Գերագույն համաժողով
Փրկչի բժշկող զորությունը ծովի կղզիների վրա
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Փրկչի բժշկող զորությունը ծովի կղզիների վրա

Տաճարային օրհնությունների միջոցով Փրկիչը բժշկում է անհատներին, ընտանիքներին և ազգերին:

1960-ական թվականներին հայրս դասավանդում էր եկեղեցու քոլեջում՝ Հավայիի Լայե քաղաքում, որտեղ ես ծնվել եմ: Իմ յոթ ավագ քույրերը համոզեցին ծնողներիս, որ ինձ անվանեն «Կիմո» հավայան անունով: Մենք ապրում էինք Լայեի (Հավայի) տաճարի մոտակայքում, երբ այն ծառայում էր եկեղեցու ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անդամներին՝ այդ թվում՝ Ճապոնիայի:1 Այդ ժամանակ ճապոնացի սրբերի խմբերը սկսեցին գալ Հավայի՝ տաճարային օրհնություններ ստանալու:

Այդ անդամներից մեկը մի քույր էր Օկինավա գեղեցիկ կղզուց: Հավայիի տաճար կատարած նրա ճամփորդության պատմությունը ուշագրավ է։ Երկու տասնամյակ առաջ նա ամուսնացել էր բուդդայական ավանդույթով (ծնողներն էին ընտրել փեսացուին): Ընդամենը մի քանի ամիս հետո Ճապոնիան հարձակվել էր Հավայան Փերլ Հարբոր նավահանգստի վրա և ԱՄՆ-ն հակամարտության մեջ էր ներքաշվել Ճապոնիայի հետ: Մարտերի արդյունքում, ինչպիսիք էին Միդվեյը և Այվո Ջիման, պատերազմի ալիքները ճապոնական ուժերին հետ էին մղել իրենց հայրենի կղզու՝ Օկինավայի ափերը, որը Ճապոնիայի կենտրոնական տարածքների համար պաշտպանական վերջին գիծն էր միացյալ ուժերի դեմ։

1945 թվականին, երեք սարսափելի ամիս տևեց Օկինավայի ճակատամարտը: 1300 ամերիկյան ռազմանավերից բաղկացած նավատորմը շրջապատել և ռմբակոծում էր կղզին։ Հսկայական էին զինվորական և քաղաքացիական կորուստները։ Այսօր Օկինավայում կա հանդիսավոր հուշարձան, որի վրա նշված են մարտում զոհված մարդկանց ավելի քան 240,000 հայտնի անուններ:2

Փորձելով փախչել հարձակումից՝ այս օկինավացի կինն իր ամուսնու և երկու փոքր երեխաների հետ ապաստան էր գտել լեռնային քարանձավում: Հաջորդ շաբաթների և ամիսների ընթացքում նրանք անասելի տանջանքներ էին կրել։

Ճակատամարտի օրերի մի հուսահատ գիշեր, երբ ընտանիքը հյուծված էր սովից, իսկ ամուսինն անգիտակից վիճակում էր, նա մտածում էր վերջ դնել իրենց տառապանքին այն նռնակի օգնությամբ, որն իշխանությունները հենց այդ նպատակով տրամադրել էին իրենց և մյուսներին։ Այնուամենայնիվ, երբ նա պատրաստվում էր դա անել, մի խոր հոգևոր փորձառություն ունեցավ, որն Աստծո իրական լինելու և իր հանդեպ Նրա սիրո վերաբերյալ շոշափելի զգացողություն առաջացրեց, որը նրան դիմանալու ուժ տվեց։ Հետագա օրերին նա վերակենդանացրեց ամուսնուն և կերակրեց իր ընտանիքին մոլախոտերով, վայրի փեթակի մեղրով և մոտակա առվակից որսած արարածներով։ Հատկանշական է, որ նրանք վեց ամիս դիմացան քարանձավում, մինչև տեղի գյուղացիները տեղեկացրին նրանց, որ կռիվն ավարտվել է։

Երբ ընտանիքը վերադարձավ տուն և սկսեց վերակառուցել իրենց կյանքը, այս ճապոնուհին սկսեց պատասխաններ փնտրել Աստծո մասին իր հարցերին: Նա աստիճանաբար մեծացրեց իր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ և մկրտվելու անհրաժեշտություն զգաց: Այնուամենայնիվ, նա մտահոգված էր իր մտերիմների համար, որոնք մահացել էին առանց Հիսուս Քրիստոսի և մկրտության մասին իմանալու, այդ թվում՝ իր մոր համար, որը մահացել էր իրեն ծննդաբերելիս:

Պատկերացրեք նրա ուրախությունը, երբ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երկու քույր միսիոներներ մի օր եկան նրա տուն և ուսուցանեցին նրան, որ մարդիկ կարող են սովորել Հիսուս Քրիստոսի մասին հոգևոր աշխարհում։ Նա տպավորված էր այն ուսմունքով, որ իր ծնողները կարող էին հետևել Հիսուս Քրիստոսին մահից հետո և ընդունել իրենց համար կատարված մկրտությունը սուրբ վայրերում, որոնք կոչվում են տաճարներ: Նա և իր ընտանիքը դարձի եկան դեպի Փրկիչը և մկրտվեցին:

Նրա ընտանիքը քրտնաջան աշխատեց և սկսեց բարգավաճել՝ ունենալով ևս երեք երեխա: Նրանք հավատարիմ և ակտիվ էին Եկեղեցում: Հետո, անսպասելիորեն, նրա ամուսինը կաթվածից մահացավ, ինչը ստիպեց նրան երկար տարիներ աշխատել մի քանի տեղ, որպեսզի ապահովեր իր հինգ երեխաներին:

Նրա ընտանիքի անդամներից և շրջապատից ոմանք քննադատում էին նրան: Նրանք մեղադրում էին կնոջը՝ քրիստոնեական եկեղեցուն միանալու համար և ասում էին, որ չարչարանքներն այդ պատճառով են։ Չվախենալով խոր ողբերգությունից և կոշտ քննադատությունից՝ նա կառչեց Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հավատքից և վճռեց առաջ գնալ, վստահ լինելով, որ Աստված գիտի իրեն, և որ պայծառ օրերն առջևում են:3

Ամուսնու վաղաժամ մահից մի քանի տարի անց Ճապոնիայի միսիայի նախագահը ոգեշնչվեց քաջալերելու ճապոնացի անդամներին՝ աշխատել տաճար գնալու ուղղությամբ: Միսիայի նախագահը Օկինավայի ճակատամարտի ամերիկացի վետերաններից էր, իսկ օկինավացի այդ քույրն ու նրա ընտանիքը այդքան տառապել էին այդ մարտերի պատճառով։4 Այնուամենայնիվ, խոնարհ քույրը նրա մասին ասել է. «Այն ժամանակ նա մեր ատելի թշնամիներից մեկն էր, բայց հիմա նա այստեղ էր՝ սիրո և խաղաղության ավետարանով: Դա ինձ համար հրաշք էր»։5

Լսելով միսիայի նախագահի ուղերձը՝ այրի քույրը ցանկություն ունեցավ մի օր կնքվել իր ընտանիքի հետ տաճարում։ Սակայն դա անհնար էր նրա համար՝ ֆինանսական սուղ միջոցների և լեզվական խոչընդոտի պատճառով։

Հետո ի հայտ եկան մի քանի նորարար լուծումներ։ Արժեքը կարող էր կիսով չափ կրճատվել, եթե Ճապոնիայի անդամները վարձակալեին մի ամբողջ ինքնաթիռ՝ ոչ սեզոնային ժամանակաշրջանում Հավայի թռչելու համար:6 Անդամները նաև ձայնագրեցին և վաճառեցին վինիլային սկավառակներ՝ Երգում են ճապոնացի սրբերը անվանումով։ Անդամներից ոմանք նույնիսկ վաճառեցին իրենց տները։ Մյուսները աշխատանքից դուրս եկան՝ ուղևորության համար։7

Անդամների մյուս դժվարությունն այն էր, որ տաճարում ներկայացվող նյութը հասանելի չէր ճապոներենով: Եկեղեցու ղեկավարները կանչեցին ճապոնացի մի եղբոր՝ մեկնելու Հավայիի տաճար օժտման արարողությունը թարգմանելու համար:8 Նա հետպատերազմյան առաջին ճապոնացի նորադարձն էր, որն ուսուցանվել և մկրտվել էր հավատարիմ ամերիկացի զինվորների կողմից:9

Երբ Հավայիում ապրող օժտված ճապոնացի անդամներն առաջին անգամ լսեցին թարգմանությունը՝ արտասվեցին: Անդամներից մեկը գրել է. «Մենք բազմիցս եղել ենք տաճարում: Եվ արարողությունները անգլերենով ենք լսել։ [Բայց] մենք երբեք չէինք զգացել տաճարային աշխատանքի… ոգին այնպես, ինչպես հիմա ենք զգում, [լսելով այն] մեր մայրենի լեզվով»:10

Ավելի ուշ՝ նույն տարում 161 մեծահասակ և երեխաներ Տոկիոյից մեկնեցին Հավայիի տաճար։ Ճապոնացի եղբայրներից մեկը ճամփորդության մասին այսպես է հիշում. «Երբ ես ինքնաթիռից դուրս նայեցի և տեսա Փերլ Հարբորը, հիշեցի, թե ինչ էր արել մեր երկիրը այս մարդկանց հետ 1941թ. դեկտեմբերի 7-ին, և սրտումս վախ կար: Արդյո՞ք նրանք կընդունեն մեզ։ Ի զարմանս ինձ, նրանք ավելի մեծ սեր ու բարություն ցույց տվեցին, քան ես երբևէ տեսել էի իմ կյանքում»։11

Նկար
Ճապոնացի սրբերին դիմավորում են ծաղկե վզնոցներով:

Ճապոնացի սրբերի ժամանելուն պես Հավայիի անդամները դիմավորեցին նրանց թելերով ու ծաղիկներով հյուսված բազմաթիվ ծաղկե վզնոցներով՝ գրկելով և համբուրելով նրանց այտերը, ինչը ճապոնական մշակույթին օտար սովորույթ է: Հավայիում 10 փոխակերպող օր անցկացնելուց հետո ճապոնացի սրբերը հրաժեշտ տվեցին «Aloha Oe» երգի հնչյունների ներքո, որը երգեցին Հավայիի սրբերը:12

Երկրորդ տաճարային ճամփորդությունը, որը կազմակերպվեց ճապոնացի անդամների համար, ընդգրկեց նաև օկինավացի այրի քրոջը: Նա 10,000 մղոն (16,000 կմ) ճանապարհ անցավ՝ իր ճյուղում ծառայած և իր տան հյուրասիրությունից բազմիցս ճաշակած միսիոներների առատաձեռն նվիրաբերության շնորհիվ: Տաճարում նա երջանկությունից արտասվեց, երբ որպես փոխարինող անձ մկրտվեց մոր համար և կնքվեց մահացած ամուսնու հետ:

Ճապոնիայից Հավայի տաճարային ուղևորությունները կանոնավորապես շարունակվում էին, մինչև որ 1980 թվականին նվիրագործվեց Տոկիոյի (Ճապոնիա) տաճարը՝ դառնալով 18-րդ գործող տաճարը: Այս տարվա նոյեմբերին Օկինավայում (Ճապոնիա) կնվիրագործվի 186-րդ տաճարը։ Այն գտնվում է կենտրոնական Օկինավայի այն քարանձավից ոչ հեռու, որտեղ պատսպարվել էր այս կինն իր ընտանիքի հետ։13

Թեև ես անձամբ չեմ հանդիպել Օկինավայից այս հրաշալի քրոջը, նրա ժառանգությունն ապրում է նրա հավատարիմ սերունդների միջոցով, որոնցից շատերին ես ճանաչում և սիրում եմ:14

Հայրս, որը երկրորդ համաշխարհային պատերազմի խաղաղօվկիանոսյան հատվածի վետերան է, շատ էր ուրախացել, երբ ես՝ որպես երիտասարդ միսիոներ կանչվեցի ծառայելու Ճապոնիայում: Ես ժամանեցի Ճապոնիա, երբ հենց նոր էր նվիրագործվել Տոկիոյի տաճարը, և անձամբ տեսա մարդկանց սերը տաճարի հանդեպ:

Տաճարային ուխտերը պարգևներ են մեր Երկնային Հորից՝ Իր Որդի Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդներին: Տաճարի միջոցով մեր Երկնային Հայրը կապում է անհատներին և ընտանիքներին Փրկչի հետ և միմյանց հետ:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն անցյալ տարի հայտարարել է.

«Յուրաքանչյուրը, ով ուխտեր է կապում մկրտության ավազանում և տաճարում ու պահում է այդ ուխտերը, ավելի շատ է ստանում Հիսուս Քրիստոսի զորությունը:…

Աստծո հետ ուխտեր պահելու պարգևը երկնային զորություն է՝ մի զորություն, որն ուժ է տալիս մեզ ավելի լավ դիմակայել մեր փորձություններին, գայթակղություններին ու ցավերին: Այդ ուժը հեշտացնում է մեր ճանապարհը»։15

Տաճարային օրհնությունների միջոցով Փրկիչը բժշկում է անհատներին, ընտանիքներին և ազգերին, նույնիսկ նրանց, որ մի օր ոխերիմ թշնամի են եղել։ Հարություն առած Տերը հայտարարել է Մորմոնի Գրքի հակամարտություններով լի հասարակությանը, որ նրանց համար, ովքեր պատվում են Իր անունը, «պիտի Արդարության Որդին բարձրանա՝ իր թևերի մեջ ունենալով բժշկություն»։16

Ես երախտապարտ եմ Տիրոջ խոստման շարունակական կատարմանը ականատես լինելու համար, որ «պիտի գա ժամանակը, երբ մի Փրկչի մասին գիտելիքը պիտի տարածվի ամենուր՝ ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի մեջ»17, ներառյալ նրանց, ովքեր «ծովի կղզիների վրա են»։18

Ես վկայում եմ Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Նրա մարգարեի ու առաքյալների մասին այս վերջին օրերում: Ես հանդիսավոր կերպով վկայում եմ երկնային զորության մասին՝ որը երկնքում կապում է այն, ինչ կապվում է երկրի վրա։

Սա Փրկչի աշխատանքն է, և տաճարները Նրա սուրբ տունն են:

Անսասան համոզվածությամբ ես հայտարարում եմ այս ճշմարտությունները Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Լայեi (Հավայի) տաճարը նվիրագործվել է 1919 թվականին նախագահ Հեբեր Ջ․ Գրանտի կողմից։ Որպես Առաքյալ, նա բացեց եկեղեցին Ճապոնիայում 1901 թ․։ Դա գործող հինգերորդ տաճարն էր և առաջին տաճարը, որը կառուցվել էր Միացյալ Նահանգներից դուրս:

  2. 2023 թվականի մարտի 2-ի դրությամբ հուշարձանի վրա գրված է եղել 241,281 անուն։

  3. See Gordon B. Hinckley, “Keep the Chain Unbroken” (Brigham Young University devotional, Nov. 30, 1999), 4, speeches.byu.edu.

  4. Դուեյն Ն. Անդերսենը վիրավորվել էր Օկինավայի ճակատամարտում: Նա ծառայել է որպես միսիայի նախագահ Ճապոնիայում 1962-1965 թվականներին և եղել է Տոկիոյի (Ճապոնիա) տաճարի առաջին նախագահը 1980-1982 թվականներին:

  5. Ես հանդիպել եմ նրա ընտանիքի անդամներին, երբ ես և կինս ծառայում էինք որպես միսիայի ղեկավարներ Տոկիոյում: Նրանք ինձ տրամադրեցին այս տեղեկատվությունը նրա ընտանեկան պատմության անձնական էջերից։

  6. See Dwayne N. Andersen: An Autobiography for His Posterity, 102–5, Church History Library, Salt Lake City.

  7. See Dwayne N. Andersen, 104.

  8. See Edward L. Clissold, “Translating the Endowment into Japanese,” in Stories of the Temple in Lā‘ie, Hawai‘i, comp. Clinton D. Christensen (2019), 110–13.

  9. Թարգմանիչ Տացուի Սատոն, մկրտվել է 1946թ. հուլիսի 7-ին, ԱՄՆ զինծառայող Ք. Էլիոթ Ռիչարդսի կողմից: Տացուիի կինը՝ Չիյո Սատոն, մկրտվել է նույն օրը՝ Բոյդ Կ. Փաքերի կողմից։ Օկինավայի ճակատամարտում կռվել է Նիլ Ա. Մաքսվելը, իսկ Լ. Թոմ Փերին ծովային հետևակայինների առաջին մարտիկներից էր, որոնք խաղաղության պայմանագրից հետո եկան Ճապոնիայի ափ։ Երեցներ Փաքերը, Մաքսվելը և Փերին հետագայում դարձել են Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներ:

  10. In Clissold, “Translating the Endowment into Japanese,” 112.

  11. In Dwayne N. Andersen, “1965 Japanese Excursion,” Stories of the Temple in Lā‘ie, Hawai‘i, 114.

  12. See Andersen, “1965 Japanese Excursion,” 114, 117.

  13. Ավելի ուշ 2023 թ․ հոկտեմբերի գերագույն համաժողովի այս նիստում Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարեց 20 նոր տաճարների կառուցման մասին, ներառյալ Օսակայի (Ճապոնիա) տաճարը, որը կլինի հինգերորդ տաճարը Ճապոնիայում:

  14. 2018-2021 թվականներին Տոկիոյում մեր միսիայի ընթացքում COVID-ի համաճարակի դժվարությունների պարագայում, նրա ընտանիքը սեր և հոգատարություն դրսևորեց իմ և իմ ընտանիքի հանդեպ, ինչի համար մենք հավերժ երախտապարտ կլինենք:

  15. Ռասսել Մ․ Նելսոն, «Հաղթել աշխարհին և գտնել հանգստություն», Լիահոնա, նոյ. 2022, 96:

  16. 3 Նեփի 25․2։

  17. Մոսիա 3.20:

  18. 2 Նեփի 29․7։