Գերագույն համաժողով
Եկեք Քրիստոսի մոտ, բայց մենակ մի եկեք
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Եկեք Քրիստոսի մոտ, բայց մենակ մի եկեք

Ձեզ համար աշխարհը բարելավելու լավագույն միջոցը աշխարհը Քրիստոսի համար նախապատրաստելն է՝ հրավիրելով բոլորին հետևել Նրան։

Վերջերս նամակ ստացա մի հետաքրքրասեր երիտասարդ կնոջից։ Նա գրել էր. «Իմ առաջընթացը կանգ է առել: … Ես վստահ չեմ՝ արդյոք ունեմ հավերժական ինքնություն, բայց զգում եմ, որ այստեղ եմ մի մեծ նպատակի համար»։

Երբևէ ունեցե՞լ եք այդ փնտրտուքի զգացողությունը, երբ մտածում եք՝ արդյո՞ք Երկնային Հայրը գիտի, թե ով եք դուք, և արդյո՞ք Նա ձեր կարիքն ունի: Իմ սիրելի՛ երիտասարդներ, ես վկայում եմ ձեզ բոլորիդ, պատասխանն է՝ այո՛: Տերը ծրագիր ունի ձեզ համար: Նա պատրաստել է ձեզ այս օրվա համար, հենց այս պահի համար, որ ուժ և ամրություն լինեք, օգտակար լինեք Իր հզոր գործին: Մենք ունենք ձե՛ր կարիքը: Պարզապես առանց ձեզ այդ նպատակն այնքա՛ն էլ մեծ չի լինի։

Սրբազան պայմաններում մեր սիրելի մարգարեն՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, հիշեցրեց ինձ երկու պարզ ճշմարտությունների մասին, որոնք հիմք են հանդիսանում ձեր վեհ ու փառահեղ աշխատանքի համար։

Հիշում եմ, թե ինչպես ամուսնուս հետ նստած էինք բազմոցին, երբ մեր մարգարեն մոտեցրեց իր աթոռը, նստեց գրեթե շատ մոտ և իր խորաթափանց կապույտ աչքերով նայեց ինձ։ Վստահ չէի՝ սիրտս արագ բաբախո՞ւմ էր, թե՞ լիովին կանգ էր առել, երբ նա կանչեց ինձ ծառայելու որպես Երիտասարդ կանանց գերագույն նախագահ: Նա մի հարց տվեց, որը դեռ արձագանքում է իմ սրտում. «Քու՛յր Քորդոն, ո՞րն է ամենակարևոր բանը, որ [երիտասարդները] պետք է իմանան»:

Ես մի պահ խորհեցի և ասացի. «Նրանք պետք է իմանան, թե ովքեր են իրենք»:

«ԱՅՈ՛, - բացականչեց նա, - և նրանք պետք է իմանան իրենց նպատակը»։

Մեր աստվածային ինքնությունը

Դուք Երկնային Հոր կողմից փայփայված, սիրված զավակն եք: Երկնային Հոր սերն այնքան կատարյալ է, որ Նա ուղարկեց Իր Որդի Հիսուս Քրիստոսին՝ քավելու իմ և ձեր մեղքերը։1 Փրկիչի սերը մեր հանդեպ անսահման է, նույնիսկ, երբ մենք ձախողվում ենք: Ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց:2 Այդ սերը հիշելով՝ հետ մղեք աշխարհի խավարը, որը փորձում է խլել ձեր ներուժը կամ թուլացնել ձեր վստահությունը ձեր աստվածային ինքնության հանդեպ։

ԵԶՀ-ի համաժողովի ժամանակ ես հանդիպեցի երկու երիտասարդ կանանց, ովքեր մաքառումների մեջ էին: Նրանցից յուրաքանչյուրը բացել էր իր հայրապետական օրհնությունը, և կրկին բացահայտել էր Տիրոջ սերն ու առաջնորդությունը անձամբ իր համար։ Գտեք ձեր հայրապետական օրհնությունը, անհրաժեշտության դեպքում մաքրեք փոշին, բայց հաճախ ուսումնասիրեք այն: Եթե չունեք հայրապետական օրհնություն, ձեռք բերեք այն շուտով: Մի հապաղեք պարզել, թե Տերն ինչ է ցանկանում ասել ձեզ հիմա այն մասին, թե ով եք դուք:

Մեր հավերժական նպատակը

Նախագահ Նելսոնի երկրորդ ճշմարտությունը, որ մեզ ասաց այդ օրը, մեր նպատակն իմանալն է: Դա մեր մեծ ու վեհ պարտականությունն է:

Շատ տարիներ առաջ իմ որդի Թաները ընդամենը 5 տարեկան էր, երբ մասնակցեց իր առաջին ֆուտբոլային խաղին։ Նա ոգևորվա՜ծ էր:

Երբ հասանք խաղին, հասկացանք, որ նրա թիմը օգտագործում է կանոնակարգային չափսերով ֆուտբոլային դարպաս. ոչ թե փոքր շարժական դարպաս, այլ շատ մեծ ցանց, որը չափազանց մեծ էր թվում 5 տարեկանների համար։

Խաղը առասպելական չափսերի հասավ, երբ ես տեսա, որ Թաները գրավում է դարպասապահի տեղը: Ես զարմացած էի: Մի՞թե նա հասկացել էր դարպասը պահելու իր նպատակը։

Հնչեց սուլիչի ձայնը, և մենք այնքան տարվեցինք խաղով, որ բոլորովին մոռացանք Թաների մասին: Հանկարծ հակառակորդ թիմի անդամներից մեկը ստացավ գնդակը և արագ շարժվեց նրա ուղղությամբ: Ես նայեցի Թաների ուղղությամբ՝ համոզվելու համար, որ նա պատրաստ է կանգնել իր դիրքում և պաշտպանում է դարպասը: Ես տեսա մի բան, որին չէի սպասում:

Նկար
Տղան դարպասապահի դիրքում

Խաղի ժամանակ ինչ-որ պահի Թաները շեղվել էր և սկսել էր ձախ ձեռքը հյուսել ցանցի անցքերի միջով: Հետո նույնը արել էր աջ ձեռքով: Հաջորդը՝ ձախ ոտքով: Ի վերջո, նրա աջ ոտքը նույնպես հայտնվել էր ցանցի մեջ: Թաները լիովին խճճվել էր ցանցի մեջ։ Նա մոռացել էր իր նպատակը և այն, ինչ իրեն վստահել էին։

Նկար
Տղան խճճված է ցանցի մեջ

Չնայած Թաների ֆուտբոլային կարիերան երկար չտևեց, սակայն այդ օրվա նրա դասը ես երբեք չեմ մոռանա: Մենք բոլորս ժամանակ առ ժամանակ շեղվում ենք և մեր ուժերը ուղղորդում ենք այլ ուղղությամբ։ Սատանայի ամենահզոր զենքերից մեկն այն է, որ մեզ շեղի լավ և ավելի լավ պատճառներով, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են կուրացնել և հեռացնել մեզ այն աշխատանքից, որը մեզ կանչել է այս աշխարհ:3

Մեր հավերժական նպատակն է գալ Քրիստոսի մոտ և եռանդուն կերպով միանալ Նրան Իր մեծ գործում: Դա նույնքան պարզ է, որքան անել այն, ինչ ուսուցանել է Նախագահ Նելսոնը. «Ամեն անգամ, երբ մենք ինչ-որ բան ենք անում, որն օգնում է ինչ-որ մեկին … Աստծո հետ ուխտեր կապելու և դրանք պահելու համար, մենք օգնում ենք հավաքել Իսրայելը»:4 Եվ երբ Նրա հետ միասին կատարում ենք Իր աշխատանքը, մենք ավելի լավ ենք ճանաչում և ավելի շատ ենք սիրում Նրան:

Ապա մշտապես ձգտում ենք հավատքով մոտենալ Փրկիչին, փայփայել ապաշխարությունը և պահել պատվիրանները։ Երբ մենք կապվում ենք Նրա հետ ուխտերի և արարողությունների միջոցով, մեր կյանքը լցնում ենք ավելի մեծ վստահությամբ,5 պաշտպանությամբ6 և խորը, տևական ուրախությամբ:7

Երբ գալիս ենք Նրա մոտ, մենք տեսնում ենք ուրիշներին Նրա աչքերով:8 Եկեք Քրիստոսի մոտ Եկեք հիմա, բայց մի՛ եկեք մենակ:9

Հիսուս Քրիստոսի ավետարանը ոչ միայն լավն է, այլև կարևոր է բոլորի համար: «Չկա ոչ մի ուրիշ ճանապարհ կամ միջոց, որով մարդ կարողանա փրկվել՝ միայն Քրիստոսի մեջ է և Նրա միջոցով»:10 Մենք ունե՛նք Հիսուս Քրիստոսի կարիքը: Աշխա՛րհը ունի Հիսուս Քրիստոսի կարիքը։11

Հիշեք, ձեզ համար աշխարհը բարելավելու լավագույն միջոցը աշխարհը Քրիստոսի համար նախապատրաստելն է՝ հրավիրելով բոլորին հետևել Նրան։

Մորմոնի Գրքում մի հզոր պատմություն կա հարություն առած Քրիստոսի մասին, ով ժամանակ է անցկացնում նեփիացիների հետ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես է եղել դա։

Երբ Քրիստոսը հայտարարեց, որ Ինքը պետք է վերադառնա Հոր մոտ, «նա կրկին աչք ածեց շուրջբոլորը»։12 Մարդկանց աչքերին արցունքներ տեսնելով, Նա գիտեր, որ նրանց սրտերը տենչում էին, որ Ինքը մնար:

Նկար
Փրկիչը հրավիրում է Նեփիացիներին բժշկվել

Նա հարցրեց. «Ունե՞ք ձեր մեջ այնպիսիք, որ հիվանդ են: Բերե՛ք նրանց այստեղ: Ունե՞ք դուք կաղեր, կամ կույրեր, … որ խուլ են, կամ, որ չարչարված են ինչ-որ ձևով: Բերե՛ք նրանց այստեղ, և ես կբժշկեմ նրանց»:13

Մեծ կարեկցանք ունենալով՝ Նա սահմաններ չդրեց և դիմեց բոլորին, «որ չարչարված են ինչ-որ ձևով»: Ինձ դուր է գալիս այն փաստը, որ ոչինչ շատ մեծ կամ շատ փոքր չէ, որ Հիսուս Քրիստոսը չկարողանա բժշկել:

Նա գիտի նաև մեր տառապանքի ու մաքառումների մասին և կոչ է անում ի հայտ բերել անհանգիստներին ու ընկճվածներին, հոգնածներին, հպարտներին ու անվստահներին, սխալ հասկացվածներին, միայնակներին կամ նրանց, ովքեր «չարչարված են ինչ-որ ձևով»։

Նկար
Փրկիչը բժշկում է

Եվ բոլորը «գնաց[ին] առաջ …, նա բժշկեց նրանցից ամեն մեկին:…

… Եվ նրանք բոլորը՝ և՛ նրանք, ովքեր բժշկվել էին, և՛ նրանք, ովքեր առողջ էին, վար խոնարհվեցին նրա ոտքերի մոտ և երկրպագեցին նրան»:14

Ամեն անգամ, երբ կարդում եմ սա, ես հարցնում եմ ինձ՝ Ես ո՞ւմ կբերեմ Քրիստոսի մոտ։ Ո՞ւմ կբերեք դուք:

Մենք կարո՞ղ ենք կրկին նայել մեր շուրջը, ինչպես Հիսուսը, որպեսզի համոզվենք, որ ոչ ոքի չենք մոռացել և բոլորին հրավիրել ենք ճանաչել Նրան:

Թույլ տվեք կիսվել մի օրինակով, թե դա որքան պարզ կարող է լինել: 15 տարեկան իմ երիտասարդ ընկերուհի Փեյթոնը մի պարզ նպատակ ուներ՝ ամեն օր նախաճաշին կարդալ սուրբ գրությունների հինգ հատվածներ, սակայն նա մենակ չէր կարդում: Փեյթոնը, կրկին նայելով իր շուրջը, հրավիրեց ծնողներին և քույրերին, նույնիսկ` իր հինգ տարեկան եղբորը: Այս փոքր թվացող արարքն այն էր, ինչ Քրիստոսը սովորեցնում էր, երբ Նա հրավիրում էր. «Բերե՛ք նրանց»:

Տիրոջ այս հրավերը այսօր նույնպես գործում է: Երիտասա՛րդ կանայք և երիտասա՛րդ տղամարդիկ, սկսեք հիմա՝ ձեր սեփական ընտանիքից: Դուք կաղոթե՞ք և կհարցնե՞ք Երկնային Հորը, թե դուք ինչպես կարող եք աջակցել ձեր ծնողներին, մինչ նրանք շարունակում են գալ Քրիստոսի մոտ: Նրանք ձեր կարիքն ունեն այնքանով, որքանով դուք նրանց կարիքն ունեք:

Հետո կրկին նայեք ձեր քույրերին ու եղբայրներին, ընկերներին և հարևաններին: Ո՞ւմ կբերեք Քրիստոսի մոտ:

Մեր Փրկիչը հայտարարել է․ «Ահա, ե՛ս եմ լույսը. ես օրինակ եմ ծառայում ձեզ համար»:15 Մենք կզգանք Փրկիչի սերն ու խաղաղությունը, երբ միանանք Նրան՝ փրկելու Աստծո ընտանիքը, քանզի Նա խոստացել է. «Ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կ’ընդունի»:16

Ի՜նչ փառահեղ ժամանակ է Քրիստոսի գործով զբաղվելու համար։

Այո, դուք այստեղ եք մի մեծ նպատակի համար: Ես միանում եմ Նախագահ Նելսոնին, ով ասաց. «Տերը ձեր կարիքն ունի աշխարհը փոխելու համար: Երբ դուք ընդունեք ու հետևեք Նրա կամքին, դուք կկարողանաք անհնարինն իրականացնել»:17

Ես համարձակ վկայում եմ, որ Տերը գիտի, թե ով եք դուք, և Նա սիրո՛ւմ է ձեզ: Միասին մենք առաջ կտանենք Նրա նպատակը՝ մինչև այն մեծ օրը, երբ Քրիստոսն Ինքը կվերադառնա այս երկիրը և մեզանից յուրաքանչյուրին կոչ կանի՝ «Բերե՛ք»: Մենք ուրախությամբ կհավաքվենք միասին, քանի որ մենք նրանք ենք, ովքեր գալիս են Քրիստոսի մոտ, բայց մենք մենակ չենք գալիս: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։