Գերագույն համաժողով
Հավատարիմ որոնումը պարգևատրվում է
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Հավատարիմ որոնումը պարգևատրվում է

Ես հրավիրում եմ մեզ բոլորիս անընդհատ մեծացնել մեր հավատքը առ Քրիստոս, ով շարունակում է փոխել բոլոր նրանց կյանքը, ովքեր փնտրում են Իրեն:

Սկսած 1846 թվականից հազարավոր ռահվիրա տղամարդիկ, կանայք ու երեխաներ ուղևորվեցին դեպի արևմուտք՝ դեպի Սիոն: Նրանց մեծ հավատքը արթնացրեց նրանց անսահման քաջությունը: Ոմանց համար այդ ճամփորդությունը երբեք չավարտվեց, քանի որ նրանք մահացան ճանապարհին: Մյուսները, դիմակայելով մեծ ձախորդության, առաջ մղվեցին հավատքով:

Նրանց շնորհիվ սերունդներ հետո իմ ընտանիքը վայելեց Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ավետարանի օրհնությունները։

Մեկ այլ երիտասարդի նման, ում մասին ավելի ուշ կնշեմ, ես 14 տարեկան էի, երբ սկսեցի կասկածի տակ դնել կրոնը և իմ հավատքը: Ես հաճախում էի իմ տան մոտ գտնվող մեկ այլ դավանանքի եկեղեցի, բայց ցանկություն զգացի այցելել շատ տարբեր եկեղեցիներ:

Մի օր կեսօրին ես նկատեցի մուգ կոստյումներով և սպիտակ վերնաշապիկներով երկու երիտասարդների՝ իմ հարևանի տուն մտնելիս: Այդ տղամարդիկ առանձնահատուկ տեսք ունեին:

Հաջորդ օրը ես հանդիպեցի իմ հարևանուհուն` Լեոնոր Լոպեզին, և հարցրի նրան այդ երկու տղամարդկանց մասին: Լեոնորը բացատրեց, որ նրանք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներներ էին: Նա ուրախությամբ պատմեց ինձ, որ իր ընտանիքը մկրտվել էր Եկեղեցում մեկ տարի առաջ: Տեսնելով իմ հետաքրքրությունը՝ Լեոնորը հրավիրեց ինձ հանդիպել միսիոներներին և սովորել Եկեղեցու մասին:

Երկու օր անց ես միացա Լոպեզների ընտանիքին` միսիոներներին հանդիպելու համար: Նրանք ներկայացան որպես Երեց Ջոն Մեսսերլի` Օգդենից (Յուտա) և Երեց Քրիստոֆեր Օսորիո` Վոլնաթ Քրիքից (Կալիֆորնիայ): Ես երբեք չեմ մոռանա նրանց:

Նկար
Միսիոներներն ուսուցանում են ճաշի ընթացքում

Քանի որ ես ընդամենը 14 տարեկան էի, Երեց Մեսսերլին պնդեց, որ մենք գնանք հարևանությամբ գտնվող իմ տունը, որպեսզի մայրս իմանար, թե իրենք ինչ էին սովորեցնում ինձ: Այնտեղ նա սիրալիր բացատրեց, որ իրենք եկել էին կիսվելու Հիսուս Քրիստոսի մասին ուղերձով և խնդրեցին նրա թույլտվությունը՝ ինձ ուսուցանելու համար: Մայրս համաձայնեց և նույնիսկ միացավ մեզ, մինչ նրանք ուսուցանում էին ինձ:

Միսոներները սկզբում խնդրեցին Լեոնորին ասել աղոթքը: Դա ինձ խորապես հուզեց, որովհետև նրա աղոթքը անգիր սովորած բառերի կրկնություն չէր, այլ արտահայտում էր նրա սրտի եղածը: Ես իսկապես զգացի, որ նա խոսում էր իր Երկնային Հոր հետ:

Ապա միսոներներն ուսուցանեցին մեզ Հիսուս Քրիստոսի մասին: Նրանք ցույց տվեցին Նրա նկարը, որն իմ մեջ տպավորվեց, որովհետև այն հարություն առած կենդանի Քրիստոսի նկարն էր:

Նկար
Փրկիչ Հիսուս Քրիստոսը

Նրանք շարունակեցին ուսուցանել մեզ, թե Հիսուսը ինչպես հիմնադրեց Իր Եկեղեցին հին ժամանակներում՝ Նրա գլխավորությամբ տասներկու Առաքյալների հետ միասին: Նրանք ուսուցանեցին մեզ Ուրացության մասին, թե Նրա Առաքյալների մահից հետո ինչպես ճշմարտությունը և Քրիստոսի իշխանությունը վերցվեցին Երկրի վրայից:

Նրանք պատմեցին մեզ 14-ամյա Ջոզեֆ Սմիթ անունով մի տղայի մասին, ով 1800-ականների սկզբին այցելեց տարբեր եկեղեցիներ` որոնելով ճշմարտությունը: Ժամանակի հետ Ջոզեֆը ավելի էր շփոթվում: Երբ Ջոզեֆը Աստվածաշնչում կարդաց, որ մենք կարող ենք իմաստություն «խնդրել Աստծուց»,1 գործելով հավատքով, նա գնաց ծառերի պուրակ՝ աղոթելու և հարցնելու, թե որ եկեղեցուն պետք է միանար:

Միսիոներներից մեկը կարդաց Ջոզեֆի պատմությունն այն մասին, թե ինչ պատահեց, երբ նա սկսեց աղոթել.

