Գրադարան
Դաս 85. Գործք Առաքելոց 4–5


Դաս 85

Գործք Առաքելոց 4–5

Նախաբան

Տաճարում կաղ մարդուն բժշկելուց հետո (տես Գոր․ 3) Պետրոսը և Հովհաննեսը ձերբակալվեցին։ Սանհեդրինի անդամները Պետրոսին և Հովհաննեսին հրամայեցին դադարել ուսուցանել Հիսուսի անունով։ Այնուամենայնիվ, Առաքյալները շարունակեցին քարոզել և բժշկել Հիսուսի անունով։ Նրանց ձերբակալեցին և ծեծեցին, քանի որ հրաժարվում էին ենթարկվել հրեա ղեկավարների հրամաններին։ Եկեղեցու անդամներն ապրում էին նվիրաբերման օրենքով, սակայն նրանցից երկուսը մահացան, երբ փորձեցին խաբել Պետրոսին և Աստծուն։

Ուսուցման առաջարկներ

Գործք Առաքելոց 4․1–31

Սանհեդրինի անդամները Պետրոսին և Հովհաննեսին հրամայում են դադարել ուսուցանել Հիսուսի անունով

Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչ կանեին նրանք հետևյալ իրավիճակներում:

  1. Ընկերներից մեկը սոցիալական կայքում տեղադրում է Եկեղեցու վերաբերյալ մի հաղորդագրություն, որը չի համապատասխանում իրականությանը։

  2. Մարզիչը ծրագրում է մի մրցաշար, որը ձեր թիմից պահանջում է խաղալ կիրակի օրը։

  3. Ձեր ընկերները ձեր կարծիքն են հարցնում հասարակական մի խնդրի շուրջ, որն ընդհանուր առմամբ հայտնի է և աջակցվում է շատերի կողմից, սակայն հակասում է Եկեղեցու ուսմունքներին։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հարցրեք.

  • Ի՞նչ այլ իրավիճակներ կարող են լինել, երբ մենք կարող ենք կիսվել մեր հավատով կամ պաշտպանել այն։

  • Ի՞նչ դժվարություններ կարող են առաջ գալ մեր հավատով կիսվելիս կամ այն պաշտպանելիս։

Մինչ ուսանողները կուսումնասիրեն Գործք Առաքելոց 4–5 գլուխները, հրավիրեք նրանց փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են նման իրավիճակներում ուղեցույց լինել նրանց համար։

Հրավիրեք նրանց ամփոփել, թե ինչ են հիշում Գոր․ 3-ի իրադարձությունների և ուսմունքների մասին։ Անհրաժեշտության դեպքում հիշեցրեք նրանց, որ կաղ մարդուն բժշկելուց հետո Պետրոսն ու Հովհաննեսն ուսուցանեցին մի խումբ մարդկանց, ովքեր տաճարում հավաքվել էին նրանց շուրջը։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 4.1-4 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ պատահեց Պետրոսի ու Հովհաննեսի հետ, երբ նրանք տաճարում ուսուցանեցին մարդկանց։

  • Ի՞նչ պատահեց Պետրոսի և Հովհաննեսի հետ։

Ամփոփեք Գոր․ 4․5-6 հատվածները, բացատրելով, որ Պետրոսին և Հովհաննեսին ձերբակալեցին և տարան հրեական կառավարության խորհրդի առջև, որը կոչվում էր Սանհեդրին (տես Աստվածաշնչի բառարանը, «Սանհեդրին»)։ Հիշեցրեք ուսանողներին, որ Սանհեդրինի անդամներից շատերը նախկինում ներգրավված են եղել Փրկիչի ձերբակալումը և խաչելությունը կազմակերպելու գործում։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 4.7 հատվածը: Հանձնարարեք դասարանին հետևել նրան և փնտրել այն հարցը, որը հրեա ղեկավարները տվեցին Պետրոսին ու Հովհաննեսին։

  • Ի՞նչ պահանջեցին հրեա ղեկավարները Պետրոսից և Հովհաննեսից։

  • Ի՞նչ կարող էր պատահել Պետրոսին և Հովհաննեսին, եթե նրանք ասեին, որ Հիսուս Քրիստոսի հետևորդներն էին։

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Գոր․ 4․8-21-ը: Ուսանողներին հրավիրեք փնտրել, թե ինչ հայտարարեց Պետրոսը խորհրդին։

  • Համաձայն Գոր․ 4․10-12 հատվածների, ի՞նչ ճշմարտություններ ուսուցանեց Պետրոսը խորհրդին։ (Ուսանողները կարող են ներկայացնել մի քանի ճշմարտություններ, սակայն համոզվեք, որ նրանք շեշտում են, որ Հիսուս Քրիստոսի անունը միակ անունն է, որով մենք կարող ենք փրկվել:)

  • Համաձայն 13-րդ հատվածի, ինչո՞ւ էր խորհուրդը զարմանում՝ լսելով Պետրոսին և Հովհաննեսին։

Հրավիրեք ուսանողներին աչքի անցկացնել Գոր․ 4․8 հատվածը` փնտրելով, թե ինչը ներգործեց Պետրոսի վրա և օգնեց նրան համարձակ խոսել խորհրդի առջև։

  • Ձեր կարծիքով, այն փաստը, որ Պետրոսը լցված էր Սուրբ Հոգով, ինչպե՞ս ազդեց ավետարանը համարձակ ուսուցանելու նրա ունակության վրա։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Պետրոսի օրինակից, որը գրառված է հատվածներ 8-ում և 13-ում։ (Ուսանողները կարող են իրենց բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք նշում են հետևյալ սկզբունքը. Երբ մենք լցվենք Սուրբ Հոգով, կկարողանանք համարձակ կիսվել ավետարանով։)

Խնդրեք ուսանողներին գտնել այս սկզբունքը լուսաբանող այլ օրինակներ, մինչ կշարունակեն ուսումնասիրել Գոր․ 4–5:

  • Համաձայն 18-րդ հատվածի, խորհուրդն ի՞նչ պատվիրեց Պետրոսին և Հովհաննեսին։

  • Համաձայն հատվածներ 19-20-ի, Պետրոսը և Հովհաննեսը ինչպե՞ս արձագանքեցին խորհրդի հրամանին։

Ամփոփեք Գոր․ 4․23-28 հատվածները, բացատրելով, որ երբ Պետրոսը և Հովհաննեսը ազատ արձակվեցին, նրանք հավաքվեցին այլ հավատացյալների հետ և աղոթեցին նրանց հետ։

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 4.29-30 հատվածները։ Դասարանին հանձնարարեք փնտրել, թե հավատացյալներն ինչ խնդրեցին Աստծուց:

  • Հավատացյալներն ի՞նչ խնդրեցին Աստծուց:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Գոր․ 4․31 հատվածը և խնդրեք դասարանին հետևել և փնտրել, թե ինչ պատահեց նրանց աղոթքից հետո։

  • Ի՞նչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մարդիկ աղոթեցին:

  • Ըստ այս հատվածների, ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի հրավիրենք Սուրբ Հոգուն օգնել մեզ համարձակ խոսել Աստծո խոսքը։

Անդրադարձեք որոշ իրավիճակների, որոնք նշեցինք այս դասի սկզբում:

  • Մենք ինչպե՞ս կարող ենք համարձակություն դրսևորել նման իրավիճակներում ավետարանով կիսվելիս։

  • Մենք ինչպե՞ս կարող ենք համարձակություն դրսևորել նման իրավիճակներում ավետարանով կիսվելիս՝ միաժամանակ հարգալից և քաղաքավարի լինելով։

  • Ե՞րբ է Սուրբ Հոգին օգնել ձեզ համարձակ խոսել Աստծո խոսքը։

Գործք Առաքելոց 4․32-5․11

Եկեղեցու անդամներն ապրում են նվիրաբերման օրենքով, սակայն Անանիան և Սափիրան փորձում են խաբել Պետրոսին

Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ սցենարների շուրջ.

  1. Երիտասարդների խումբը ծրագրում է տաճարում մկրտություններ կատարել մահացածների համար: Խմբի անդամներից մեկը գիտի, որ երաշխավորագրի համար պետք է հանդիպի եպիսկոպոսի հետ, սակայն նա նաև գիտի, որ գործել է մեղքեր, որոնք չի խոստովանել։

  2. Երիտասարդ տղամարդը նախապատրաստվում է միսիայի։ Նա գիտի, որ եպիսկոպոսը հարցեր է տալու միսիայում ծառայելու համար արժանի լինելու մասին։ Նա փորձում է ուղիներ գտնել, թե ինչպես պատասխանի այդ հարցերին, որ խուսափի որոշ սխալների մասին ասելուց, որոնք նա գործել է։

Մինչ ուսանողները կուսումնասիրեն Գոր․ 4․32-5․11 հատվածները, հրավիրեք նրանց փնտրել մի սկզբունք, որը կօգնի նրանց հասկանալ Աստծո ծառաների հետ ազնիվ լինելու կարևորությունը։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Գոր․ 4.32-35 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե Եկեղեցու անդամներն ինչպես էին տնօրինում իրենց ունեցվածքը։

  • Եկեղեցու անդամներն ինչպե՞ս էին տնօրինում իրենց ունեցվածքը։

  • Ըստ 34-րդ հատվածի, ինչպե՞ս էին նրանք կիսվում իրենց ունեցվածքով։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 5.1–2 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել, փնտրելով, թե Անանիա և Սափիրա անուններով ամուսիններն ինչ արեցին գումարը, որը ձեռք էին բերել հող վաճառելու արդյունքում։

  • Ի՞նչ արեցին Անանիան և Սափիրան, որը շատ մտահոգիչ էր։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Գոր․ 5․3-4 հատվածները և դասարանին խնդրեք գտնել, թե Պետրոսն ինչ ասաց Անանիային:

  • Համաձայն հատված 4-ի, ի վերջո Անանիան ու՞մ էր փորձում խաբել:

  • Պետրոսի պատասխանից ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել Տիրոջ ծառաներին խաբելու մասին։ (Հետևյալ սկզբունքը ներկայացնելիս ուսանողները կարող են օգտագործել իրենց սեփական բառերը. Եթե մենք խաբում ենք Աստծո ծառաներին, դա նույնն է, որ մենք խաբենք Նրան։)

  • Ձեր կարծիքով, Աստծո ծառաներին խաբելն ինչո՞ւ է համարժեք Նրան խաբելուն։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Գոր․ 5.5-11: Ուսանողներին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ պատահեց Անանիայի և Սափիրայի հետ իրենց ուխտը դրժելու և Պետրոսին խաբելու արդյունքում։

  • Ի՞նչ պատահեց Անանիայի և Սափիրայի հետ։

  • Չնայած մենք կամ մեր ծանոթները միգուցե ստելու արդյունքում չհանդիպենք նման խիստ կամ անհապաղ հետևանքների, ի՞նչ հետևանքներ կարող են առաջ գալ, եթե մենք փորձենք խաբել Տիրոջը կամ ժխտենք մեր ուխտերը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ հայտարարությունը․ Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել անազնվության որոշ հետևանքների վրա.

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

«Մեր ժամանակներում անազնվության մեջ բռնվածները չեն մահանում, ինչպես եղավ Անանիայի և Սափիրայի դեպքում, սակայն նրանց մեջ ինչ-որ բան մեռնում է։ Հատկանիշներն աղավաղվում են, ինքնագնահատականն ընկնում է, ազնվությունը կորում է, խիղճը մեռնում է» (“We Believe in Being Honest,” Ensign, Oct. 1990, 4)։

  • Համաձայն Նախագահ Հինքլիի, որո՞նք են ստելու հետևանքները։ Անդրադարձեք դասի այս մասի սկզբում տրված սցենարներին։

  • Ի՞նչ պետք է այս սցենարների անհատներն իմանան այն մասին, թե ինչ է մեզ հետ տեղի ունենում, երբ մենք ստում ենք քահանայության ղեկավարին։

  • Ի՞նչ օրհնություններ են գալիս Տիրոջ ծառաների հետ ազնիվ լինելուց:

Գործք Առաքելոց 5․12–42

Առաքյալները բանտ են գցվում՝ Հիսուս Քրիստոսի անունով բժշկելու համար

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք ապրում են Պետրոսի և Հովհաննեսի ժամանակներում և լրագրողներ են։ Բացատրեք, որ նրանք պետք է ուսումնասիրեն Գոր․ 5․12-32 հատվածները, ապա ընտրեն մի վերնագիր, որը կամփոփի այդ հատվածներում պատահած դեպքերը։ (Այս հատվածների ենթատեքստը ներկայացնելու համար հիշեցրեք ուսանողներին, որ Սանհեդրինը պատվիրել էր Պետրոսին և Հովհաննեսին այլևս չխոսել Հիսուս Քրիստոսի անունով։) Հետևեք հրահանգներին, որոնք տրված են հատվածների յուրաքանչյուր խմբի համար։

  1. Գոր․ 5․12–16 (Դասարանով կարդացեք այս հատվածները, ապա միասին վերնագիր ընտրեք։)

  2. Գոր․ 5․17-23 (Խնդրեք ուսանողներին զույգերով կարդալ այս հատվածները և վերնագրել։ Հրավիրեք որոշ զույգերի` կիսվել իրենց ընտրած վերնագրերով դասարանի հետ:)

  3. Գոր․ 5․24-32 (Խնդրեք ուսանողներին անհատապես կարդալ և վերնագիր ընտրել։ Մի քանի ուսանողների հրավիրեք դասարանի հետ կիսվել իրենց մտքերով։)

Երբ ուսանողները կիսվեն իրենց գրած վերնագրերով, հարցրեք.

  • Համաձայն 29-րդ հատվածի, ինչո՞ւ են Պետրոսը և մյուս Առաքյալներն ասում, որ իրենք շարունակեցին քարոզել Հիսուսի անունով՝ հաշվի չառնելով խորհրդի հրամանը։

Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Եթե մենք ընտրում ենք հնազանդվել Աստծուն, այլ ոչ թե մարդկանց, ապա …

  • Համաձայն Գոր․ 4-5 գլուխներում ձեր կարդացածի, ինչպե՞ս մենք կարող ենք լրացնել այս նախադասությունը։ (Ուսանողների պատասխաններից հետո ավարտեք գրատախտակին գրված նախադասությունը հետևյալ կերպ․ Եթե մենք ընտրում ենք հնազանդվել Աստծուն, այլ ոչ թե մարդկանց, ապա Նա մեզ հետ կլինի։)

  • Ի՞նչ ճանապարհներով Աստված եղավ Պետրոսի և այլ Առաքյալների հետ, երբ նրանք հնազանդվեցին Իրեն, այլ ոչ թե խորհրդին։ (Աստված լցրեց նրանց Սուրբ Հոգով [տես Գոր․ 4․8, 31], հնարավորություն տվեց նրանց հրաշքներ գործել[տես Գոր․ 5․12–16] և ուղարկեց Իր հրեշտակին, որպեսզի ազատի նրանց բանտից [տես Գոր․ 5․17–20]։)

  • Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթներից որևէ մեկն ընտրել հնազանդվել Աստծուն, այլ ոչ թե մարդկանց։ Ինչպե՞ս է Աստված ցույց տվել, որ Նա ձեզ հետ է, թե այդ մարդու հետ ։

Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Գոր․ 5.33-42: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով լրացուցիչ օրինակներ, որոնք փաստում էին այն մասին, որ Տերը Պետրոսի և այլ Առաքյալների հետ էր։

Նշեք, որ Գոր․ 5․33 հատվածից մենք սովորում ենք, որ խորհուրդը ձգտում էր սպանել Պետրոսին և Հովհաննեսին։

  • Համաձայն հատվածներ 41-42-ի, ինչպե՞ս Առաքյալները հավատարիմ մնացին Տիրոջը՝ ի դեմս այս սպառնալիքի։ Տերն ինչպե՞ս այդ պահերին կանգնեց նրանց կողքին։

  • Ինչպե՞ս կարող են այս դասի ժամանակ մեր բացահայտած ճշմարտություններն աջակցել մեզ, մինչ մենք ապրում ենք ավետարանով և կիսվում ենք դրանցով մեզ շրջապատող մարդկանց հետ։

Կիսվեք այսօր ուսուցանված ճշմարտությունների վերաբերյալ ձեր վկայությամբ։

Բացատրական և պատմական տեղեկություն

Գործք Առաքելոց 4․1–13։ Կիսվել ավետարանով և համարձակ պաշտպանել այն

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է, թե ինչպես կարող ենք ուրիշների հետ կիսվել ավետարանով և պաշտպանել այն պատշաճ ձևով, երբ նրանք չեն ընդունում մեր համոզմունքները․

«Նույնիսկ երբ մենք փորձում ենք հեզ լինել և խուսափել հակառակությունից, մենք չպետք է փոխզիջման գնանք կամ նվազեցնենք մեր հավատարմությունն այն ճշմարտությունների հանդեպ, որոնք մենք հասկանում ենք: Մենք չպետք է հանձնենք մեր դիրքերը կամ մեր արժեքները: Հիսուս Քրիստոսի ավետարանը և մեր կապած ուխտերը անխուսափելիորեն պահանջում են, որ մենք պատերազմենք ճշմարտության և սխալի միջև առկա հավերժական պայքարում: Այդ պայքարում չկա չեզոք գոտի: …

… Մենք պետք է հետևենք ավետարանի ուսմունքներին, որպեսզի սիրենք մեր մերձավորներին և խուսափենք հակառակություններից: Քրիստոսի հետևորդները պետք է լինեն քաղաքավարության օրինակներ: Մենք պետք է սիրենք բոլոր մարդկանց, լինենք լավ լսողներ և մտահոգություն ցուցաբերենք նրանց անկեղծ համոզմունքների հանդեպ: Չնայած մենք կարող ենք չհամաձայնվել, չպիտի լինենք անբարյացակամ: Մեր դիրքորոշումները և հաղորդակցությունը վիճահարույց թեմաների շուրջ չպիտի առաջացնեն հակառակություն: Մենք պետք է իմաստուն լինենք մեր դիրքորոշումները բացատրելիս, դրանց հետևելիս և մեր ազդեցությունը գործադրելիս» («Սիրել ուրիշներին և ապրել տարբերություններով հանդերձ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 26, 27)։

Գործք Առաքելոց 4․10 «Հիսուսի անունով»

Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերը Հիսուս Քրիստոսի անվան կարևորության մասին ուսուցանել է հետևյալը․

«Նախ և առաջ մեր գործերի հիմքը` հայտնություններով խարսխված, Տիրոջ անունն է, որն այն իշխանությունն է, ըստ որի մենք գործում ենք Եկեղեցում։ Յուրաքանչյուր աղոթք, նույնիսկ մանուկների կողմից ասված, վերջանում է Հիսուս Քրիստոսի անունով։ Յուրաքանչյուր օրհնություն, յուրաքանչյուր արարողություն, կարգում, պաշտոնական գործողություն կատարվում է Հիսուս Քրիստոսի անունով։ Սա Նրա Եկեղեցին է, և այն անվանվել է Նրա անունով՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի (տես ՎևՈւ 115․4)» («Վկայություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 96)։

Գործք Առաքելոց 4․32–35 «Նորանց համար ամեն բաները հասարակաց էին»

«Եկեղեցու անդամները Երուսաղեմում փորձել են ապրել նվիրաբերման օրենքով։ «Նորանց համար ամեն բաները հասարակաց էին» (Գոր․ 4․32) արտահայտությունը հավանաբար չի նշանակում, որ նրանք հանձնում էին իրենց ողջ պաշարը, իսկ հետո հավասար բաժանում հավատացյալների միջև։ Դրա փոխարեն նրանք օգտագործում էին իրենց ավելացած պաշարները աղքատի ու կարիքավորի մասին հոգ տանելու համար։ Նվիրաբերման օրենքով ապրելու նման փորձեր արվել են Ենովքի ժողովրդի մեջ և Մորմոնի Գրքում (տես Մովսես 7․18, 4 Նեփի 1․3–18, ՎևՈւ 105․3–5)» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 286–87