Գերագույն համաժողով
Ինչպես դիմակայենք մեր հոգևոր փոթորիկներին՝ հավատալով Քրիստոսին
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Ինչպես դիմակայենք մեր հոգևոր փոթորիկներին՝ հավատալով Քրիստոսին

Մենք լավագույնս դիմակայում ենք մեր հոգևոր փոթորիկներին՝ հավատալով Քրիստոսին և պահելով Նրա պատվիրանները:

Վերջին վեց տարիների ընթացքում ես և իմ սիրելի Էննը ապրում ենք Տեխասում՝ Գալֆ Քոստի ափին, որտեղ ամենամեծ փոթորիկներից մի քանիսը հարվածել են Միացյալ Նահանգներին՝ թողնելով հսկայական ավերածություններ և նույնիսկ՝ մարդկային կորուստներ: Ցավոք, վերջին ամիսներին նման կործանարար իրադարձությունների պակաս չի եղել: Մեր սերն ու աղոթքները թող տարածվեն բոլոր նրանց վրա, ովքեր որևէ կերպ տուժել են այդ արհավիրքներից: 2017 թվականին մենք անձամբ զգացինք «Հարվի» փոթորիկի հետևանքները, որի ռեկորդային տեղումները հասան մինչև 150 սանտիմետրի:

Բնական օրենքները կառավարում են փոթորիկների ձևավորումը: Օվկիանոսի ջրի ջերմաստիճանը պետք է լինի առնվազն 27 աստիճան Ցելսիուս՝ օվկիանոսի մակերևույթի տակ ընդարձակվելով մինչև 50 մետր: Երբ քամին հանդիպում է օվկիանոսի տաք ջրի հետ, առաջացնում է ջրի գոլորշացում, որն էլ բարձրանում է մթնոլորտ և այնտեղ հեղուկանում: Այնուհետև ձևավորվում են ամպեր, և քամիները օվկիանոսի մակերևույթի վրա պարուրաձև նախշ են առաջացնում:

Նկար
Փոթորիկ

Փոթորիկներն ահռելի չափերի են հասնում՝ մթնոլորտում պտտվելով մինչև 15 240 մետր բարձրությամբ և տարածվում են առնվազն 200 կմ լայնությամբ: Հետաքրքիր է, որ երբ փոթորիկները հանդիպում են ցամաքի հետ, սկսում են թուլանալ, քանի որ դրանք այլևս չեն գտնվում այն տաք ջրերի վրա, որոնք անհրաժեշտ են՝ իրենց ուժերը սնուցելու համար:1

Գուցե դուք երբեք չբախվեք կործանարար ֆիզիկական փոթորիկի: Սակայն մեզանից յուրաքանչյուրը դիմակայել է և կդիմակայի այն հոգևոր փոթորիկներին, որոնք սպառնում են մեր խաղաղությանը և փորձում են մեր հավատքը: Ներկայիս աշխարհում դրանք, կարծես, աճում են իրենց հաճախականությամբ և ուժգնությամբ: Բարեբախտաբար, Տերը մեզ տվել է դրանք ուրախությամբ հաղթահարելու վստահ միջոց: Ապրելով Հիսուս Քրիստոսի ավետարանով՝ մենք վստահ ենք, որ «երբ նեղության սև ամպերը կախված են մեզ վրա և սպառնում են ոչնչացնել մեր խաղաղությունը, հույսը պայծառ ժպտում է մեր առջևում»:2

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է․

«Սրբերը կարող են ուրախ լինել բոլոր իրավիճակներում: Մենք կարող ենք ուրախ լինել, նույնիսկ, եթե օրը վատ է, շաբաթը վատ է, նույնիսկ` տարին վատ է:

… Ուրախությունը, որ մենք զգում ենք, շատ քիչ է կապված մեր կյանքի հանգամանքների հետ և մեծապես կապված է մեր կյանքի կիզակետի հետ:

Երբ մեր կյանքը կենտրոնացնում ենք Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա, մենք ուրախություն ենք զգում, անկախ այն բանից՝ մեր կյանքում ինչ-որ բան տեղի ունենում է, թե ոչ»:3

Ինչպես բնական օրենքներն են կառավարում ֆիզիկական փոթորիկները, այնպես էլ աստվածային օրենքներն են կառավարում, թե մենք ինչպես պետք է ուրախություն զգանք մեր հոգևոր փոթորիկների ժամանակ: Ուրախությունը կամ տառապանքը, որը մենք զգում ենք, երբ բախվում ենք կյանքի փոթորիկներին, կապված են այն օրենքների հետ, որոնք Աստված է սահմանել: Նախագահ Նելսոնը կիսվել է. «Դրանք կոչվում են պատվիրաններ, բայց դրանք նույնքան ճշմարիտ են, որքան ձգողականության օրենքը, ծանրության օրենքը և [այն] օրենքը, որը կառավարում է սրտի բաբախյունը»:

Նախագահ Նելսոնը շարունակում է. «Այն դառնում է բավականին պարզ բանաձև. եթե ցանկանում եք երջանիկ լինել, պահեք պատվիրանները»:4

Կասկածը հավատքի և ուրախության թշնամին է: Ճիշտ այնպես, ինչպես օվկիանոսի տաք ջուրը փոթորիկների աճեցման հիմքն է, կասկածն էլ հոգևոր փոթորիկների աճեցման հիմքն է: Ինչպես հավատքն է ընտրություն, այնպես էլ՝ կասկածը: Երբ մենք նախընտրում ենք կասկածել, մենք նախընտրում ենք «ներգործվել»՝ ուժ տալով հակառակորդին, և դրանով իսկ մեզ դարձնելով թույլ և խոցելի:5

Սատանան ձգտում է մեզ տանել կասկածի աճեցման վայր: Նա ձգտում է կարծրացնել մեր սրտերը, որպեսզի մենք չհավատանք:6 Կասկածի աճեցման վայրը կարող է գրավիչ թվալ, քանի որ նրա թվացյալ խաղաղ, տաք ջրերը մեզանից չեն պահանջում ապրել «Աստծո բերանից դուրս եկող ամեն մի խոսքով»:7 Նման ջրերում սատանան գայթակղում է մեզ՝ թուլացնելով մեր հոգևոր զգոնությունը: Այդ անուշադրությունը կարող է առաջացնել հոգևոր համոզմունքի պակաս, որտեղ մենք «ո՛չ ցուրտ են[ք], և ո՛չ տաք»։8 Եթե մենք խարսխված չենք Քրիստոսի վրա, կասկածը և դրա հրապուրանքները կառաջնորդեն մեզ դեպի անտարբերություն, որտեղ մենք չենք գտնի ո՛չ հրաշքներ, ո՛չ երկարատև երջանկություն, ո՛չ էլ «[մեր] անձերին հանգստություն»:9

Ինչպես փոթորիկներն են թուլանում ցամաքի վրա, այնպես էլ կասկածն է փոխարինվում հավատքով, երբ մեր հիմքը կառուցում ենք Քրիստոսի վրա: Այնուհետև մենք կարողանում ենք հոգևոր փոթորիկները տեսնել իրենց պատշաճ հեռանկարով, և դրանք հաղթահարելու կարողությունը մեծանում է: Ապա, «երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, … այն զորություն չի ունենա [մեզ] վրա՝ … քաշելու [մեզ] վար՝ դեպի թշվառության ու անվերջ վայի անդունդը, այն վեմի շնորհիվ, որի վրա [մենք] կառուցված եք, որը հաստատուն հիմք է»:10

Նախագահ Նելսոնը ուսուցանել է․

«Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը բոլոր համոզմունքների հիմքն է և աստվածային զորության փոխանցողը։ …

Տերը չի պահանջում կատարյալ հավատք՝ Իր կատարյալ զորությունը ստանալու համար: Բայց Նա խնդրում է, որ մենք հավատանք»։11

Ապրիլյան գերագույն համաժողովից ի վեր ես և իմ ընտանիքը ձգտել ենք ամրապնդել մեր հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ՝ օգնելով մեզ «[մեր] մարտահրավերները վերածել անզուգական աճի և հնարավորության»:12

Մեր թոռնուհի Ռուբին օրհնված է ուժեղ կամքով՝ անկախ հանգամանքներից: Երբ նա ծնվեց, նրա կերակրափողը կապված չէր ստամոքսի հետ: Նույնիսկ մանուկ հասակում Ռուբին, իր ծնողների օգնությամբ, անսովոր վճռականությամբ էր դիմակայում այս փորձությանը: Ռուբին այժմ հինգ տարեկան է: Թեև նա դեռ փոքր է, բայց հզոր օրինակ է ծառայում՝ թույլ չտալով, որ իր հանգամանքները տնօրինեն իր երջանկությունը: Նա միշտ երջանիկ է:

Անցյալ մայիսին Ռուբին հավատքով դիմակայեց իր կյանքի մի լրացուցիչ փոթորկի ևս: Նա ծնվել է թերաճ ձեռքով, որը վերականգնողական վիրահատության կարիք ուներ: Նախքան այս բավականին բարդ վիրահատությունը մենք զրուցեցինք նրա հետ և նրան տվեցինք մի նկար, որում պատկերված է երեխայի ձեռք, որը ջերմորեն բռնում է Փրկիչի ձեռքը: Երբ հարցրինք՝ արդյոք նա նյարդայնանում է, առանց վարանելու նա պատասխանեց. «Ոչ, ես երջանիկ եմ»:

Նկար
Ռուբին՝ Փրկիչի ձեռքի նկարով

Հետո մենք հարցրինք նրան. «Ռուբի, ինչպե՞ս կարող ես երջանիկ զգալ այդ հանգամանքներում»:

Ռուբին վստահորեն պնդեց. «Որովհետև ես գիտեմ, որ Հիսուսը կբռնի իմ ձեռքը»:

Ռուբիի ապաքինումը հրաշք էր, և նա շարունակում է երջանիկ լինել: Երեխայի հավատքի մաքրությունը մեծապես հակադրվում է կասկածի հիմարությանը, որը հաճախ կարող է գայթակղել մեզ, երբ մենք մեծանում ենք:13 Բայց մենք բոլորս կարող ենք դառնալ փոքր երեխաների նման և որոշենք մի կողմ դնել մեր անհավատությունը: Դա պարզ ընտրություն է:

Հոգատար հայրը ջանասիրաբար աղաչեց Փրկիչին՝ ասելով. «Սակայն եթէ մի բան կարող ես, … օգնիր մեզ»:14

Հիսուսն ասաց նրան.

«Եթէ կարող ես հավատալ, ամեն բան կարելի է հաւատացողին:

Եվ շուտով տղայի հայրն աղաղակեց և արտասուքով ասեց, հավատում եմ, Տէր, իմ անհաւատութեանն օգնիր»:15

Այս խոնարհ հայրը իմաստուն կերպով ընտրեց վստահել ոչ թե իր կասկածին, այլ Քրիստոսի հանդեպ իր հավատքին: Նախագահ Նելսոնը ասել է. «Միայն ձեր անհավատության պատճառով է, որ Աստված սարեր տեղաշարժելու հրաշքներ չի գործում ձեր կյանքում»։16

Որքա՜ն ողորմած է Աստված, որ մեզ համար նշաձողը դնում է հավատալու, այլ ոչ թե իմանալու մակարդակի վրա:

Ալման ուսուցանում է.

«Օրհնված է նա, ով հավատում է Աստծո խոսքին»:17

«[Քանի որ] Աստված ողորմած է բոլոր նրանց հանդեպ, ովքեր հավատում են նրա անունին. հետևաբար, նա առաջին հերթին ցանկանում է, որ դուք հավատաք»:18

Այո, առաջին հերթին, Աստված ցանկանում է, որ մենք հավատանք Իրեն:

Մենք լավագույնս դիմակայում ենք մեր հոգևոր փոթորիկներին՝ հավատալով Քրիստոսին և պահելով Նրա պատվիրանները: Մեր հավատքն ու հնազանդությունը կապում են մեզ մեր ուժերից վեր ուժի հետ, որպեսզի հաղթահարենք «[այն], ինչ կատարվում է կամ չի կատարվում մեր կյանքում»:19 Այո, Աստված «անմիջապես օրհնում է [մեզ]» հավատքի ու հնազանդության համար:20 Իրականում, ժամանակի ընթացքում մեր լինելիության վիճակը փոխվում է երջանկության, և «մենք դարձվ[ում] ենք կենդանի՝ Քրիստոսով», երբ գործադրում ենք Նրա հանդեպ մեր հավատքը և պահում Նրա պատվիրանները:21

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եկեք այսօր վճռենք «[չ]կասկածե[լ], այլ լինե[նք] հավատացող»:22 «Ճիշտ ճանապարհը Քրիստոսին հավատալն է»:23 Մենք «փորագր[ված ենք] [Նրա] ձեռքերի ափերի վրա»:24 Նա մեր Փրկիչն ու Քավիչն է, ով կանգնած է մեր դռան մոտ և թակում է:25 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։