Գերագույն համաժողով
Տիրոջից հովանավորված բոլոր իմ օրերում
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Տիրոջից հովանավորված բոլոր իմ օրերում

Ինչպե՞ս ենք մենք արձագանքում մեր չարչարանքներին: Արդյո՞ք մենք շնորհակալ ենք այն պատճառով, որ մենք ավելի կենտրոնացած ենք մեր օրհնությունների վրա, քան մեր խնդիրների:

COVID-19-ի համավարակը բազմաթիվ փորձություններից և մարտահրավերներից մեկն է, որոնց Աստծո զավակները դիմակայել են աշխարհի պատմության ընթացքում: Այս տարվա սկզբին ես և իմ սիրելի ընտանիքը անցանք մի քանի խավար օրերի միջով: Համավարակը և այլ պատճառները մահ ու ցավ բերեցին մեր ընտանիքին. մեր սիրելիներից մի քանիսը հեռացան կյանքից: Չնայած բժշկական խնամքին, ծոմապահությանը և աղոթքին, հինգ շաբաթվա ընթացքում իմ եղբայր Չարլին, իմ քույր Սյուզին և իմ փեսան` Ջիմին, անցան վարագույրի մյուս կողմը:

Ես բազմիցս զարմացել եմ, թե ինչու Փրկիչն արտասվեց, երբ տեսավ, որ Մարիամը վշտացած էր իր եղբոր` Ղազարոսի մահվան պատճառով, գիտենալով, որ Ինքն ուներ Ղազարոսին հարություն տալու իշխանություն, և շատ շուտով Փրկիչն օգտագործելու էր այդ իշխանությունը` Իր ընկերոջը մահից ազատելու համար:1 Ես ապշած եմ Մարիամի հանդեպ Փրկիչի գթասրտությունից և կարեկցանքից. Նա հասկացավ այն աննկարագրելի ցավը, որ Մարիամն էր զգում իր եղբոր՝ Ղազարոսի մահվան պատճառով:

Մենք զգում ենք նույն ուժեղ ցավը, երբ ժամանակավորապես բաժանվում ենք մեր սիրելի մարդկանցից: Փրկիչը կատարյալ գթասրտություն ունի մեր հանդեպ: Նա մեզ չի մեղադրում մեր կարճատեսության համար, ոչ էլ մեր հավերժական ճամփորդությունը սահմանափակ պատկերացնելու համար: Ավելի շուտ Նա գթասրտություն է զգում մեր տխրության և տառապանքի համար:

Երկնային Հայրը և Նրա Որդին`Հիսուս Քրիստոսը, կամենում են, որ մենք ուրախություն ունենանք:2 Ուստի, Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Ուրախությունը, որ մենք զգում ենք, շատ քիչ է կապված մեր կյանքի հանգամանքների հետ և մեծապես կապված է մեր կյանքի կիզակետի հետ։ Երբ մեր կյանքը կենտրոնացնում ենք Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա, մենք ուրախություն ենք զգում, անկախ այն բանից` մեր կյանքում ինչ-որ բան տեղի է ունենում թե ոչ»:3

Երբ ես երիտասարդ միսիոներ էի, հիշում եմ, որ մի սքանչելի միսիոներ, որով ես սկսել էի հիանալ, ստացավ սարսափելի մի լուր: Նրա մայրը և փոքր եղբայրը մահացել էին ողբերգական վթարից: Միսիայի նախագահն առաջարկեց այդ երեցին տուն վերադառնալ՝ հուղարկավորությանը մասնակցելու համար: Սակայն, իր հոր հետ հեռախոսով խոսելուց հետո այդ միսիոները որոշեց մնալ և ավարտել միսիան:

