Գերագույն համաժողով
Հիսուս Քրիստոսի ավետարանի հրաշքները
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Հիսուս Քրիստոսի ավետարանի հրաշքները

Ես գիտեմ, որ Նրա ավետարանը կարող է մեզ բերել հույս, խաղաղություն և ուրախություն ոչ միայն այժմ, այլ նաև կօրհնի գալիք սերունդների անհամար մարդկանց։

Mabuhay! Ես ձեզ սեր և ջերմ ժպիտներ եմ բերել Ֆիլիպինների հրաշալի Սրբերից։ Այս տարի լրանում է 60 տարին, երբ առաջին միսիոներները ժամանեցին Ֆիլիպինյան կղզիներ։ Այսօր այնտեղ կա 23 միսիա և Եկեղեցու ավելի քան 800000 անդամ՝ 123 ցցերում։ Ներկայումս այնտեղ կա յոթ տաճար, որոնք գտնվում են շահագործման, կառուցման կամ հայտարարման փուլում։ Սա իսկապես հրաշք է։ Մենք ականատեսն ենք դառնում 2 Նեփի 10․21-ում տրված մարգարեության իրականացմանը․ «Մեծ են Տիրոջ խոստումները նրանց համար, ովքեր ծովի կղզիների վրա են»։

Նկար
Նախագահ Հինքլին Ֆիլիպիններում

Այս հրաշքը նաև կատարումն է 1961 թվականին Մանիլայում այն ժամանակ դեռևս երեց Գորդոն Բ․ Հինքլիի աղոթքում տրված մարգարեության։ Այդ աղոթքում երեց Հինքլին հայտարարել էր. «Մենք խնդրում ենք Քո օրհնություններն այս երկրի մարդկանց վրա, որ նրանք լինեն ընկերասեր, հյուրընկալ, բարի և ողորմած նրանց հանդեպ, ովքեր կգան այստեղ, և որ շատերը, այո, Տեր, մենք աղոթում ենք, որ լինեն [շատ,] շատ հազարավոր մարդիկ, ովքեր կստանան այս ուղերձը և կօրհնվեն դրանով։ Օրհնիր նրանց ընկալունակ մտքով և իմաստուն սրտով, ավետարանի սկզբունքներին համապատասխան ապրելու հավատքով ու քաջությամբ» (նվիրագործման աղոթք Ամերիկյան պատերազմի հուշահամալիրում, Ֆիլիպիններ, 28 ապրիլի, 1961)։

Նկար
Ռեվիլոների ընտանիքը

Ավետարանի հրաշքը դրական փոփոխություններ է բերել՝ ինչպես հազարավոր հավատարիմ Վերջին Օրերի Սրբերի, այնպես էլ երկրի և նրա ժողովրդի կյանքում։ Ես այս ամենի կենդանի վկան եմ։ Ես վեց տարեկան էի, երբ ծնողներս միացան Եկեղեցուն Մինդանաո կղզու հարավում։ Այդ ժամանակ ողջ երկրում կար միայն մեկ միսիա, իսկ ցից չկար։ Ես հավերժ երախտապարտ եմ ծնողներիս՝ Փրկչին հետևելու քաջության և վճռականության համար։ Ես պատվում եմ նրանց և Ֆիլիպինների Եկեղեցու բոլոր ռահվիրաներին։ Նրանք ճանապարհ հարթեցին հաջորդ սերունդների օրհնության համար։

Բենիամին թագավորը Մորմոնի Գրքում ասել է. «Եվ բացի դրանից, ես կցանկանայի, որ դուք խորհեք օրհնված և երջանիկ վիճակի վրա նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները։ Քանզի, ահա, նրանք օրհնված են բոլոր բաներում՝ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր» (Մոսիա 2․41

Երբ մենք հնազանդվում ենք ավետարանի սկզբունքներին ու արարողություններին և ապրում համաձայն դրանց, մենք օրհնվում ենք, փոխվում և դարձի գալիս՝ ավելի շատ նմանվելով Հիսուս Քրիստոսին։ Ահա այդպես է ավետարանը փոխել և օրհնել Ֆիլիպինների Սրբերին, նաև իմ ընտանիքին։ Ավետարանն իսկապես ճանապարհ է դեպի առատորեն օրհնված երջանիկ կյանք։

Ավետարանի առաջին սկզբունքը հավատն է առ Տեր Հիսուս Քրիստոսը։ Շատ ֆիլիպինցիներ, կարծես, ի ծնե հավատում են Աստծուն։ Մեզ համար հեշտ է վստահել Հիսուս Քրիստոսին և իմանալ, որ մենք կարող ենք ստանալ մեր աղոթքների պատասխանները։

Նկար
Օբեդոզաների ընտանիքը

Օբեդոզաների ընտանիքը ասվածի մի հրաշալի օրինակ է։ Եղբայր Օբեդոզան իմ ճյուղի նախագահն էր, երբ ես երիտասարդ տղա էի։ Եղբայր և Քույր Օբեդոզաների ամենամեծ ցանկությունն էր իրենց ընտանիքի հետ կնքվել Մանիլա տաճարում։ Նրանք ապրում էին Գեներալ Սանտոս քաղաքում, որը գտնվում է Մանիլայից 1600 կմ հեռավորության վրա։ Ինը հոգուց բաղկացած ընտանիքի համար դեպի տաճար ուղևորությունն անհնարին էր թվում։ Բայց ինչպես վաճառականը, ով գնաց և վաճառեց իր ունեցվածքը, որ գներ մեկ թանկագին մարգարիտ (տես Մատթեոս 13․45–46), այս զույգը ևս որոշեց վաճառել իրենց տունը, որպեսզի վճարեին ճամփորդության համար։ Քույր Օբեդոզան անհանգստացած էր, քանի որ վերադառնալուց հետո նրանք տուն չէին ունենալու։ Սակայն Եղբայր Օբեդոզան վստահեցրեց, որ Տերը կապահովի իրենց։

1985 թվականին նրանք տաճարում կնքվեցին որպես ընտանիք ժամանակի և ողջ հավերժության համար։ Տաճարում նրանք գտան անսահման ուրախություն՝ իրենց անգին մարգարիտը։ Ճիշտ, ինչպես Եղբայր Օբեդոզան ասաց՝ Տերն ապահովեց։ Մանիլայից վերադառնալուն պես բարի ծանոթները նրանց մնալու տեղ տվեցին, և նրանք, ի վերջո, ձեռք բերեցին իրենց սեփական տունը։ Տերը հոգ է տանում նրանց մասին, ովքեր հավատ են ցուցաբերում Իր հանդեպ։

Ապաշխարությունը ավետարանի երկրորդ սկզբունքն է։ Ապաշխարությունը իրենից ներկայացնում է հետևյալը՝ հեռանալ մեղքից և ներման համար դիմել Աստծուն։ Այն մտքի և սրտի փոփոխություն է։ Ինչպես ուսուցանում է նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը, դա նշանակում է «ամեն օր մի փոքր ավելի լավ գործել և ավելի լավը լինել» («Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս 2019, 67)։

Ապաշխարությունը շատ նման է օճառի։ Որպես երիտասարդ քիմիկ-ինժեներ, ես աշխատել եմ Ֆիլիպինների օճառի գործարանում։ Ես սովորեցի օճառի պատրաստման և դրա կիրառման գործընթացի մասին։ Երբ յուղերը խառնում ենք ալկալիական հիմքերի հետ և ավելացնում հակաբակտերիալ միջոցներ, ստանում ենք հզոր նյութ, որը կարող է սպանել բակտերիաներն ու վիրուսները։ Ինչպես օճառը՝ ապաշխարությունը ևս մաքրող միջոց է։ Այն մեզ հնարավորություն է տալիս ազատվել մեր անմաքրություններից և հին սխալներից, որպեսզի արժանի լինենք Աստծո հետ լինել, քանի որ «ոչ մի անմաքուր բան չի կարող ժառանգել [Աստծո] արքայությունը» (Ալմա 11․37

Ապաշխարության միջոցով մենք օգտվում ենք Հիսուս Քրիստոսի մաքրող, սրբագործող զորությունից։ Սա դարձի կարևոր գործընթացներից է։ Սա այն է, ինչ պատահեց Անթի-Նեփի-Լեքիների հետ Մորմոնի Գրքում։ Նրանք լամանացիներ էին, ովքեր լիովին դարձի էին եկել, և «երբեք չհեռացան» (տես Ալմա 23․6–8)։ Նրանք թաղեցին իրենց պատերազմի զենքերը և այլևս կրկին չվերցրին դրանք։ Նրանք կնախընտրեին մեռնել, քան դրժել այդ ուխտը։ Եվ նրանք ապացուցեցին դա։ Մենք գիտենք, որ նրանց զոհաբերությունն առաջ բերեց հրաշքներ․ հազարավորները, ովքեր կռվում էին նրանց դեմ, վայր դրեցին իրենց զենքերը և դարձի եկան։ Տարիներ անց նրանց որդիները, որոնց մենք ճանաչում ենք որպես հզոր պատանի զինվորներ, մարտերում պաշտպանվում էին անհավանական իրավիճակներում։

Նկար
Երեց Ռեվիլոյի հայրը

Իմ ընտանիքը և Ֆիլիպինների շատ Սրբեր անցել են դարձի նմանատիպ գործընթացով։ Երբ մենք ընդունեցինք Հիսուս Քրիստոսի ավետարանը և միացանք Եկեղեցուն, փոխեցինք մեր ապրելակերպը և ավանդույթները՝ համապատասխանեցնելով դրանք ավետարանի հետ։ Մենք պետք է հրաժարվեինք սխալ ավանդույթներից։ Ես տեսա այդ փոփոխությունը հայրիկիս մեջ, երբ նա սովորեց ավետարանը և ապաշխարեց։ Նա շատ էր ծխում, սակայն դեն նետեց իր ծխախոտները և այլև դրանց չմոտեցավ։ Փոխվելու նրա որոշման շնորհիվ, նրան հաջորդող չորս սերունդներ են օրհնվել։

Նկար
Ռեվիլոների ընտանիքի սերունդները

Ապաշխարությունն առաջնորդում է մեզ կապել ու պահել ուխտեր սուրբ արարողությունների միջոցով։ Փրկության և վեհացման առաջին արարողությունը մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտությունն է։ Մկրտությունը մեզ թույլ է տալիս ընդունել Սուրբ Հոգու պարգևը և Տիրոջ հետ մտնել ուխտի մեջ։ Մենք կարող ենք նորոգել մկրտության այդ ուխտը ամեն կիրակի, երբ ճաշակում ենք հաղորդությունը։ Սա ևս հրաշք է։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես հրավիրում եմ ձեզ բերել այս հրաշքը ձեր կյանք։ Եկեք Հիսուս Քրիստոսի մոտ և վճռեք ձեր հավատքը գործադրել Նրա հանդեպ. ապաշխարեք, կապեք ու պահեք ուխտերը, որոնք գտնվում են փրկության և վեհացման արարողություններում։ Սա թույլ կտա ձեզ լծի տակ լինել Քրիստոսի հետ և ստանալ աստվածայնության զորությունն ու օրհնությունները (տես Վարդապետություն և Ուխտեր 84․20

Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի գոյության մասին, որ Նա ապրում է ու սիրում մեզանից յուրաքանչյուրին։ Ես գիտեմ, որ Նրա ավետարանը կարող է մեզ բերել հույս, խաղաղություն և ուրախություն ոչ միայն այժմ, այլ նաև կօրհնի գալիք սերունդների անհամար մարդկանց։ Ահա, թե ինչու են գեղեցիկ ու ջերմ ժպտում Ֆիլիպինների Սրբերը։ Դա ավետարանի հրաշքն է և Քրիստոսի վարդապետությունը։ Ես վկայում եմ այս ամենի մասին Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։