Գերագույն համաժողով
Փրկիչի անփոփոխ կարեկցանքը
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Փրկիչի անփոփոխ կարեկցանքը

Ուրիշների հանդեպ կարեկցանք արտահայտելը Հիսուս Քրիստոսի ավետարանի էությունն է։

Երկրային ծառայության ընթացքում Փրկիչի կողմից ուսուցանվող ամենավառ սկզբունքներից մեկն է՝ կարեկցանքով վերաբերվել ուրիշներին: Եկեք խորհրդածենք այդ սկզբունքի և դրա գործնական կիրառման մասին` հիշելով Սիմոն Փարիսեցու տուն Հիսուսի այցելության պատմությունը:

Ղուկասի Ավետարանը պատմում է, որ մի կին, ով մեղավոր էր համարվում, մտավ Սիմոնի տուն, մինչ Հիսուսն այնտեղ էր: Խոնարհ ապաշխարությամբ՝ կինը մոտեցավ Հիսուսին, լվաց Նրա ոտքերն իր արցունքներով, սրբեց Նրա ոտքերն իր մազերով և հետո համբուրեց ու օծեց դրանք հատուկ յուղով:1 Հպարտ տանտերը, ով իրեն բարոյապես ավելի բարձր էր համարում այդ կնոջից, նախատինքով և ամբարտավանությամբ մտածեց. «[Այս մարդը], եթե մարգարե էր, ապա կիմանար` թե ով կամ ինչպիսի կին է նա, որ իրան մոտենում է, որովհետև մեղավոր է»:2

Փարիսեցու, «ավելի սուրբ, քան դու» վերաբերմունքը հանգեցրեց նրան, որ նա անարդար դատեց՝ ինչպես Հիսուսին, այնպես էլ կնոջը: Բայց Իր ամենագիտությամբ, Փրկիչը գիտեր Սիմոնի միտքը և մեծ իմաստությամբ դիտողություն արեց նրա գերադաս վերաբերմունքի համար, ինչպես նաև խրատեց նրան` Փրկիչի նման հատուկ հյուր ընդունելիս քաղաքավարության բացակայության համար: Փաստորեն, Հիսուսի ուղղակի նախատինքը Փարիսեցուն ծառայեց որպես վկայություն, որ Հիսուսն իսկապես ուներ մարգարության պարգևը, և այդ կինը՝ խոնարհ ու զղջացող սրտով, ապաշխարող էր, և նրա մեղքերը ներվեցին:3

Ինչպես Հիսուսի երկրային ծառայության բազմաթիվ այլ իրադարձություններ, այս պատմությունը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Փրկիչը կարեկցանքով էր վարվում բոլորի հանդեպ, ովքեր կամենում էին գալ Իր մոտ՝ առանց խտրականության, և հատկապես նրանց հանդեպ, ովքեր Իր օգնության կարիքն ունեին: Կնոջ զղջումը և ակնածալից սերը Հիսուսի հանդեպ ապացուցում էին նրա անկեղծ ապաշխարության և իր մեղքերին թողություն ստանալու ցանկության մասին: Սակայն Սիմոնի գերազանցության բարդույթը, կրկնապատված իր կարծրացած սրտով,4 խանգարեց նրան կարեկցանք ցույց տալ այդ ապաշխարող հոգուն, և նա նույնիսկ աշխարհի Փրկիչին անտարբերությամբ և արհամարհանքով վերաբերվեց: Նրա վերաբերմունքն արտահայտում էր, որ իր ապրելակերպը ոչ այլ ինչ էր, քան կանոնների և իր համոզմունքների արտաքին դրսևորումների խստապահանջ և դատարկ պահպանում` ինքնամեծարման և կեղծ սրբության միջոցով:5

Հիսուսի գթառատ և անհատական սպասավորումը այս պատմության մեջ ցույց է տալիս կատարյալ մի օրինակ, թե մենք ինչպես պետք է վերաբերվենք մեր մերձավորին: Սուրբ գրություններն անհամար օրինակներ են պարունակում, թե, մղվելով խորը և անխախտ կարեկցանքից, Փրկիչն ինչպես էր հաղորդակցվում էր Իր օրերի մարդկանց հետ և օգնում էր նրանց, ովքեր տառապում էին և «հոգնած և ցիրուցան եղած էին, ինչպէս ոչխարներ, որ հովիւ չունեին»:6 Նա տարածեց Իր գթառատ ձեռքը դեպի նրանց, ովքեր սփոփանքի կարիք ունեին՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր բեռներից:7

