Գերագույն համաժողով
Մեկ տոկոսով ավելի լավ
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Մեկ տոկոսով ավելի լավ

Փոխվելու բոլոր ջանքերը՝ անկախ նրանից, թե որքան փոքր են թվում մեզ, կարող են մեծապես փոխել մեր կյանքը:

Ավելի քան հարյուր տարի Մեծ Բրիտանիայի հեծանվավազքի ազգային հավաքականներն արժանանում էին աշխարհի հեծանվասպորտի ծաղրին։ Չկարողանալով բարելավել իրենց դիրքերը՝ բրիտանացի հեծանվորդները քիչ թվով ոսկե մեդալներ էին նվաճել օլիմպիական մրցումների 100 տարվա ընթացքում, և ավելի շատ էին հետ ընկել հեծանվասպորտի երեք շաբաթ տևողությամբ Tour de France (Ֆրանսիայի տուրի) մրցարշավի ժամանակ, որտեղ բրիտանացի ոչ մի հեծանվորդ չէր հաղթել 110 տարվա ընթացքում: Այնքան ցավալի էր բրիտանացի հեծանվորդների վիճակը, որ հեծանիվ արտադրող ընկերությունները մերժեցին բրիտանացիներին հեծանիվ վաճառել՝ վախենալով, որ դա ընդմիշտ կպատվազրկի դժվարությամբ ձեռք բերած իրենց համբավը: Եվ չնայած գերժամանակակից տեխնոլոգիաների և վերապատրաստման բոլոր նոր մեթոդների վրա հսկայական միջոցներ ներդրվեցին, ոչինչ չստացվեց:

Նկար
Բրիտանացի հեծանվորդները

Ոչինչ չստացվեց մինչև 2003 թվականը, երբ տեղի ունեցավ փոքր, հիմնականում աննկատ փոփոխություն, որն ընդմիշտ փոխեց բրիտանական հեծանվասպորտի պատմությունը: Խոստման հետ միասին այդ նոր մոտեցումը կբացահայտի հավերժական մի սկզբունք, որը վերաբերում է կատարելագործվելու մեր հաճախ բարդացող մահկանացու ձգտումներին։ Այսպիսով, ի՞նչ տեղի ունեցավ բրիտանական հեծանվասպորտում, որը մեծ կապ ունի Աստծո ավելի լավ դուստրեր և որդիներ լինելու մեր անձնական ձգտումներին:

2003 թվականին աշխատանքի ընդունվեց սըր Դեյվ Բրեյլսֆորդը: Ի տարբերություն նախորդ մարզիչների, ովքեր փորձում էին կտրուկ, մեկ գիշերվա փոփոխություն կատարել, սըր Բրեյլսֆորդը հավատարիմ էր այն ռազմավարությանը, որը նա անվանում էր «փոքր ձեռքբերումների համախմբում»: Պետք էր իրականացնել փոքր բարելավումներ ամեն ինչի մեջ։ Այն նշանակում էր հիմնական վիճակագրության մշտական չափումներ և միջամտություններ իրականացնել թույլ ոլորտներում։

Դա որոշ չափով նման է մարգարե Սամուել Լամանացու «զգուշորեն քայլելուն»:1 Ավելի ընդհանուր և ամբողջական պատկերի շնորհիվ մենք խուսափում ենք կարճատես լինելուց և մեկ ակնհայտ խնդրի կամ մեղքի վրա կենտրոնանալուց: Բրեյլսֆորդն ասել է. «Ամբողջ սկզբունքը ծագեց այն մտքից, որ եթե մենք զատենք այն ամենը, ինչը վերաբերում է հեծանիվ վարելուն, այնուհետև կատարելագործենք այն 1 տոկոսով, ապա էական աճ կստանանք, երբ դրանք բոլորը համախմբենք»:2

Նրա մոտեցումը լիովին համապատասխանում է Տիրոջ մոտեցմանը, որը մեզ նույնպես ուսուցանեց 1 տոկոսի կարևորության մասին՝ նույնիսկ 99 տոկոսի հաշվին: Իհարկե, Նա ուսուցանում էր կարիքավոր մարդկանց փնտրելու ավետարանի հրամայականը: Բայց ի՞նչ կլինի, եթե մենք կիրառենք այդ նույն սկզբունքը ավետարանի շատ քաղցր և համեղ երկրորդ սկզբունքի՝ ապաշխարության ժամանակ: Ի՞նչ կլինի, եթե մեր կյանքում մեղքի և ապաշխարության տատանումների և կտրուկ ցնցումների փոխարեն մեծապես կատարելագործվենք՝ մեր մոտեցման շնորհիվ կենտրոնանալով ավելի փոքր քայլերի վրա։ Ամեն ինչ կատարելագործելու փոխարեն, ի՞նչ կլիներ, եթե մենք զբաղվեինք միայն մեկ բանով:

Օրինակ, ի՞նչ կլիներ, եթե այս նոր լույսի ներքո պարզեիք, որ անտեսել եք Մորմոնի Գրքի ամենօրյա ընթերցումը: Ի՞նչ կլինի, եթե մեկ գիշերվա ընթացքում բոլոր 531 էջերը հուսահատ կարդալու փոխարեն պարտավորվենք կարդալ դրա միայն 1 տոկոսը, այսինքն՝ օրական ընդամենը հինգ էջ, կամ մեկ այլ իրագործելի նպատակ, որը կհամապատասխանի ձեր իրավիճակին: Փոքր, բայց հաստատուն ձեռքբերումների համախմբումը կարո՞ղ է վերջապես մեր կյանքում հաղթանակ տոնել մեր անձնական, նույնիսկ՝ ամենատհաճ թերությունների դեմ։ Արդյո՞ք մեր արատների նկատմամբ այս «ուտելու չափաբաժնի» մոտեցումն իսկապես աշխատում է:

Ականավոր հեղինակ Ջեյմս Քլիերն ասում է, որ այս ռազմավարության ժամանակ մաթեմատիկական հաշվարկները մեր օգտին են: Նա պնդում է, որ «սովորությունները հանդիսանում են ինքնակատարելագործման «բարդ տոկոսադրույքը: Եթե յուրաքանչյուր օր որևէ բան կարողանաք բարելավել ընդամենը մեկ տոկոսով, ապա տարեվերջին դուք 37 անգամ ավելի լավը կլինեք»:3

Բրեյլսֆորդի փոքր ձեռքբերումները սկսվեցին երևացող խնդիրներից, ինչպիսիք են՝ սարքավորումները, հանդերձանքի գործվածքները և մարզման օրինաչափությունները: Բայց նրա թիմը դրանով չսահմանափակվեց: Նրանք շարունակում էին 1 տոկոս բարելավումներ գտնել անտեսված և անսպասելի ոլորտներում, ինչպիսիք են՝ սնունդը, և, նույնիսկ, սպասարկման նրբությունները: Ժամանակի ընթացքում այս մի շարք մանր բարելավումները համախմբվեցին և վերածվեցին ցնցող արդյունքների, որոնք ավելի արագ տեղի ունեցան, քան որևէ մեկը կարող էր պատկերացնել: Իրոք, նրանք հետևում էին հավերժական սկզբունքին՝ «տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ»:4

Արդյո՞ք փոքր ճշգրտումները կբերեն ցանկալի «մեծ փոփոխությունը»։5 Եթե պատշաճ իրականացվի, ես 99 տոկոսով վստահ եմ, որ դրանք կբերեն այդ փոփոխությունը։ Բայց այս մոտեցման մեկ զգուշացումն այն է, որ որպեսզի փոքր ձեռքբերումները համախմբվեն, պետք է լինեն հետևողական, ամենօրյա ջանքեր: Եվ չնայած մենք, ամենայն հավանականությամբ, կատարյալ չենք լինի, մենք պետք է վճռական և հավասար չափով համառ ու համբերատար լինենք։ Արե՛ք դա և ավելացած արդարության քաղցր պարգևները կբերեն ձեր փնտրած ուրախությունն ու խաղաղությունը: Ինչպես նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն է ուսուցանել․ «Ոչինչ ավելի ազատագրական, ավելի ազնվացնող կամ ավելի կարևոր չէ մեր անհատական առաջընթացի համար, քան կանոնավոր, ամենօրյա կենտրոնացումն ապաշխարության վրա: Ապաշխարությունը մեկ իրադարձություն չէ, այն գործընթաց է։ Այն բանալին է երջանկության և խաղաղ մտքի։ Զուգորդվելով հավատքի հետ, ապաշխարությունը հնարավորություն է տալիս օգտվել Հիսուս Քրիստոսի Քավության զորությունից»։6

Նկար
Մանանեխի հատիկ
Նկար
Մանանեխի ծառ

Ինչ վերաբերում է հավատ ձեռք բերելու համար անհրաժեշտ համբերությունը ունենալու այս նախապայմանին, սուրբ գրությունները հստակ են այդ հարցում։ Այն, ինչ ի սկզբանե պահանջվում է, ընդամենը «հավատի մասնիկ» է։7 Եվ եթե մենք կարողանանք յուրացնել «մանանեխի հատիկի»8 այս մտածելակերպը, մենք նույնպես կարող ենք ակնկալել մեր կյանքի անսպասելի և բացառիկ բարելավումներ։ Բայց հիշեք, քանի որ մենք չենք կարող մեկ գիշերվա ընթացքում հոների ցեղի առաջնորդ Աթիլլայից դառնալ Մայր Թերեզա, մենք պետք է աստիճանաբար վերակողմնորոշենք մեր կատարելագործման եղանակները: Նույնիսկ եթե ձեր կյանքում անհրաժեշտ փոփոխությունները բարդ են, սկսեք փոքր չափաբաժիններով: Դա հատկապես ճիշտ է, եթե ապաշխարությունից հոգնած կամ հիասթափված եք զգում:

Այս գործընթացը միշտ չէ, որ հարթ է ընթանում։ Նույնիսկ ամենավճռական մարդկանց մոտ կարող են լինել դժվարություններ: Իմ կյանքում ունենալով այդ փորձը, ես գիտեմ, որ երբեմն կարող եք զգալ, որ 1 տոկոս առաջ եք գնում և 2 տոկոս՝ հետ: Այնուամենայնիվ, եթե մենք անվրդով մնանք մեր 1 տոկոս ձեռքբերմանը հետևողականորեն հասնելու վճռականության մեջ, Նա, ով «մեր վիշտերը բեռնել է իր վրա»9, անշուշտ կօգնի մեզ:

Ակնհայտ է, որ եթե մենք ունենք ծանր մեղքեր, Տերը հստակ է և աներկբա. մենք պետք է կանգ առնենք, օգնություն ստանանք մեր եպիսկոպոսից և անմիջապես հրաժարվենք նման սովորություններից: Ինչպես պատվիրել է Դեյվիդ Ա․ Բեդնարը․ «Փոքր, հաստատուն, առանձին հոգևոր բարելավումներն այն քայլերն են, որոնք Տերը ցանկանում է, որ մենք կատարենք: Մահկանացու կյանքում և գալիք կյանքում մեր առաջնային նպատակներից մեկն է՝ պատրաստվել անմեղ քայլել Աստծո առաջ: Դրան չեն հասնում կտրուկ, ոչ կանոնավոր հոգևոր գործողության արդյունքում»։10

Նկար
Բրիտանացի հեծավորդները

Այսպիսով, ապաշխարության և իրական փոփոխությունների «փոքր չափաբաժնի» այս մոտեցումն իրո՞ք աշխատում է: Արդյո՞ք ապացույցը, այսպես ասած, ոտնակներով աշխատելու մեջ է: Մտածեք, թե ինչ է տեղի ունեցավ բրիտանական հեծանվավազքի հետ վերջին երկու տասնամյակների ընթացքում՝ այս փիլիսոփայությունն իրականացնելուց հետո: Բրիտանացի հեծանվորդներն այժմ վեց անգամ հաղթել են պատմական «Tour de France» մրցաշարում: Անցած չորս օլիմպիական խաղերի ընթացքում Մեծ Բրիտանիան հեծանվասպորտի բոլոր ոլորտներում ամենահաջող երկիրն էր։ Իսկ ահա Տոկիոյի օլիմպիական խաղերում Մեծ Բրիտանիան հեծանվասպորտում ավելի շատ ոսկե մեդալներ նվաճեց, քան որևէ այլ երկիր:

Նկար
Օլիմպիական հաղթողներ

Բրիտանացի հեծանվորդների լուսանկարները (ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ վերևից ձախ) Ֆրիդման Ֆոգել, Ջոն Ջայլս և Գրեգ Բեյքերի․ տրմադրվել է Getty Images կայքի կողմից

Աշխարհիկ արծաթի կամ ոսկու փայլին գերազանցող հավիտենական ուղու մեր թանկագին խոստումն այն է, որ մենք իսկապես «հաղթող [կդառնանք] Քրիստոսում»11 Եվ երբ մենք պարտավորվում ենք կատարել փոքր, բայց հաստատուն բարելավումներ, մեզ խոստանում են «փառքի անթառամ պսակը»։12 Հիանալով այդ անզուգական և չմարող փայլով, ես հրավիրում եմ քննել ձեր կյանքը և տեսնել, թե ինչն է ձեզ լճացրել կամ դանդաղեցրել ուխտի ճանապարհին: Ապա ավելի խորը մտածեք։ Ձեր կյանքում փնտրեք համեստ, բայց իրագործելի շտկումներ, որոնք կարող են պարգևել մի փոքր ավելի լավը լինելու քաղցր ուրախությունը:

Հիշեք, որ Դավիթն ընդամենը մեկ փոքր քար օգտագործեց՝ անհաղթ թվացող հսկային տապալելու համար: Բայց նա ձեռքի տակ պատրաստ ուներ ևս չորս քար: Նմանապես, Ալմա Կրտսերի չար տրամադրվածությունն ու հավերժական ճակատագիրը փոխվեցին ընդամենը մի պարզ ու նշանակալից մտքից՝ Հիսուս Քրիստոսի փրկարար շնորհի մասին հոր ուսմունքների մի հիշողությունից: Եվ այսպես, մեր Փրկիչի նման, ով թեպետ անմեղ էր՝ «լիությունը չստացավ սկզբում, այլ շարունակեց՝ շնորհից շնորհ, մինչև որ ստացավ լիությունը»։13

Նկար
Հիսուս Քրիստոս

Նա է, ով տեղյակ է, երբ ճնճղուկն ընկնում է, ով կենտրոնացած է մեր կյանքի աներևույթ պահերի, ինչպես նաև կարևոր պահերի վրա, և ով պատրաստ է այս պահին օգնել ձեզ այն հարցում, ինչ էլ որ այս համաժողովի արդյունքում ընտրեք, որ լինի ձեր 1 տոկոսանոց ձգտումը։ Քանի որ մեր ապաշխարության ջանքերը՝ անկախ նրանից, թե որքան փոքր են թվում մեզ, կարող են մեծագույն փոփոխությունը առաջ բերել մեր կյանքում:

Այդ նպատակով Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է. «Արդար ցանկության յուրաքանչյուր պնդում, ծառայության յուրաքանչյուր արարք և երկրպագության յուրաքանչյուր արարք, որքան էլ փոքր և նվազ թվան, ավելացնում է մեր հոգևոր շարժիչ ուժը»։14 Իրոք՝ փոքր, պարզ և նույնիսկ 1 տոկոս բաների շնորհիվ է, որ մեծ բաները կարող են իրականացվել:15 Վերջնական հաղթանակը 100 տոկոսով հաստատ է, «այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել»,16 մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի զորության, արժանիքների ու ողորմածության շնորհիվ: Ես վկայում եմ այդ մասին՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։