Նկար
Այցելող միսիոներ հիվանդանոցում

Մի փոքր ժամանակ անց, երբ մենք ծառայում էինք նույն վայրում, ես և զուգընկերս ստացանք մի հրատապ զանգ. մի քանի գողեր գողացել էին այդ նույն միսիոների հեծանիվը ու դանակահարել էին նրան: Նա և իր զուգընկերը ստիպված էին եղել քայլել մոտակա հիվանդանոցը, որտեղ էլ ես և զուգընկերը հանդիպեցինք նրանց հետ: Դեպի հիվանդանոց տանող ճանապարհին սիրտս ցավում էր այդ միսիոների համար: Ես պատկերացնում էի, որ նրա տրամադրությունն ընկած կլինի և, անկասկած, այդպիսի վնասվածք ստանալուց հետո նա այժմ կկամենա վերադառնալ տուն:

Սակայն, երբ հասանք հիվանդանոց, ես տեսա, որ այդ միսիոները իր մահճակալին պառկած, սպասում էր, որ իրեն վիրահատարան տանեին, և նա ժպտում էր: Ես մտածեցի. «Ինչպե՞ս կարող է նա ժպտալ այսպիսի մի պահի»: Մինչ նա ապաքինվում էր հիվանդանոցում, խանդավառությամբ գրքույկներ և Մորմոնի Գրքի օրինակներ էր բաժանում բժիշկներին, բուժքույրերին և նույնիսկ հիվանդներին: Նույնիսկ այդ փորձություններից հետո, նա չկամեցավ տուն գնալ: Ընդհակառակը, նա ծառայեց մինչև իր միսիայի վերջին օրը` հավատքով, կորովով, եռանդով և խանդավառությամբ:

Մորմոնի Գրքի սկզբում, Նեփին նշել է. «Տեսած լինելով շատ չարչարանքներ իմ օրերի ընթացքում, այնուամենայնիվ, մեծապես հովանավորված լինելով Տիրոջ կողմից իմ բոլոր օրերում»։4

Ես մտածում եմ այն բազում փորձությունների մասին, որոնցով անցավ Նեփին, որոնցից շատերն ընդգրկված են նրա գրվածքներում: Նրա փորձություններն օգնում են մեզ հասկանալ, որ մենք բոլորս ունենք մեր խավար օրերը: Այդ փորձություններից մեկը տեղի ունեցավ, երբ Նեփիին հրամայեցին վերադառնալ Երուսաղեմ` ձեռք բերելու արույրե թիթեղները, որոնք պատկանում էին Լաբանին: Նեփիի եղբայրներից մի քանիսը փոքր հավատքի մարդիկ էին, և նրանք նույնիսկ փայտով ծեծում էին Նեփիին: Նեփին մեկ ուրիշ փորձությունով անցավ, երբ կոտրեց իր աղեղը և չկարողացավ ուտելիք հայթայթել իր ընտանիքի համար: Հետագայում, երբ Նեփիին պատվիրեցին նավ կառուցել, նրա եղբայրները ծաղրեցին նրան և հրաժարվեցին օգնել: Չնայած իր կյանքի այս և մյուս բազմաթիվ փորձություններին, Նեփին միշտ ընդունում էր Աստծո բարությունը:

Նկար
Նեփին՝ նավի վրա կապված

Երբ նրա ընտանիքը հատում էր օվկիանոսը, դեպի խոստումի երկիր տանող ճանապարհին Նեփիի ընտանիքից մի քանիսը «սկսեցին զվարճանալ», գռեհկորեն խոսելով և մոռանալով, որ Տիրոջ զորությունն էր, որ պահպանել էր իրենց: Երբ Նեփին հանդիմանեց նրանց, նրանք վիրավորվեցին և կապեցին նրան պարաններով այնպես, որ չէր կարողանում շարժվել: Մորմոնի Գիրքը նշում է, որ նրա եղբայրները «շատ անողորմ վարվեցին [նրա]» հետ, նրա դաստակներն ու ոտքերի կոճերը «շատ ուռել էին և սաստիկ էր դրանց ցավը»:5 Նեփին վշտացած էր իր եղբայրների սրտերի կարծրությունից և երբեմն վշտից ընկճվում էր:6 «Այնուամենայնիվ»,- նա հայտարարել է. «Իմ Աստծուն էի նայում ես և ողջ օրը գովք էի անում նրան. և չէի տրտնջում Տիրոջ դեմ՝ իմ չարչարանքների պատճառով»:7

