Գերագույն համաժողով
Գործելու և դառնալու հավատք
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Գործելու և դառնալու հավատք

Աղոթքի, սուրբ գրությունների ուսումնասիրության և գործելու միջոցով մենք կարող ենք բացել երկնքի օրհնությունները և դառնալ Փրկիչ Հիսուս Քրիստոսի ավելի լավ հետևորդներ:

Կարճ ժամանակ անց, երբ ինձ կանչեցին ծառայելու որպես Գերագույն Իշխանություն Յոթանասունական, ես հնարավորություն ունեցա մի քանի րոպե զրուցել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետ։ Դա չծրագրված հանդիպում էր ճաշարանում, և նա այնքան բարի էր, որ հրավիրեց ինձ և երեց Ս. Մարկ Փալմերին նստել ու ճաշել իր հետ։

«Ինչի՞ մասին ենք մենք խոսում մարգարեի հետ ճաշի ժամանակ», - առաջին միտքն էր, որ ծագեց իմ գլխում: Այսպիսով, ես որոշեցի հարցնել նախագահ Նելսոնին՝ արդյոք նա որևէ խորհուրդ և ուղղորդում ուներ ինձ համար այն ժամանակից ի վեր, երբ ես նոր էի սկսել իմ ծառայությունը։ Նրա պատասխանը շատ պարզ և ուղղակի էր, նա նայեց ինձ և ասաց. «Երեց Շմայլ, դու կանչված ես, որ քո ներուժի շնորհիվ դառնաս այն, ինչ կարող ես դառնալ»: Ես հեռացա այդ փորձառությունից՝ խորհելով այն մասին, թե Տերն ինչ է ուզում, որ ես դառնամ: Երբ մտածում էի այդ մասին, հասկացա, որ Տերն ուզում է, որ ես դառնամ ավելի լավ ամուսին, հայր, որդի և ավելի լավ ծառա։ Այնուհետև ես հասկացա, որ այս ամենը հնարավոր է իրականացնել, երբ ես աշխատեմ դառնալ Փրկիչ Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտը։

Վերջին գերագույն համաժողովում նախագահ Նելսոնն ասել է. «Լավ բան անելու համար ջանքեր են պահանջվում։ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտ դառնալու համար նույնպես ջանքեր են պահանջվում»։1 Նախագահ Նելսոնը հրավիրում է մեզ ջանասիրաբար աշխատել՝ Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտներ դառնալու համար: Նա մեզ ասել է, որ Փրկիչին ավելի շատ նմանվելու համար մենք պետք է ամրացնենք մեր հավատքը՝ խնդրելով, գործելով և ուսումնասիրելով՝ ի թիվս այլ բաների։

1. Խնդրեք

Նա ասել է. «Խնդրիր քո Երկնային Հորը՝ Հիսուս Քրիստոսի անունով, որ օգնի քեզ»:2 Աղոթքի միջոցով խնդրելը Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտ դառնալու բանալիներից մեկն է։

Ամերիկայի նեփիացիների մեջ Իր ծառայության վերջում Հիսուս Քրիստոսը երկինք համբարձվեց։ Ավելի ուշ Նրա աշակերտները հավաքվեցին՝ «միավորվելով հզոր աղոթքով և ծոմով: Եվ Հիսուսն իրեն կրկին ցույց տվեց նրանց, քանի որ նրանք աղոթում էին Հորը՝ նրա անունով»։3 Ինչո՞ւ Հիսուսը կրկին Իրեն ցույց տվեց իր աշակերտներին։ Որովհետև նրանք աղոթում էին, նրանք խնդրում էին:

Ապա Նա շարունակեց․

«Եվ այժմ ես գնում եմ Հոր մոտ: Եվ ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ինչ բաներ որ դուք խնդրեք Հորը, իմ անունով, կտրվի ձեզ:

Հետևաբար, խնդրեք և դուք կստանաք. թակեք և կբացվի ձեզ. քանզի նա, ով խնդրում է, ստանում է. և նրա համար, ով թակում է, կբացվի»:4

Մենք պետք է հավատքով խնդրենք, որ իմանանք Տիրոջ կամքը, և ընդունենք, որ Տերը գիտի, թե ինչն է մեզ համար ավելի լավ:

2. Գործեք

Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտ դառնալու մեկ այլ կարևոր բանալին գործելն է։ Երբ մենք գործենք, Նա կառաջնորդի և կուղղորդի մեզ մեր ճանապարհին։ Ես վստահ եմ, որ Նեփին առաջնորդություն էր փնտրում Տիրոջից, որպեսզի իմանար, թե ինչպես ստանալ արույրե թիթեղները Լաբանից, սակայն նա և իր եղբայրները երկու անգամ փորձեցին առանց հաջողության: Բայց նրանք գործում էին, և Տերը նրանց առաջնորդում էր ճանապարհին։ Ի վերջո, Նեփին հաջողության հասավ երրորդ անգամ։ Նա հիշում էր. «Եվ ես առաջնորդվում էի Հոգու կողմից՝ նախապես չիմանալով բաները, որոնք պետք է անեի»:5

Ահա թե ինչպես է Տերը գործում, երբ մենք ջանքեր ենք գործադրում և աշխատում, նույնիսկ, երբ մենք հստակ պատկերացում չունենք, թե ինչ է հարկավոր անել։ Տերը Նեփիին ասաց, թե ինչ անել՝ գնացեք և ստացեք թիթեղները: Բայց Նա Նեփիին չասաց, թե ինչպես անել դա։ Նա այդ գործը թողեց Նեփիին, որպեսզի նա հասկանա և դիմի Տիրոջ օգնությանը, և հաճախ Տերը այդպես է գործում մեր կյանքում։ Երբ մենք գործում ենք հավատքով, Տերը առաջնորդում և ուղղորդում է մեզ:

3. Ուսումնասիրեք

Նեփիի 3-րդ գլխում աշակերտներն ասացին Փրկիչին, որ ժողովրդի մեջ տարաձայնություններ կան՝ կապված Եկեղեցու անվան հետ։ Ի պատասխան՝ Փրկիչը մի կարևոր սկզբունք ուսուցանեց, երբ հարցրեց. «Մի՞թե [նրանք չեն] կարդացել սուրբ գրքերը»։6 Այսպիսով՝ ուսումնասիրությունը Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտ դառնալու մեկ այլ կարևոր բանալին է։ Աղոթքն ու սուրբ գրությունների ուսումնասիրությունը սերտորեն կապված են միմյանց հետ։ Նրանք միասին աշխատում են ի օգուտ մեզ: Սա այն գործընթացն է, որը հաստատել է Տերը: «Սնվեք Քրիստոսի խոսքերով. Քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:7

Փրկիչը նաև ուսուցանեց, որ մենք ոչ միայն պետք է ուսումնասիրենք սուրբ գրությունները, այլ նաև ուսուցանենք դրանք, ինչպես Նա ցույց տվեց նեփիացիներին. «Եվ այժմ եղավ այնպես, որ երբ Հիսուսը բացատրեց բոլոր սուրբ գրությունները, որոնք նրանք գրել էին, որպես մեկ ամբողջություն, նա պատվիրեց նրանց, որ նրանք սովորեցնեն այն բաները, որոնք նա մեկնաբանել էր նրանց»:8

Սա է պատճառներից մեկը, թե Նեփիի համար ինչու էր այդքան կարևոր վերադառնալ և ստանալ արույրե թիթեղները: Նրա ընտանիքը սուրբ գրությունների կարիքն ուներ ոչ միայն, որ դրանք օգնեին իրենց ճամփորդել դեպի խոստումի երկիրը, այլև օգնեին իրենց ուսուցանել իրենց զավակներին: Մենք նույնպես պետք է սուրբ գրություններից առաջնորդություն փնտրենք մեր ճամփորդության համար, և պետք է ուսուցանենք դրանք մեր տներում ու Եկեղեցու կոչումներում։

4. Գործեք՝ ավելի լավ աշակերտ դառնալու համար

Շատ դեպքերում աղոթքի պատասխանները անմիջապես չեն գալիս: Բայց մենք պետք է հավատք ունենանք՝ շարունակելով գործել արդարությամբ, և հաստատակամ լինենք Նեփիի նման, երբ նա փորձում էր ստանալ արույրե թիթեղները։ Տերը մեզ ժամանակ առ ժամանակ քիչ-քիչ ցույց կտա, թե մենք ինչ պետք է անենք: Սուրբ գրություններն ուսումնասիրելիս Տերը մեզ կտա պատասխաններ կամ անհրաժեշտ ուժ՝ ևս մեկ օր, մեկ շաբաթ դիմանալու ու ևս մեկ անգամ փորձելու համար: Երեց Ռիչարդ Գ. Սքոթը ասել է. «Շնորհակալ եղեք, երբ Աստված երբեմն թույլ է տալիս ձեզ երկար պայքարել՝ պատասխանը ստանալուց առաջ: Դա ստիպում է, որ ձեր հավատքն աճի և ձեր բնավորությունն ամրանա»:9

Աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցով Տերը ինձ միշտ ուժ է տվել գործելու, ևս մեկ օր, մեկ շաբաթ դիմանալու ու ևս մեկ անգամ փորձելու համար: Շատ անգամներ այդ պատասխանները անմիջապես չեմ ստացել: Ես ունեմ հարցեր, որոնց պատասխանները դեռ չեմ ստացել, բայց ես շարունակում եմ հարցնել և ուսումնասիրել։ Ես ուրախ եմ, որ Տերը շարունակում է ինձ գործելու ուժ տալ, մինչ ես սպասում եմ պատասխաններին։

Երեց Սքոթն ասել է. «Երբ հասնում եք ձեր հասկացողության սահմանին և մտնում անորոշության խավարի մեջ, հավատք գործածելով դուք կգտնեք լուծումներ, որոնք այլապես չէիք ստանա»:10

Փրկիչ Հիսուս Քրիստոսի ավելի լավ հետևորդ դառնալը կյանք տևող ճանապարհ է, և մենք բոլորս տարբեր փուլերում ենք՝ շարժվելով տարբեր տեմպերով: Մենք պետք է հիշենք, որ սա մրցակցություն չէ, և մենք այստեղ ենք, որ սիրենք ու օգնենք միմյանց։ Մենք պետք է գործենք, որպեսզի թույլ տանք, որ Փրկիչը աշխատի մեզ հետ մեր կյանքում։

Խոսելով Սիդնի Ռիգդոնի հետ՝ Տերն ասաց հետևյալը. «Ես նայել եմ քեզ և քո գործերին: Ես լսել եմ քո աղոթքները և նախապատրաստել քեզ ավելի մեծ գործի համար»:11 Ես վկայում եմ, որ Տերը լսում և պատասխանում է մեր աղոթքներին, Նա ճանաչում է մեզ, և Նա մեծ աշխատանք ունի մեզանից յուրաքանչյուրի համար: Աղոթքի, սուրբ գրությունների ուսումնասիրության և գործելու միջոցով մենք կարող ենք բացել երկնքի օրհնությունները և դառնալ Փրկիչ Հիսուս Քրիստոսի ավելի լավ հետևորդներ:

Երեց Դալլին Հ. Օուքսն ասել է. «Վերջին դատաստանը մեր կատարած բարի ու չար գործերի ընդհանուր պարզ գնահատականը չէ: Դա մեր գործերի և մտքերի վերջնական ազդեցության գնահատումն է, այսինքն նրա՝ ինչ մենք դարձել ենք»:12

Շնորհակալ եմ մարգարեների, տեսանողների և հայտնողների համար, նրանք աշտարակի պահապաններն են: Նրանք տեսնում են բաներ, որոնք մենք չենք տեսնում։ Ես վկայում եմ, որ նրանց խոսքերով մենք կարող ենք դառնալ Փրկիչ Հիսուս Քրիստոսի ավելի լավ հետևորդներ և հասնել մեր ներուժին։ Ես վկայում եմ, որ Քրիստոսն ապրում և անհատապես ճանաչում է մեզանից յուրաքանչյուրին: Սա Նրա Եկեղեցին է: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: