Գերագույն համաժողով
«Սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»:
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


«Սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»:

Ի՞նչ կարող եք անել ձեր կյանքում, որպեսզի ցույց տաք, որ առաջին հերթին սիրում եք Տիրոջը:

2019 թ․ նոյեմբերին ընկերոջս հետ այցելել էինք Սուրբ Երկիր: Այդ ընթացքում մենք քննում ու ուսումնասիրում էինք Հիսուս Քրիստոսի կյանքի մասին սուրբգրային հատվածներ։ Մի առավոտ մենք կանգնած էինք Գալիլեայի ծովի հյուսիս-արևմտյան ափին՝ մի վայրում, որտեղ, հավանաբար, Հիսուսը Իր հարությունից հետո հանդիպել էր աշակերտներին։

Ինչպես կարդում ենք Հովհաննես 21-րդ գլխում, Հիսուսի հարությունից հետո Պետրոսը և մյուս աշակերտները ամբողջ գիշեր ապարդյուն փորձում էին ձուկ որսալ։1 Առավոտյան նրանք ափին կանգնած մի մարդու տեսան, ով նրանց ասաց, որ իրենց ցանցը նետեն նավի մյուս կողմը։ Ի զարմանս նրանց՝ մի հրաշքով ցանցը լցվեց:2

Նրանք անմիջապես հասկացան, որ այդ մարդը Տերն է և շտապեցին ողջունել Նրան։

Երբ նրանք ձկներով լի ցանցը քարշ տալով ափ հանեցին, Հիսուսն ասաց. «Եկե՛ք, ճաշեք»:3 Հովհաննեսը գրել է, որ «երբ ճաշեցին, Հիսուսը Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»։4

Երբ ես կանգնած էի այդ նույն ծովափին, հասկացա, որ Փրկիչի հարցը ամենակարևոր հարցերից մեկն է, որ մի օր Նա կարող է ինձ տալ: Ես գրեթե լսում էի Նրա ձայնը, թե ինչպես է հարցնում. «Ռասսե՛լ, սիրում ես ինձ ավելի, քան դրանք»:

Դուք մտածե՞լ եք, թե ինչ էր ակնարկում Հիսուսը, երբ հարցրեց Պետրոսին. «Սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»:

Այս հարցադրումով մեր օրերում Տերը կարող է հարցնել մեզ, թե որքան զբաղված ենք մենք, և այն բազմաթիվ դրական և բացասական ազդեցությունների մասին, որոնք մրցակցում են՝ խլելով մեր ուշադրությունն ու ժամանակը։ Նա կարող է յուրաքանչյուրիս հարցնել՝ արդյոք մենք Իրեն ավելի շատ ենք սիրում, քան այս աշխարհի բաները։ Հարցը կարող է լինել այն մասին, թե մենք իրականում ինչ ենք գնահատում կյանքում, ում ենք հետևում, և ինչպիսին են մեր հարաբերությունները ընտանիքի անդամների և հարևանների հետ: Կամ գուցե Նա հարցնում է, թե իրականում ինչն է մեզ ուրախություն և երջանկություն պարգևում:

Արդյոք այս աշխարհի բաները մեզ տալի՞ս են այն ուրախությունը, երջանկությունը և խաղաղությունը, որ Փրկիչը առաջարկեց Իր աշակերտներին, և նույնը Նա մեզ է առաջարկում: Միայն Նա կարող է մեզ բերել իրական ուրախություն, երջանկություն և խաղաղություն, եթե մենք սիրենք Նրան և հետևենք Նրա ուսմունքներին։

Ինչպե՞ս կպատասխանեինք «Սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք» հարցին:

Երբ բացահայտենք այս հարցի լիարժեք իմաստը, մենք կարող ենք դառնալ Եկեղեցու և ընտանիքի ավելի լավ անդամներ, հարևաններ, քաղաքացիներ, և Աստծո որդիներ ու դուստրեր։