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ինչպես ենք մենք արձագանքում մեր չարչարանքներին: Արդյո՞ք մենք տրտնջում ենք Տիրոջ առջև դրանց պատճառով: Թե՞ Նեփիի և իմ նախկին միսիոներ ընկերոջ նման շնորհակալություն ենք հայտնում խոսքով, մտքով և գործով, որովհետև ավելի շատ կենտրոնացած ենք մեր օրհնությունների, քան մեր խնդիրների վրա:

Մեր Փրկիչը` Հիսուս Քրիստոսը, Իր օրինակն է տվել մեզ երկրային ծառայության ընթացքում: Դժվարության և փորձության պահերին քիչ բաներ կան, որոնք կարող են մեզ բերել ավելի մեծ խաղաղություն և բավարարվածություն, քան մեր մերձավորներին ծառայելը: Մատթեոսի գիրքը պատմում է, թե ինչ տեղի ունեցավ, երբ Փրկիչն իմացավ, որ Իր զարմիկ Հովհաննես Մկրտիչին Հերովդես թագավորը գլխատել էր՝ Հերովդիայի դստերը գոհացնելու համար.

«Եւ նորա աշակերտներն եկան մարմինը վեր առան եւ թաղեցին նորան. եւ եկան պատմեցին Յիսուսին:

Եւ Յիսուսը լսելով այնտեղից նաւով գնաց առանձին մի անապատ տեղ: Եւ ժողովուրդներն երբոր լսեցին, այն քաղաքներից ոտով գնացին նորա ետևից:

Եւ երբոր Յիսուսը դուրս եկավ, շատ ժողովուրդ տեսաւ եւ գթաց նորանց վերայ եւ բժշկեց նորանց հիվանդներին:

Եւ երբոր իրիկուն եղաւ, աշակերտները նորա մոտ եկան եւ ասեցին. Տեղս անապատ է, եւ ժամանակն արդեն անցել է. ժողովուրդներն արձակիր որ գնան գյուղերն իրանց համար կերակուր առնեն:

«Բայց Հիսուսն ասաց նորանց. Պէտք չէ, որ գնան, դուք տուէք նորանց ուտել»:8

Հիսուս Քրիստոսը ցույց է տվել մեզ, որ փորձության և ձախորդության պահերին մենք կարող ենք հասկանալ մյուսների դժվարությունները: Կարեկցանքից մղված՝ մենք կարող ենք օգնության հասնել և բարձրացնել նրանց: Երբ այդպես ենք վարվում, մենք ևս բարձրանում ենք մեր Քրիստոսանման ծառայությամբ: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին նշել է. «Հոգսերի դեմ ամենամեծ հակաթույնը աշխատանքն է: Ամենալավ դեղը հուսահատության դեմ ծառայությունն է: Հոգնածության դեմ ամենալավ բուժումը ինչ-որ մեկին օգնելն է, ով նույնիսկ ավելի շատ է հոգնած»:9

Հիսուս Քրիստոսի այս Եկեղեցում ես շատ հնարավորություններ եմ ունեցել սպասավորելու և ծառայելու իմ ընկերակիցներին: Այդ դեպքերում է, երբ ես զգացել եմ, որ Երկնային Հայրը թեթևացնում է իմ բեռները: Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը Աստծո մարգարեն է Երկրի վրա, նա մեծ օրինակ է, թե մենք ինչպես պետք է ծառայենք մյուսներին դժվարին փորձությունների ընթացքում: Ես իմ վկայությամբ միանում ուրիշ շատ Սրբերի վկայություններին, որ Աստված մեր սիրառատ Երկնային Հայրն է: Ես զգացել եմ Նրա անսահման սերը իմ խավար օրերին: Մեր Փրկիչը` Հիսուս Քրիստոսը, հասկանում է մեր ցավերն ու մեր չարչարանքները: Նա ուզում է թեթևացնել մեր բեռները և սփոփել մեզ: Մենք պետք է հետևենք Նրա օրինակին՝ ծառայելով և սպասավորելով նրանց, ովքեր նույնիսկ ավելի մեծ բեռներ ունեն, քան մեր սեփականն է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: