Գերագույն համաժողով
Պատրաստվենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Պատրաստվենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին

Ավելի քան երբևէ նախկինում, մեզանից պահանջվում է առերեսվել այն իրականության հետ, որ մենք ավելի ու ավելի ենք մոտենում Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։

Ինչպես գրված է Մորմոնի Գրքում, Հիսուս Քրիստոսի ծնունդից վեց տարի առաջ Սամուելը՝ մի արդար լամանացի, մինչ այդ հիմնականում իրենց հավատն ուրացած Նեփիի ժողովրդին1 մարգարեացել էր նշանների մասին, որոնք ուղեկցելու էին մեր Փրկիչի ծնունդին։ Ցավոք, նեփիացիների մեծ մասը մերժեց այդ նշանները, քանի որ «խելամիտ չէ[ր], որ այնպիսի մի էակ, ինչպիսին Քրիստոսն է, պիտի գա[ր]»։2

Ցավոք, ըստ սուրբ գրությունների, հրեաներից շատերը նույնպես չկարողացան ընդունել, որ Հիսուս անունով մի մարդ, ով Գալիլեայի քիչ հայտնի քաղաքից էր, երկար սպասված Մեսիան էր։3 Հիսուսը, ով իսկապես եկել էր իրականացնելու հրեա մարգարեների բազում մարգարեությունները, մերժվեց և նույնիսկ խաչվեց, քանի որ, ինչպես ուսուցանել է Մորմոնի Գրքի մարգարե Հակոբը՝ հրեաները նայում էին «նշանակետից այն կողմ»։ Հետևաբար, Հակոբը մարգարեացավ, որ «Աստված վերցրել է նրանցից իր պարզությունը և հանձնել նրանց շատ բաներ, որոնք նրանք չեն կարող հասկանալ, քանի որ նրանք ցանկանում էին դա։ Եվ քանի որ նրանք ցանկանում էին այդ, Աստված արեց այնպես, որ նրանք կարողանան սայթաքել»։4

Որքան էլ տարօրինակ թվա, ոչ մի ուսմունք, ոչ մի հրաշք և նույնիսկ երկնային հրեշտակի հայտնությունը, ինչպես վկայում են Լամանը և Լեմուելը,5 կարծես բավարար չեղան համոզելու որոշ անհատների փոխել իրենց ընթացքը, հայացքը կամ համոզմունքը, որ ինչ-որ բան ճիշտ է։ Դա հատկապես այն դեպքն է, երբ ուսմունքները կամ հրաշքները չեն համընկնում անհատի՝ նախապես ունեցած քմահաճույքների, ցանկությունների կամ գաղափարների հետ։

Կխնդրեի մի պահ հակադրել հետևյալ երկու սուրբ գրությունները․ առաջինը՝ Պողոս առաքյալի խոսքերը, որտեղ նա նկարագրում է վերջին օրերի մարդկանց, իսկ երկրորդը՝ Ալմա մարգարեի խոսքերը, որտեղ նա ցույց է տալիս, թե ինչպես է Աստված կատարում Իր գործը մարդկանց մեջ։ Նախ՝ Պողոս առաքյալի խոսքերը․

«Իմացի՛ր սա. վերջին օրերին չար ժամանակներ կգան,

որովհետև մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր,

անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր,

մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր։ …

որոնք միշտ ուսանում են ու երբեք չեն կարողանում հասնել ճշմարտության գիտությանը»։6

Իսկ այժմ անդրադառնանք Ալմայի խոսքերին, ով նշում է Հիսուս Քրիստոսի ավետարանի մի հիմնարար սկզբունք․ «Արդ, դու գուցե ենթադրես, որ սա հիմարություն է իմ կողմից․ բայց, ահա, ես ասում են քեզ, որ փոքր և հասարակ բաներով են իրականացվում մեծ բաները. և փոքր միջոցները շատ դեպքերում շփոթեցնում են իմաստունին»։7

Մենք ապրում ենք ժամանակակից աշխարհում, որը լի է հսկայական գիտելիքներով և հմտություններով։ Այնուամենայնիվ, դրանք շատ հաճախ քողարկում են անկայուն հիմքը, որի վրա կառուցված են։ Հետևաբար, դրանք չեն տանում դեպի իրական ճշմարտություն և դեպի Աստված ու հայտնություն ստանալու զորություն, ձեռք բերելու հոգևոր գիտելիքներ և զարգացնելու հավատ դեպի Հիսուս Քրիստոսը, որը տանում է դեպի փրկություն։8

Մենք հաճախ ենք հիշում Թովմասին և մյուս առաքյալներին ուղղված մեր Տիրոջ խոսքերը, որ Նա ասել է Իր քավիչ զոհաբերության նախօրեին. «Հիսուսը նրան ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով»։9

Քանզի նրանք, ովքեր ունեն աչքեր՝ տեսնելու, ականջներ՝ լսելու և սրտեր՝ զգալու, ավելի քան երբևէ, պահանջվում է առերեսվել այն իրականության հետ, որ մենք ավելի ու ավելի ենք մոտենում Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։ Ճիշտ է, Նրա վերադարձի ժամանակ դեռ մեծ դժվարություններ են սպասվում երկրի վրա գտնվողներին, բայց այս առումով հավատարիմները չպետք է վախենան։

Այժմ թույլ տվեք մեջբերել Եկեղեցու Ավետարանի թեմաներից՝ «Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը» վերնագրից․

«Երբ Փրկիչը նորից գա, Նա կգա զորությամբ և փառքով՝ հայտարարելու երկիրը որպես Իր արքայություն։ Նրա Երկրորդ Գալուստը սկիզբ կդնի Հազարամյակին։

Երկրորդ Գալուստը կլինի ահավոր, ողբալի ժամանակ ամբարիշտների համար, բայց այն կլինի խաղաղության և հաղթանակի օր՝ արդարների համար։ Տերը հայտարարել է.

«Նրանք, ովքեր իմաստուն են և ընդունել են ճշմարտությունը, և վերցրել Սուրբ Հոգին որպես իրենց ուղեկից, և չեն խաբվել,- ճշմարիտ ասում եմ ձեզ, նրանք չպիտի կտրվեն և կրակի մեջ գցվեն, այլ պիտի մնան այդ օրը։

Եվ երկիրը պիտի տրվի նրանց, որպես ժառանգություն. և նրանք պիտի բազմանան ու զորանան, և նրանց զավակները պիտի մեծանան առանց մեղքի՝ ի փրկություն։

Քանզի Տերը պիտի լինի նրանց մեջ, և նրա փառքը պիտի լինի նրանց վրա, և նա պիտի լինի նրանց թագավորն ու նրանց օրենսդիրը» (Վարդապետություն և Ուխտեր 45․57–59)»։10

Մինչ մենք նախապատրաստվում ենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին, ես հավատարիմների հետ կցանկանայի կիսվել մի կենսական, մխիթարական մեջբերումով՝ վերցված Հին Կտակարանի Ամովս մարգարեի խոսքերից. «Որովհետև Տեր Աստված ոչինչ չի անի, մինչև որ իր խորհուրդը չհայտնի իր ծառաներին՝ մարգարեներին»։11

Այս ոգով, աշխարհում Տիրոջ այսօրվա մարգարեն՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, վերջերս մեզ տվել է այս ոգեշնչող խորհուրդը. «Հիսուս Քրիստոսի ավետարանը ապաշխարության ավետարան է։ Փրկիչի Քավության շնորհիվ Նրա ավետարանը անընդհատ փոխվելու, աճելու և ավելի մաքուր դառնալու հրավեր է հղում։ Այն հույսի, բժշկման և առաջընթացի ավետարան է։ Այսպիսով՝ ավետարանը ուրախության ուղերձ է։ Մեր հոգիները ցնծում են ամեն անգամ, երբ մի փոքր քայլ առաջ ենք գնում»։12

Ես անվերապահորեն վկայում եմ Աստծո իրական լինելու և ամեն օր տարբեր խավերի անհամար մարդկանց կյանքում տեղի ունեցող հրաշքների մասին և հաստատում դրանք։ Ճիշտ է, շատ սրբազան փորձառությունների մասին հազվադեպ է խոսվում՝ մասամբ դրանց աստվածային ծագման և ոմանց կողմից թյուրըմբռնման արդյունքում ծաղրի չենթարկվելու պատճառով։

Մորմոնի Գրքի վերջին մարգարե Մորոնին այս հարցի առնչությամբ մեզ հիշեցնում է․

«Եվ դարձյալ, ես խոսում եմ ձեզ հետ, որ ուրանում եք Աստծո հայտնությունները, և ասում, թե դրանք վերացել են, որ չկան ոչ մի հայտնություններ, ոչ էլ մարգարեություններ, ոչ պարգևներ, ոչ բժշկություններ, ոչ լեզուներով խոսել, ոչ էլ լեզուներով թարգմանել.

Ահա, ես ասում եմ ձեզ՝ նա, ով ուրանում է այս բաները, չգիտի Քրիստոսի ավետարանը. այո, նա չի կարդացել սուրբ գրքերը. եթե կարդացել է, նա չի հասկանում դրանք։

Քանզի մի՞թե մենք չենք կարդում, որ Աստված նույնն է՝ երեկ, այսօր, և հավիտյան, և նրա մեջ փոփոխություն չկա, ոչ էլ փոխվելու շուք»։ 13

Ես ավարտում եմ իմ խոսքերը մարգարե Ջոզեֆ Սմիթի իսկապես ոգեշնչող մարգարեական հայտարարությամբ, որը տրվել է իր ծառայության ավարտին, երբ նա անհամբերությամբ սպասում էր Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին. «Արդյոք չպե՞տք է մենք շարունակենք այս մեծ գործը։ Գնացե՛ք առաջ և ոչ թե հետ։ Քաջությո՛ւն, եղբայրնե՛ր [և թույլ տվեք ինձ ավելացնել՝ քույրե՛ր]. և առա՛ջ, առաջ դեպի հաղթանակ։ Թող ձեր սրտերը ցնծան և մեծապես ուրախանան»։14 Այս ամենին ես ավելացնում եմ իմ վկայությունը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։