի վերջո, կարողացավ։ Հայրս տեղական ակումբում խոհարար էր աշխատում և սկսեց ուտեստներ պատրաստել Ձեր ծնողների համար, այդ թվում Ձեր հոր սիրած կիտրոնով թխվածքը»։16

Երբ երեց և քույր Ռասբանդները խնդրեցին Ռեբեկային և նրա ընտանիքին կարդալ Մորմոնի Գիրքը, Ռեբեկան ավարտեց այն հինգ օրում։ Նա ցանկացավ անմիջապես մկրտվել, բայց ընտանիքի մյուս անդամները դեռ պատրաստ չէին։ Չորս ամիս անց Ռեբեկան վերահաստատեց մկրտվելու և ճշմարիտ Եկեղեցուն միանալու իր ցանկությունը։ Նա պատմում է․ «Հոգուս բոլոր թելերով զգում էի, որ այն ճշմարիտ է»։17 1979 թվականի ապրիլի 5-ին միսիոներները մկրտեցին տասնիննամյա Ռեբեկային, նրա մորը և երկու քույրերին։ Հայրս մկրտության արարողությանը հանդես եկավ որպես վկա։

Երբ եկեղեցում հանդիպեցի Ռեբեկային և նրա ընտանիքին, մենք միասին լուսանկարվեցինք։ Ես տանը ցույց տվեցի նկարը իմ տարեց մորը, և նա տարավ այն իր սրտի մոտ։ Ապա նա ասաց ինձ․ «Ռոնի, սա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է»:

Նկար
Գուզմանները, Ռասբանդները և Օսմոնդները։

Մորս պատասխանը հարց է՝ ուղղված մեր բոլոր ավագ անդամներին․ «Ի՞նչ եք դուք անում ձեր կյանքի այս փուլում»։ Ավագ միսիոներները ունեն շատ հնարավորություններ, որոնք չունեն ուրիշները։ Դուք բարիք գործելու մեծագույն ուժ եք, փորձառու՝ Եկեղեցու գործերում և հնարավորություն ունեք խրախուսելու և փրկելու Աստծո զավակներին։

Ձեզանից ոմանք կմտածեն․ «Ինչպե՞ս թողնենք մեր թոռներին։ Մենք բաց կթողնենք ընտանեկան կարևոր առիթները, ծննդյան օրերը, կկարոտենք ընկերներին, անգամ՝ տնային կենդանիներին»։ Եթե հարցնեի մորս, թե նա և հայրս ինչու գնացին միսիա, գիտեմ, որ կասեր․ «Ես թոռներ ունեմ։ Ուզում եմ, որ նրանք իմանան, որ ես ու հայրդ ծառայել ենք միսիայում, որ ուզում էինք օրինակ լինել մեր սերունդների համար, և որ շատ ու շատ օրհնվել ենք»։

Աշխարհով մեկ այցելելով տարբեր միսիաներ, ես տեսել եմ մեր ավագ միսիոներների բանակի հիանալի ծառայությունը։ Ակնհայտ է, որ նրանք ուրախ են՝ կատարելու «Տիրոջ կամքը և լինելու Տիրոջ գործի մեջ»։18

Հույս ունենք, որ հազարավորներիդ համար լիաժամկետ միսիոներական ծառայությունը աշխարհի մեկ այլ անկյունում կլինի ճիշտ վայր։19 Մյուսների համար Եկեղեցու ծառայության միսիան իրենց տարածքում նախընտրելի կլինի։ Առողջական խնդիրների և այլ հանգամանքների պատճառով կլինեն անդամներ, որոնք չեն կարողանա ծառայել։ Մենք ըմբռնում ենք այդ իրավիճակները, և իմ հույսն է, որ դուք կարող եք ծառայողներին աջակցելու ձևեր գտնել։ Հետևեք մարգարեի խորհրդին և աղոթեք, որ իմանաք, թե ինչ կուզեր Տերը, որ անեիք։

Աշխարհով մեկ սփռված միսիայի տարածքները հայցում են ձեր օգնությունը։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ավագ միսիոներների մասին ասել է․ «Նրանք երիտասարդ են հոգով, իմաստուն են և պատրաստ՝ աշխատելու»։20

Տարածքից դուրս դուք բազմազան հնարավորություններ ունեք․ դուք կարող եք ծառայել միսիաների գրասենյակներում կամ տաճարներում, ամրացնել երիտասարդ միսիորներներին, աջակցել փոքր տաճարներին, աշխատել ընտանեկան պատմության կենտրոններում կամ պատմական վայրերում, դասավանդել ինստիտուտում, կատարել մարդասիրական ծառայություն, աշխատել երիտասարդ չափահասների հետ, օգնել զբաղվածության կենտրոններում կամ Եկեղեցու գյուղական տնտեսություններում։ Ծառայելու տարբեր ձևերի, ձեզ հարմար եղանակների, ձեր կարիքը ունեցող վայրերի, ծառայությանը նախապատրաստվելու և այլ հարցերի մասին կարող եք տեղեկանալ «Ավագ միսիոներ» վեբ կայքում։21 Դուք նաև կարող եք խոսել ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ:

Ես շատ զույգերի եմ կանչել ծառայելու և տեսել եմ Քրիստոսի Լույսը նրանց դեմքին։22 Վերադառնալուց հետո նրանք պատմում էին Տիրոջը և միմյանց ավելի մոտենալու, Տիրոջ Հոգին իրենց հետ զգալու մասին, ինչպես նաև մեծ փոփոխություն կատարելու զգացում ունենալու մասին։23 Ո՞վ չի ցանկանա դա։

Միսիան զույգի կյանքում մեծագույն փուլ կարող է լինել։ Լավ վերնագիր կլինի․ «Տերս ունի իմ կարիքը»։24 Լինելով անծանոթ հողում՝ Հոգու զորությամբ դուք կզգաք ձեզ ինչպես տանը։

Իմ ծնողները և տասնյակ հազարավոր վերադարձած միսիոներական զույգեր վկայել են միսիոներական աշխատանքում իրենց գտած բերկրանքի մասին։ Տերն ասել է սուրբ գրություններում․ «Եվ, եթե լինի այնպես, որ դուք տքնեք ձեր բոլոր օրերում, ապաշխարություն աղաղակելով այս ժողովրդին, և ինձ մոտ բերեք գեթ մեկ հոգի, որքան մեծ կլինի ձեր ուրախությունը նրա հետ իմ Հոր արքայությունում»։25

Եսայիան միսիոներական «արտում» ծառայելու մի պոէտիկ նկարագրություն է տալիս: Սուրբ գրությունները մեզ ասում են․ «արտը աշխարհքս է»։26 Այդ հնագույն մեծ մարգարեն գրել է․ «Որովհետեւ դուք ուրախութեամբ պիտի դուրս գաք, եւ խաղաղութեամբ պիտի առաջնորդուիք, սարերն ու բլուրները պիտի բարձրաձայն ցնծան ձեր առաջին, եւ դաշտերի բոլոր ծառերը պիտի ծափ տան»։27 Սարերը, բլուրները, դաշտերը և ծառերը կարելի է նմանեցնել միսիաների նախագահներին, եպիսկոպոսներին, շրջաննների ղեկավարներին, անդամներին, և նրանց, ովքեր փնտրում են ճշմարտությունը, սակայն չգիտեն, թե որտեղ գտնեն այն։28 Նրանք կվկայեն, որ ավագ միսիոներները փոխում են պատկերը մեր Փրկչի և Քավիչի՝ Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայության շնորհիվ։

Ես՝ որպես Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալ, խնդրում եմ ձեզ ծառայել որպես Իսրայելի հավաքման միսիոներ և, գուցե, կրկին ծառայել։ Մենք ձեր կարիքն ունենք, մենք ունենք ձեր կարիքը։ Մենք երախտապարտ ենք ձեզ, ավագ անդամներ, ձեր ապրած կյանքի և օրինակի համար ձեր տներում, ծխերում և ցցերում։ Այսօր ես հրավիրում եմ ձեզ վերցնել ձեր փորձը՝ համալրված ձեր կյանք տեսած վկայություններով և գնալ միսիա ծառայելու։ Ես աղոթում եմ, որ երբ հաջորդ անգամ սկսեմ ավագ զույգերի նշանակումներ անել, ձեզանից հարյուրավորները անհամբեր կսպասեն իրենց կանչին։

Ես նաև խոստանում եմ, որ ծառայության ժամանակ դուք կզգաք Տիրոջ սերը ձեր կյանքում, կճանաչեք Նրան, Նա կճանաչի ձեզ և շատ մեծ կլինի ձեր ուրախությունը։29 Հիսուս Քրիստոսին մատուցած ձեր նվիրյալ ծառայությունը կոգեշնչի և կօրհնի ձեր ընտանիքին, ձեր թոռներին և ծոռներին։ «Խաղաղությունը և սերը կբազմապատկվեն»30 նրանց կյանքի գալիք տարիներին։ Ես խոստանում եմ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Russell M. Nelson, “Hope of Israel” (worldwide youth devotional, June 3, 2018), Gospel Library.

  2. Վարդապետություն և Ուխտեր 18.10։

  3. 3 Նեփի 10.18:

  4. Վարդապետություն և Ուխտեր 78․18:

  5. Եկեղեցին ունի 71000 միսիոներ 414 միսիաներում ամբողջ աշխարհում՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայից մինչև Եվրոպա, Ասիա և Ավստրալիա/Օվկիանիա։ Եկեղեցու ծառայության միսիոներների թիվը 34000 է։ (Միսիոներական բաժին, սեպտեմբեր 2023։)

  6. Sես Ronald A. Rasband, ”The Divine Call of a Missionary,” Liahona, May 2010, 52–53։

  7. Russell M. Nelson, “Senior Missionary Moments,” Liahona, Apr. 2016, 27.

  8. Russell M. Nelson, “Senior Missionaries and the Gospel,” Liahona, Nov. 2004, 81.

  9. Վարդապետություն և Ուխտեր 4․3։

  10. Հովհաննես 4.36:

  11. 2006 թվականի ապրիլին Նյու Յորքում ես մասնակցում էի թոռնուհուս՝ Բրուկլինի մկրտությանը և թոռնուհուս Էլլայի օրհնությանը։

  12. Letter from Rebecca Guzman to Elder Ronald A. Rasband, Sept. 8, 2009.

  13. Ծնողներս ծառայել են Ֆորտ Լոդերդեյլ Ֆլորիդա միսիայում 1979 թվականին։

  14. Օսմոնդների ընտանիքը պոպ երաժշտության ամերիկյան հայտնի խումբ էր։ Խումբը իր վերելքին էր հասել 1970-ականներին՝ հեռուստատեսային բազմազան ծրագրերի շնորհիվ։ Դոննին և Մերին շարունակեցին հեռուստատեսային իրենց կարիերան, իսկ եղբայրները տասնամյակներ շարունակ քանթրի երաժշտություն էին կատարում Բրենսոնում (Միսսուրի)։

  15. Letter from Rebecca Guzman, Sept. 8, 2009.

  16. Letter from Rebecca Guzman, Sept. 8, 2009.

  17. Letter from Rebecca Guzman, Sept. 8, 2009.

  18. Վարդապետություն և Ուխտեր 64․29։

  19. Ավագ միսիոներական զույգերի հնարավորությունները տարբեր են լինում, և զույգերը կամ ավագ քույրերը կարող են նշել իրենց նախապատվությունները, ինչպես նաև Եկեղեցու ծառայության լիաժամկետ հանձնարարությունները։ Ի վերջո, Եկեղեցու մարգարեն է տալիս լիաժամկետ ծառայության կանչը։ Ցցերի նախագահները տալիս են Եկեղեցում ծառայելու հանձնարարությունները։ Ծառայությունը կարող է տևել վեցից քսաներեք ամիս, և ավագ միսիոներները ավելի մեծ ճկունություն և ավելի քիչ լարվածություն ունեն, քան երիտասարդ միսիոներները։ Sես seniormissionary.ChurchofJesusChrist.org։

  20. Russell M. Nelson, “Senior Missionaries and the Gospel,” Liahona, Nov. 2004, 79.

  21. See seniormissionary.ChurchofJesusChrist.org.

  22. Տես Ալմա 5.14: Ինքնատիրապետում՝ անձի հոգևոր վերաբերմունքը և մտածելակերպը։

  23. Տես Հուդա 1.22, Մոսիա 4.20:

  24. Տես I’ll Go Where You Want Me to Go, Hymns, no. 270։

  25. Վարդապետություն և Ուխտեր 18.15:

  26. Տերը բացատրել է․”Արտը աշխարհքս է, … և հունձքն աշխարհքի վերջն է» (Մատթեոս 13․38–39

  27. Եսայիա 55․12:

  28. Վարդապետություն և Ուխտեր 123․12։

  29. Վարդապետություն և Ուխտեր 18.15:

  30. Հուդա 1․2: