Գերագույն համաժողով
Ինչպե՞ս դառնալ Քրիստոսի հետևորդը
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Ինչպե՞ս դառնալ Քրիստոսի հետևորդը

Քրիստոսի հետևորդը լինելու համար պետք է ձգտենք համապատասխանեցնել մեր գործողությունները, վարքը և կյանքը Փրկիչի գործողություններին, վարքին ու կյանքին։

Սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության ժամանակ ինձ մեծապես տպավորել է Տարսոնցի Սողոսի դարձը, որը հետագայում հայտնի դարձավ Պողոս անունով, ինչպես նկարագրված է Աստվածաշնչում։

Պողոսը եռանդուն մասնակցում էր եկեղեցու և քրիստոնյաների դեմ տարվող հալածանքներին։ Բայց երկնքի զորության և Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ նա ամբողջովին փոխվեց, և դարձավ Աստծո հրաշալի ծառաներից մեկը: Նրա համար կյանքի օրինակը Փրկիչ Հիսուս Քրիստոսն էր։

Կորնթացիներին ուղղված իր ուսմունքներից մեկում Պողոսը հրավիրեց նրանց դառնալ իր հետևորդները, քանի որ ինքը Քրիստոսի հետևորդն էր (տես Ա Կորնթացիս 11.1)։ Սա Պողոսի ժամանակներից մինչև այսօր հասած անկեղծ և հիմնավոր հրավեր է՝ լինել Քրիստոսի հետևորդ:

Ես սկսեցի խորհել, թե ինչ է նշանակում դառնալ Քրիստոսի հետևորդ։ Եվ որ ամենակարևորն է, ես սկսեցի հարցնել. «Ես ինչպե՞ս պետք է ընդօրինակեմ Նրան»:

Քրիստոսի հետևորդը լինելու համար պետք է ձգտենք համապատասխանեցնել մեր գործողությունները, վարքը և կյանքը Փրկիչի գործողություններին, վարքին ու կյանքին։ Քրիստոսի հետևորդը լինելու համար պետք է առաքինություններ ձեռք բերենք: Ահա թե ինչ է հարկավոր Հիսուս Քրիստոսի իսկական հետևորդ լինելու համար:

Ես ուսումնասիրել եմ Փրկիչի կյանքի որոշ ոլորտներ, և որպես իմ այսօրվա ուղերձի մի մաս, ես պահպանել եմ Նրա չորս հատկանիշները, որոնք ես փորձում եմ ընդօրինակել և որոնցով կիսվում եմ ձեզ հետ:

Փրկչի առաջին հատկությունը խոնարհությունն է: Հիսուս Քրիստոսը շատ խոնարհ էր՝ նախաերկրային կյանքից սկսած։ Երկնային Խորհրդում Նա ճանաչեց և թույլ տվեց, որ Աստծո կամքը տնօրինի մարդկության փրկության ծրագրում։ Նա ասաց. «Հայր, քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան» (Մովսես 4.2):

Մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոսը ուսուցանեց խոնարհություն, և Ինքն էլ խոնարհվեց՝ Իր Հորը փառաբանելու համար:

Եկեք ապրենք խոնարհությամբ, որովհետև այն խաղաղություն է բերում (տես Վարդապետություն և Ուխտեր 19.23): Խոնարհությունը նախորդում է փառքին, և Աստծո բարեհաճությունն է բերում մեզ վրա. «Ամենդ իրար հնազանդելով խոնարհութիւնը հագէք. որ Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս» (Ա Պետրոս 5.5): Խոնարհությունը մեղմ պատասխաններ է բերում: Այն արդար բնավորության աղբյուրն է։

Երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է․

«Աստծո հետ խոնարհությամբ վարվողները հիշում են, թե Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսն ինչ են արել իրենց համար։

Մենք պատվում ենք Աստծուն, երբ խոնարհությամբ ենք վարվում Նրա հետ» («Իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ Աստուծոյ հետ God», Լիահոնա, նոյեմբեր 2020, 111, 109):

Փրկիչի երկրորդ հատկությունը քաջությունն է: Մտածելով Հիսուս Քրիստոսի մասին, երբ Նա 12 տարեկան էր և նստած էր Աստծո տաճարում՝ օրենսգետների մեջ, և նրանց ուսուցանում էր աստվածային բաներ, ես նկատում եմ, որ Իր կյանքի վաղ շրջանում Նա արդեն ուներ քաջության առանձնահատուկ զգացում: Մինչ շատերն ակնկալում էին, որ կտեսնեն, թե պատանի տղան ինչպես է ուսուցանվում օրենսգետների կողմից, Նա ուսուցանում էր նրանց, մինչ «նրանք լսում էին նրան և հարցեր էին տալիս նրան» (Ջոզեֆ Սմիթի թարգմանություն, Ղուկաս 2.46 [Ղուկաս 2.46, ծանոթագրություն գ):

2016-2019 թվականներին ես և կինս լիաժամկետ միսիա էինք ծառայում Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության Մբուջի-Մայիի միսիայում: Միսիայի մի տարածքից մյուսը գնալու միակ եղանակը ճանապարհային փոխադրամիջոցներով ճամփորդելն էր: Այդ տարածքում մի երևույթ էր ի հայտ եկել, երբ ավազակները, զինված դանակներով ու սրերով և այլ կտրող զենքերով, հայտնվում էին ճանապարհին և խանգարում ճամփորդների երթևեկությանը:

Այդ խռովությունների զոհը դարձան հինգ միսիոներներ, որոնք մի տարածքից ուղևորվում էին դեպի մյուսը: Նախկինում, երբեմն ինքներս լինելով այս երևույթի զոհը, սկսեցինք վախենալ բոլորիս կյանքի և անվտանգության համար, նույնիսկ վարանելով գնալ այդ ճանապարհներով՝ միսիոներներին այցելելու և տարածքային համաժողովներ անցկացնելու համար: Մենք չգիտեինք, թե որքան ժամանակ էր դա տևելու: Ես մի զեկույց կազմեցի, որն ուղարկեցի Տարածքային Նախագահությանը և արտահայտեցի մեր մտավախությունը այդ ճանապարհով ճամփորդելու մասին, քանի որ դա միակ ճանապարհն էր մեր միսիոներներին հասնելու համար։

Իր պատասխանում Երեց Քեվին Համիլթոնը, ով Աֆրիկայի Հարավարևելյան տարածքի մեր նախագահն էր, գրեց ինձ. «Իմ խորհուրդն է՝ արեք ամեն ինչ ձեր հնարավորության սահմաններում: Եղեք իմաստուն և աղոթեք։ Գիտակցաբար վտանգի տակ մի՛ դրեք ձեզ կամ ձեր միսիոներներին, բայց միևնույն ժամանակ շարունակեք հավատքով: «Որովհետև Աստուած չտուավ մեզ երկչոտության հոգի, այլ զորության և սերի և զգաստության» (Բ Տիմոթեոս 1.7):

Այս հորդորը մեծապես զորացրեց մեզ և թույլ տվեց շարունակել ճամփորդել ու ծառայել քաջությամբ՝ մինչև մեր առաքելության ավարտը, քանի որ մենք առաջնորդություն ստացանք մեր Երկնային Հորից այդ սուրբ գրության միջոցով։

Ժամանակակից սուրբ գրություններում մենք կարդում ենք Մարգարե Ջոզեֆ Սմիթի ոգեշնչված խոսքերը, որոնք արտացոլում են մեզ ուղղված Տիրոջ քաջալերանքը. «Եղբայրնե՛ր, արդյոք չպե՞տք է մենք շարունակենք այս մեծ գործը։ Գնացե՛ք առաջ և ոչ թե հետ: Քաջությո՛ւն, եղբայրնե՛ր. և առա՛ջ, առաջ դեպի հաղթանա՛կ»: Վարդապետություն և Ուխտեր 128․22։

Եկեք քաջություն ունենանք անելու այն, ինչը ճիշտ է, նույնիսկ, երբ այն ժողովրդականություն չի վայելում, քաջություն՝ պաշտպանելու մեր հավատքը և գործելու հավատքով։ Եկեք քաջություն ունենանք ամեն օր ապաշխարելու, Աստծո կամքը ընդունելու և Նրա պատվիրաններին հնազանդվելու համար: Եկեք քաջություն ունենանք արդար ապրելու համար և անելու այն, ինչ մեզանից ակնկալվում է մեր տարբեր պարտականություններում և պաշտոններում:

Փրկիչի երրորդ հատկությունը ներումն է: Իր մահկանացու ծառայության ընթացքում Փրկիչը թույլ չտվեց, որ շնության մեջ բռնված կինը քարկոծվի։ Նա պարտավորեցրեց նրան. «Գնա, և այսուհետեւ մեղք մի գործիր» (Հովհաննես 8.11): Սա մղեց այդ կնոջը ապաշխարության և, ի վերջո ներման, քանզի, ինչպես սուրբ գրություններում է արձանագրված, «կինը փառավորեց Աստծուն այդ ժամից և հավատաց նրա անվանը» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 8.11 [Հովհաննես 8.11, ծանոթագրություն գ):

2018 թվականի դեկտեմբերի Սուրբ ծննդյան հոգևոր հավաքի ժամանակ մեր սիրելի նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խոսեց չորս պարգևների մասին, որոնք մենք ստացել ենք Փրկիչից: Նա ասաց, որ Փրկիչի առաջարկած պարգևներից մեկը ներելու ունակությունն է.

«Նրա անսահման Քավության շնորհիվ դուք կարող եք ներել նրանց, ովքեր վնասել են ձեզ, և ովքեր, գուցե, երբեք չեն ընդունի պատասխանատվությունը՝ ձեր հանդեպ գործած դաժանության համար:

Սովորաբար հեշտ է ներել այն մարդուն, ով անկեղծորեն և խոնարհաբար հայցում է ձեր ներողամտությունը: Բայց Փրկիչը ձեզ ունակություն կպարգևի՝ ներելու յուրաքանչյուրին, ով որևէ կերպ վատ է վերաբերվել ձեզ» («Չորս պարգևներ, որոնք Հիսուսն առաջարկում է ձեզ» [Առաջին Նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկո, դեկտեմբեր 2, 2018], broadcasts.ChurchofJesusChrist.org)։

Եկեք անկեղծորեն ներենք միմյանց, որպեսզի ստանանք Հոր ներումը։ Ներումը մեզ ազատություն է տալիս և արժանի է դարձնում ամեն կիրակի ճաշակել հաղորդությունից: Ներողամտություն է պահանջվում մեզանից, որպեսզի դառնանք Հիսուս Քրիստոսի իսկական աշակերտներ:

Փրկիչի չորրորդ հատկությունը զոհաբերությունն է: Այն Հիսուս Քրիստոսի ավետարանի մասն է: Փրկիչը մեզ համար տվեց Իր կյանքի գերագույն զոհաբերությունը, որպեսզի մենք փրկագնվենք: Զգալով զոհաբերության ցավը՝ Նա խնդրեց Իր Հորը, որ հեռացնի բաժակը, բայց Նա արեց այն ամենը, ինչ իրենից պահանջվում էր՝ հավերժական զոհաբերությունն ավարտելու համար: Սա է Հիսուս Քրիստոսի Քավությունը:

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը ուսուցանել է հետևյալը. «Զոհաբերությունը մաքուր սիրո դրսևորումն է: Տիրոջ, ավետարանի և մերձավորի հանդեպ մեր սիրո աստիճանը կարող է չափվել նրանով, թե մենք ինչ ենք պատրաստ զոհաբերել նրանց համար» (“The Blessings of Sacrifice,” Ensign, May 1992, 76):

Մենք կարող ենք զոհաբերել մեր ժամանակը, որպեսզի սպասավորենք, ծառայենք ուրիշներին, բարիք գործենք, կատարենք ընտանեկան պատմության աշխատանքը և մեծարենք Եկեղեցու մեր կոչումը։

Մենք կարող ենք տալ մեր ֆինանսական միջոցները՝ վճարելով տասանորդ, կատարելով ծոմի և այլ նվիրատվություններ՝ Երկրի վրա Աստծո արքայությունը կառուցելու համար։ Մենք զոհաբերության կարիք ունենք, որպեսզի պահենք այն ուխտերը, որոնք կապել ենք Փրկիչի հետ։

Ես աղոթում եմ, որ հետևելով Հիսուս Քրիստոսին և օգտվելով Նրա Քավության օրհնություններից, մենք դառնանք ավելի ու ավելի խոնարհ, ավելի համարձակ, ավելի շատ ներենք և ավելի շատ զոհաբերենք Նրա արքայության համար:

Ես վկայում եմ, որ մեր Երկնային Հայրը ապրում է և անհատապես գիտի մեզանից յուրաքանչյուրին, որ Հիսուսը Քրիստոսն է, որ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Աստծո մարգարեն է այսօր: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո թագավորությունն է երկրի վրա, և Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Հիսուս Քրիստոսի՝ մեր Քավիչի անունով, ամեն: