Գերագույն համաժողով
Հաջորդական կարգի տուն
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Հաջորդական կարգի տուն

«Հաջորդական կարգը» պարզ, բնական և արդյունավետ եղանակ է, որով Տերը մեզ՝ որպես Իր զավակներ, ուսուցանում է կարևոր սկզբունքներ:

Իմ մասնագիտական կյանքում և Եկեղեցում ծառայելիս ես սա արել եմ հազարավոր անգամներ, բայց ոչ երբևէ նախկինում, երբ 15 տղամարդիկ ուղղակի նստած են եղել իմ հետևում: Ես զգում եմ ձեր և նրանց աղոթքները:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես ծագումով Տոնգայի թագավորությունից եմ` Խաղաղ օվկիանոսի հարավային մասից, բայց մեծացել եմ Հյուսիսային Ամերիկայում: Համավարակը հետ է պահել հարյուրավոր, գուցե հազարավոր տոնգացի միսիոներների, ովքեր ծառայում են ամբողջ աշխարհում, իրենց սիրելի հայրենիք վերադառնալուց` փակ սահմանների պատճառով: Որոշ տոնգացի երեցներ իրենց միսիաներում են երեք տարի, իսկ քույրերը երկու տարուց ավելի: Նրանք համբերատար սպասում են հավատքով, որով հանրաճանաչ է մեր ժողովուրդը: Մինչդեռ, շատ մի անհանգստացեք, եթե նրանցից ոմանք, ովքեր ծառայում են ձեր ծխերում և ցցերում, սկսում են նմանվել ինձ` ծերանալով և սպիտակ մազեր ձեռք բերելով: Մենք ամենուրեք երախտապարտ ենք միսիոներներին` նրանց նվիրված ծառայության համար, նույնիսկ, երբ համավարակի պատճառով ավելի երկար կամ ավելի կարճ են ծառայում, քան իրենք էին ակնկալում:

Երբ ես սարկավագ էի, մի կիրակի նախասրահում ջրի սկուտեղով բաժանում էի հաղորդությունը, երբ մի կին ներս մտավ շենք: Պարտաճանաչ ձևով ես մոտեցա և նրան մեկնեցի սկուտեղը: Նա գլխով արեց, ժպտաց և մի բաժակ ջուր վերցրեց։ Նա շատ էր ուշացել հացը ստանալու համար: Այս փորձառությունից քիչ անց իմ տնային ուսուցիչ Նեդ Բրիմլին սովորեցրեց ինձ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի շատ հասկացություններ և օրհնություններ տրվում են մեզ հաջորդական կարգով:

Ավելի ուշ՝ այդ շաբաթ Նեդ Բրիմլին և նրա զուգընկերը եկան մեր տուն մի հիշարժան դասով: Նեդը հիշեցրեց մեզ, որ գոյություն ուներ կարգ, որով Աստված ստեղծեց երկիրը: Տերը մեծ խնամքով բացատրեց Մովսեսին այն կարգը, որով Ինքը ստեղծեց Երկիրը: Առաջինը Նա սկսեց բաժանել լույսը խավարից, ապա՝ ջուրը ցամաքից: Նա ավելացրեց բուսական կյանքը և կենդանիներին, նախքան նորաստեղծ մոլորակը կներկայացներ Իր մեծագույն արարչագործությանը` մարդկային ցեղին, սկսելով Ադամից և Եվայից:

«Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց: …

Եւ Աստուած տեսաւ բոլորն ինչ որ արել էր, եւ ահա շատ բարի էր» (Ծննդոց 1.27, 31):

Տերը գոհ էր։ Եվ Նա հանգստացավ յոթերորդ օրը:

Հաջորդական կարգը, որով Երկիրը ստեղծվեց, ոչ միայն պատկերացում է տալիս այն մասին, թե ինչն է ամենակարևորը Աստծո համար, այլ նաև ինչո՞ւ և ում համար Նա ստեղծեց Երկիրը:

Նկար
Նեդ Բրիմլին և ընտանիքը

Նեդ Բրիմլին շեշտադրեց իր ոգեշնչված դասը մի հասարակ դրույթով. «Վա՛յ, Աստծո տունը կարգուկանոնի տուն է: Նա ակնկալում է, որ դու ապրես քո կյանքը կարգուկանոնով։ Ճիշտ հաջորդականությամբ: Նա կամենում է, որ դու նախքան ամուսնանալը միսիա ծառայես»: Այս առումով, Եկեղեցու ղեկավարները ներկայումս ուսուցանում են, որ «Տերը ակնկալում է, որ յուրաքանչյուր ունակ երիտասարդ տղամարդ պատրաստվի ծառայելու: Երիտասարդ կանայք … ովքեր ցանկանում են ծառայել, պետք է նույնպես պատրաստվեն» (Ընդհանուր Ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 24.0, ChurchofJesusChrist.org): Եղբայր Բրիմլին շարունակեց. «Աստված ուզում է, որ դուք ամուսնանաք, մինչև երեխաներ ունենալը: Եվ Նա ուզում է, որ դուք անընդհատ զարգացնեք ձեր տաղանդները, երբ կրթություն ձեռք բերեք: Եթե դուք նախընտրում եք ապրել ձեր կյանքը հաջորդականությունից դուրս, դուք ձեր կյանքն ավելի դժվարին և քաոսային կդարձնեք:

Եղբայր Բրիմլին մեզ սովորեցրեց նաև, որ Իր քավիչ զոհաբերության միջոցով Փրկիչն օգնում է մեզ վերականգնել կարգը մեր կյանքում, որը քաոսային է կամ հաջորդականությունից դուրս՝ մեր կամ ուրիշների վատ ընտրությունների պատճառով:

Այդ ժամանակից սկսած ինձ գրավում էր «հաջորդական կարգը»: Ես սովորություն ձեռք բերեցի հաջորդական օրինակներ փնտրել կյանքում և ավետարանում:

Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է այս սկզբունքը. «Երբ մենք ուսումնասիրում, սովորում և ապրում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանով, հաջորդականությունը հաճախ ուսուցողական է: Օրինակ՝ խորհեք դասերի վերաբերյալ, որոնք մենք սովորում ենք հոգևոր առաջնահերթությունների մասին մեծ իրադարձությունների հաջորդականությունից, որոնք տեղի ունեցան, երբ Փրկիչի ավետարանի լրիվությունը վերականգնվեց այս վերջին օրերում:

Երեց Բեդնարը թվարկեց Առաջին Տեսիլքը և Մորոնիի առաջին հայտնությունը Ջոզեֆ Սմիթին, երբ պատանի մարգարեին ուսուցանում էր Աստծո էությունն ու բնավորությունը, այնուհետև` այն դերի մասին, որ խաղալու էին Մորմոնի Գիրքը և Եղիան` Իսրայելի հավաքման գործում, վարագույրի երկու կողմերում, այս վերջին տնտեսությունում:

Երեց Բեդնարը եզրակացնում է. «Հոգևոր հարցերին առնչվող այս ոգեշնչող հաջորդականությունը, որը Աստվածության համար բարձրագույն առաջնահերթություն ունի, ուսուցողական է» («Զավակների սրտերը կդառնան», Լիահոնա, նոյեմբեր 2011, 24):

Ես մի դիտարկում եմ արել, որ «հաջորդական կարգը» պարզ, բնական և արդյունավետ եղանակ է, որով Տերը մեզ՝ որպես Իր զավակներ, ուսուցանում է կարևոր սկզբունքներ:

Մենք Երկիր ենք եկել սովորելու և ձեռք բերելու փորձառություն, որը այլ կերպ չէինք կարող ունենալ: Մեր աճն առանձնահատուկ է անհատապես մեզանից յուրաքանչյուրի համար և կենսական բաղադրիչ է Երկնային Հոր ծրագրում: Մեր ֆիզիկական և հոգևոր աճը սկսվում է փուլերով և զարգանում է դանդաղ, երբ հաջորդաբար փորձ ենք ձեռք բերում:

Ալման հզոր քարոզ է տալիս հավատքի մասին` հիմնվելով սերմի համանմանության վրա, որը, եթե ճիշտ խնամվի և սնուցվի, փոքր տնկիից դառնում է լիարժեք աճած, հասուն ծառ, որը համեղ պտուղ է տալիս (տես Ալմա 32.28–43): Դասն այն է, որ ձեր հավատքը կմեծանա, երբ դուք տեղ տաք և սնուցեք սերմը կամ Աստծո խոսքը ձեր սրտերում: Ձեր հավատքը կմեծանա, երբ Աստծո խոսքը սկսի «ուռչել ձեր կրծքում» (հատված 28): Որ այն «ուռչում է, և ծլում, և սկսում աճել» (հատված 30) միաժամանակ և՛ տեսողական է, և՛ ուսանելի: Այն նաև հաջորդական է:

Տերն ուսուցանում է մեզ անհատապես` համաձայն մեր սովորելու կարողության, և թե ինչպես ենք մենք սովորում: Մեր աճը ամբողջապես կախված է մեր պատրաստակամությունից, բնական հետաքրքրասիրությունից, հավատքի մակարդակից և հասկացողությունից:

Նեփիին ուսուցանվեց այն, ինչ Ջոզեֆ Սմիթը սովորելու էր Կիրթլենդում (Օհայո)` ավելի քան 2300 տարի հետո. «Քանզի, ահա, այսպես է ասում Տեր Աստված. Ես կտամ մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ. և օրհնված են նրանք, ովքեր ականջ են դնում իմ ցուցումներին և ունկնդրում իմ խորհրդին, քանզի նրանք իմաստություն կսովորեն» (2 Նեփի 28.30):

Այն, որ մենք սովորում ենք «տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ», կրկին հաջորդական է:

Մտածեք հետևյալ ասացվածքների մասին, որոնք մենք լսել ենք մեր կյանքում. «Առաջին հերթին առաջին բաները» կամ «Մսից առաջ, նրանց կաթով կերակրեք»: Ի՞նչ կասեք «Նախքան վազելը մենք պետք է քայլենք» ասացվածքի մասին: Այդ աքսիոմաներից յուրաքանչյուրը նկարագրում է մի բան, որը հաջորդական է:

Հրաշքները գործում են` համաձայն հաջորդական կարգի: Հրաշքներ են տեղի ունենում, երբ մենք առաջինը հավատք ենք գործադրում: Հավատքը նախորդում է հրաշքին:

Երիտասարդ տղամարդիկ նույնպես կարգվում են Ահարոնյան Քահանայության պաշտոններում հաջորդականորեն, համաձայն կարգվողի տարիքի` սարկավագ, ուսուցիչ և հետո քահանա:

Փրկության և վեհացման արարողությունները հաջորդական են իրենց բնույթով: Մենք մկրտվում ենք` նախքան Սուրբ Հոգու պարգև ստանալը: Տաճարային արարողությունները նմանապես հաջորդական են: Իհարկե, ինչպես իմ ընկեր Նեդ Բրիմլին այնպես իմաստուն ձևով ուսուցանեց ինձ, հաղորդությունը հաջորդական է, այն սկսվում է հացով, որին հետևում է ջուրը:

«Եվ նորանք դեռ ուտում էին, Հիսուսն հացն առավ և օրհնելով կտրեց, և աշակերտներին տվավ և ասեց. Առեք, կերեք, այս է իմ մարմինը:

«Եվ բաժակն առաւ, գոհացաւ, նորանց տուաւ և ասեց. Խմեցէք դորանից ամենքդ:

«Որովհետև այդ է իմ արյունը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողություն մեղաց» (Մատթեոս 26.26–28):

Երուսաղեմում և Ամերիկա մայրցամաքում Փրկիչը հաստատեց հաղորդությունը ճիշտ նույն կարգով:

«Ահա, իմ տունը կարգ ու կանոնի տուն է, ասում է Տեր Աստվածը, ոչ թե խառնաշփոթության տուն» (Վարդապետություն և Ուխտեր 132.8):

Ապաշխարությունը հաջորդական է: Այն սկսվում է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով, նույնիսկ, եթե դա մի մասնիկ է: Հավատքը պահանջում է խոնարհություն, որը «կոտրված սիրտ և փշրված հոգի» ունենալու էական տարրն է» (2 Նեփի 2.7):

Իրոք, ավետարանի առաջին չորս սկզբունքները հաջորդական են: «Մենք հավատում ենք, որ Ավետարանի առաջնային սկզբունքներն ու արարողություններն են. առաջին՝ Հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս. երկրորդ՝ Ապաշխարություն. երրորդ՝ ընկղմամբ Մկրտություն մեղքերի թողության համար. չորրորդ՝ Ձեռնադրում Սուրբ Հոգու պարգևի համար» (Հավատո Հանգանակ 1.4):

Թագավոր Բենիամինն ուսուցանեց իր ժողովրդին այս կարևոր ճշմարտությունը. «Եվ տեսեք, որ բոլոր այս բաներն արվեն իմաստությամբ և կարգով. քանզի հարկավոր չէ, որ մարդ վազի ավելի արագ, քան ինքն ուժ ունի: Եվ բացի այդ, անհրաժեշտ է, որ նա ջանասեր լինի, որ այդպիսով նա կարողանա նվաճել մրցանակը. ուստի, բոլոր բաները պիտի արվեն կարգով» (Մոսիա 4.27):

Թող որ մենք ապրենք կարգով և ձգտենք հետևել հաջորդականությանը, որ Տերն է ուրվագծել մեզ համար: Մենք կօրհնվենք, երբ որոնենք և հետևենք այն օրինակներին ու հաջորդականությանը, որով Տերն է ուսուցանում այն, ինչն ամենակարևորն է Նրա համար: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: