Գրադարան
Դաս 83. Գործք Առաքելոց 2


Դաս 83

Գործք Առաքելոց 2

Նախաբան

Պենտեկոստեի օրը աշակերտները լցվում են Սուրբ Հոգով և օրհնվում են լեզուների պարգևով՝ մինչ քարոզում էին ավետարանը։ Պետրոսը հայտարարում է Հիսուսին «Տէր և Օծեալ» (Գոր․ 2․36) և հրավիրում է մարդկանց ապաշխարել, մկրտվել և ստանալ Սուրբ Հոգու պարգևը։ Այդ օրը մոտ երեք հազար մարդ դարձի են գալիս ու մկրտվում, որից հետո շարունակում են հավատարիմ մնալ Եկեղեցուն։

Ուսուցման առաջարկներ

Գործք Առաքելոց 2.1-13

Հիսուս Քրիստոսի աշակերտները Պենտեկոստեի օրը լցվում են Սուրբ Հոգով

Խնդրեք ուսանողներին մտածել վերջերս ունեցած հնարավորության մասին, երբ ելույթ են ունեցել եկեղեցում, դաս են ուսուցանել կամ ինչ-որ մեկի հետ կիսվել են ավետարանով։

  • Ի՞նչ դժվարություններ կարող են առաջ գալ ուրիշների հետ Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին խոսելիս, այն ուսուցանելիս կամ դրա մասին վկայելիս։

Մինչ ուսանողները կուսումնասիրեն Գոր․ 2․1-13 հատվածները, հրավիրեք փնտրել ճշմարտությունը, որը կօգնի նրանց, երբ մտահոգություն կամ վախի զգացում ունենան վերականգնված ավետարանն ուրիշներին ուսուցանելու կամ վկայելու մասին։

Բացատրեք, որ Փրկիչի երկինք համբարձվելուց մոտ մեկ շաբաթ անց հրեաները տարբեր երկրներից եկան Երուսաղեմ, որպեսզի մասնակցեին Պենտեկոստեի տոնին, երկրպագեին տաճարում և գոհություն հայտնեին Տիրոջը։ Այս տոնը նշվում էր Զատիկի տոնից 50 օր հետո և տոնում էր տարվա առաջին բերքահավաքը (տես Սուրբ գրությունների ուղեցույց, «Պենտեկոստե», scriptures.lds.org

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 2.1-3 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե Հիսուս Քրիստոսի աշակերտներն ինչ փորձառություն ունեցան Պենտեկոստեի օրը:

  • Հիսուս Քրիստոսի աշակերտներն ի՞նչ փորձառություն ունեցան Պենտեկոստեի օրը: (Սուրբ Հոգու զեղումը։)

  • Ինչպե՞ս է նկարագրվում Սուրբ Հոգու այդ զեղումը։

Բացատրեք, որ «բաժանուած լեզուներ» (հատված 3) արտահայտությունը վերաբերում է լեզուներին, որոնք բաժանված են կամ ճյուղավորված կամ որոնք ունեն կրակի բոցերի տեսք։ Հնում կրակը հաճախ խորհրդանշում էր Աստծո ներկայությունը կամ ազդեցությունը։ Սա նշան էր, որ աշակերտները ստացել էին Փրկիչի խոստացած Սուրբ Հոգու պարգևը։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 2.4-8 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ պատահեց, երբ աշակերտները լցվեցին Սուրբ Հոգով։

  • Համաձայն 4-րդ հատվածի, ի՞նչ պատահեց, երբ աշակերտները լցվեցին Սուրբ Հոգով։ (Հոգին «նորանց խօսել էր տալիս» և կարողություն՝ խոսելու այլ լեզուներով։)

  • Տարբեր երկրներից եկած հրեաներն ինչո՞ւ էին զարմանում իրենց լսածից:

Հրավիրեք ուսանողներին աչքի անցկացնել Գոր․ 2․9-11 և հաշվել տարբեր մարդկանց խմբերի կամ ազգությունների թիվը, ովքեր լսեցին, որ աշակերտները Սուրբ Հոգու զորությամբ խոսում են լեզուներով։ Հանձնարարեք նրանց զեկուցել իրենց գտած նյութը: Մտածեք համապատասխան քարտեզը ցուցադրելու մասին, որպեսզի օգնեք ուսանողներին պատկերացնել, թե որտեղից էին եկել այս հրեաները։

Նկար
map, eastern Mediterranean

Շեշտեք, որ հատված 11-ի համաձայն, այս խմբերից յուրաքանչյուրն իրենց իսկ ականջով լսեցին «Աստուծոյ մեծամեծ բաները» աշակերտների կողմից ուսուցանվելիս։ Կարող եք բացատրել, որ նորահավատներն այն հեթանոսներն էին, որոնք ընդունել էին հրեաների հավատը։

  • Համաձայն Պենտեկոստեի օրը աշակերտների ունեցած փորձառության, ի՞նչը կարող է մեզ օգնել ուսուցանել և վկայել ուրիշներին։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին. Երբ մենք լցվենք Սուրբ Հոգով, Նա կօգնի մեզ ուսուցանել և վկայել ուրիշներին։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս սկզբունքը, դասարան բերեք երկու դատարկ բաժակ, ջրով լի մի կուժ և սկուտեղ։ Բաժակները դրեք սկուտեղի վրա այնպես, որ թափվող ջուրը լցվի սկուտեղի մեջ։ Ապա բաժակներից մեկի վրա դրեք թերթիկ կամ կափարիչ, որպեսզի հնարավոր չլինի ջուրը լցնել բաժակի մեջ, ապա մի առարկա (ինչպես օրինակ քար) դրեք մյուս բաժակի մեջ, որպեսզի բաժակի մեծ մասը լցված լինի ինչ-որ բանով։ Հրավիրեք որևէ ուսանողի փորձել բաժակները լցնել ջրով։

  • Եթե բաժակները ներկայացնում են մեզ, իսկ ջուրը ներկայացնում է Սուրբ Հոգուն, ի՞նչ կարող են ներկայացնել թերթիկը (կամ կափարիչը) և քարը։ Ինչպիսի՞ վարքագիծը կամ հատկանիշները կարող են խոչընդոտ հանդիսանալ Սուրբ Հոգով լցվելու համար։

  • Ի՞նչ կարող ենք անել Սուրբ Հոգով լցվելու համար, որպեսզի Նա օգնի մեզ ուսուցանել և վկայել ուրիշներին։

  • Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնել ձեզ ուսուցանել ավետարանը կամ կիսվել ձեր վկայությամբ ուրիշների հետ։

Վկայեք գրատախտակին գրված սկզբունքների մասին և հրավիրեք ուսանողներին կիրառել այս սկզբունքը, փնտրելով Սուրբ Հոգու ընկերակցությունը, որպեսզի նրանք կարողանան ուսուցանել և վկայել ուրիշներին։

Ամփոփեք Գոր․ 2․12-13 հատվածները, բացատրելով, որ որոշ հրեաների զարմանք պատճառեց իրենց լսածը, մինչ մյուսները ծաղրեցին աշակերտներին` մեղադրելով, իբր չափից շատ գինի են խմել։

Գործք Առաքելոց 2․14–47

Պետրոսը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին և ուսուցանում, թե ինչպես փրկություն ստանալ

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Գոր․ 2․14 հատվածը և խնդրեք դասարանին փնտրել, թե ով սկսեց ուսուցանել հավաքվածներին։ Հրավիրեք ուսանողներին զեկուցել իրենց գտածի մասին։

Խնդրեք ուսանողներին պատկերացնել իրենց Պետրոսի իրավիճակում՝ կանգնած բազմության առջև։

  • Եթե դուք լինեիք Պետրոսի իրավիճակում, ավետարանի ո՞ր ճշմարտությունների մասին կուսուցանեիք և կվկայեիք։ Ինչո՞ւ:

Ամփոփեք Գոր․ 2․15–35 հատվածները, բացատրելով, որ Պետրոսը հայտարարեց, որ աշակերտների շրջանում լեզուների պարգևի հետ կապված իրադարձությունները և Հոգու մյուս դրսևորումները Հովելի մարգարեությունների իրականացման մի մասն էին կազմում (տես Հովել 2․28–32)։ Պետրոսն այնուհետև ուսուցանեց և վկայեց մարդկանց՝ օգտագործելով Դավիթ թագավորի խոսքերից ու սաղմոսներից մի քանիսը։

Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները և հարցերը.

Գործք Առաքելոց 2․22–24, 29–33, 36

Որո՞նք են այն կարևոր ճշմարտությունները, որոնց մասին ուսուցանեց ու վկայեց Պետրոսը։

Պետրոսի աղոթքում ի՞նչն է ավելի տպավորիչ ձեզ համար։

Ուսանողներին զույգերի բաժանեք: Հանձնարարեք խմբերին ուսումնասիրել գրատախտակին գրված սուրբ գրության հատվածները և քննարկել դրանց ուղեկցող հարցերի պատասխանները։ Բավարար ժամանակ հատկացնելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով:

Ցուցադրեք մի նկար, որտեղ պատկերված է, թե ինչպես է Պետրոսն ուրանում Փրկիչին (օրինակ` Պետրոսի ուրանալը հեղինակ՝ Կարլ Հեյնրիխ Բլոխ, առկա է LDS.org-ում)։ Ուսանողներից մեկին հրավիրեք ամփոփել, թե ինչ ասաց և արեց Պետրոսը, երբ նրան հարցրեցին Հիսուսի հետ իր ունեցած հարաբերությունների մասին այն գիշեր, երբ Փրկիչը ձերբակալվեց (տես Ղուկաս 22․54–62

Նկար
Պետրոսի ուրանալը

Պետրոսի ուրանալը, հեղինակ՝ Կարլ Հեյնրիխ Բլոխ: Ներկայացված է Ֆրիդրիխսդորֆի Ազգային Պատմության Թանգարանում, Հիլրոդ, Դանիա: Չպատճենահանել։

  • Ինչպե՞ս են Պետրոսի խոսքերը և գործողությունները Պենտեկոստեի օրը տարբերվում նրա այն վարքագծից, որը դրսևորել էր Փրկիչի ձերբակալության գիշերը։

  • Ձեր կարծիքով, ի՞նչը նպաստեց այս փոփոխությանը։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Գոր․ 2․37 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե Պետրոսի խոսքերն ինչ ազդեցություն թողեցին բազմության վրա։

  • Պետրոսի խոսքերն ինչպե՞ս ազդեցին բազմության վրա։

Կարող եք առաջարկել ուսանողներին, որ նշեն «իրանց սրտերումը զղջացին» արտահայտությունը։ Բացատրեք, որ Սուրբ Հոգին զղջում առաջացրեց մարդկանց սրտերում, երբ նրանք լսեցին Պետրոսի վկայությունը։ Զղջացին բառն այստեղ նշանակում է «շատ խոցված» և ցույց է տալիս, որ մարդիկ խղճի խայթ զգացին, քանի որ հրեաները որպես ժողովուրդ և ազգ խաչել էին իրենց Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին։ Պետրոսը նկատի չուներ, որ տարբեր տեղերից հավաքված հրեաների խումբը, որին նա ուսուցանում էր Պենտեկոստեի օրը, պատասխանատու էր Հիսուս Քրիստոսի Խաչելության համար։

  • Համաձայն 37-րդ հատվածի, ի՞նչ հարց տվեցին մարդիկ։

  • Ի՞նչ է հուշում այս հարցն այն մասին, թե ինչ էր կատարվում մարդկանց սրտերում: (Մարդկանց սրտերը սկսում էին փոխվել։)

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Գոր․ 2.38-41 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե Պետրոսն ինչ հրահանգեց մարդկանց անել։ Բացատրեք, որ թյուր նշանակում է խռովարար, կամակոր կամ անազնիվ։

  • Պետրոսը մարդկանց ի՞նչ հրահանգ տվեց։

  • Համաձայն հատված 41-ի, մարդիկ ինչպե՞ս արձագանքեցին Պետրոսի ուսմունքներին ու ապաշխարելու և մկրտվելու հրավերին։

Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Երբ մենք ստանանք Աստծո խոսքը Սուրբ Հոգու զորությամբ, …

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Գոր․ 2.42-47: Դասարանին հանձնարարեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ արեցին Եկեղեցու նորադարձները՝ Սուրբ Հոգու զորությամբ ճշմարտությունը ստանալուց և մկրտվելուց հետո։ Բացատրեք, որ «հացի կտրելին» (հատված 42) արտահայտությունը վերաբերում է հաղորդության ժողովին մասնակցելուն և «ամեն բան հասարակաց ունէին» (հատված 44) նշանակում է, որ Սրբերը միաբան էին և ապրում էին նվիրագործման օրենքով։

  • Համաձայն այս հատվածների, ո՞ր արարքներն են ցույց տալիս, որ նրանք, ովքեր մկրտվել էին, իսկապես դարձի էին եկել (տես նաև 3 Նեփի 26․17–21)։ (Հանձնարարեք որևէ ուսանողի պատասխանները գրել գրատախտակին։)

Հիշեցրեք ուսանողներին, որ նախքան Պետրոսի խոսքերը լսելը և դրանց համաձայն գործելը, նրանք չէին ընդունել Հիսուսին որպես իրենց Փրկիչ, ոչ էլ հետևել էին նրա ուսմունքներին։ Հրավիրեք նրանց խորհել, թե ինչպե՞ս փոխվեցին մարդիկ։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Գոր․ 2․37–47 հատվածներից այն մասին, թե ինչ կարող է պատահել, երբ մենք ստանում ենք Աստծո խոսքը Սուրբ Հոգու զորությամբ։ (Օգտագործելով ուսանողների բառերը, լրացրեք գրատախտակին գրված նախադասությունն այնպես, որ այն արտահայտի հետևյալ ճշմարտությունը․ Երբ մենք ստանանք Աստծո խոսքը Սուրբ Հոգու զորությամբ, մեր սրտերը կփոխվեն և մենք դարձի կգանք առ Հիսուս Քրիստոսը։)

  • Մենք ի՞նչ պիտի անենք, որ ստանանք Աստծո խոսքը Սուրբ Հոգու զորությամբ։

Հրավիրեք ուսանողներին վերանայել գրատախտակին գրված նրանց գործողությունները, ովքեր մկրտվել էին և դարձի եկել։

  • Մինչ դուք ջանացել եք սովորել և կիրառել ավետարանի ճշմարտությունները, ինչպե՞ս է Հոգին օգնել ձեզ փոխվել և դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը։ (Նաև կարող եք կիսվել ձեր անձնական փորձառությամբ։)

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ կարող են անել, որ ավելի լավ ստանան Աստծո խոսքը և ուսմունքները Սուրբ Հոգու զորությամբ։ Խրախուսեք նրանց գործել ըստ իրենց ստացած ցանկացած հուշման:

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտում—Գործք Առաքելոց 2․36-38

Հրավիրեք ուսանողներին համեմատել Գոր․ 2․36–38 հատվածները հավատո չորրորդ հանգանակի հետ։ Ուսանողներին խնդրեք Գոր․ 2․36-39 հատվածներում գտնել բառեր, որոնք ներկայացնում կամ ուսուցանում են ավետարանի առաջին սկզբունքներն ու արարողությունները։ Ապա ուսանողներին բաժանեք զույգերի և յուրաքանչյուր խմբին խնդրեք քննարկել, թե ինչպես են այդ սկզբունքներից և արարողություններից յուրաքանչյուրն օգնում մեզ ստանալ Փրկիչի Քավության բոլոր օրհնությունները։ Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հարցրեք.

  • Ըստ Պետրոսի խոսքերի, մարդիկ ի՞նչ օրհնություն կստանային ապաշխարելու և մկրտվելու արդյունքում:

  • Հիմնվելով Գոր․ 2․38-ի ձեր հասկացողության վրա, մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի պատրաստվենք Սուրբ Հոգու պարգևը ստանալուն։ (Օգտագործելով իրենց սեփական բառերը, ուսանողները պետք է ներկայացնեն մի ճշմարտություն, որը նման է հետևյալին. Երբ մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին, ապաշխարում ենք և մկրտվում, մենք պատրաստ ենք ստանալ Սուրբ Հոգու պարգևը: Գրեք այդ ճշմարտությունը գրատախտակին:)

  • Ինչպե՞ս են հավատը, ապաշխարությունը և մկրտությունը նախապատրաստում մարդուն ստանալու Սուրբ Հոգու պարգևը։

Բացատրական և պատմական տեղեկություն

Գործք Առաքելոց 2.1–4 «Եվ հանկարծ երկնքից եկավ մի ձայն, որը նման էր սրընթաց հզոր քամու»

Պենտեկոստեի այս հրաշալի փորձառությունը, երբ Սուրբ Հոգին թափվեց մարդկանց մեծ բազմության վրա, կրկնվել է Վերջին Օրերի Սրբերի պատմության մեջ։ Կիրթլենդի Տաճարի նվիրագործման արարողության ժամանակ Մարգարե Ջոզեֆ Սմիթն … աղոթեց յուրահատուկ օրհնության համար, որ Սուրբ Հոգին առատորեն թափվեր երկնքից: «Թող նրանց համար կատարվի, ինչպես մյուսների համար՝ Պենտեկոստեի օրերին»,- աղերսում էր նա Սրբերի համար։ «Թող քո ժողովրդի վրա թափվի լեզուների պարգևը, այսինքն՝ բաժանված լեզուներ, ինչպես կրակից, և դրանց մեկնաբանությունը: Եվ թող քո տունը լցված լինի քո փառքով, ինչպես սրընթաց հզոր քամիով» (ՎևՈւ 109․36–37): Այս խնդրանքը կատարվեց և ոչ միայն մեկ անգամ, այլ նվիրագործման արարողություններին հաջորդող օրերին մի քանի անգամ։ Ջոզեֆ Սմիթը գրառել է, որ մի առիթով «մի ձայն լսվեց, ինչպես սրընթաց հզոր քամու ձայն, որը լցրեց [Կիրթլենդի] Տաճարը, և բոլոր հավաքվածները միաժամանակ ոտքի կանգնեցին՝ ոգեշնչված անտեսանելի զորությամբ. շատերը սկսեցին լեզուներով խոսել և մարգարեանալ, մյուսները տեսան փառահեղ տեսիլքներ, և ես տեսա տաճարը լի հրեշտակներով, ինչի մասին և ես հայտարարեցի հավաքվածներին» (History of the Church, 2:428)» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 278

Գործք Առաքելոց 2․3 Բաժանված լեզուներ

«Բաժանված լեզուները» կարող են նաև ակնարկել այն մասին, որ Հոգու այս հզոր զեղումը բաժանվել էր այդ օրը ներկա գտնվողների վրա․ նրանցից յուրաքանչյուրը զգացել էր այն։ Նստեց բառը Գոր․ 2․3-ում փոխարինվել է հանգչեց բառով Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ։

Գործք Առաքելոց 2.4-6 Լեզուների պարգևը

Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է լեզուների պարգևի նպատակը․

«Եկեղեցում Սուրբ Հոգու զորությամբ լեզուների պարգևն անհավատներին ավետարանը քարոզելիս Աստծո ծառաներին օգնելու համար է՝ ինչպես Պենտեկոստեի օրը» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 408

Գործք Առաքելոց 2․16–21 Հովելի մարգարեության իրականացումը

Մեր տնտեսությունում Մորոնին այս նույն հատվածները մեջբերեց մարգարե Ջոզեֆ Սմիթին և ասաց նրան, որ դրանք դեռևս չէին իրականացել, սակայն շուտով կիրականանային (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․41)։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է, որ Հովել 2․28–32 հատվածները սուրբ գրության այն օրինակներից են, որոնք կարող են ունենալ բազմաթիվ իմաստներ և իրականացումներ․

«Սուրբ գրությունների շատ մարգարեություններ և վարդապետական հատվածներ ունեն բազմաթիվ իմաստներ։ …

Բազմաթիվ իմաստների օրինակներից [մեկը] վերաբերում է Հովելի գրքի մարգարեությանը, ըստ որի վերջին օրերում Տերը դուրս կթափի իր հոգին ամեն մարմնի վրա և որ մեր որդիներն ու դուստրերը կմարգարեանան (տես Հովել 2․28)։ Պենտեկոստեի օրը Պետրոս Առաքյալը հայտարարեց, որ իրենց տեսած իրադարձությունը «Յովէլ մարգարէի ձեռովն ասուածն է» (Գոր․ 2․16)։ Հազար ութ հարյուր տարի անց Մորոնի հրեշտակը մեջբերում է այս նույն մարգարեությունը և ասում, որ «այն դեռ չի կատարվել, բայց շուտով կկատարվի» (ՋՍ-Պ 1․41)» (“Scripture Reading and Revelation,” Ensign, Jan. 1995, 8)։

Ուստի, թե Պետրոսը, թե Մորոնին ճիշտ հայտարարություն կատարեցին, որ Հովել մարգարեի կողմից տրված մարգարեությունն իրականացավ Պենտեկոստեի օրը, ինչպես նաև վերջին օրերում։

Գործք Առաքելոց 2․27 «Որովհետեւ իմ անձը չես թողիլ գերեզմանումը»

Ինչ վերաբերում է Դավիթ թագավորի հավերժական ժառանգությանը, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին ուսուցանել է, որ Դավիթը «խոստում ստացավ, որ իր անձը չէր մնա գերեզմանում, որ նա չէր լինի կորուստի որդի, նա հավերժ դուրս չէր գցվի դևի և նրա հրեշտակների հետ։ Այլ երբ մահը և դժոխքը իրենց մեջ եղած մեռելներին ազատեն, նա դուրս կգա գերեզմանից և կստանա այն ժառանգությունը, որին նա արժանի է։ Տես Հայտնություն 20․11–15» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 2:39)։

Գործք Առաքելոց 2․37 «Իրանց սրտերումը զղջացին»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է.

«Ճշմարտապես դարձի գալը տեղի է ունենում Հոգու զորության միջոցով։ Երբ Հոգին դիպչում է սրտին, սրտերը փոխվում են։ Երբ անհատները … զգում են, որ Հոգին աշխատում է իրենց հետ կամ երբ տեսնում են Տիրոջ սիրո և գթասրտության ապացույցներ իրենց կյանքում, նրանք հոգեպես շենանում և ուժեղանում են, և նրանց հավատը դեպի Նա մեծանում է։ Հոգու հետ կապված այս փորձառություններն ակամայից հետևում են, երբ մարդը ցանկանում է փորձել խոսքը։ Ահա թե ինչպես ենք մենք սկսում զգալ, որ ավետարանը ճշմարիտ է» (“Now Is the Time,” Ensign, Nov. 2000, 75)։