«Ես տեսա արևի պայծառությունը գերազանցող լույսի մի սյուն, որն աստիճանաբար իջնում էր ցած, մինչև որ ընկավ ինձ վրա:

«… Երբ լույսը հանգավ ինձ վրա, ես տեսա երկու Անձնավորություն, ինձանից վեր՝ օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով և ասաց՝ մատնացույց անելով մյուսին.Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան»։2

Այդ դասի ընթացքում Հոգին հաստատեց ինձ մի քանի ճշմարտություններ:

Առաջին՝ Աստված լսում է Իր բոլոր զավակների անկեղծ աղոթքները, և երկինքը բաց է բոլորի համար, այլ՝ ոչ միայն քչերի համար:

Երկրորդ՝ Հայր Աստվածը, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին երեք առանձին էակներ են` միավորված իրենց նպատակով. «իրականացնելու մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»:3

Երրորդ՝ մենք ստեղծվել ենք Աստծո պատկերով։ Մեր Երկնային Հայրը և Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը, ունեն մեզ նման մսից և ոսկորից մարմիններ, բայց Նրանք փառավորված և կատարելագործված են, իսկ Սուրբ Հոգին հոգևոր էակ է:4

Չորրոդ՝ Ջոզեֆ Սմիթի միջոցով Հիսուս Քրիստոսը վերականգնեց Իր ավետարանը և ճշմարիտ Եկեղեցին երկրի վրա: Այն քահանայության իշխանությունը, որը 2000 տարի առաջ շնորհվեց Քրիստոսի առաքյալներին, նույն քահանայությունն է, որը շնորհվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին` Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի կողմից:5

Ի վերջո, մենք իմացանք Մորմոնի Գրքի՝ Հիսուս Քրիստոսի վերաբերյալ ևս մեկ վկայության մասին: Գրված լինելով հնադարյան մարգարեների կողմից՝ գիրքը պատմում է այն ժողովրդի մասին, որն ապրում էր Ամերիկա մարցամաքում նախկինում, այդ ընթացքում և Հիսուսի ծննդից հետո: Սրանից մենք իմանում ենք, թե նրանք ինչպես իմացան, սիրեցին և երկրպագեցին Քրիստոսին, ով հայտնվեց նրանց՝ որպես հարություն առած Փրկիչ:

Հոգին ինձ խորապես հուզեց, երբ ես իմացա Փրկիչի՝ նրանց ուղղված հայտարարության մասին. «Ահա, ես եմ Հիսուս Քրիստոսը, ում մասին մարգարեները վկայել էին, որ պիտի գա աշխարհ»6:

Միսիոներները մեզ տվեցին Մորմոնի Գրքի մեր սեփական օրինակը: Մենք կարդացինք և ընդունեցինք հրավերը, որը գտնվում է Մորմոնի Գրքի վերջում, որտեղ ասվում է.

«Եվ երբ դուք ստանաք այս բաները, ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք հարցնեք Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ չե՞ն. և եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ:

Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:7

Արդեն գրեթե 45 տարի է, որ ես և մայրս առաջին անգամ իմացանք Քրիստոսում հավատք ունենալու ուրախությունն ու զորությունը: Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ էր, որ Լոպեզների ընտանիքը ինձ հետ կիսվեց իրենց նոր հավատքով: Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ էր, որ այդ երկու միսիոներները թողեցին իրենց տները Միացյալ Նահանգներում` գտնելու ինձ ու մայրիկիս: Բոլոր այս սիրելի ընկերների հավատքն է, որ տնկել է հավատքի մանանեխի մի հատիկ մեր մեջ, որն աճել է` դառնալով հավերժական օրհնությունների մի հզոր ծառ:

Այս օրհնված տարիների ընթացքում մենք իմացել ենք, ինչպես նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն է հայտարարել. «Ամեն բարի բան կյանքում` հավերժական կարևորության ամեն հնարավոր օրհնություն, սկսվում է հավատքով: Որպեսզի թույլ տանք, որ Աստված տնօրինի մեր կյանքը, սկսում ենք այն հավատով, որ Նա պատրաստ է մեզ առաջնորդել: Ճշմարիտ ապաշխարությունը սկսվում է հավատով, որ Հիսուս Քրիստոսն ունի մեզ մաքրելու, բժշկելու և զորացնելու զորություն»:8

Ես հրավիրում եմ մեզ բոլորիս անընդհատ մեծացնել մեր հավատքը Քրիստոսի հանդեպ, ով փոխել է իմ և իմ սիրելի մոր կյանքը, և շարունակում է փոխել բոլոր նրանց կյանքը, ովքեր փնտրում են Նրան: Ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը Վերականգնման Մարգարեն է, որ Նախագահ Նելսոնը մեր մարգարեն է այսօր, որ Հիսուսը ապրող Քրիստոսն է և մեր Քավիչը, և որ Երկնային Հայրն ապրում է և պատասխանում է Իր բոլոր զավակների աղոթքներին: Ես վկայում եմ այս ճշմարտությունների մասին Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։