Հիսուսի կարեկից վերաբերմունքը արմատավորված է գթության մեջ,8 այսինքն, Նրա մաքուր և կատարյալ սիրո մեջ, որը Նրա քավիչ զոհաբերության էությունն է հանդիսանում: Կարեկցանքը հիմնական բնորոշ հատկանիշ է նրանց համար, ովքեր ձգտում են սրբագործման և այս աստվածային հատկանիշը զուգորդվում է Քրիստոնեական այլ հատկանիշների հետ, ինչպես օրինակ` սգալ նրանց հետ, ովքեր սգում են, ունենալ կարեկցանք, ողորմածություն և բարություն:9 Ուրիշների հանդեպ կարեկցանքի դրսևորումը, փաստորեն, Հիսուս Քրիստոսի ավետարանի էությունն է և ակնհայտ ապացույց՝ Փրկիչի հետ մեր հոգևոր և հուզական մտերմության: Ավելին, այն ցույց է տալիս ազդեցության այն մակարդակը, որ Նա ունի մեր կյանքի ուղու վրա և ցուցադրում է մեր հոգիների մեծությունը:

Իմաստ ունի նկատել, որ Հիսուսի կարեկից գործողությունները ոչ թե պատահական կամ պարտադրված դրսևորումներ էին՝ հիմնված անելիքների ցուցակի վրա, այլ Աստծո և Նրա զավակների հանդեպ Իր մաքուր սիրո և նրանց օգնելու անխախտ ցանկության իրականության ամենօրյա արտահայտություններ:

Հիսուսը կարողանում էր բացահայտել մարդկանց կարիքները հեռվից: Այսպիսով, զարմանալի չէ, օրինակ, որ հարյուրապետի ծառային բժշկելուց անմիջապես հետո10 Հիսուսն ուղևորվեց Կափառնայում՝ դեպի Նային քաղաքը: Այստեղ էր, որ Հիսուսը կատարեց Իր երկրային ծառայության ամենաբարեսիրտ հրաշքներից մեկը, երբ Նա հրամայեց մահացած մի երիտասարդի` այրիացած մոր միակ որդուն, բարձրանալ և ապրել: Հիսուսը զգաց ոչ միայն այդ խեղճ մոր ուժեղ տառապանքը, այլ նաև նրա կյանքի դժվարին հանգամանքները, և Նա հուզվեց կնոջ հանդեպ անկեղծ կարեկցանքից:11

Մեղավոր կնոջ և Նայինի այրու նման մեր ազդեցության շրջանակի ներսում շատ մարդիկ ձգտում են սփոփանքի, ուշադրության, ներգրավման և որևէ օգնության, որ մենք կարող ենք առաջարկել նրանց: Մենք բոլորս կարող ենք գործիքներ լինել Տիրոջ ձեռքերում և գործել կարեկցանքով նրանց հանդեպ, ովքեր կարիքի մեջ են, ճիշտ, ինչպես Հիսուսն արեց:

Ես ճանաչում եմ մի փոքրիկ աղջկա, ով ծնվել է շուրթերի շատ լուրջ ճեղքով և գայլի երախով: Նա ստիպված էր բազմաթիվ վիրահատությունների շարքից առաջինը տանել իր կյանքի երկրորդ օրը: Մղվելով անկեղծ կարեկցանքից նրանց հանդեպ, ովքեր դիմակայում են նույն մարտահրավերին, այդ աղջիկը և նրա ծնողները ձգտում են աջակցություն, ըմբռնում և զգացմունքային օժանդակություն տրամադրել ուրիշներին, ովքեր դիմակայում են այդ դժվարին իրավիճակին: Նրանք վերջերս գրեցին ինձ և կիսվեցին. «Մեր դստեր մարտահրավերի միջոցով, մենք հնարավորություն ունեցանք հանդիպել հրաշալի մարդկանց, ովքեր սփոփանքի, աջակցության և քաջալերանքի կարիք ունեին: Որոշ ժամանակ առաջ, մեր դուստրը, ով այժմ 11 տարեկան է, խոսեց նույն խնդիրն ունեցող մի մանկիկի ծնողների հետ: Այդ զրույցի ընթացքում մեր դուստրը ակնթարթորեն հանեց դիմակը, որը կրում էր համավարակի պատճառով, որպեսզի ծնողները կարողանային տեսնել, որ հույս կար, չնայած այդ մանկիկը դեռ երկար ուղի ուներ անցնելու հաջորդ մի քանի տարիների ընթացքում` այդ խնդիրը հաղթահարելու համար: Մենք երախտապարտ ենք մեր կարեկցանքը տարածելու հնարավորության համար՝ բոլոր նրանց հանդեպ, ովքեր տառապում են, ինչպես Փրկիչն է անում մեզ համար: Մենք զգում ենք, թե ինչպես է թեթևանում մեր ցավն ամեն անգամ, երբ մենք թեթևացնում ենք մեկ ուրիշի ցավը:

Իմ սիրելի՛ ընկերներ, երբ մենք միտումնավոր ձգտում ենք գթառատ վերաբերմունք ներդնել մեր կենսակերպում, որի օրինակը տվել է Փրկիչը, մենք ավելի զգայուն ենք դառնում մարդկանց կարիքների հանդեպ: Այդ աճող զգայունությամբ, անկեղծ հետաքրքրության և սիրո զգացումներ կներթափանցեն մեր յուրաքանչյուր գործողության մեջ: Տերը կընդունի մեր ջանքերը, և մենք անկասկած կօրհնվենք Նրա ձեռքում գործիքներ դառնալու հնարավորություններով` սրտեր փափկացնելու և սփոփանք բերելու նրանց, ում «ձեռքերն … ընկած են»:12

Հիսուսի հանդիմանությունը Փարիսեցի Սիմոնին նաև պարզ դարձրեց, որ մենք երբեք չպետք է կոպիտ և դաժան դատողություններ անենք մեր մերձավորի հանդեպ, քանի որ մեր տկարությունների համար մենք բոլորս ըմբռնման և ողորմածության կարիք ունենք մեր սիրառատ Երկնային Հոր կողմից: Միթե՞ սա ճիշտ այն չէ, ինչ Փրկիչն ուսուցանեց մեկ այլ առիթով, երբ Նա ասաց. «Եւ ինչո՞ւ քո եղբօր աչքի միջի շիւղը տեսնում ես, եւ քո աչքի միջի գերանը չես նշմարում»:13

Մենք պետք է հաշվի առնենք, որ հեշտ չէ հասկանալ բոլոր հանգամանքները, որոնք ազդում են ինչ-որ մեկի վերաբերմունքի կամ արձագանքի վրա: Արտաքինը կարող է խաբուսիկ լինել և հաճախ չի ներկայացնում ինչ-որ մեկի վարքագծի ճշգրիտ ցուցանիշը: Ի տարբերություն մեզ՝ Քրիստոսը ունակ է հստակ տեսնել տվյալ իրավիճակի բոլոր կողմերը:14 Նույնիսկ, իմանալով մեր բոլոր թուլությունները, Փրկիչը հապճեպ չի դատապարտում մեզ, այլ շարունակում է աշխատել մեզ հետ կարեկցանքով, օգնելով մեզ հեռացնել գերանը մեր աչքից: Հիսուսը միշտ սրտին է նայում, ոչ թե արտաքինին:15 Նա Ինքն է հայտարարել. «Աչքի երևույթով մի դատեք»:16

Այժմ քննարկենք Փրկիչի իմաստուն խորհուրդը Նեփիացի տասներկու աշակերտներին՝ այս հարցի կապակցությամբ.

«Եվ իմացեք, որ դուք պիտի լինեք դատավորներն այս ժողովրդի՝ համաձայն այն արդարադատության, որ ես կտամ ձեզ, որը կլինի արդար: Հետևաբար, ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ճիշտ ինչպես ես եմ»:17

«Հետևաբար, ես կամենում եմ, որ դուք լինեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»:18

Այս համատեքստում Տերը դատաստան է դրել նրանց վրա, ովքեր իրենց վրա են վերցնում ուրիշների ենթադրյալ թերություններն անարդարացի դատելու իրավունքը: Որպեսզի արդար դատողություններ անելու իրավասություն ունենանք, մենք պետք է ձգտենք դառնալ Փրկիչի նման և մարդկանց թերություններին նայենք գթությամբ, այսինքն Նրա աչքերով: Հաշվի առնելով, որ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու կատարելության հասնելու համար, երևի ավելի լավ կլիներ, եթե նստեինք Հիսուսի ոտքերի մոտ և ողորմածություն հայցեինք մեր սեփական թերությունների համար, ինչպես դա արեց ապաշխարող կինը Փարիսեցու տանը, և այդքան շատ ժամանակ ու եռանդ չծախսենք՝ կենտրոնանալով ուրիշների մեջ նկատած թերությունների վրա:

Իմ սիրելի՛ ընկերներ, ես վկայում եմ, որ երբ մենք ձգտենք ընդունել Փրկիչի գթառատ օրինակը մեր կյանքում, մեր հարևանների արժանիքները գովաբանելու կարողությունը կմեծանա և նրանց թերությունները դատապարտելու մեր բնական բնազդը կնվազի: Մեր միությունը Աստծո հետ կաճի, և մեր կյանքն, անշուշտ, ավելի կքաղցրանա, մեր զգացմունքներն ավելի կքնքշանան, և մենք կգտնենք երջանկության անվերջ աղբյուր: Մենք հայտնի կդառնանք որպես խաղաղություն հաստատողներ,19 որոնց խոսքերը մեղմ են, ինչպես ցողը գարնան առավոտյան:

Ես աղոթում եմ, որ մենք դառնանք ավելի համբերատար և ըմբռնող ուրիշների հանդեպ, և Տիրոջ ողորմածությունը կատարյալ հեզությամբ կթեթևացնի մեր անհամբերությունը նրանց թերությունների հանդեպ: Սա է Փրկիչի հրավերը մեզ: Ես վկայում եմ, որ Նա ապրում է։ Նա է գթառատ և համբերատար աշակերտության կատարյալ օրինակը: Ես բերում եմ այդ ճշմարտությունների մասին իմ վկայությունը, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։