Գերագույն համաժողով
Երջանկության նշանները
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Երջանկության նշանները

Հիսուս Քրիստոսի հիմքի վրա կառուցելը կարևոր է մեր երջանկության համար:

Մի քանի տարի առաջ գործնական ճամփորդության ժամանակ ես ինքնաթիռում նստեցի Նիդեռլանդներից մի տղամարդու կողքին: Ցանկանում էր զրուցել նրա հետ, քանի որ քանի որ որպես երիտասարդ միսիոներ ծառայել էի Բելգիայում և Նիդեռլանդներում:

Երբ ծանոթացանք, նա ինձ տվեց իր այցեքարտը՝ «երջանկության պրոֆեսոր» տարօրինակ մասնագիտացումով։  Ես հարցրեցի, թե ինչով է զբաղվում «երջանկության պրոֆեսորը»։ Նա ասաց, որ ուսուցանում է, թե մարդիկ ինչպես կարող են իմաստալից հարաբերություններ և նպատակներ կառուցելով ունենալ երջանիկ կյանք։ Ես պատասխանեցի. «Հրաշալի է, բայց ինչ կլիներ, եթե կարողանայիք նաև ուսուցանել, թե ինչպես կարող են այդ հարաբերությունները շարունակվել մահից հետո և պատասխանել հոգուց բխող այլ հարցերի, օրինակ՝ ո՞րն է կյանքի նպատակը, ինչպե՞ս կարող ենք հաղթահարել մեր թույլ կողմերը և ո՞ւր կգնանք մահից հետո»։ Նա խոստովանեց, որ հրաշալի կլիներ, եթե մենք ունենայինք այդ հարցերի պատասխանները, և ես պատրաստակամորեն կիսվեցի նրա հետ այդ պատասխաններով։

Այսօր ես կցանկանայի կրկնել իրական երջանկության մի քանի կարևոր սկզբունքներ, որոնք շատերը կարծես բաց են թողնում այս խառնաշփոթ աշխարհում, որտեղ շատ բաներ հետաքրքիր են, բայց քչերն են իսկապես կարևոր:

Ալման ուսուցանեց իր ժողովրդին․ «Քանզի, ահա ես ասում եմ ձեզ, կան շատ բաներ, որ պետք է գան. և ահա կա մի բան, որն ավելի մեծ կարևորության է, քան մնացած բոլորը, քանզի ահա, ժամանակը հեռու հեռվում չէ, երբ Քավիչը կգա ու կապրի իր ժողովրդի մեջ»։1

Այս հայտարարությունը այսօր նույնքան կարևոր է, երբ մենք սպասում և պատրաստվում ենք Քրիստոսի Երկրորդ Գալուստին:

Հետևաբար, իմ առաջին դիտարկումն այն է, որ Հիսուս Քրիստոսի հիմքի վրա կառուցելը կարևոր է մեր երջանկության համար: Սա հաստատուն հիմք է, «հիմք, որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն ընկնի»:2 Դա մեզ նախապատրաստում է կյանքի սպասվող մարտահրավերներին:

Շատ տարիներ առաջ ես գնացել էի սկաուտների ամառային ճամբար մեր որդու՝ Ջասթինի հետ: Միջոցառումները սկսելուն պես նա ոգևորված հայտարարեց, որ ինքն ու իր ընկերները ցանկանում են վաստակել նետաձգության արժանիքների շքանշանը: Դա անելու համար տղաներից պահանջվեց անցնել կարճ գրավոր թեստ և նետերով խոցել թիրախը:

Ես հուզվեցի։ Այդ ժամանակ Ջասթինը բավական թույլ էր կիստոզային ֆիբրոզի պատճառով, որը բնածին մի հիվանդություն էր։ Ես վախենում էի, որ Ջասթինը չէր կարող աղեղը հետ քաշել այնքան հեռու, որ նետը թիրախին դիպչեր։

Երբ նա և իր ընկերները գնացին նետաձգության դասին, ես լուռ աղոթեցի, որ նա իրեն նվստացված չզգա անհաջողությունից։ Մի քանի անհանգիստ ժամ անց ես տեսա, թե նա ինչպես է մոտենում ինձ լայն ժպիտով։ «Հայրիկ», - նա բացականչեց։ «Ես վաստակեցի արժանիքների շքանշանը Ես դիպուկ խփեցի։ Մեկ ուրիշի նետը մոտ էր, բայց ես ուղիղ կենտրոնին խփեցի»։ Նա ամբողջ ուժով հետ էր քաշել աղեղը և նետը թռել էր՝ չկարողանալով կառավարել իր հետագիծը։ Որքան երախտապարտ եմ նետաձգության այդ հասկացող հրահանգչին, որը չասաց․ «Կներեք, թիրախը սխալ էր»: Այլ՝ տեսնելով Ջասթինի ակնհայտ սահմանափակումներն ու ջանքերը, սիրով պատասխանեց. «Ապրես»։

Այդպես կլինի մեզ համար, եթե մենք ամեն ինչ անենք՝ հետևելու Քրիստոսին և Նրա մարգարեներին՝ չնայած մեր սահմանափակումներին: Եթե մենք գանք Նրա մոտ՝ պահելով մեր ուխտերը և ապաշխարելով մեր մեղքերից, մենք ուրախությամբ կլսենք մեր Փրկչի գովասանքը. «Լավ, բարի և հավատարիմ ծառա»:3

Ես բերում եմ ձեզ իմ վկայությունը աշխարհի Փրկչի աստվածային էության և Նրա փրկագնող սիրո ու զորության մասին, որ երբ մենք ջանասիրաբար ձգտենք գալ Նրա մոտ, նա մեզ կբժշկի, կզորացնի և կբարձրացնի։ Մյուս կողմից, մենք չենք կարող լսել ամբոխին և քայլել դեպի Հիսուսը: Փրկիչը հաղթել է մահը, հիվանդությունը և մեղքը և ուղի է պատրաստել մեր վերջնական կատարելության համար, եթե մենք հետևենք Նրան մեր ամբողջ սրտով:4

Իմ երկրորդ դիտարկումն այն է, որ մեր երջանկության համար շատ կարևոր է հիշել, որ մենք սիրող Երկնային Հոր որդիներն ու դուստրերն ենք: Այդ գիտելիքն ու դրա հանդեպ մեր վստահությունը փոխում է ամեն ինչ։

Մի քանի տարի առաջ, Եկեղեցու հանձնարարությունից տուն վերադառնալիս, ես և քույր Սաբինը ինքնաթիռում նստել էինք մի աժդահա տղամարդու հետևում, որն իր ճաղատ գլխի հետևի մասում ուներ զայրացած դեմքով մի դաջվածք և 439 թիվը:

Երբ վայրէջք կատարեցինք, ես ասացի. «Կներեք պարոն: Դեմ չե՞ք, եթե հարցնեմ ձեր գլխի հետևի մասում դաջված թվի նշանակությունը»։ Ես չհամարձակվեցի հարցնել զայրացած դեմքի մասին:

Նա ասաց. «Դա ես եմ։ Իմ մասին է։ 219-րդ տարածքն իմն է։

Չորս հարյուր երեսունինը նրա գլխին դաջված իրական թիվն էր, և ես զարմացա, քանի որ դա կարևոր էր նրա համար։

Ես ափսոսացի, որ այս մարդու ինքնությունը և ինքնագնահատականը հիմնված էր գանգստերների տարածքի հետ կապված թվերի վրա: Ես մտածեցի, որ այս խիստ արտաքինով մարդը մի ժամանակ ինչ-որ մեկի փոքրիկ տղան էր, որը դեռ գնահատված և ընդունված լինելու կարիք ուներ։ Եթե միայն նա իմանար, թե ով է ինքն իրականում և ում է իրականում պատկանել, քանի որ մենք բոլորս «գնով ենք գնվել»:5

Եգիպտոսի արքայազնը ֆիլմում մի իմաստուն հատված կա, որն ասում է. «Նայիր քո կյանքին երկնքի աչքերով»:6 Երբ մեր աստվածային տոհմի և հավերժական ներուժի մասին գիտելիքը արմատանա մեր մեջ, մենք կկարողանանք կյանքը դիտարկել որպես նպատակաուղղված, ծավալվող մի արկած, որից պետք է սովորել և աճել, նույնիսկ երբ մի կարճ ժամանակ «հստակ չենք տեսնում»։7

Երջանկության երրորդ նշանը հոգու արժեքը միշտ հիշելն է: Մենք դա լավագույնս անում ենք՝ հետևելով Փրկչի «սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի»8 հորդորին։

Նա նաև ուսուցանել է․ «Քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ինձ արեցիք»։9

«Առակաց գիրքը» մի իմաստուն խորհուրդ է տալիս. «Մի զլացիր բարություն անելու նրան, ով արժանի է, եթե ձեռքումդ այդ զորությունը կա»:10

Մենք երբեք չպետք է զղջանք, որ չափազանց բարի ենք: Աստծո աչքում բարությունը հոմանիշ է մեծության հետ: Բարի լինելու մաս է կազմում ներողամիտ լինելը և չքննադատելը:

Շատ տարիներ առաջ մեր նորաստեղծ ընտանիքը պատրաստվում էր ֆիլմ դիտել ընտանեկան երեկոյի համար: Մենք բոլորս մեքենայում էինք, բացառությամբ մեր տղաներից մեկի և կնոջս՝ Վալերիի։ Մութն ընկել էր, և երբ մեր որդին բացեց դուռը և վազեց դեպի մեքենան, նա շքամուտքում պատահաբար ոտքով հարվածեց մեր կատվին, ինչպես ինքը ենթադրում էր։ Մեր որդու և կնոջս բախտը չբերեց, քանի որ այն ոչ թե մեր կատուն էր, այլ մի ժանտաքիս, որը ցույց տվեց իր բարկությունը։ Մենք բոլորս վերադարձանք տուն, որտեղ նրանք երկուսն էլ լոգանք ընդունեցին և իրենց մազերը լվացին լոլիկի հյութով, որը ենթադրաբար լավ միջոց էր գարշահոտը վերացնելու համար։ Երբ նրանք մաքրեցին և փոխեցին իրենց հագուստը, մենք այլևս չէինք զգում այդ գարշելի հոտը, ուստի որոշեցինք, որ ի վերջո, կինոթատրոն գնալու ժամանակն է: 

Երբ մեզ նստեցրին թատրոնի հետնամասում, մեր շրջապատում նստած մարդիկ հանկարծ որոշեցին դուրս գալ ադիբուդի վերցնելու։ Սակայն, երբ նրանք վերադարձան, ոչ ոք չցանկացավ զբաղեցնել իր նստելատեղը։

Ամեն անգամ այդ դեպքը հիշելիս մենք ծիծաղում էինք, բայց ի՞նչ կլիներ, եթե մեր բոլոր մեղքերը հոտ ունենային: Ի՞նչ կլիներ, եթե մեզանից անազնվության, ցանկասիրության, նախանձի կամ հպարտության հոտ գար։ Մեր թուլությունները բացահայտելով, իմ կարծիքով մի փոքր ավելի ուշադիր և զգույշ կլինեինք միմյանց հանդեպ, և մենք կկատարեինք անհրաժեշտ փոփոխությունները մեր կյանքում: Իրականում, ինձ դուր է գալիս զգալ ծխախոտի հոտը եկեղեցում, քանի որ դա ցույց է տալիս, որ ինչ-որ մեկը փորձում է փոխվել: Նրանք մեր գրկախառնության կարիքն ունեն:

Նախագահ Ռասել Մ. Նելսոնը իմաստուն կերպով ասել է. «Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդին բացահայտելու ամենահեշտ ձևերից մեկն այն է, թե որքան կարեկից է մարդը ուրիշների հանդեպ»:11

Պողոսը գրել է եփեսացիներին. «Միմյանց հետ քաղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց»:12

Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մեզ խնդրում են վստահել Երկնային Հորը և մեր Փրկչին և չփորձել փոխարինել Նրանց: Հիսուս Քրիստոսը հիանալի գիտի յուրաքանչյուրի անկատարությունը և կատարելապես կդատի նրանց:

Երջանկության իմ չորրորդ նշանը հավերժական հեռանկար պահպանելն է: Մեր Հոր ծրագիրը շարունակվում է հավերժության մեջ. հեշտ է կենտրոնանալ այս երկրի և այս պահի վրա և մոռանալ ապագան:

Տարիներ առաջ այս դասը ես սովորեցի մեր՝ այն ժամանակ 16-ամյա դուստր Ջենիֆերից: Նա պատրաստվում էր թոքի կրկնակի փոխպատվաստում կատարել, որտեղ նրա թոքերի 5 հիվանդ բրոնքները ամբողջությամբ կհեռացվեին և կփոխարինվեին երկու առողջ ավելի փոքր բլթային թոքերով, որոնք նվիրաբերել էին քրիստոսանման երկու զարմանահրաշ ընկեր: Դա շատ մեծ ռիսկային վիրահատություն էր, սակայն իր վիրահատության նախորդ գիշերը Ջենիֆերը իր վտիտ մարմնով (41 կգ) գրեթե քարոզում էր ինձ, ասելով. «Մի անհանգստացիր, հայրիկ: Վաղը ես կարթնանամ նոր թոքերով կամ ավելի լավ մի տեղ։ Երկու դեպքում էլ լավ կլինի»: Դա է հավատքը. դա է հավերժական հեռանկարը: Կյանքին նայելով հավերժական հեռանկարից, մենք պարզություն, մխիթարություն, քաջություն և հույս ենք ստանում:

Վիրահատությունից հետո եկավ երկար սպասված օրը, երբ պետք է հեռացնեին արհեստական շնչառությունը, որն օգնում էր Ջենիֆերին շնչել: Մենք անհամբեր սպասում էինք՝ արդյոք նրա երկու փոքր բրոնխները կաշխատեն: Երբ նա առաջին շունչը քաշեց, անմիջապես սկսեց լաց լինել։ Տեսնելով մեր մտահոգված դեմքը՝ նա արագ բացականչեց. «Շնչելն այնքան լավ է»։ 

Այդ օրվանից ի վեր ես օր ու գիշեր շնորհակալություն եմ հայտնել Երկնային Հորը շնչելու իմ ունակության համար: Մենք շրջապատված ենք անթիվ օրհնություններով, որոնք երբեմն չենք գնահատում։ Եվ հակառակը, երբ ոչինչ չենք սպասում, և ամեն ինչ գնահատվում է, կյանքը դառնում է կախարդական:

Նախագահ Նելսոնն ասել է. «Յուրաքանչյուր նոր լուսաբաց Աստծո պարգևն է: Նույնիսկ մեր շնչած օդն է Նա սիրով փոխ տվել մեզ։ Նա ամեն օր պահպանում է մեզ, ամեն առիթով աջակցում: Ուստի առավոտյան մեր առաջին վսեմ գործը պետք է լինի երախտագիտության խոնարհ աղոթքը»։13

Դա ինձ բերում է իմ հինգերորդ և վերջին դիտարկմանը, որ երախտագիտությունը մեզ երջանիկ կդարձնի:

Տերն ասել է․ «Եվ նա, ով ընդունում է բոլոր բաները գոհությամբ, պիտի փառավորվի»:14 Թերևս դա պայմանավորված է նրանով, որ երախտագիտությունը ծնում է բազմաթիվ այլ առաքինություններ:

Ինչպես կփոխվեր մեր գիտակցությունը, եթե ամեն առավոտ արթնանայինք այն օրհնություններով, որոնց համար երախտապարտ ենք եղել նախորդ գիշերը: Չգնահատելով մեր օրհնությունները, մենք կդառնայինք դժգոհ, որը մեզանից կգողանար երախտագիտությունն առաջ բերող ուրախությունն ու երջանկությունը: Մեծ և ընդարձակ շենքում գտնվող մարդիկ հրապուրում են մեզ նայելու նշանակետից այն կողմ՝ դրանով իսկ բաց թողնելով նշանակետը:

Իրականում, մահկանացու կյանքի ամենամեծ երջանկությունն ու օրհնությունը կգտնենք այն անձի մեջ, որը մենք դարձել ենք Աստծո շնորհով, երբ կապենք ու պահենք սուրբ ուխտերը Նրա հետ: Մեր Փրկիչը կհղկի և կմաքրի մեզ Իր քավիչ զոհաբերության արժանիքների միջոցով։ Իսկ նրանց մասին, ովքեր պատրաստակամորեն հետևում են Իրեն, ասել է. «Ես նրանց իմը կդարձնեմ, և նրանք իմ սեփականությունը կլինեն այն օրը, երբ ես կգամ հավաքելու իմ գոհարները»։15

Ես խոստանում եմ ձեզ, որ եթե մեր կյանքը կառուցենք Հիսուս Քրիստոսի հիմքի վրա, գնահատենք մեր իսկական ինքնությունը՝ որպես Աստծո որդիներ և դուստրեր, հիշենք հոգու արժեքը, ունենանք հավերժական հեռանկար և երախտագիտությամբ գնահատենք մեր բազմաթիվ օրհնությունները, հատկապես Իր մոտ գալու Քրիստոսի հրավերը, մենք կգտնենք իրական երջանկությունը, որը մենք փնտրում ենք այս մահկանացու արկածի ընթացքում: Կյանքը դեռ դժվար կլինի, բայց մենք կկարողանանք ավելի լավ դիմակայել՝ ունենալով նպատակ և զգալով խաղաղություն, քանի որ մենք հասկանում ենք հավերժական ճշմարտությունները և ապրում ենք դրանցով:

Ես բերում եմ ձեզ իմ վկայությունը Աստծո՝ մեր սիրառատ Հոր և Նրա Սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի իրական լինելու մասին: Ես նաև վկայում եմ ապրող մարգարեների, տեսանողների և հայտնողների մասին: Ինչպիսի մեծ օրհնություն է նրանց միջոցով ստանալ երկնային խորհուրդներ: Փրկիչը հստակ հայտարարել է․ «Լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է»։16 Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: