Գերագույն համաժողով
Գեղեցիկ՝ իր պարզության մեջ և պարզ՝ իր գեղեցկության մեջ
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Գեղեցիկ՝ իր պարզության մեջ և պարզ՝ իր գեղեցկության մեջ

Թող որ մենք պարզ պահենք ավետարանը, երբ մեզ վրա վերցնենք Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու մեր աստվածային պարտականությունները:

Նախաբան

Ջերմորեն ողջունում եմ ձեզանից յուրաքանչյուրին, ով մասնակցում է այս համաժողովին:

Այսօր ես հույս ունեմ նկարագրել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի երկու տարրերը, որին կհաջորդեն ողջ աշխարհի Վերջին Օրերի Սրբերի չորս հուզիչ պատմություններ, որոնք ցուցադրում են այս սկզբունքների կիրառումը: Վերականգնված ավետարանի առաջին տարրը՝ Աստծո փրկության և վեհացման աշխատանքը, կենտրոնանում է աստվածայնորեն նշանակված պարտականությունների վրա։ Երկրորդ տարրը հիշեցնում է մեզ, որ ավետարանը հասարակ է, արժեքավոր և պարզ։

Աստվածայնորեն նշանակված պարտականություններ

Հավերժական կյանք ստանալու համար մենք պետք է «[գանք] Քրիստոսի մոտ և կատարելագործվե[ն]ք Նրանում»:1 Երբ գալիս ենք Քրիստոսի մոտ և օգնում ենք ուրիշներին անել նույնը, մենք մասնակցում ենք Աստծո փրկության և վեհացման աշխատանքին, որը կենտրոնանում է աստվածայնորեն նշանակված պարտականությունների վրա:2 Այս աստվածային պարտականությունները համընկնում են Մովսեսի, Եղիասի և Եղիայի կողմից վերականգնված քահանայության բանալիների հետ, ինչպես գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 110-րդ բաժնում,3 և Հիսուս Քրիստոսի երկրորդ մեծ պատվիրանի հետ՝ սիրել մեր մերձավորին մեր անձի պես:4 Դրանք գտնվում են նորացված Ընդհանուր Ձեռնարկի առաջին երկու էջերում և հասանելի են բոլոր անդամներին:

Եթե «Ընդհանուր ձեռնարկ» կամ «աստվածայնորեն նշանակված պարտականություններ» բառերը լսելով, դուք կդողաք բարդության կամ խառնաշփոթի հանդեպ վախից, խնդրում եմ, մի՛ արեք: Այս պարտականությունները պարզ են, ոգեշնչող, խթանող և կատարելի։ Ահա դրանք.

  1. Ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով

  2. Հոգ տանել կարիքավորների մասին

  3. Հրավիրել բոլորին ընդունել ավետարանը

  4. Միավորել ընտանիքները հավերժության համար

Դուք կարող եք դիտարկել դրանք այնպես, ինչպես ես եմ դիտարկում. որպես ճանապարհային քարտեզ՝ մեր սիրող Երկնային Հոր մոտ վերադառնալու համար:

Նկար
Փրկության և վեհացման աշխատանքըի տարրերը

Ավետարանը մաուր է, արժեքավոր և պարզ

Ասում են, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը «գեղեցիկ է իր պարզության մեջ և պարզ է իր գեղեցկության մեջ»։5 Սակայն աշխարհը՝ ոչ: Աշխարհը բարդ է՝ լի խառնաշփոթով ու կռիվներով։ Մենք օրհնվում ենք, երբ հոգ ենք տանում, որ աշխարհում տարածված բարդությունը խոչընդոտ չհանդիսանա ավետարանը ընկալելու և կիրառելու ճանապարհին:

Նախագահ Դալլին Հ. Օուքսը նկատել է. «Հիսուս Քրիստոսի ավետարանը մեզ ուսուցանում է բազմաթիվ փոքր և հասարակ բաներ: Մենք պետք է հիշենք, որ ընդհանրապես և որոշակի ժամանակի ընթացքում այդ փոքր թվացող բաները իրականացնում են մեծ բաներ»:6 Հիսուս Քրիստոսը՝ Ինքը, նկարագրում է, որ Իր լուծը քաղցր է, և Իր բեռը թեթև է:7 Մենք բոլորս պետք է ձգտենք ավետարանը պարզ պահել՝ մեր կյանքում, մեր ընտանիքներում, մեր դասերում ու քվորումներում և մեր ծխերում ու ցցերում:

Հետևյալ պատմությունները, որոնցով ես կկիսվեմ ձեզ հետ, խնամքով ընտրված են՝ մի կողմից ոգեշնչելու, իսկ մյուս կողմից՝ տեղեկացնելու համար: Այս Վերջին Օրերի Սրբերից յուրաքանչյուրի գործողությունները դառնում են օրինակ մեզանից յուրաքանչյուրի համար, կիրառելով ավետարանը հասարակ, թանկագին, պարզ եղանակներով, միաժամանակ կատարելով հենց նոր ներկայացված աստվածային պարտականություններից մեկը:

Ինչպես ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով

Առաջինը՝ ինչպես ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով Դանիայից Յենսը ամեն օր աղոթում է ավետարանով ապրելու և Սուրբ Հոգու հուշումները նկատելու համար: Նա սովորել է արագ գործել, երբ զգում է, որ առաջնորդվում է Հոգով։

Նկար
Յենս (Դանիա)

Նա պատմում է հետևյալը.

«Մենք ապրում ենք փայտից և աղյուսից կառուցված, ծղոտե ծածկով փոքրիկ հաճելի տան մեջ, որը գտնվում է մի գողտրիկ փոքրիկ գյուղի կենտրոնում՝ լճակի մոտ:

Նկար
Խաղաղ գյուղ
Նկար
Գյուղի լճակ

«Այդ երեկո դանիական ամառային ամենագեղեցիկ եղանակն էր, որ կարելի էր պատկերացնել: Դռներն ու պատուհանները բաց էին, և ամեն ինչ խաղաղ ու անդորր էր շնչում: Այդ սքանչելի պայծառ ու երկար ամառային գիշերների պատճառով ես չէի շտապում փոխել մեր տնտեսական սենյակի այրված լամպը:

Նկար
Տնտեսական սենյակի լամպ

Հանկարծ ուժեղ զգացողություն ունեցա, որ պետք է անմիջապե՛ս փոխեմ լամպը։ Միևնույն ժամանակ լսեցի, թե ինչպես է կինս՝ Մարիանը, կանչում ինձ ու երեխաներին, որ լվանանք մեր ձեռքերը, քանի որ ընթրիքը պատրաստ էր։

Ես ամուսնացած էի երկար ժամանակ և գիտեի, որ հիմա ձեռքերը լվանալուց բացի այլ բան սկսելու ժամանակը չէ, բայց ասացի Մարիանին, որ ես պարզապես արագ կգնամ խանութ՝ նոր լամպ գնելու: Ես անմիջապես հեռանալու ուժեղ զգացում ունեցա:

Մթերային խանութը լճակի մյուս կողմում էր: Մենք սովորաբար ոտքով էինք գնում այնտեղ, բայց այսօր վերցրի հեծանիվս: Լճակի կողքով անցնելիս աչքիս ծայրով նկատեցի, որ մոտ երկու տարեկան մի փոքրիկ տղա, որ մենակ քայլում էր լճակի ափին շատ մոտ, հանկարծ ընկավ ջուրը: Մի րոպե առաջ նա այնտեղ էր, իսկ հաջորդ պահին չկար:

Բացի ինձանից ոչ ոք չտեսավ, թե դա ինչպես պատահեց: Հեծանիվս նետեցի գետնին, վազեցի ու ցատկեցի լճի մեջ, որտեղ ջուրը գոտկատեղից բարձր էր: Ջրի մակերեսն անմիջապես փակվեց ջրոսպի տերևներով, ինչի հետեւանքով անհնար էր տեսնել ջրի միջով: Հետո մի կողմի վրա շարժում զգացի: Ձեռքս մտցրի ջրի մեջ, բռնեցի շապիկից և դուրս քաշեցի փոքրիկ տղային։ Նա սկսեց շնչել, հազալ և լաց լինել: Շուտով տղան վերամիավորվեց իր ծնողների հետ»:

Նկար
Յենսը և ընտանիքը

Երբ եղբայր Յենսը ամեն առավոտ աղոթում է Սուրբ Հոգու հուշումները ճանաչելու համար, նույնիսկ այնպիսի արտասովոր բանի, ինչպիսին անմիջապես լամպի փոխելն է, նա նաև աղոթում է, որ գործիք հանդիսանա՝ Աստծո զավակներին օրհնելու համար։ Յենսն ապրում է ավետարանով՝ ամեն օր փնտրելով աստվածային ուղղորդում, ձգտելով արժանի լինել, ապա ամեն ինչ անում է, որ հետևի ուղղորդմանը, երբ այն ստանա:

Ինչպես հոգ տանել կարիքավորների մասին

Ահա կարիքավորների մասին հոգ տանելու մի օրինակ: Մի օր Կոլումբիայի Կուկուտա ցցի մի ծխի ղեկավար, ցցի Երիտասարդ կանանց նախագահի հետ այցելեց իր ծխի երկու երիտասարդ կանանց և նրանց ավագ դեռահաս եղբորը, ովքեր անցնում էին մի քանի սարսափելի մաքառումների միջով: Վերջերս մահացել էր նրանց հայրը, իսկ մայրը մահացել էր մեկ տարի առաջ: Երեք երեխաները այժմ մենակ էին մնացել իրենց փոքրիկ, համեստ կացարանում: Պատերը պատրաստված էին անմշակ փայտից՝ պատված պլաստիկե տոպրակներով, իսկ ծալքավոր թիթեղյա ծածկը ծածկում էր միայն այն տարածքը, որտեղ նրանք քնում էին:

Այցելությունից հետո այս ղեկավարները գիտեին, որ նրանք օգնության կարիք ունեն: Ծխի խորհրդի միջոցով այդ ընտանիքին օգնելու ծրագիր մշակվեց: Ծխի և ցցի ղեկավարները՝ Սփոփող միությունը, երեցների քվորումը, Երիտասարդ տղամարդիկ, Երիտասարդ կանայք և շատ ընտանիքներ ստանձնեցին այս ընտանիքին օրհնելու պարտականությունը:

Նկար
Տունը կառուցվում է
Նկար
Տունը կառուցվում է

Ծխի կազմակերպությունները կապ հաստատեցին ծխի մի քանի անդամների հետ, ովքեր աշխատում են շինարարության ոլորտում։ Ոմանք օգնում էին նախագծման հարցում, մյուսները՝ ժամանակ ու աշխատանք էին ներդնում, ոմանք կերակուր էին պատրաստում, իսկ ոմանք էլ անհրաժեշտ նյութեր նվիրաբերում։

Նկար
Ավարտված տունը

Երբ փոքրիկ տան կառուցումն ավարտվեց, ուրախ օր էր նրանց համար, ովքեր օգնել էին, ուրախություն էր նաև ծխի երեք երիտասարդ անդամների համար: Այս որբ երեխաները զգացին իրենց ծխական ընտանիքի ջերմ ու հուսադրող կապերը՝ իմանալով, որ իրենք միայնակ չեն, և որ Աստված միշտ իրենց կողքին է: Նրանք, ովքեր օգնության ձեռք մեկնեցին, զգացին Փրկիչի սերը այս ընտանիքի հանդեպ, և հանդես եկան որպես Նրա ձեռքեր՝ ծառայելով այդ ընտանիքին:

Ինչպես հրավիրել բոլորին ընդունել ավետարանը

Կարծում եմ, որ դուք բավականություն կստանաք ավետարանն ընդունելու հրավերի այս օրինակից: Քեյփ Վերդեից 17-ամյա Քլեյթոնը գաղափար անգամ չուներ, թե ինչ տեղի կունենար մի օր՝ իր ծխի սեմինարիայի դասարան մտնելու արդյունքում։ Բայց նրա կյանքը և ուրիշների կյանքը հավիտյան փոխվելու էր, քանի որ նա այդպես վարվեց:

Քլեյթոնը, իր մոր և ավագ եղբոր հետ, որոշ ժամանակ առաջ մկրտվել էր Եկեղեցում, սակայն ընտանիքը դադարել էր Եկեղեցի հաճախել։ Սեմինարիային մասնակցելու նրա քայլը ազդեցիկ փոփոխության ազդակ էր նրա ընտանիքի համար:

Սեմինարիայի դասարանի մյուս երիտասարդները ջերմ էին և հյուրընկալ: Նրանք Քլեյթոնին օգնեցին զգալ ինչպես իր տանը և խրախուսեցին նրան մասնակցել մեկ ուրիշ միջոցառման։ Նա այդպես էլ վարվեց և շուտով սկսեց հաճախել Եկեղեցու իր մյուս ժողովներին: Իմաստուն եպիսկոպոսը հոգևոր ներուժ տեսավ Քլեյթոնի մեջ և հրավիրեց նրան լինել իր օգնականը։ «Այդ պահից սկսած՝ Կլեյթոնը դարձավ օրինակ, և ազդեցություն ունեցավ մյուս երիտասարդների վրա», - ասում է եպիսկոպոս Կռուզը:

Առաջին մարդը, ում Քլեյթոնը կրկին եկեղեցի հրավիրեց, իր մայրն էր, ապա՝ ավագ եղբայրը։ Այնուհետեւ նա ընդլայնեց շրջանակը և ընդգրկեց իր ընկերներին: Այդ ընկերներից մեկը իր տարիքի երիտասարդ էր՝ Վիլսոն անունով: Միսիոներների հետ իր առաջին հանդիպման ժամանակ Վիլսոնը մկրտվելու ցանկություն հայտնեց: Միսիոներները տպավորված և զարմացած էին, թե Քլեյթոնն ինչքան բան էր սովորեցրել Վիլսոնին:

Նկար
Երիտասարդ տղամարդիկ Քեյփ Վերդեում
Նկար
Ինչպես հրավիրել ուրիշներին գալ եկեղեցի
Նկար
Ինչպես ստեղծել ակտիվ երիտասարդների խումբ

Քլեյթոնի ջանքերը այդքանով չվերջացան: Նա օգնեց այլ քիչ ակտիվ անդամների վերադառնալ Եկեղեցի, բացի այդ, նա ավետարանով կիսվում էր այլ հավատքների ընկերների հետ: Այսօր ծուխն ունի 35 ակտիվ երիտասարդներ՝ բարգավաճող սեմինարիայի ծրագրով, մեծ մասամբ Քլեյթոնի՝ սիրելու, կիսվելու և հրավիրելու ջանքերի շնորհիվ: Քլեյթոնը իր ավագ եղբոր՝ Քլեբերի հետ պատրաստվում է ծառայել լիաժամկետ միսիայում:

Ինչպես միավորել ընտանիքները հավերժության համար

Վերջապես, թույլ տվեք կիսվել ընտանիքի հավերժական միավորման մի գեղեցիկ օրինակով: Ուկրաինայի Խարկով քաղաքից Լիդիան առաջին անգամ տաճարի մասին տեղեկացավ միսիոներներից: Լիդիան իսկույն զգաց տաճար հաճախելու ջերմեռանդ ցանկություն և մկրտվելուց հետո սկսեց նախապատրաստվել տաճարային երաշխավորագիր ստանալուն:

Լիդիան այցելեց Ֆրայբերգ Գերմանիա տաճարը, որպեսզի ստանա իր օժտումը, իսկ հետո մի քանի օր այնտեղ տաճարային փոխարինող արարողություններ կատարեց մահացածների համար: Կիև Ուկրաինա տաճարի նվիրագործումից հետո Լիդիան ավելի հաճախ էր գնում տաճար։ Նա և իր ամուսինը՝ Անատոլին, հավերժ կնքվեցին այնտեղ և հետագայում կանչվեցին ծառայելու որպես տաճարային միսիոներներ։ Նրանք միասին գտել են նախնիների ավելի քան 15000 անուն և տաճարային արարողություններ են կատարել նրանց համար։

Նկար
Ուկրաինացի զույգը տաճարում

Երբ Լիդիային հարցրին, թե ինչ է զգում տաճարային աշխատանքի վերաբերյալ, նա ասաց. «Ի՞նչ եմ ես ստացել տաճարում: Նոր ուխտեր եմ կապել Աստծո հետ: Իմ վկայությունն ամրապնդվել է: Ես սովորել եմ անձնական հայտնություն ստանալ: Ես կարողանում եմ փրկարար արարողություններ կատարել իմ հանգուցյալ նախնիների համար: Եվ ես կարող եմ սիրել ու ծառայել ուրիշներին»: Նա եզրափակեց այս շատ ճշմարիտ հայտարարությամբ. «Տերն ուզում է հաճախ տեսնել մեզ տաճարում»:

Ամփոփում

Ես ոգեշնչված եմ այս Վերջին Օրերի Սրբերի բարությամբ, որոնցից յուրաքանչյուրն ունի բազմազան և տարբեր ծագումներ, որոնք կենտրոնացած են այս չորս պատմություններում։ Շատ բան կարելի է սովորել հրաշալի արդյունքներից, որոնք գալիս են ավետարանի պարզ սկզբունքների պարզ կիրառման միջոցով: Մենք ընդունակ ենք կատարել այն նույն գործերը, ինչ այս պատմությունների մարդիկ:

Թող որ մենք պարզ պահենք ավետարանը, երբ մեզ վրա վերցնենք Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու մեր աստվածային պարտականությունները, որպեսզի զգայուն լինենք հուշումների հանդեպ, ինչպես՝ Յենսը Դանիայից: Հոգ տանենք կարիքավորների մասին, ինչպես ցույց են տվել Կոլումբիայի Կուկուտա ցցի անդամները՝ ապաստան տրամադրելով ծխի որբ անդամներին։ Հրավիրենք բոլորին ընդունել ավետարանը այնպես, ինչպես Քլեյթոնը աֆրիկյան կղզիների Քեյփ Վերդե երկրից վարվեց իր ընկերների և ընտանիքի հետ: Ի վերջո, միավորել ընտանիքները հավերժության համար, ինչպես օրինակ ծառայեց քույր Լիդիան Ուկրաինայից, իր սեփական տաճարային արարողությունների, ընտանեկան պատմության ջանքերի և տաճարային ծառայության միջոցով:

Դա, անշուշտ, ուրախություն և խաղաղություն կբերի: Ես խոստանում ու վկայում եմ այդ մասին, ինչպես նաև Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես մեր Փրկիչ ու մեր Քավիչ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Մորոնի 10.32:

  2. Տես Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 1.2, ChurchofJesusChrist.org:

  3. Տես Վարդապետություն և Ուխտեր 110․11-16: Տես նաև Դալլին Հ․ Օուքս, «Մելքիսեդեկյան քահանայությունը և բանալիները», Լիահոնա, մայիս 2020, 70. «Կիրթլենդում (Օհայո) այս տնտեսության առաջին տաճարի նվիրագործումից հետո երեք մարգարեներ՝ Մովսեսը, Եղիասը և Եղիան, վերականգնեցին «այս տնտեսության բանալիները», ներառյալ՝ Իսրայելի հավաքման և Տիրոջ տաճարների աշխատանքի բանալիները»: Տես նաև Քվենտին Լ․ Քուք, «Նախապատրաստվել Հանդիպել Աստծուն», Լիահոնա, մայիս 2018, 114. «Հնադարյան մարգարեները վերականգնեցին քահանայության բանալիները Հիսուս Քրիստոսի ավետարանի հավերժական փրկարար արարողությունների համար: Այդ բանալիներն ապահովում են «զորությամբ … ի վերուստ»՝ [Վարդապետություն և Ուխտեր 38․38] աստվածայնորեն նշանակված պարտականությունները կատարելու համար, որը հանդիսանում է Եկեղեցու հիմնական նպատակը»։

  4. Տես Մատթեոս 22.36–40։

  5. Տե՛ս Matthew Cowley Speaks: Discourses of Elder Matthew Cowley of the Quorum of the Twelve of The Church of Jesus Christ of Latter-day Saints (1954), xii:

  6. Դալլին Հ․ Օուքս, «Փոքր և հասարակ բաներ», Լիահոնա, մայիս 2018, 89։

  7. Տես Մատթեոս 11.30: