Գրադարան
Մատթեոսի ավետարանի նախաբանը


Մատթեոսի ավետարանի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Աստվածաշնչի ամենասիրելի հատվածներից մի քանիսը գտնվում են Մատթեոսի գրքում, այդ թվում՝ Լեռան Քարոզը և Հիսուս Քրիստոսի շատ այլ առակներ, ուսմունքներ և հրաշքներ։ Ուսումնասիրելով այս գիրքը ուսանողները կծանոթանան Հիսուս Քրիստոսի ծառայությանը, խոսքերին և կամրապնդեն Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայությունները՝ որպես աշխարհի Փրկիչ և խոստացված Մեսիա, ինչպես խոսվել է բոլոր սուրբ մարգարեների կողմից։

Ո՞վ է գրել այս գիրքը:

Մատթեոսը, ով նաև հայտնի է Ղևի անունով, Ալփեանի որդին և այս գրքի հեղինակն է։ Նախքան Հիսուս Քրիստոսի Իրեն հետևելու հրավերին արձագանքելը, որից հետո նրա կյանքն ընդմիշտ փոխվեց, նա աշխատում էր որպես մաքսավոր կամ հարկահավաք։ (Տես Մատթեոս 9․9, Մարկոս 2․14, Ղուկաս 5․27–28, Սուրբ գրքերի ուղեցույց, «Մատթեոս»։) Իր դարձից հետո Մատթեոսը դարձավ Փրկչի Տասներկու Առաքյալներից մեկը (տես Մատթեոս 10․2–4)։ Առաքյալ լինելով հանդերձ Նա ականատես է եղել իր գրառումներում նկարագրած իրադարձություններից շատերին։ Դա հաստատում է Ջոզեֆ Սմիթի Թարգմանության իր ավետարանի վերնագիրը․ «Սբ․ Մատթեոսի վկայությունը»։

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Մենք հստակ չգիտենք, թե երբ է գրվել Մատթեոսի գիրքը, սակայն ամենայն հավանականությամբ այն գրվել է մ․թ․ա առաջին դարի երկրորդ կեսին։ Տեղեկություն չկա, թե որտեղ է Մատթեոսը գրել այդ գիրքը։

Ո՞ւմ համար է այն գրվել և ինչո՞ւ:

Հայտնի է որ, Մատթեոսը գրել է հրեա լսարանի համար, որպեսզի ցույց տա, որ Հիսուսը Հին Կտակարանի Մեսիան է, որի մասին խոսել էին մարգարեները (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Մատթեոս»)։ Երբ Մատթեոսը պատմում էր Հիսուս Քրիստոսի կյանքի, խոսքերի և գործերի մասին, նա հաճախ անդրադառնում էր Հին Կտակարանի մարգարեություններին և օգտագործում «որ կատարվի» արտահայտությունը (օրինակ՝ Մատթեոս 4․14, 8․17, 13․35, 21․4

Իր ավետարանի մեջ Մատթեոսը 12 անգամ օգտագործեց «Դավթի Որդին» եզրույթը, որը վկայում էր, որ Հիսուս Քրիստոսը Դավիթ թագավորի օրինական ժառանգորդն էր և դրանով իրականացնում էր մեսիական մարգարեությունները։ Ըստ Մատթեոսի Հիսուս Քրիստոսը սերում է Դավթի, Հուդայի և Աբրահամի տոհմից (տես Մատթեոս 1․1–3), որը ցույց է տալիս Հիսուսի իշխելու իրավունքը և Իսրայելին տված Տիրոջ խոստումների իրականացման Նրա դերը։

Որո՞նք են այս գրքի հատկանշական առանձնահատկությունները:

Թեև Մատթեոսի ավետարանի նյութի մի մեծ քանակություն նաև գտնվում է Մարկոսում և Ղուկասում, Մատթեոսի ավետարանի մոտ 42 տոկոսը չի կրկնվում։ Մատթեոսի ավետարանի հիմնական թեման այն է, որ Հիսուս Քրիստոսը եկավ, որպեսզի Իր արքայությունը հաստատի երկրի վրա։ Մատթեոսը բազմաթիվ անգամներ նշեց «երկնքի արքայությունը» և նա միակ ավետարանիչն է, ով ընդգրկել է Հիսուսի այն ուսմունքը, որտեղ նշվում է «եկեղեցի» (տես Մատթեոս 16․18, 18․17

Մատթեոսի ավետարանը նաև հնարավորություն է տալիս մեզ զուգահեռներ անցկացնել Մովսեսի և Հիսուս Քրիստոսի ծառայությունների միջև։ Օրինակ, երկուսն էլ փրկվեցին մանուկ հասակում, երբ թագավորները փորձում էին սպանել նրանց (տես Ելից 2․1–10, Մատթեոս 2․13–18), երկուսն էլ դուրս եկան Եգիպտոսից, երկուսն էլ Աստծո օրենքը տվեցին լեռան վրա (տես Ելից 19–20, Մատթեոս 5–7), և երկուսն էլ եկան ազատելու իրենց ժողովրդին։

Համառոտ շարադրանք

Մատթեոս 1–4 Մատթեոսը սահմանում է Հիսուս Քրիստոսի ծագումնաբանությունը և ծնունդը։ Մոգերը փնտրում են հրեաների թագավորին։ Առաջնորդվելով երազներով, Հովսեփը Մարիամին և մանուկ Հիսուսին տանում է Եգիպտոս, իսկ հետո՝ Նազարեթ քաղաքը։ Հովհաննես Մկրտիչը քարոզում է ապաշխարության ավետարանը և մկրտում է Հիսուս Քրիստոսին: Փրկիչը փորձվում է անապատում։ Նա Իր մահկանացու ծառայությունը սկսում է ուսուցանելով և բժշկելով։

Մատթեոս 5–7 Հիսուս Քրիստոսը ներկայացնում է Լեռան Քարոզը։

Մատթեոս 8–12 Փրկիչը բժշկում է բորոտին, հանդարտեցնում է փոթորիկը, հանում է դևերին, Հայրոսի դստերը բարձրացնում է մեռելներից և կույրին տեսողություն է տալիս։ Հիսուս Քրիստոսն իշխանություն է տալիս Տասներկու Առաքյալներին՝ անելու այն, ինչ Նա արեց, և ուղարկում է նրանց քարոզելու ավետարանը։ Հիսուսը հայտարարում է, որ Հովհաննես Մկրտիչն ավելին է, քան մարգարե։ Փրկիչը բժշկում է հանգստության օրը։

Մատթեոս 13–15 Հիսուսն ուսուցանում է առակների օգնությամբ։ Հովհաննես Մկրտիչը սպանվում է։ Հինգ հազար մարդուն կերակրելուց հետո, Հիսուսը և Պետրոսը քայլում են Գալիլեա ծովի վրայով։ Դպիրներն ու Փարիսեցիները հարցեր են տալիս Հիսուսին։

Մատթեոս 16–18 Այն բանից հետո, երբ Պետրոսը վկայում է, որ Հիսուսը Մեսիան է, Փրկիչը նշում է, որ Նա Աստծո արքայության բանալիները կտա Պետրոսին և Տասներկուսին։ Հիսուս Քրիստոսը կերպարանափոխվում է սարի վրա, որտեղ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը ստանում են քահանայության բանալիները։ Հիսուսն Իր աշակերտներին ցուցումներ է տալիս Եկեղեցին առաջնորդելու վերաբերյալ և ուսուցանում է, որ Աստված չի ների մեզ, եթե մենք չներենք ուրիշներին։

Մատթեոս 19–23 Փրկիչն ուսուցանում է ամուսնության հավերժական բնույթի մասին։ Նա մտնում է Երուսաղեմ և մաքրում է տաճարը։ Առակների օգնությամբ Հիսուսը բացահայտում է հրեա առաջնորդների չար մտադրությունները, ովքեր ընդդիմանում են Նրան։ Նա սգում է Երուսաղեմի ապագա կործանումը։

Մատթեոս 24–25, Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս Հիսուս Քրիստոսը մարգարեանում է Երուսաղեմի կործանման մասին։ Նա ուսուցանում է, թե ինչպես կարող են Իր հետևորդները պատրաստվել Իր վերադարձին։

Մատթեոս 26–27 Հիսուսն Իր աշակերտների հետ ուտում է Զատկի ուտելիքը և ներկայացնում է հաղորդությունը։ Նա տառապում է Գեթսեմանիի պարտեզում, հրեաների և հռոմեացիների իշխանավորների կողմից դավաճանվում, ձերբակալվում, դատվում և խաչվում է։ Նա մեռնում և թաղվում է։

Մատթեոս 28 Հարություն առած Փրկիչը հայտնվում է Իր աշակերտներին։ Նա լիազորում է Առաքյալներին Իր ավետարանը տարածել բոլոր ազգերի մեջ։