Գերագույն համաժողով
Հիշիր քո տառապող սրբերին, ո՜վ մեր Աստված
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Հիշիր քո տառապող սրբերին, ո՜վ մեր Աստված

Ուխտեր պահելը բացում է Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության զորությունը՝ ուժ և նույնիսկ ուրախություն պարգևելով նրան, ով տառապում է։

Երկնային Հոր երջանկության ծրագիրը մահկանացու փորձառություն է, որտեղ Նրա բոլոր զավակները փորձության կենթարկվեն և կհանդիպեն փորձությունների:1 Հինգ տարի առաջ ինձ մոտ քաղցկեղ հայտնաբերվեց։ Ես զգացել եմ և դեռ զգում եմ վիրահատությունների, ճառագայթային բուժումների և դեղամիջոցների կողմնակի ազդեցությունների ցավերը: Ես հուզական մաքառումների մեջ եմ եղել տանջալից անքուն գիշերների ընթացքում։ Բժշկական վիճակագրությունը ցույց է տալիս, որ ես հավանաբար ավելի շուտ կհեռանամ մահկանացու կյանքից, քան երբևէ ակնկալել եմ՝ թողնելով մի ընտանիք, որն ամեն ինչ է ինձ համար։

Անկախ նրանից, թե որտեղ եք դուք ապրում, տարբեր փորձություններից և մահկանացու թուլություններից բխող ֆիզիկական կամ հուզական տառապանքը եղել է, այժմ կա և երբևէ կլինի ձեր կյանքի մի մասը:

Ֆիզիկական տառապանքը կարող է առաջանալ բնական ծերացման, անսպասելի հիվանդությունների և պատահական վթարների, սովի, տնանկության, չարաշահման, բռնի գործողությունների և պատերազմի հետևանքով:

Հուզական տառապանքը կարող է առաջանալ հետևյալ պատճառներով՝ անհանգստություն և ընկճախտ, կողակցի, ծնողի կամ վստահելի ղեկավարի դավաճանություն, աշխատանքի կամ ֆինանսների կորուստ, այլոց կողմից անարդար դատապարտում, ընկերների, երեխաների կամ ընտանիքի այլ անդամների ընտրությունների արդյունքում, չարաշահումն իր բազմաթիվ ձևերով, ամուսնության կամ երեխաների չիրականացված երազանքներ, հարազատների ծանր հիվանդություն կամ վաղաժամ մահ և այլն:

Ինչպե՞ս կարող ենք դիմանալ յուրահատուկ, իսկ երբեմն էլ հյուծիչ տառապանքին, որ ունենում է մեզանից յուրաքանչյուրը։

Բարեբախտաբար, հույսը գտնվում է Հիսուս Քրիստոսի ավետարանում, և հույսը նույնպես կարող է լինել ձեր կյանքի մի մասը: Այսօր ես կիսվում եմ հույսի չորս սկզբունքներով, որոնք վերցված են սուրբ գրություններից, մարգարեական ուսմունքներից, բազմաթիվ ծառայողական այցելություններից և իմ ընթացիկ առողջական փորձությունից։ Այս սկզբունքները ոչ միայն լայնորեն կիրառելի են, այլև խորապես անձնական են։

Առաջին՝ տառապանքը չի նշանակում, որ Աստված դժգոհ է ձեր կյանքից: Երկու հազար տարի առաջ Հիսուսի աշակերտները տաճարում տեսան մի կույր մարդու և հարցրին. «Ռաբբի, ո՞վ է մեղանչել, սա՞ թէ իրան ծնողքը, որ կոյր է ծնուել»:

Նրա աշակերտները, ինչպես որ շատ մարդիկ այսօր, սխալմամբ կարծում են, որ կյանքում բոլոր դժվարություններն ու տառապանքները մեղքի արդյունք են։ Բայց Փրկիչը պատասխանեց. «Ոչ դա է մեղանչել, եւ ոչ էլ իրան ծնողքը. այլ որ Աստուծոյ գործերը յայտնի լինին դորանում»:2

Աստծո գործն է՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը:3 Բայց փորձություններն ու տառապանքները, հատկապես տառապանքը, որը պատճառվում է մեկ այլ անձի ազատ կամքի մեղսավոր գործածումից4, ի վերջո, ինչպե՞ս կարող են նպաստել Աստծո գործի առաջընթացին։

Տերն ասաց իր ուխտյալ ժողովրդին. «Ահա ես քեզ մաքրեցի, …, ես քեզ փորձեցի նեղութեան հալոցում»: 5 Ինչ էլ որ լինի ձեր տառապանքների պատճառը, ձեր սիրող Երկնային Հայրը կարող է ուղղորդել դրանք՝ ձեր հոգին զտելու համար։6 Զտված հոգիները կարող են անկեղծ կարեկցանքով և գթությամբ տանել ուրիշների բեռը։7 «Մեծ նեղությունից» դուրս եկած զտված հոգիները պատրաստ են հավիտյան ապրել Աստծո ներկայության մեջ, և «Աստուած կ’սրբէ ամեն արտասուքը նորանց աչքերիցը»։8

Երկրորդ՝ Երկնային Հայրը շատ լավ տեղյակ է ձեր տառապանքների մասին: Փորձությունների ժամանակ մենք կարող ենք սխալմամբ մտածել, թե Աստված հեռու է և մտահոգված չէ մեր ցավով։ Նույնիսկ մարգարե Ջոզեֆ Սմիթը արտահայտեց այդ զգացումը իր կյանքի մի դժվարին պահի: Երբ բանտարկված էր Լիբերթիի բանտում, երբ հազարավոր Վերջին Օրերի Սրբեր էին քշվում իրենց տներից, Ջոզեֆը աղոթքի միջոցով հասկացողություն էր փնտրում. «Ո՜վ Աստված, ո՞րտեղ ես դու: Եվ որտեղ է տաղավարը, որ ծածկում է քո թաքնված տեղը»: Նա ավարտեց այս խնդրանքով. «Հիշի՛ր քո տառապող սրբերին, ո՜վ մեր Աստված»:9

Տիրոջ պատասխանը հավաստիացրեց Ջոզեֆին և բոլոր տառապողներին.

«Որդիս, խաղաղություն քո հոգուն. քո ձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ.

Եվ հետո, եթե դու լավ համբերես, Աստված քեզ վեր կբարձրացնի»:10

Շատ տառապող Սրբեր կիսվել են ինձ հետ, թե ինչպես են զգացել Աստծո սերը իրենց փորձությունների ժամանակ։ Ես լավ հիշում եմ իմ սեփական փորձը քաղցկեղի դեմ պայքարի մի պահի, երբ բժիշկները դեռ չէին ախտորոշել, թե որն է ուժեղ ցավերի պատճառը։ Ես նստած էի կնոջս հետ և մտադիր էի օրհնել մեր ճաշը: Փոխարենը՝ ես միայն արտասվում էի. «Երկնային Հայր, խնդրում եմ, օգնիր ինձ։ Ես այնքան հիվանդ եմ»: Հաջորդ 20-30 վայրկյանների ընթացքում ես շրջապատված էի Նրա սիրով: Ինձ չտրվեց որևէ պատճառ իմ հիվանդության համար, ոչ մի ակնարկ չկար վերջնական արդյունքի մասին և անգամ իմ ցավը չթեթևացավ: Ես պարզապես զգացի Նրա մաքուր սերը, և դա բավական էր և դա բավական է:

Ես վկայում եմ, որ մեր Երկնային Հայրը, ով նկատում է նույնիսկ մեկ ճնճղուկի անկումը, տեղյակ է մեր տառապանքի մասին։11

Երրորդ՝ Հիսուս Քրիստոսը առաջարկում է Իր արտոնող զորությունը՝ օգնելով մեզ ուժ ստանալ, որ կարողանաք «լավ» դիմանալ մեր տառապանքին։ Այս արտոնող զորությունը հնարավոր է դարձել Նրա Քավության միջոցով։12 Ես վախենում եմ, որ Եկեղեցու շատ անդամներ կարծում են, որ եթե իրենք մի փոքր ավելի դիմացկուն և ուժեղ են, կարող են ինքնուրույն հաղթահարել ցանկացած տառապանք։ Այդպես դժվար է ապրել: Ձեր ուժի ժամանակավոր դրսևորումը երբեք չի կարող համեմատվել Փրկիչի՝ ձեր հոգին ամրապնդող անսահման զորության հետ:13

Մորմոնի Գիրքն ուսուցանում է, որ Հիսուս Քրիստոսը «վեր կառնի իր վրա» մեր ցավերը, հիվանդություններն ու թուլությունները, որպեսզի Նա կարողանա սատարել մեզ:14 Ինչպե՞ս կարող եք օգտվել այն զորությունից, որը Հիսուս Քրիստոսն առաջարկում է՝ տառապանքի ժամանակ ձեզ զորացնելու և սատարելու համար։ Կարևոր է, որ ձեզ կապեք Փրկիչի հետ՝ պահելով նրա հետ կնքած ուխտերը: Մենք կապում ենք այս ուխտերը, երբ ստանում են քահանայության արարողությունները:15

Ալմայի ժողովուրդը մտավ մկրտության ուխտի մեջ: Հետագայում նրանք տառապեցին գերության մեջ, և նրանց արգելվեց հրապարակավ երկրպագել կամ նույնիսկ՝ բարձրաձայն աղոթել։ Սակայն նրանք պահում էին իրենց ուխտերը, որքան կարողանում էին՝ լուռ աղաղակելով իրենց սրտերում։ Արդյունքում՝ Աստծո զորությունը եկավ: «Տերը ուժեղացրեց նրանց, որ նրանք կարողանան իրենց բեռները հեշտությամբ տանել»:16

Մեր օրերում Փրկիչը հրավիրում է. «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք»:17 Երբ մենք պահում ենք մեր հաղորդության ուխտը, որպեսզի միշտ հիշենք Նրան, Նա խոստանում է, որ Իր Հոգին կլինի մեզ հետ:. Հոգին մեզ ուժ է տալիս՝ դիմանալու փորձություններին և անելու այն, ինչ մենք ինքնուրույն չենք կարող անել։ Հոգին կարող է բժշկել մեզ, չնայած, ինչպես ուսուցանել է նախագահ Ջեյմս Ի․ Ֆաուստը. «Այս բժշկումներից մի քանիսը կարող են տեղի ունենալ մեկ այլ աշխարհում»:18

Մենք օրհնված ենք նաև տաճարային ուխտերով և արարողություններով, որտեղ «բացահայտվում [է] աստվածայնության զորությունը»:19 Ես այցելեցի մի կնոջ, ով սարսափելի վթարի հետևանքով կորցրել էր դեռահաս դստերը, իսկ հետո նրա ամուսինը հիվանդացել էր քաղցկեղով: Ես հարցրի, թե նա ինչպես է կարողանում դիմանալ այդ կորստին ու տառապանքին ։ Նա պատասխանեց, որ զորությունը գալիս է հոգևոր հավաստիացումներից, որոնք տրվում են հավերժական ընտանիքին՝ տաճարային կանոնավոր երկրպագության ժամանակ: Ինչպես խոստացվել էր, Տիրոջ տան արարողությունները նրան զինել էին Աստծո զորությամբ:20

Չորրորդ՝ որոշեք ուրախություն գտնել ամեն օր։ Նրանք, ովքեր տառապում են, հաճախ զգում են, որ գիշերը պարզապես շարունակվում է, իսկ ցերեկը երբեք չի գա։ Լավ է, երբ արտասվում եք:21 Սակայն եթե հայտնվում եք տառապանքի մութ գիշերներում, ընտրելով հավատքը՝ կարող եք արթնանալ ուրախության պայծառ առավոտներին։22

Օրինակ՝ ես այցելեցի մի երիտասարդ մայրիկի, ով բուժվում էր քաղցկեղից։ Չնայած ցավին և մազերի պակասին, նա վեհությամբ ժպտում էր՝ իր աթոռին նստած։ Ես հանդիպեցի միջին տարիքի ամուսինների, ովքեր ուրախությամբ ծառայում էին երիտասարդ ղեկավարներ, թեև նրանք չէին կարողանում երեխա ունենալ։ Ես նստած էի մի հաճելի կնոջ՝ մի երիտասարդ տատիկի, մոր և կնոջ կողքին, ով մի քանի օրվա ընթացքում կմահանար. սակայն ընտանիքի արցունքների հետ միասին կար նաև ուրախ հիշողություններ ու ծիծաղ:

Այս տառապող Սրբերի օրինակի մասին նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

«Ուրախությունը, որ մենք զգում ենք, շատ քիչ է կապված մեր կյանքի հանգամանքների հետ և մեծապես կապված է մեր կյանքի կիզակետի հետ:

Երբ մեր կյանքը կենտրոնացած է Աստծո փրկության ծրագրի վրա … և Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա, մենք ուրախություն ենք զգում, անկախ այն բանից՝ մեր կյանքում ինչ-որ բան տեղի է ունենում, թե ոչ»:23

Ես վկայում եմ24, որ մեր Երկնային Հայրը հիշում է Իր տառապյալ Սրբերին, սիրում է ձեզ և շատ լավ տեղյակ է ձեր մասին։ Մեր Փրկիչը գիտի, թե դուք ինչ եք զգում։ «Հիրավի, նա կրեց մեր ցավերը, և տարավ մեր վշտերը»:25 Որպես ամենօրյա ճաշակող,26 ես գիտեմ, որ ուխտեր պահելով ստանում ենք Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության զորությունը՝ ուժ և, նույնիսկ, ուրախություն պարգևելով նրան, ով տառապում է։

Բոլոր նրանց համար, ովքեր տառապում են, ես աղոթում եմ. «Թող Աստված շնորհի ձեզ, որ ձեր բեռները թեթև լինեն՝ նրա Որդու ուրախության միջոցով»:27 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։