Իմ տարիքում բազմաթիվ հուղարկավորությունների եմ մասնակցել։ Վստահ եմ, որ ձեզանից շատերը նկատել են այն, ինչ ես եմ նկատել։ Ընտանիքի մահացած անդամի կամ ընկերոջ ձեռքբերումները նշելիս հազվադեպ է խոսք լինում հանգուցյալի տան չափսերի, մեքենաների քանակի կամ բանկային հաշվի հաշվեկշռի մասին։ Ոչ էլ սովորաբար խոսում են սոցիալական ցանցերի նրա հրապարակումների մասին։ Իմ մասնակցած հուղարկավորությունների ժամանակ մեծ մասամբ խոսում են հարազատի մարդկային հարաբերությունների, մերձավորին ծառայելու, կյանքի դասերի, փորձառությունների և Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած նրա սիրո մասին։

Սխալ չհասկանաք։ Ես չեմ ասում, որ գեղեցիկ տուն կամ գեղեցիկ մեքենա ունենալը սխալ է կամ սոցիալական մեդիայի օգտագործումը վատ է։ Իմ ասածն այն է, որ, ի վերջո, Փրկիչին սիրելու համեմատ՝ այդ բաները շատ քիչ նշանակություն ունեն։

Երբ սիրում և հետևում ենք Նրան, մենք հավատում ենք Նրան։ Մենք ապաշխարում ենք։ Մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին, երբ մկրտվում ենք և ստանում Սուրբ Հոգին: Մենք համբերում ենք մինչև վերջ և մնում ենք ուխտի ճանապարհին։ Մենք ներում ենք մեր ընտանիքի անդամներին ու մերձավորներին՝ թույլ տալով, որ ոխը հեռանա մեր միջից։ Մենք ջանում ենք պահել Աստծո պատվիրանները։ Մենք ձգտում ենք հնազանդ լինել։ Մենք ուխտեր ենք կապում և պահում։ Մենք պատվում ենք մեր հայրերին ու մայրերին։ Մի կողմ ենք դնում աշխարհիկ ազդեցությունները։ Եվ պատրաստվում ենք Նրա Երկրորդ Գալուստին։

«Կենդանի Քրիստոսը. առաքյալների վկայությունը» հռչակագրում կարդում ենք. «[Հիսուսը] մի օր կվերադառնա երկիր…. Նա կղեկավարի՝ ինչպես Թագավորների Թագավորը և կկառավարի՝ ինչպես Տերերի Տերը, և ամեն ծունկ պիտի ծալվի ու ամեն լեզու խոստովանի Նրա առջև՝ երկրպագության մեջ։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է կանգնի՝ Նրա կողմից դատվելու համար՝ համաձայն մեր գործերի ու մեր սրտի ցանկությունների»:5

Որպես «Կենդանի Քրիստոս» փաստաթուղթը ստորագրած առաքյալներից մեկը, կարող եմ ասել, որ իմացությունը, որ Հիսուսն է «լույսը, կյանքը և հույսը աշխարհի»,6 ինձ ավելի մեծ ցանկություն է տալիս ամեն օր ավելացնել իմ սերը Նրա հանդեպ։

Ես վկայում եմ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ապրում են: Ես վկայում եմ, որ Նրանք մեզ սիրում են: Սուրբ գրքերը մեզ ուսուցանում են․ «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»:7 Սուրբ գրությունները ուսուցանում են նաև, որ Հիսուսը «այնպես սիրեց աշխարհը, որ տվեց իր կյանքը, որ բոլոր նրանք, ովքեր կհավատան, դառնան Աստծո որդիներ»։8

Երկնային Հայրն այնքան էր սիրում մեզ, որ նախապատրաստեց փրկության իր ծրագիրը, որի առանցքում Փրկիչն էր։ Եվ Հիսուսը այնքան սիրեց մեզ, որ երբ երկնքի մեծ Խորհրդում Երկնային Հայրը հարցրեց. «Ո՞ւմ ուղարկեմ»։ Հիսուսը, որ Հոր բոլոր ոգեղեն զավակների անդրանիկն էր, պատասխանեց. «Ահա ես, ինձ ուղարկիր»:9 Նա ասաց Հորը․ «Հայր, քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան»։10 Հիսուսը ցանկություն հայտնեց լինել մեր Փրկիչն ու Քավիչը, որպեսզի մենք կարողանայինք դառնալ Նրանց նման և վերադառնալ Նրանց ներկայություն։

Այս երկու սուրբ գրությունները նաև սովորեցնում են, որ Նրանց ներկայությունը վերադառնալու համար մենք պետք է հավատանք։ Մենք պետք է հավատանք Հիսուսին և Աստծո երջանկության ծրագրին։ Փրկիչին հավատալը սիրելն ու հետևելն է, և նույնիսկ փորձությունների և կռիվների մեջ՝ Նրա պատվիրանները պահելը։

Այսօր աշխարհն անհանգիստ է։ Շատ հիասթափություններ, տարաձայնություններ, նեղություններ և շեղումներ կան։

Նախագահ Դալլին Հ. Օուքսը, ելույթ ունենալով 2017 թվականին, նշել է հետևյալը. «Այժմ դժվարին ժամանակներ են՝ լցված մեծ անհանգստություններով՝ պատերազմներ և պատերազմների համբավներ, վարակիչ հիվանդությունների հնարավոր համաճարակներ, երաշտներ, ջրհեղեղներ և եղանակի համընդհանուր տաքացում»:11

Մենք չենք կարող կորցնել մեր սերն ու հույսը Հիսուսի հանդեպ, նույնիսկ եթե բախվում ենք անհաղթահարելի թվացող դժվարությունների։ Երկնային Հայրը և Հիսուսը երբեք մեզ չեն մոռանա։ Նրանք սիրում են մեզ:

Անցյալ հոկտեմբերին նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեզ ուսուցանեց Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին մեր կյանքում առաջնահերթություն տալու կարևորությունը։ Նախագահ Նելսոնը մեզ ուսուցանել է, որ Իսրայել բառի իմաստներից մեկն է՝ «Թող Աստված տնօրինի»։12

Նա մեզանից յուրաքանչյուրին տվեց այս հարցը․ «Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ Աստված տնօրինի ձեր կյանքը։ Պատրա՞ստ եք թույլ տալ, որ Աստված ամենամեծ ազդեցությունն ունենա ձեր կյանքում: Թույլ կտա՞ք, որ Նրա խոսքերը, Նրա պատվիրաններն ու ուխտերը ազդեն ձեր ամենօրյա քայլերի վրա: Թույլ կտա՞ք, որ Նրա ձայնը գերակշռի մյուս ձայներին: Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ այն, ինչ Նա է ցանկանում, որ դուք անեք, ավելի կարևոր լինի ձեր մնացած բոլոր նպատակներից: Դուք պատրա՞ստ եք, որ ձեր «կամքը կուլ գնացած լինի [Նրա] կամքին»:13

Միշտ պետք է հիշենք, որ մեր իրական երջանկությունը կախված է Աստծո հետ, Հիսուս Քրիստոսի հետ և միմյանց հետ մեր հարաբերություններից։

Մեր սերը ցույց տալու միջոցներից մեկն այն է, որ ընտանիքի անդամներով, ընկերներով և հարևաններով միանանք ու փոքր միջոցներով ծառայենք մեկմեկու։ Կատարեք այնպիսի քայլեր, որոնք այս աշխարհն ավելի լավը կդարձնեն։

Ի՞նչ կարող եք անել ձեր կյանքում, որպեսզի ցույց տաք, որ առաջին հերթին սիրում եք Տիրոջը:

Երբ կենտրոնանում ենք մերձավորին սիրելու վրա, ինչպես Նա է սիրում նրանց, մենք սկսում ենք իրապես սիրել մարդկանց։14

Կրկին հարցնում եմ՝ ինչպե՞ս կպատասխանեիք Փրկիչի հարցին. «Սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»:

Ես աղոթում եմ, որ այս հարցի մասին մտածելիս դուք կարողանաք պատասխանել այնպես, ինչպես Պետրոսն է ասել շատ վաղուց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ»15 և ապա ցույց տաք դա՝ սիրելով ու ծառայելով Աստծուն և ձեր մերձավորին։

Ես վկայում եմ, որ մենք օրհնված ենք, որ ունենք Հիսուս Քրիստոսի ավետարանը, որ առաջնորդում է մեր ապրելակերպը և վերաբերմունքը միմյանց հանդեպ։ Նրանով մենք հայտնաբերում ենք, որ Աստծո յուրաքանչյուր դուստր և որդի շատ թանկ են Նրա համար:

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր սիրելի Փրկիչն է։ Նա Աստծո Միածին Որդին է։ Եվ ես խոնարհաբար կիսվում եմ իմ վկայությամբ՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: